Կառլո Կոլլոդի | XXII. Պինոքիոն հայտնաբերում է գողերին և իր հավատարիմ ծառայության փոխարեն ազատություն ստանում

Կառլո Կոլլոդի
Եվ այդպես, Պինոքիոն արդեն երկու ժամից ավելի քնած էր քաղցր քնով, երբ կեսգիշերվա դեմ բակում լսվող մի տարօրինակ քչփչոցի ու փսփսոցի ձայնից արթնացավ։ Շնաբնի անցքից քթի ծայրը դուրս հանելով, տեսավ իրար հետ խարհրդակցող չորս սևամազ կենդանու, որոնք կատվի էին նման։ Բայց կատու չէին, այլ կզաքիսներ, պտղակեր կենդանիներ, որոնք հատկապես խաղողի ու հավի թխլիկ ճուտերի սիրահարներ են։ Այս կզաքիսներից մեկը իր ընկերներից ետ ընկնելով, մոտեցավ շնաբնի անցքին և կիսաձայն ասաց.

— Բարի երեկո, Մելամպո։

— Իմ անունը Մելամպո չէ,— պատասխանեց բուրատինոն։

— Այդ դեպքում դու ո՞վ ես։

— Ես Պինոքիոն եմ։

— Իսկ այստեղ ի՞նչ ես անում։

— Պահակ շան դեր եմ կատարում։

— Իսկ Մելամպոն ո՞ւր է։ Որտե՞ղ է հին շունը, որը այս բակում էր ապրում։

— Այսօր առավոտյան սատկել է։

— Սատկե՞լ է։ Խե՜ղճ կենդանի. Այնքա՜ն բարի էր․․․ Բայց դատելով քո դեմքից, դու էլ խելոք շուն ես երևում։

— Ներեղություն, ես շուն չեմ։

— Այդ դեպքում ո՞վ ես։

— Ես բուրատինո եմ։

— Եվ պահակ շան դե՞ր ես կատարում։

— Դժբախտաբար։ Որպես պատիժ։

— Լավ, ես քեզ առաջարկում եմ միևնույն պայմանները, որ ունեի հանգուցյալ Մելամպոյի հետ։ Եվ դու շատ գոհ կմնաս։

— Իսկ այդ ի՞նչ պայմաններ են։

— Մենք շաբաթը մեկ անգամ, ինչպես և առաջ էինք անում, գիշերը կգանք այս հավաբունն այցելելու և ութ հատ հավ կտանենք։ Այդ հավերից յոթը մենք կտանենք, իսկ մեկն էլ քեզ կտանք, բայց լավ իմացիր, այն պայմանով, որ դու քնած ձևանաս և հիմարություն չանես հաչել ու արթնացնել գյուղացուն։

— Մելապո՞ն էլ էր այդպես անում,— հարցրեց Պինոքիոն։

— Այդպես էր անում, և մեր ու նրա միջև միշտ համերաշխություն էր տիրում։ Ուրեմն հանգիստ քնիր և հավատա, որ գնալուց առաջ շնաբնի վրա մի փետրած հավ կթողնենք՝ քո վաղվա նախաճաշի համար։ Իրար լավ հասկացա՞նք։

— Նույնիսկ չափազանց լավ,— պատասխանեց Պինոքիոն և գլուխն այնպես սպառնալից տմբտմբացրեց, կարծես ուզում էր ասել. «Մի քիչ հետո մենք դեռ այդ մասին կխոսենք»։

Երբ չորս կզաքիսներն էլ արդեն համոզվեցին անվտանգության մեջ, անմիջապես ուղևորվեցին հավաբուն, որը շան բնի հենց կողքին էր։ Ատամներով ու ճանկերով արագորեն բաց անելով հավաբունը փակող դռնակը, նրանք իրար ետևից ներս խցկվեցին։ Բայց դեռ ինչպես հարկն է չէին տեղավորվել, երբ զգացին, որ դուռը ուժգնորեն փակվեց։

Դուռը փակողը Պինոքիոն էր, որը դրանով չբավարարվելով, դեռ մի մեծ քար էլ թեք դրեց դռան առաջ՝ ավելի մեծ ապահովության համար։ Այնուհետև սկսեց դռնապահ շան նման հաչել հա՛ֆ-հա՛ֆ, հա՛ֆ-հա՛ֆ։

Հաչոցի վրա գյուղացին տեղից վեր թռավ, վերցրեց հրացանը և մոտենալով լուսամուտին, հարցրեց.

