Մուրացան |
Ա
Հա, այն էի ասում, թե ճեմում էի պատշգամբի վրա... Եվ ահա՛ տես, որ հանկարծ փողոցի մեջ բուսան տեր Շմավոնն ու տեր Սիմոնը և կանգ առնելով ուղիղ մեր պատշգամբի դիմաց սկսան տաք-տաք վիճել: Ինձ այնպես թվաց, թե վեճը շուտով պիտի փոխվի կռվի, կռիվը` հայհոյանքի, հայհոյանքը` ծեծի... Ուստի ականջներս սրեցի, որ մի բան լսեմ քահանաների վիճաբանությունից, բայց դժբախտաբար չկարողացա, որովհետև փողոցը հեռի էր և արժանապատիվ հայրերի ձայնը ականջիս չէր հասնում։
Այսուամենայնիվ, պարզ տեսնում էի, որ նրանց ձեռքերի, ոտների և մանավանդ գլխի սաստիկ շարժումները հոգեկան ամենագրգռված դրություն էին արտահայտում։ Հետևապես, եթե գրողի տաղանդ ունենայի, իմ հոգվո ականջներով կլսեի, թե նրանք ի՞նչ են ասում։ Չէ՞ որ մեզանից ամեն մեկը գիտե, թե բարկացած մարդիկ ինչե՞ր կարող են խոսել։
Եվ, ահա՛ հենց այդ վայրկենից ինձ այնպես թվաց, թե այդ տաղանդն ստացա։ Որովհետև, երբ տեր Շմավոնը գլուխը երեք անգամ թափահարելով մի քայլ ետ կանգնեց և ապա` ձախ ձեռքը կողքին դրած, իսկ աջով գավազանը շարժելով երկու քայլ առաջացավ, ես հաստատ իմացա (թեպետ չլսեցի), որ նա ընկերոջն ասաց.
— Դու մի անպիտան արարած ես։
Տեր Սիմոնն, իհարկե, տակը չէր մնալու, նա էլ (եթե միայն ինքնասիրություն ուներ), պիտի ասեր.
— Անպիտանը դո՛ւ ես, որ գանձանակը խորում ես:
— Հա՛, շատ ապրիք, ես էլ հենց ձեր կարծիքին էի։ Եվ այդ պատճառով շունչս բռնած ու սրտատրոփ սպասում էի թե ահա, ուր որ է, մեկի գավազանը կիջնե մյուսի գլխին, ճակատներից մինը կպատռվի, աչքերից մինը դուրս կպրծնի. իսկ արյունը, համենայն դեպս, կծորե մեկի կամ մյուսի երեսից։ Բայց, ցավելով պիտի ասեմ, այդպիսի բան չպատահեց և քահանաները, երևի, միայն հասարակ տեսակի հայհոյանքներ ու անեծքներ տալով միմյանց, հեռացան: (Կղերականներն, ասենք, միշտ երկչոտ են. այդ ամենքս գիտենք)։ Ի՞նչ մեղքս ծածկեմ, շատ կոտրվեցա։ Որովհետև ինքս տաք խառնվածքի տեր լինելով և մանավանդ թե կյանքով ու կրակով լի սիրտ ունենալով, չափազանց սիրում եմ վեճ, աղմուկ, կռիվ, հայհոյանք, և նամանավանդ հանդիսավոր գավազանահարություն.— միայն թե այդ բաները ինձ չպատահեն, (այդ դեպքում, առհասարակ, շատ խաղաղասեր եմ), այլ պատահի ուրիշներին, ինձանից հեռու մարդկանց, իսկ ես մեր պատշգամբում կանգնած, հանգիստ սրտով դիտեմ ու զվարճանամ։ Չեմ սիրում, մինչև անգամ, երբ ինձ վկա են տանում դատարան, այդպիսի դեպքում ես միշտ ասում եմ` «թե ոչինչ չեմ տեսել», որպեսզի ապագա գլխացավությունից ազատվեմ։ Որովհետև բանը հո չէ վերջանում հաշտարար դատարանով. նրանից հետո գալիս է նահանգական դատարանը, դատաստանական պալատը, կառավարիչ սենատը, մինչև այդտեղ ով ունի գլուխ թրև գալու։ Ա՛յ, ուրիշ բան է լրագիրը, մի լուր հաղորդում ես, սու՛տ թե ճշմարիտ, հարցնող չկա. մարդիկ վրդովվում են, իրար վրա են հարձակվում, իրար միս գզգզում, և դու հանգիստ նստած դիտում ես ու ծիծաղում, սրանից էլ լավ բա՞ն։
Բայց մենք խնդրից շեղվեցանք։
Ներս մտա իսկույն սենյակ, նստեցի սեղանի առաջ, առա թուղթ ու գրիչ և շարադրեցի հետևյալը.
