Կառլո Կոլլոդի | XXXIV. Երբ Պինոքիոյին ծով են նետում, ձկները նրան ուտում են, որից հետո նա կրկին բուրատինո է դառնում։ Բայց լող տալու ժամանակ ահեղ Շնաձուկը նրան կուլ է տալիս

Կառլո Կոլլոդի
Արդեն հիսուն րոպե էշը ջրի տակ էր, երբ գնողն ինքն իրեն խոսելով ասաց.

— Հիմա իմ խեղճ կաղ էշն արդեն ինչպես հարկն է խեղդված կլինի։ Դուրս քաշենք, ուրեմն, և կաշվից պատրաստենք մեր գեղեցիկ թմբուկը։

Եվ սկսեց քաշել պարանը, որի մի ծայրը կապել էր էշի ոտքին։ Քաշե՜ց, քաշե՜ց, քաշե՜ց և վերջապես դո՛ւրս հանեց․․․ ապա կռահեք, թե ի՞նչ։ Սատկած էշի փոխարեն մի կենդանի բուրատինո, որը օձաձկան նման գալար-գալար էր գալիս։

Փայտե բուրատինոյին տեսնելով, խեղճ մարդուն թվաց, թե երազում է և բերանը բաց ու չռված աչքերով մնաց ապուշ կտրած։ Մի քիչ սթափվելով, նա ասաց.

— Իսկ ո՞ւր է իմ էշը, որին ես ծովը նետեցի․․․

— Այն էշը ես եմ,— ծիծաղելով պատասխանեց բուրատինոն։

— Դո՞ւ։

— Ե՛ս։

— Ախ, սրիկայի մեկը, չլինի՞ թե դու ուզում ես ինձ ձեռ առնել։

— Ձեզ ձեռ առնե՞լ. ընդհակառակը, հարգելի սինյոր, ես բոլորովին լուրջ եմ խոսում։

— Հապա ինչպե՞ս էր, որ մի քիչ առաջ դու էշ էիր, իսկ այժմ ջրի մեջ դարձար փայտե բուրատինո․․․

— Ծովի ջրի ազդեցությամբ պատահում է։ Ծովը սիրում է այդ կարգի կատակներ անել։

— Լավ իմացիր, բուրատինո, դու մի կարծիր, թե ես քո մասխարան եմ։ Վա՜յ քեզ, եթե ինձ համբերությունից հանեցիր։

— Լավ, սինյոր, ուզո՞ւմ եք իսկական պատմությունն իմանալ, արձակեք իմ այս ոտքը, ես ձեզ կպատմեմ։

Միամիտ ու շվարված մարդը մեծ հետաքրքրությամբ ցանկանալով իմանալ իսկական պատմությունը, իսկույն արձակեց պարանի կապը, և Պինոքիոն, ազատության մեջ գտնվող թռչունի նման, սկսեց պատմել այսպես.

— Իմացեք, ուրեմն, որ ես փայտե մի բուրատինո էի, ինչպես այսօր եմ։ Բայց արդեն այնտեղ էի հասել, որ էն է հա՛, իսկական տղա պիտի դառնայի, ինչպես որ շատ-շատերն են, երբ սովորելու հանդեպ սեր չունենալու և վատ ընկերներին լսելու պատճառով տանից փախա․․․ և մի գեղեցիկ օր, երբ արթնացա, տեսա, որ երկա՜ր-երկար ականջներով ու պոչով էշ եմ դառել․․․ ի՜նչ ամոթ էր այդ ինձ համար․․․ Այնպիսի մի ամոթ, սիրելի սինյոր, որ օրհնված սուրբ Անտոնիոն այդքան թող չամաչեցնի նույնիսկ ձեզ։ Ինձ տարան ավանակների շուկան վաճառելու։ Այնտեղ ինձ գնեց մի ձի վարժեցնող կրկեսախմբի Տնօրեն, որը որոշեց ինձ հայտնի պարող և օղակների միջով թռչող դարձնել։ Սակայն մի երեկո, ներկայացման ժամանակ թռչելիս այնպե՜ս շրմփալով վայր ընկա, որ երկու ոտքիցս էլ կաղ մնացի։ Այն ժամանակ Տնօրենը, չիմանալով ինչ անել մի կաղ էշի, ինձ ուղարկեց նորից վաճառելու, որտեղ էլ հենց դուք ինձ գնեցիք։

