Կառլո Կոլլոդի | X. Տիկնիկները ճանաչում են իրենց եղբայր Պինոքիոյին և հանդիսավոր ընդունում նրան։ Բայց այդ ցնծության պահին դուրս է գալիս մեծ տիկնիկ Մանջաֆոքոն, որի ներկայությունը վտանգ է սպառնում Պինոքիոյի կյանքին

Կառլո Կոլլոդի
Երբ Պինոքիոն ներս մտավ տիկնիկների թատրոնիկը, պատահեց մի դեպք, որը գրեթե հեղափոխություն առաջացրեց։

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ վարագույրն արդեն բարձրացել էր և կատակերգությունն էլ սկսվել։

Բեմի վրա գտնվում էին արդեն Առլեքինոն և Պուլչինելլան, որոնք կռվում էին իրար հետ և, սովորականի համաձայն, րոպե առ րոպե սպառնում տուր ու դմբոցի անցնել։

Պարտերում նստած հանդիսատեսները մեծ ուշադրությամբ լսելով այդ երկու տիկնիկների կռիվը, ծիծաղից թուլանում էին։ Նրանք յուրաքանչյուր բառն այնքան բնական շարժ ու ձևերով էին արտահայտում, որ կարծես թե ուղղակի երկու սովորական մարդ լինեին։

Հանկարծ Առլեքինոն ընդհատվեց իր դերը, շրջվեց դեպի հանդիսատեսները և, ձեռքով անելով պարտերի խորքում ինչ-որ մեկին, սկսեց գոչել բուռն ոգևորությամբ։

— Երկնային աստվածնե՛ր. երա՞զ է այս, թե իրականություն․․․ Ինչ ուզում եք ասեք, այն ներքևինը Պինոքիո՜ն է․․․

— Իսկապես որ Պինոքիո՜ն է,— բացականչեց Պուլչինելլան։

— Նա ի՛նքն է որ կա,— ծղրտաց սինյորա Ռոզաուրան, հայտնվելով բեմի խորքից ու անմիջապես անհայտանալով։

— Պինո՛քիոն է, Պինո՛քիոն է,— բացականչեցին խմբով բոլոր տիկնիկները, դուրս թռչելով բեմի ետևից։

— Պինոքիոն է, մեր եղբայր Պինոքիոն, կեցցե՜ Պինոքիոն․․․

— Պինո՛քիո, եկ վերև, ինձ մոտ,— բացականչեց Առլեքինոն,— ե՛կ, մի քեզ գցիր քո փայտյա եղբայրների գիրկը։

Այդ սրտագին հրավերքր լսելով, Պինոքիոն մի թռիչք գործեց, պարտերից ընկավ առաջին շարքը, այնուհետև մի այլ թռիչքով ընկավ դիրիժորի գլխին և այնտեղից էլ ցատկեց բեմ։

Անհնար է պատկերացնել այն գրկախառնությունները, իրար վզով փաթաթվելը, բարեկամական այն կսմթոցներն ու անկեղծ եղբայրական ողջագուրանքը, որոնց Պինոքիոն արժանացավ այդ թատերական խմբակի դերասանների և դերասանուհիների կողմից։

Այդ տեսարանը շատ հուզիչ էր, դրանում խոսք չկա, բայց թատրոնի հանդիսատեսները, նկատելով, որ կոմեդիան այլևս առաջ չի գնում, համբերությունից դուրս եկան ու սկսեցին գոռգոռալ.