«Մեր քաղաքում երկու քահանա փողոցում միմյանց հետ կռվեցին գավազաններով և իրար ջարդեցին»։
Երկու անգամ կարդացի այս տողերը։ Աոաջին անգամ նրանք դուր եկան ինձ, բայց հետո տեսա, որ խիստ կարճ են, (ես առհասարակ շատ էի սիրում երկար գրել, թեպետ չէի կարողանում)։ Ինչ անեմ, որ թղթակցությունս մի փոքր երկարի, մտածում էի ես։ Եվ, ահա՛, հանկարծ հիշեցի, որ հայոց լրագրները կարդալիս, նրանց մեջ պատահած գեղեցիկ բառերն ու դարձվածները միշտ օրինակում եմ մի առանձին տետրակում, որպեսզի նրանցից գործածեմ երբեմն` բարեկամներիս նամակ գրած միջոցին, (այդ ժամանակները ո՞վ էր կարծում, թե կգա մի օր, երբ ես լրագրի իսկական թղթակից էլ կդառնամ):— «Այս դեպքում էլ օգուտ կարող եմ քաղել ժողովածուից»,— մտածեցի ինքս ինձ և սեղանի արկղից հիշյալ տետրակը հանելով, ընտրեցի նրանից հետևյալները.
1) «Իրենց կոչման բարձրության վրա». 2) «անվայելչաբար». 3) «պատկառելի». 4) «սոսկալի» (այս բառը առհասարակ ես շատ եմ սիրում). 5) «քիթ ու պռունկ». 6) «մխիթարական կամ անմխիթար երևույթ». 7) «բարձր հոգևոր կառավարություն». 8) «ոստիկանության լուրջ ուշադրությունը». 9) «հրավիրում ենք ուշադրությունը» և 10) «գարշապար» (այս էլ իմ սիրած բառերի թվին է պատկանում)։
Այս տասն ընտիր բառերն ու դարձվածներն առնելով սկսա ետ ու առաջ դնել նրանց և հարմարեցնել իմ գրվածքին։ Երկու ժամվա անխոնջ պարապմունքից ետ այդ գրվածքն ստացավ հետևյալ ձևը.
Ի՞նչ անեմ, ի՞նչ չանեմ, մտածեցի ես և վերջը հետևյալ հնարը գտա։ Միևնույն ավուր երեկոյան գնացի եկեղեցի, (ուր, իբրև ինտելիգենտ մարդ, շատ հազիվ էի լինում) և երբ ժամասացությունն ավարտվեց, դուրս եկա բակ և այնտեղ հանդիպելով մեր քաղաքի գիտնական, բայց խիստ ետադեմ տեր Սեղբոսին, հարցրի նրան ծիծաղելով.
— Տեր հայր, ի՞նչ կնշանակե «գարշապար»։
— Հա, ի՞նչ է, ֆարմասոն, ուզում ես իմ գիտությունը փորձե՞լ,— հարցրեց քահանան ժպիտով, (նա բոլոր լրագիր կարդացողներին ֆարմասոն էր անվանում)։
— Այո',- ասացի հեգնորեն։
— Դե լավ, որ այդպես է, կասեմ, «գարշապար» նշանակում է ճակատ, պատասխանեց քահանան լրջությամբ։
— Ճշմարի՞տ։
— Այո՛, ճակատին գրաբար լեզվով ասում են «գարշապար»։
Չեք կարող երևակայել, թե որքա՞ն ուրախացա, երբ տեսա սիրածս բառը ամենահարմար տեղն եմ գործածել։
Այժմ առաջ եկավ մի ուրիշ, ավելի ծանրակշիռ հարց.— արդյոք ո՞ր լրագրին դիմեմ. ազատամիտ «Հնձվորի՞ն», թե պահպանողական «Սայլորդին»։ Մտածեցի երկար, չափեցի, կշռեցի և վերջը եկա այն որոշման, թե ... բայց ոչ, որոշումս ձեզ հայտնելուց առաջ անհրաժեշտ է մի խորհրդածություն:
Ահա՛ ճիշտ այս մտքով գործեցի և ես, երբ հարկ եղավ որոշել, թե ո՛ր լրագրին դիմեմ.— «բոլոր աշխարհն, ասացին առաջ է գնում, ես ինչո՞ւ եմ ետ մնում։ Վերջին վարսավիրան էլ չի ընդունում, որ իրեն չանվանես առաջադեմ կամ ազատամիտ, մի՞ թե կվայելե, որ ինձ նման ինտելիգենտը չպատկանի նույնպես ազատամիտների խմբին»։
