Կառլո Կոլլոդի | XXXII. Գլխին էշի ականջներ դուրս գալուց հետո Պինոքիոն իսկական էշ է դառնում և սկսում է զռալ

Կառլո Կոլլոդի
Այդ ի՞նչ անսպասելի բան էր։

— Կասեմ ձեզ, իմ սիրելի և փոքրիկ ընթերցողներ, այդ այն էր, որ երբ Պինոքիոն արթնացավ, ուզեց գլուխը քորել, ինչպես այդ իհարկե, պատահում է, նկատեց․․․ Գուշակեցեք, թե ի՞նչ նկատվեց։

Նա մեծագույն զարմանքով նկատեց, որ իր ականջները մի թզից ավելի են երկարել։

Դուք գիտեք, որ բուրատինոն դեռ իր ծննդյան օրից շատ փոքրիկ-փոքրիկ ականջներ ուներ, այնքան փոքրիկ, որ հասարակ աչքով նույնիսկ չէր էլ կարելի նկատել։ Պատկերացրեք, ուրեմն, թե նա ինչպես տեղն ու տեղը սառեց ու մնաց, երբ տեսավ, որ ականջները գիշերվա ընթացքում այնքան էին երկարել, որ կարծես թե ճահճում բուսնող եղեգնյա երկու ավել լինեին։

Անմիջապես գնաց մի հայելի որոնելու, որ կարողանա իրեն տեսնել։ Բայց հայելի չգտնելով, ջուր լցրեց լվացարանի կոնքի մեջ և, նայելով այնտեղ, տեսավ այն, ինչ երբեք չէր ցանկանա տեսնել, այսինքն՝ տեսավ էշի մի զույգ ականջներով զարդարված իր կերպարանքը։

Ձեզ եմ թողնում պատկերացնել, խեղճ Պինոքիայի վիշտը, ամոթը և հուսահատությունը։

Սկսեց լաց լինել, ճղղալ, գլուխը պատերին խփել։ Բայց որքան շատ էր հուսահատորեն ճղղում, այնքան ավելի էին աճում ականջները և աճելու հետ էլ՝ ծայրերը սկսում էին մազակալել։

Այդ սուր ճղղացի վրա սենյակ մտավ մի գեղեցիկ Արջամկնիկ, որը մի հարկ վերև էր բնակվում։ Վերջինս, տեսնելով Պինոքիոյին այդպիսի մի մեծ հուսահատության մեջ, սիրալիր ուշադրությամբ հարցրեց.

— Ի՞նչ է պատահել, իմ սիրելի հարևան։

— Հիվանդ եմ, Արջամկնիկ ջան, շատ եմ հիվանդ․․․ և հիվանդ եմ մի այնպիսի հիվանդությամբ, որն ինձ սարսափեցնում է։ Դու որևէ բան հասկանո՞ւմ ես զարկերակից։

— Մի քիչ։

— Այդ դեպքում մի տես, հո ջերմություն չունե՞մ։

Արջամկնիկը բարձրացրեց առջևի աջ ոտքի թաթը և, Պինոքիոյի զարկերակը շոշափելուց հետո, հոգոց քաշելով ասաց.

— Բարեկամս, ինձ վշտացնում է այն, որ ես քեզ մի շատ վատ տեղեկություն պիտի հայտնեմ․․․

— Այսի՞նքն։

— Դու շատ բարձր ու սոսկալի ջերմություն ունես։

— Իսկ ի՞նչ ջերմություն կարող է լինել։

— Այդ ավանակային ջերմություն է։

— Չեմ հասկանում՝ այդ ինչ ջերմություն է,— պատասխանեց բուրատինոն, որ դժբախտաբար հասկացել էր։

— Այդ դեպքում ես ինքս քեզ կբացատրեմ,— ավելացրեց Արջամկնիկը։— Հասկացիր, ուրեմն, որ դու մի երկու կամ երեք ժամից հետո այլևս ո՛չ բուրատինո ես լինելու, ո՛չ էլ տղա։