— Դժբախտաբար։ Եվ քեզ համար էլ քսան սոլդո վճարեցի։ Իսկ այժմ ո՞վ է ինձ վերադարձնելու իմ խեղճ քսան սոլդոն։

— Ինչո՞ւ էիք գնում ինձ։ Դուք ինձ գնեցիք, որ իմ կաշվից թմբուկ պատրաստեիք․․․ թմբո՜ւկ․․․

— Դժբախտաբար։ Իսկ հիմա որտեղի՞ց կարող եմ մի այլ կաշի գտնել․․․

— Մի՛ հուսահատվեք, սինյոր։ Այս աշխարհում այնքա՜ն ավանակներ կան․․․

— Ասա ինձ, հանդուգն սրիկա, քո պատմությունը հենց այստեղ էլ վերջանո՞ւմ է։

— Ո՛չ,— պատասխանեց բուրատինոն,— դեռ մի երկու խոսք էլ կա, որից հետո վերջանում է։ Ինձ գնելուց հետո, դուք ինձ բերիք այստեղ՝ սպանելու նպատակով։ Հանուն մարդասիրության և գթասիրտ զգացմունքների գերադասեցիք պարանոցիցս քար կախել և նետել ծովի հատակը։ Այդ ազնիվ զգացմունքը ձեզ մեծ պատիվ է բերում, որի համար ես ձեզանից հավիտյան շնորհակալ եմ։ Սակայն, սիրելի սինյոր, այս անգամ ձեր հաշիվներն արիք առանց Ֆեյայի․․․

— Իսկ ո՞վ է այդ Ֆեյան։

— Իմ մայրիկն է, որը նման է այն բոլոր բարի մայրերին, որոնք հաջողություն են ցանկանում իրենց տղաներին և երբեք աչքաթող չեն անում նրանց, միշտ օգնելով ամեն մի տեսակ դժբախտության ժամանակ, եթե նույնիսկ այդ տղաները իրենց թեթևամտության և վատ վարքի պատճառով արժանի են լքվելու և թողնվելու իրենց քմահաճույքին։ Այն էի ասում, ուրեմն, որ բարի Ֆեյան հենց որ տեսավ ինձ խեղդվելու վտանգի մեջ, իսկույն ուղարկեց մի խումբ ձկների, որոնք կարծելով, թե ես իսկապես սատկած էշ եմ, սկսեցին ուտել ինձ։ Ինչպե՜ս էին կտոր-կտոր պոկում։ Երբեք չէի հավատա, որ ձկներն ավելի բկլիկ լինեին, քան երեխաները։ Նրանցից ոմանք ականջներս էին ուտում, ոմանք դունչս, ոմանք՝ վիզս ու բաշս, ոմանք՝ առջևի ոտքերիս մաշկը, մեջքիս մազերը․․․ մի շատ բարեկիրթ ձկնիկ էլ արժանի համարեց նույնիսկ պոչս ուտել։

— Այսօրվանից,— սարսափած ասաց գնողը,— երդում եմ տալիս՝ այլևս ձկան համ չտեսնել։ Ես անչափ կզզվեի, եթե մի տապակած արքայաձկան կամ փրփրաձկան փորում էշի պոչ գտնեի։