— Ի՞նչ կա էլի։

— Գողեր կան,— պատասխանեց Պինոքիոն։

— Որտե՞ղ են։

— Հավաբնում։

— Այս րոպեիս գալիս եմ։

Եվ, իսկապես, գյուղացին վազելով եկավ մտավ հավաբուն, չորս կզաքիսներին էլ բռնեց, գցեց պարկի մեջ և մեծ գոհունակությամբ ասաց նրանց.

— Վերջապես ձեռքս ընկաք։ Ես ձեզ կարող էի պատժել, բայց այդքան դաժան չեմ։ Կբավարարվեմ միայն վաղը ձեզ հարևան գյուղի ճաշարանը տանելով, որտեղ բոլորիդ էլ կքերթեն ու կեփեն՝ չաղլիկ ու համեղ նապաստակների նման։ Դա ձեզ համար մեծ պատիվ է, որին արժանի չեք, բայց մեծահոգի մարդիկ, ինչպես ես եմ, այդպիսի մանր-մունր բաներին ուշադրություն չեն դարձնում․․․

Այնուհետև, մոտենալով Պինոքիոյին, սկսեց հազար ու մի տեսակ նրան փաղաքշել և միևնույն ժամանակ հարցրեց.

— Ինչպե՞ս հայտնաբերեցիր այս չորս ավազակների դավադրությունը։ Բանն այն է, որ Մելամպոն, իմ հավատարիմ Մելամպոն, երբեք այդպիսի բան չէր նկատել․․․

Բուրատինոն, իհարկե, կարող էր պատմել այն բոլորը, ինչ հայտնի էր իրեն, կարող էր պատմել շան և կզաքիսների միջև եղած պայմանավորվածության մասին, բայց հիշելով, որ շունն արդեն սատկել է, անմիջապես ինքն իրեն մտածեց. «Ին՞չ օգուտ կա մեռածներին մեղադրելուց․․․ Մեռածները՝ մեռած են, և ամենալավ բանը, որ կարելի է անել, այդ նրանց հանգիստ թողնելն է․․․»։

— Կզաքիսների բակը մտնելու ժամանակ արթո՞ւն էիր, թե քնած,— շարունակեց հարցնել նրան գյուղացին։

— Քնած էի,— պատասխանեց Պինոքիոն,— բայց կզաքիսներն իրենց փսփսոցով ինձ արթնացրին։ Մեկն էլ եկել էր այստեղ, այս բնի մոտ, ինձ ասելու, որ ես խոստանամ չհաչել և չարթնացնել տանտիրոջը։ Դրա համար նրանք ինձ մի լավ փետրած ճուտ խոստացան․․․ Հասկանո՞ւմ եք։ Այնքան անամոթ լինել, որ ինձ այդպիսի առաջարկություն անել։ Ճիշտ է, ես բուրատինո եմ և գուցե ունենամ այս աշխարհին յուրահատուկ բոլոր թերությունները, բայց ինչ վերաբերում է անազնիվ մարդկանց գործերին խառնվելուն, գողերին օգնելուն՝ երբե՛ք։

— Կեցցե՜ս, տղա՛ս,— բացականչեց գյուղացին, խփելով նրա ուսին։— Այդ զգացմունքները քեզ պատիվ են բերում։ Եվ ես իմ գոհունակությունն ապացուցելու համար այս րոպեիս բաց եմ թողնում, որ գնաս տուն։

Եվ Պինոքիոյի վզից հանեց շան կապը։


Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Կառլո Կոլլոդի | XXII. Պինոքիոն հայտնաբերում է գողերին և իր հավատարիմ ծառայության փոխարեն ազատություն ստանում Կառլո Կոլլոդի | XXII. Պինոքիոն հայտնաբերում է գողերին և իր հավատարիմ ծառայության փոխարեն ազատություն ստանում Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 22, 2022 Rating: 5
Технологии Blogger.