— Բա ի՞նչ եմ լինելու։

— Մի երկու կամ երեք ժամից հետո դու կդառնաս իսկական ավանակ, ինչպես այն ավանակները, որոնք կամ սայլակ են քաշում, կամ թե չէ կաղամբի ու սալաթի բեռ են տանում շուկա։

— Ա՜խ, ես դժբախտս, դժբախտս,— բղավեց Պինոքիոն, երկու ձեռքով բռնելով ականջներից ու պոկելու ցանկությամբ կատաղորեն քաշելով, կարծես դրանք ոչ թե իր, այլ ուրիշի ականջներն էին։

— Սիրելիս,— վրա բերեց Արջամկնիկը նրան մխիթարելու համար,— էլ ի՞նչ ես ուզում անել։ Այդ արդեն քո ճակատագիրն է։ Այդպես է գրված իմաստության գրքերում, որ բոլոր այն ծույլ երեխաները, որոնք ձանձրանում են գրքերից, դպրոցից և ուսուցիչներից, անցկացնելով իրենց օրերը ծուլության, խաղի և զվարճության մեջ, վաղ թե ուշ կյանքները վերջացնում են նրանով, որ դառնում են փոքրիկ ավանակներ։

— Բայց այդ իսկապե՞ս այդպես է,— հեկեկալով հարցրեց բուրատինոն։

— Դժբախտաբար, այո։ Այժմ լաց ու կոծն արդեն իզուր է։ Անհրաժեշտ էր այդ մասին առաջ մտածել։

— Բայց մեղքը իմը չէ. հավատա, Արջամկնիկ, մեղքը ամբողջապես Լուչինյոլյինն է․․․

— Իսկ ո՞վ է այդ Լուչինյոլոն։

— Իմ դպրոցական ընկերներից մեկն է։ Ես ուզում էի տուն վերադառնալ, ուզում էի լսող լինել, հետևել սովորելուն և պատիվս բարձրացնել․․․ Բայց Լուչինյոլոն ինձ ասաց. «Ինչո՞ւ ես ուզում սովորելով քեզ ձանձրացնել, ինչո՞ւ ես ուզում դպրոց գնալ։ Ավելի լավ է ինձ հետ արի Խաղալիքների Աշխարհը, այնտեղ այլևս մենք չենք սովորելու, այնտեղ առավոտից մինչև երեկո կզվարճանանք և միշտ էլ ուրախ կապրենք»։

— Իսկ ինչո՞ւ դու լսեցիր այդ վատ ընկերոջը։

— Ինչո՞ւ․․․ նրա համար, Արջամկնիկ ջան, որ ես մի անխելք ու անսիրտ բուրատինո եմ․․․ Ա՜խ, եթե ես մի մազի չափ խիղճ ունենայի, երբեք չէի լքի այն բարի Ֆեյային, որը մոր նման ինձ սիրում էր, որն այնքա՜ն լավություն է արել ինձ․․․ և, վերջապես, այժմ բուրատինո չէի լինի․․․ այլ, ընդհակառակը, մի խելամիտ տղա կլինեի, ինչպես շատերն են։ Ա՛խ, թե որ Լուչինյոլոյին հանդիպեմ, վայն եկել է նրան տարել. գլխին շան օյին եմ դնելու․․․

Եվ վեր կացավ, որ գնա։ Բայց երբ դռան շեմքին հասավ, հիշեց, որ էշի ականջներ ունի և, ամաչելով ցույց տալ մարդկանց, ահա թե ինչ հնարեց․․․ Վերցրեց մի հսկայական գլխարկ, խրեց գլուխը և քաշեց մինչև քթի տակ։

Այնուհետև դուրս եկավ և սկսեց ամենուրեք փնտրել Լուչինյոլոյին։ Որոնեց փողոցներում, հրապարակներում, թատրոններում, ամենուրեք, բայց չգտավ։ Հարցրեց փողոցում ամեն մի պատահողի, բայց ոչ ոք նրան չէր տեսել։

Այն ժամանակ որոշեց գնալ տուն։ Դռանը հասնելով ծեծեց.