— Ես էլ եմ ձեր կարծիքին,— ծիծաղելով պատասխանեց բուրատինոն։— Վերջապես կարևոր է իմանալ և այն, որ երբ ձկներն ինձ ծածկող ամբողջ ավանակային կեղևը կերան վերջացրին, բնականաբար անցան ոսկորներիս․․․ կամ ավելի ճիշտն ասած անցան փայտին, որովհետև, ինչպես տեսնում եք, ես պատրաստված եմ շատ ամուր փայտից։ Բայց մի քանի անգամ կծելուց հետո այդ բկլիկ ձկներն անմիջապես գլխի ընկան, որ փայտն իրենց ատամների համար հարմար միս չէ և, այդ անմարսելի կերակուրից սրտախառնություն զգալով, ոմանք այս կողմ գնացին, ոմանք էլ՝ այն, և նույնիսկ չշրջվեցին էլ, որ գոնե շնորհակալություն հայտնեին․․․ Ահա, այս ամենից հետո վեր քաշելով պարանը, դուք սատկած էշի փոխարեն գտաք մի կենդանի բուրատինո։

— Թքել եմ քո պատմության վրա,— կատաղած բղավեց գնորդը։— Ես այն գիտեմ, որ քեզ գնելու համար քսան սոլդո եմ ծախսել և ուզում եմ, որ իմ փողն էլի իմ ձեռքը գա։ Գիտե՞ս ինչ կանեմ, քեզ նորից կտանեմ շուկա և որպես բուխարու չոր փայտ՝ կշռով կծախեմ։

— Ծախեք խնդրեմ, ես գոհ եմ,— ասաց Պինոքիոն։ Բայց այդ ասելիս մի գեղեցիկ թռիչք գործեց ու ընկավ ջուրը և ուրախ լողալով ու հեռանալով ափից, գոռաց խեղճ գնորդին.

— Մնաք բարո՜վ, սինյոր, եթե թմբուկ պատրաստելու համար կաշվի կարիք ունենաք՝ հիշեք ինձ։

Հետո էլ ծիծաղում էր ու շարունակում լող տալ։ Մի քիչ հետո, ետ շրջվելով, գոռաց ավելի ուժեղ.

— Մնաք բարո՜վ, սինյոր. եթե բուխարին վառելու համար մի քիչ չոր ցախի կարիք ունենաք, հիշեք ինձ։

Բանն այն է, որ մի ակնթարթում նա այնքան էր հեռացել, որ այլևս գրեթե չէր երևում. ծովի մակերեսին միայն մի սև բիծ էր երևում, որը մերթ ընդ մերթ ջրից դուրս էր ցցում ոտքերը, գլուխկոնձի տալիս ու թռչկոտում՝ լավ տրամադրության մեջ գտնվող դելֆինի նման։

Այդպես հաջողությամբ լող տալիս Պինոքիոն ծովի մեջտեղը մի ժայռ տեսավ, որը կարծես թե սպիտակ մարմարից լիներ. իսկ այդ ժայռի գլխին մի ուլիկ կար, որը սիրալիր մկկում էր ու մոտենալու նշան անում նրան։

Ամենազարմանալին այն էր, որ այդ ուլիկի մազերի գույնը ո՛չ սպիտակ էր, ո՛չ սև և ո՛չ էլ երկու գույների խառնուրդ, ինչպես լինում են մյուս այծիկները, այլ կապույտ էր, բայց այնպիսի մի փայլ ունեցող կապույտ, որ անչափ հիշեցնում էր այն փոքրիկ, գեղեցիկ աղջկա մազերը։

Ձեզ եմ թողնում պատկերացնել, թե Պինոքիոյի սիրտն ինչպիսի ուժգնությամբ սկսեց բաբախել։ Կրկնապատկելով ուժերը, նա սկսեց լող տալ դեպի սպիտակ ժայռը։ Եվ արդեն կես ճանապարհին էր, երբ հանկարծ ջրի տակից ծովային հրեշի մի սարսափելի գլուխ դուրս եկավ և սլացավ դեպի նա։ Հրեշի բաց երախում, որը կարծես անդունդ լիներ, երեք շարք այնպիսի ատամներ կային, որոնց անգամ նկարած տեսնելիս, մարդ սարսափահար կարող էր լինել։