— Մենք կոմեդիա ենք ուզում, մենք կոմեդիա ենք ուզում։

Ասած-չասած՝ մեկ էր, որովհետև տիկնիկները դերակատարությունը շարունակելու փոխարեն կրկնապատկեցին աղմուկն ու աղաղակը և Պինոքիոյին իրենց ուսերին դրած, հաղթական բերին-հանեցին լուսավորված նախաբեմը։

Այդ ժամանակ դուրս եկավ տիկնիկային թատրոնի տերը, մի այնպիսի զարհուրելի հսկայի մեկը, որին նայելիս անգամ՝ մարդ սարսափում էր։ Նա մի ահռելի սև մորուք ուներ, որը կարծես թե թանաքի լաքա լիներ և այն էլ այնքան երկար, որ կզակից մինչև գետին էր հասնում, բավական է ասել, որ քայլելու ժամանակ մորուքը ոտքերի տակն էր ընկնում։ Բերանն այնքան լայն էր, որ կարծես թե ջվալ լիներ, աչքերը կարծես երկու վառած կարմիր ապակի ունեցող լապտերներ լինեին, ձեռքին էլ օձից ու աղվեսի պոչից հյուսած մի մեծ խարազան էր բռնել, որով աջ ու ձախ հարվածներ էր հասցնում։

Թատրոնատիրոջ անսպասելի հայտնվելուն պես բոլորը ձայն-ծպտուն կտրեցին։ Ճանճի տզզոցն անգամ կարելի էր լսել։ Խեղճ տիկնիկները, արական թե իգական, բոլորն էլ տերևի նման դողում էին։

— Ինչո՞ւ ես եկել իմ թատրոնը խառնակություն գցել,— հարցրեց Պինոքիոյին թատրոնի տերը՝ մրսելուց հարբուխ ընկած հրեշի ձայնով։

— Հավատացեք, ձերդ պայծառափայլություն, որ հանցանքը իմս չէ։

— Բավական է առայժմ, մեր հաշիվներն այսօր երեկոյան կմաքրենք։

Եվ իրոք, կոմեդիան վերջանալուց հետո, տիկնիկների թատրոնատերը գնաց խոհանոց, որտեղ ընթրիքի համար մի լավ ոչխար էին պատրաստել ու շամփուրին խրած, դանդաղ շուռ ու մուռ էին տալիս։ Եվ որովհետև խորովելու և մի լավ կարմրացնելու համար փայտը չէր բավականացնում, ուստի կանչեց Առլեքինոյին ու Պուլչինելլային և ասաց նրանց.

— Ապա մի ինձ մոտ բերեք այն բուրատինոյին, որը կապած է մեխից։ Ինձ թվում է, որ նա հրաշալի չորացած փայտից պատրաստած բուրատինո է և, եթե կրակը գցենք, շատ լավ բոց կտա խորոված անելու համար։

Առլեքինոն ու Պուչինելլան սկզբից տատանվեցին, բայց սարսափած իրենց տիրոջ հայացքից, ստիպված եղան ենթարկվել։ Եվ մի փոքր հետո վերադարձան խոհանոց, ձեռքերի վրա բերելով խեղճ Պինոքիոյին, որը կծիկ-կծիկ էր գալիս՝ ցամաք նետված օձաձկան պես և հուսահատությամբ ճչում.

— Հայրի՛կ, ազատեցեք ինձ, ես չեմ ուզում մեռնե՜լ, չեմ ուզում մեռնե՜լ․․․


Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Կառլո Կոլլոդի | X. Տիկնիկները ճանաչում են իրենց եղբայր Պինոքիոյին և հանդիսավոր ընդունում նրան։ Բայց այդ ցնծության պահին դուրս է գալիս մեծ տիկնիկ Մանջաֆոքոն, որի ներկայությունը վտանգ է սպառնում Պինոքիոյի կյանքին Կառլո Կոլլոդի | X. Տիկնիկները ճանաչում են իրենց եղբայր Պինոքիոյին և հանդիսավոր ընդունում նրան։ Բայց այդ ցնծության պահին դուրս է գալիս մեծ տիկնիկ Մանջաֆոքոն, որի ներկայությունը վտանգ է սպառնում Պինոքիոյի կյանքին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 24, 2022 Rating: 5
Технологии Blogger.