— Ո՞վ է,— ներսից հարցվեց Լուչինյոլոն։

— Ես եմ,— պատասխանեց բուրատինոն։

— Սպասի՛ր մի քիչ, հիմա կբացեմ։

Կես ժամից հետո դուռը բացվեց։ Բայց պատկերացրեք, թե Պինոքիոն ինչպե՞ս շշմեց մնաց, երբ մտնելով սենյակ, տեսավ, որ իր ընկեր Լուչինյոլոն գլխին մի հսկայական գլխարկ է դրել ու քաշել մինչև քթի տակ։

Այդ գլխարկը տեսնելուն պես, Պինոքիոն իրեն գրեթե մխիթարված զգաց և իր մեջ անմիջապես մտածեց.

«Մի՞թե ընկերս էլ է այս նույն հիվանդությամբ հիվանդացել. մի՞թե նա էլ ավանակային ջերմության ունի․․․ »։

Եվ ձևանալով, որ ոչինչ չի նկատում, ժպտալով հարցրեց.

— Ինչպե՞ս ես ապրում, սիրելի Լուչինյոլո։

— Շատ հրաշալի, ինչպես պանրի հորն ընկած մուկը։

— Լո՞ւրջ ես ասում։

— Ինչո՞ւ պիտի քեզ խաբեի։

— Ներիր ինձ, բարեկամս, այդ դեպքում ինչո՞ւ ես այդ գլխարկը այնպես դրել գլխիդ, որ ականջներդ ծածկել է։

— Բժիշկն է կարգադրել, որովհետև այս ծունկս ցավացրել եմ։ Իսկ դու, սիրելի բուրատինո, հապա դո՞ւ ինչու ես այդ գլխարկը դրել ու քաշել մինչև քթիդ տակ։

— Բժիշկն է կարգադրել, որովհետև, ոտքս քերծել եմ։

— Ա՛խ, խե՜ղճ Պինոքիո․․․

— Ա՛խ, խե՜ղճ Լուչինյոլո․․․

Այս բառերից հետո մի երկար լռություն տիրեց, որի ընթացքում երկու ընկերներն էլ քմծիծաղ էին տալիս ու իրար նայում։

Վերջապես բուրատինոն մեղրի նման քաղցրիկ ձայնով ասաց ընկերոջը.

— Արի ու խոստովանիր, սիրելի Լուչինյոլո, երբևէ ականջացավով տառապե՞լ ես, թե չէ։

— Երբե՛ք։ Իսկ դո՞ւ։

— Երբե՛ք։ Բայց այսօր առավոտից սկսած մի ականջս այնպես է ցավում, որ ցավից ուղղակի մեռնում եմ։

— Այդ նույն ցավը ես էլ ունեմ։

— Դու էլ ունե՞ս․․․ Իսկ ո՞ր ականջդ է ցավում։

— Երկուսն էլ։ Իսկ քո՞նը։

— Երկուսն էլ։ Չլինի՞ թե երկուսինս էլ միևնույն ցավն է։

— Վախենում եմ՝ միևնույնը լինի։

— Եթե մի բան խնդրեմ, կանե՞ս, Լուչինյոլո։

— Շատ սրտանց և ուրախությամբ։

— Մի ականջներդ ինձ ցույց տուր։

— Ինչո՞ւ չէ։ Սակայն սկզբից ես կուզեի քոնը տեսնել, սիրելի Պինոքիո։

— Չէ՛, առաջին ցույց տվողը դու պետք է լինես։

— Չէ՛, ջանիկս, սկզբից դու, հետո՝ ես։

— Լավ,— ասաց բուրատինոն, այդ դեպքում ազնիվ ընկերներին վայել մի պայման կապենք։

— Պայմանը լսենք։

— Արի երկուսս էլ միաժամանակ վերցնենք գլխարկներս, եղա՞վ։

— Եղա՛վ։

Եվ Պինոքիոն սկսեց բարձր ձայնով համրել.