Գիտե՞ք ով էր այդ ծովային հրեշը։

Այդ ծովային հրեշը ոչ ավել, ոչ պակաս՝ այն ահռելի Շնաձուկն էր, որի մասին բազմաթիվ անգամ հիշել ենք այս պատմության մեջ և որը իր պատճառած արյունահեղությունների և անհագ, ագահության պատճառով կոչվում էր «ձկների և ձկնորսների Աթիլլա»։

Պատկերացրեք խեղճ Պինոքիոյի սարսափը հրեշին տեսնելիս։ Նա աշխատեց խուսափել, փոխել ճանապարհը, փորձեց փախչել, սակայն ահռելի երախը գնդակի արագությամբ անընդհատ դեպի նա էր սլանում։

— Շտապի՛ր, Պինոքիո, ի սեր Աստծո,— մկկալով ձայն էր տալիս գեղեցիկ ուլիկը։

Եվ Պինոքիոն հուսակտուր լող էր տալիս, գործի դնելով ձեռքերը, ոտքերը, կուրծքը։

— Վազի՛ր, Պինոքիո, հրեշը մոտենում է․․․

Եվ Պինոքիոն, հավաքելով իր ողջ ուժերը, լողում էր, կրկնապատկելով շնչառությունը։

— Զգո՛ւյշ, Պինոքիո․․․ հրեշը հասնում է քեզ․․․ ահա՛ և նա․․․ ահա՛ և նա․․․ Շտապի՛ր, ի սեր Աստծո, եթե չէ՝ կորած ես․․․

Եվ Պինոքիոն չտեսնված արագությամբ լողալով սլանում էր, սլանում, սլանում, կարծես թե հրացանի գնդակ լիներ։ Արդեն ժայռին էր հասել, և ուլիկն էլ, ամբողջապես կախվելով ծովի վրա, մեկնել էր նրան իր առջևի ոտքը՝ օգնելու և նրան ջրից դուրս հանելու համար․․․

Բայց արդեն ուշ էր։ Հրեշը հասել էր. հրեշը շունչը ներս քաշելով այնպե՜ս կլանեց խեղճ բուրատինոյին, կարծես թե սա հավի ձու լիներ։ Կլանելուց հետո էլ այնպիսի մի դաժանությամբ ու ագահությամբ կուլ տվեց, որ Պինոքիոն նրա փորն ընկնելիս ուժգնորեն զարկվեց հատակին և քառորդ ժամ ուշքը գլուխը չէր գալիս։

Երբ սթափվեց, չէր կարողանում հասկանալ, թե ի՞նչ աշխարհ էր ընկել։ Շուրջն ամենուրեք սոսկալի մութ էր, մի այնպիսի սև մութ, որ թվում էր, թե գլխիվայր մտել է մի թանաքով լի թանաքամանի մեջ։ Սկսեց ականջ դնել, բայց ոչինչ չլսեց, բացի քամու ուժեղ հոսանքից, որը մերթ ընդ մերթ խփում էր նրա երեսին։ Սկզբում չէր կարողանում հասկանալ, թե որտեղից է գալիս քամու այդ հոսանքը, բայց հետո գլխի ընկավ, որ այդ հրեշի թոքերից է։ Որովհետև, անհրաժեշտ է իմանալ, որ Շնաձուկը խիստ տառապում էր ասթմայով, և երբ շնչում էր, թվում էր թե հյուսիսային քամին էր փչում։

Պինոքիոն սկզբում աշխատեց իրեն համարձակ պահել, սակայն երբ վերջնականպես համոզվեց, որ փակված է ծովային հրեշի փորում, սկսեց լաց լինել ու ճղղալ և լաց լինելով էլ ասել.