Այսպիսի գեղեցիկ որոշման գալով ծրարս փակեցի և ուղարկեցի նրան` ազատամիտ «Հնձվորի» խմբագրությանը: Եվ որպեսզի աշխատությունս անկորուստ հասներ նրան, ես ծրարը ապահովացրի։ Որովհետև մտածեցի, թե կարող է պատահել, որ նամակս Թիֆլիս հասնելուց անցնե հարբած մի ցրիչի ձեռք և սա փոխանակ «Հնձվորին» հանձնելու, տանե և տա պահպանողական «Սայլորդին»... Աստված մի արասցե, այդպիսի մի թյուրիմացության շնորհիվ ես ուղղակի զոհ կդառնայի իմ լուրջ սկզբունքներին, այսինքն ստիպված կլինեի պահպանողական դառնալու։ Որովհետև պարզ է, որ ինչ թերթում տրվում է մարդու անդրանիկ գրվածքը, այն թերթի ուղղությանն էլ նա պիտի հետևե։ Հո չի կարելի սեփական մտքի ստեղծագործությունից հրաժարվել այս ու այն ուղղության պատճառով։
Ինչևէ, փոստային մի ավելորդ մարկա ապահովացրեց իմ համոզմունքը և պարզապես որոշեց իմ ուղղությունը։
Եվ ես սկսա կարդալ իմ «աշխատությունը» մեկ, երկու, երեք, չորս և վերջապես տասն անգամ կարդացի և էլ չէի կշտանում: Զարմանալի է. որքան էլ որ թղթի վրա գրվածը լավ է թվում գրողին, լրագրի մեջ տպագրվածը նրանից տասն անգամ ավելի լավ է թվում: Եվ դրա գաղտնիքը, ես կարծում եմ, նրանումն է, որ մարդ յուր գրվածքը տպագրելուց հետո՛ է միայն համոզվում թե ինքը, արդարև, «թղթակից է»։
Եվ այսպես, մեծ երանություն պատճառեց ինձ իմ անդրանիկ «երկի» տպագրությունը։ Ցավալի էր միայն, որ նրանից հանել էին երկու բառ, առաջինը «ոստիկանություն» և երկրորդը` «գարշապար»: Ոստիկանությունը ոչինչ, բայց գարշապար բառի անհետանալը շատ վրդովեց ինձ։
Հետո «Հնձվորում» տպված իմ լուրի շուրջը կարմիր թանաքով մի հաստ ու գեղեցիկ շրջանակ քաշեցի և թերթը կախեցի սեղանի առաջ` հանդիպակաց պատին, լուսանցքի վրա նախապես գրելով հետևյալը. «Այս է իմ գրական առաջին «երկը», որ լույս տեսավ 1873 թվականի մայիսի 25֊ին։ Իմ գրական գործունեության քսանհինգամյակը լրանում է 1898 թ. մայիսի 25 -ին»։
Բ
Ասում են՝ դիպվածները շատ անգամ «փոքրիկ» մարդկանց դարձնում են «մեծ»։ Եվ այդ ճիշտ է։ Եթե տեր Շմավոնի գավազանը իջած չլիներ տեր Սիմոնի գլխին (գրական էտիկետը պահանջում է, որ մի անգամ հայտնածս ճշմարտության վրա պնդեմ մինչև վերջը), ես, իհարկե, այսօր թղթակից չէի դառնալ ազատամիտ «Հնձվորին», այն էլ ոչ թե պատահական, այլ «հատուկ»։
Այժմ կհետաքրքրվեք իմանալ, թե ե՞րբ դարձա ես «հատուկ թղթակից», քանի որ այդ մասին դեռ ոչինչ չեք լսած: Պատմեմ համառոտ։
— Ով որ գրել է, շատ լավ է գրել, թեպետ լուրը կարճ է, բայց երևում է, որ գրողի գրչում թույն կա. երկու խոսքով քաղաքն իրար է տվել։
Քիչ էր մնում, որ այս գովեստը լսելուց խելքս թռցնեի և գրկելով վարժապետին` բացականչեի.