— Մե՛կ, երկո՛ւ երե՛ք։

Երեքի վրա երկուսն էլ գլխարկները նետեցին վերև։

Մի այնպիսի տեսարան բացվեց, որ անհավատալի կթվար, եթե իսկապես ճշմարիտ լիներ. Պինոքիոն ու Լուչինյոլոն տեսան, որ երկուսն էլ միևնույն դժբախտությամբ են տառապում և վշտանալու ու ամոթից մեռնելու փոխարեն, սկսեցին թափահարել իրենց անսահմանորեն աճած ականջները, հազար ու մի ծամածռություններ անել, մի կուշտ ծիծաղել։

Այնքա՜ն ծիծաղեցին, այնքա՜ն ծիծաղեցին, այնքա՜ն ծիծաղեցին, որ քիչ մնաց ուշքները գնար։ Սակայն ծիծաղի ամենաթունդ տեղը Լուչինյոլոն հանկարծ լրջացավ ու օրորվելով, ամբողջապես գունատված, գոռաց ընկերոջը.

— Օգնությո՜ւն, օգնությո՜ւն, Պինոքիո։

— Ի՞նչ պատահեց։

— Ամա՛ն, ես էլ չե՛մ կարողանում ոտքերիս վրա ուղիղ կանգնել։

— Ես է՛լ չեմ կարողանում,— լաց լինելով ու օրորվելով գոռաց Պինոքիոն։

Եվ այսպես խոսելու ժամանակ երկուսն էլ կռացան, ձեռքները դրին գետնին և, ձեռքերի ու ոտքերի վրա քայլելով, սկսեցին պտտվել ու վազվզել սենյակի մեջ։

Այդ վազվզելու ժամանակ նրանց ձեռքերը էշի ոտքեր դարձան, նրանց երեսները երկարեցին ու դարձան էշի դունչ և մեջքները ծածկվեցին բաց-մոխրագույն մազերով։

Բայց գիտե՞ք, թե ինչն էր այդ երկու դժբախտների համար ամենախայտառակ բանը։ Ամենախայտառակ և ծիծաղելի բանն այն էր, որ նրանք զգացին, թե ինչպես է իրենց ետևի կողմից պոչ դուրս գալիս։ Այդ ժամանակ միայն, արդեն հաղթված ամոթից ու վշտից, սկսեցին լաց լինել ու ողբալ իրենց բախտը։

Երանի թե ոչ լաց լինեին, ոչ էլ ողբային իրենց, որովհետև այդ ողբի և ախ ու վախի փոխարեն նրանց բերնից էշի զռոց էր դուրս գալիս։ Եվ բարձրաձայն զռալով՝ նրանք երկուսն էլ միասին ի-ա՜, ի-ա՜, ի-ա՜ էին անում։

Հենց այդ րոպեին դուռը ծեծեցին ու դրսից մի ձայն ասաց.

— Բացե՛ք, ես մարդուկն եմ, այն կառապանը, որը ձեզ այս երկիրը բերեց։ Բացեք իսկույն, թե չէ՝ վայն եկել է ձեզ տարել։


Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Կառլո Կոլլոդի | XXXII. Գլխին էշի ականջներ դուրս գալուց հետո Պինոքիոն իսկական էշ է դառնում և սկսում է զռալ Կառլո Կոլլոդի | XXXII. Գլխին էշի ականջներ դուրս գալուց հետո Պինոքիոն իսկական էշ է դառնում և սկսում է զռալ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 10, 2022 Rating: 5
Технологии Blogger.