— Օգնությո՜ւն, օգնությո՜ւն․․․ Ախ, վա՜յ ինձ, մի՞թե ոչ ոք չկա, որ գա ինձ փրկելու։

— Ո՞ւմ ես ուզում, որ քեզ փրկի, դժբա՛խտ,— լսվեց մթության մեջ ջարդված, լարից ընկած կիթառի ձայնի նման մի ձայն։

— Այդ ո՞վ է այդպես խոսում,— հարցրեց Պինոքիոն, զգալով, որ սարսափից սառում է։

— Ե՛ս եմ, մի խեղճ Թյուննոս. ինձ էլ Շնաձուկը քեզ հետ միասին կուլ տվեց։ Իսկ դու ի՞նչ ձուկ ես։

— Ես ձկների հետ ընդհանուր ոչինչ չունեմ։ Ես բուրատինո եմ։

— Իսկ եթե ձուկ չես, ապա ինչպե՞ս ես թույլ տվել, որ հրեշը քեզ կուլ տա։

— Ե՛ս չեմ թույլ տվել, բանն էլ հենց այն է, որ ինքն է կուլ տվել։ Հիմա ի՞նչ ենք անելու այս մթում․․․

Հնազանդվելու ենք և սպասելու, մինչև որ Շնաձուկը երկուսիս էլ մարսի․․․

— Բայց ես չե՛մ ուզում մարսվել,— բղավեց Պինոքիոն, սկսելով նորից լաց լինել։

— Ես էլ չէի ուզի մարսվել,— ավելացվեց Թյուննոսը,— բայց բավականին փիլիսոփա եմ և ինձ մխիթարում եմ, մտածելով, որ երբ Թյուննոս ես ծնվում, ավելի պատվաբեր է ջրի տակ մեռնել, քան թե յուղի մեջ․․․

— Համբերությո՜ւն,— բղավեց Պինոքիոն։

— Այդ իմ կարծիքն է,— պատասխանեց Թյուննոսը,— իսկ կարծիքները, ինչպես ասում են քաղաքագետ Թյուննոսները, հարգվում են։

— Մի խոսքով․․․ ես ուզում եմ այստեղից գնալ․․․ ուզում եմ փախչել․․․

— Փախիր, եթե քեզ այդ կհաջողվի․․․

— Շա՞տ է մեծ այս Շնաձուկը, որը մեզ կուլ է տվել,— հարցրեց բուրատինոն։

— Պատկերացրու, որ նրա մարմինը մի կիլոմետր երկարություն ունի՝ չհաշված պոչը։

Այն ժամանակ, երբ նրանք մթում այսպես զրուցում էին, Պինոքիոյին թվաց, որ հեռո՜ւ, հեռու ինչ-որ լույսի պես մի բան է երևում։

— Ի՞նչ կարող է լինել այդքան հեռվում երևացող այդ թույլ լույսը,— ասաց Պինոքիոն։

— Երևի մեր դժբախտության ընկերներից մեկն է, որը մեզ նման ինքն էլ է սպասում մարսվելուն․․․

— Ուզում եմ գնալ նրան տեսնել։ Չի կարող պատահել, որ դա մի այնպիսի ծեր ձուկ լինի, որ կարողանա ինձ փախչելու ճանապարհ ցույց տալ։

— Սրտանց հաջողություն եմ ցանկանում, սիրելի բուրատինո։

— Մնաս բարով, Թյուննոս։

— Գնաս բարով, բուրատինո, հաջողություն քեզ։

— Որտե՞ղ նորից իրար կտեսնենք։

— Ո՞վ գիտի․․․ Ավելի լավ է այդ մասին նույնիսկ չմտածել։


Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Կառլո Կոլլոդի | XXXIV. Երբ Պինոքիոյին ծով են նետում, ձկները նրան ուտում են, որից հետո նա կրկին բուրատինո է դառնում։ Բայց լող տալու ժամանակ ահեղ Շնաձուկը նրան կուլ է տալիս Կառլո Կոլլոդի | XXXIV. Երբ Պինոքիոյին ծով են նետում, ձկները նրան ուտում են, որից հետո նա կրկին բուրատինո է դառնում։ Բայց լող տալու ժամանակ ահեղ Շնաձուկը նրան կուլ է տալիս Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 13, 2022 Rating: 5
Технологии Blogger.