— Գրողը ես եմ, ես, պարոն Ճաճուռյան, այդ թունավոր գրիչն ինձ է պատկանում, այդ ե՛ս եմ, որ երկու խոսքով քաղաքն իրար եմ տվել։
Այո՛, ուզում էի այս խոսքերն ասել, բայց չգիտեմ ինչպե՛ս, քաջություն ունեցա ինձ զսպելու։ Եվ հենց այդ վայրկյանին մի մեծ գյուտ արի, այսինքն` եկա այն համոզման, թե ինը մուսաներից մինը անպատճառ «լռեցնող է»։ Եվ իրավ, եթե բոլոր մյուսները ոգևորում են մարդկանց գրելու, խոսելու կամ երգելու, չէ՞ որ մեկն էլ պետք է լինի, որ խիստ եռանդոտների աշխույժը չափավորե` գրողի ձեռքը, խոսողի լեզուն և երգողի ձայնը տկարացնելով։ Եվ, իմ կարծիքով, այդ «լռեցնող» մուսան ամենից ավելի բարեկամ է մարդկանց, որովհետև յուր ներշնչումով արգելք է լինում անտեղի ստեղծագործություններին։ Իսկ այդպիսի ստեղծագործություններ որքա՞ն շատ կարող են լինել աշխարհում։ Եվ, ահա, ուրեմն, այդ բարեսիրտ մուսայի շնորհիվ ես չբացականչեցի Ճաճուռյանի առաջ և չմատնեցի ինձ։
Բայց նույն ավուր երեկոյան գնացի եկեղեցի իմանալու համար, թե ի՞նչ հետևանք է ունեցել գործակալի քննությունը: Եվ որքա՜ն մեծ եղավ իմ զարմանքը, երբ իմացա, որ տեր Շմավոնի ու տեր Սիմոնի փոխարեն պատժվել են տեր Գրիգորն ու տեր Սահակը, որոնց մասին, ինչպես գիտեք, ոչինչ չէի գրած։ Իմ հարցին, թե ինչի՞ համար են դրանք պատժվել և ոչ թե ուրիշները, քանի որ լրագրում անուն չէ հիշված,— պատասխանեցին թե` «հարցուփորձից պարզվել է, որ դրանք մի օր կռվել են իրար հետ գերեզման օրհնելիս»։
— «Ահա՛ գրելու նյութ— թղթկցին պտրտում են...» մտածեցի ես և, չնայելով որ այդ քահանային արհամարհում էի, իբրև հետադեմ կղերականի, այսուամենայնիվ որոշեցի այս անգամ չարհամարհել, մտածելով, թե քանի որ սա ինքն ընդունում է, որ ես կարող եմ լուրեր տալ լրագրին, թող այդպես էլ իմանա և երկյուղ կրե ինձանից։
— Հա, դիցուք, թե ես եմ տվել, ի՞նչ եք ուզում ասել,— հարցրի ես մի առանձին խստությամբ։
— Այն եմ ուզում ասել, որդի,— պատասխանեց նա ձայնը մեղմացնելով,— որ երբ մի բան գրում եք, ուղիղը գրեք։
— Ինչ որ լրագրում գրվում է, նա անպայման ուղիղ է, սովորեցեք, վերջապես, պատկառիլ տպված խոսքից,— բարկացա ես արդար բարկությամբ։
Տեր Սեղբոսը, կարծեմ, երկյուղից կորցրեց իրան։
— Ոչ, այդ չէի ասում...— կակազեց նա,— կարծեմ պատժված քահանաներն իրար չեն խփել, այլ միայն հայհոյել են։
«Ահա՛ գրելու երկրորդ նյութ— իսկությունն ուրանում են», — մտածեցի ես և ապա հարցրի.
— Եթե այդպես է, գործակալն ինչո՞ւ էր պատժում նրանց։
— Այդ մեկը չգիտեմ. ա՛յ, հենց նա ինքը գալիս է այստեղ. հարցրու, մենք չենք կարողանում նրա հետ այդպիսի հարցերից խոսել։
— Ինչո՞ւ չեք կարողանում։
— Ինչպե՞ս կարողանանք, գործակալ մարդ է, մեկ էլ տեսար գնաց սրբազանի առաջ մեզ զրպարտեց, նա էլ հրամայեց, թե գնա՛ տեր Սեղբոսին պատմիր։ Այն ժամանակ ո՞վ է մեզ պաշտպանում։
Իմ հարցին թե ինչո՞ւ պատժել եք տեր Գրիգորին ու տեր Սահակին, նա կոպիտ, գավառական բարբառով պատասխանեց.
— Ինչպե՞ս թե ընչի՞, հեր օրհնա՛ծ, նրանց անիրավութենի համբավը հասել ա Թիֆլիս. սաղ աշխարհը նրանց վրա ա խոսում, հմի դու ասում ես ընչի՞ ենք պատժել։
— Բայց ի՞նչ են արել նրանք,— հարցրի ես խստությամբ։
— Կռվել, հայհոյել, իրար ծեծել են, էլ ի՞նչ պտի անեն։
— Իսկ ես լսել եմ, որ նրանք կռվել են խոսքով, բայց չեն ծեծել իրար։
— Հա, իմ քննության վախտն էլ տըհենց ասեցին, ամա դե ես պատժեցի։
— Էլ ինչո՞ւ էիր պատժում, քանի որ քննությունն այդ լուրը չէ արդարացրել։
— Ընդուր, որ լրագրումը տպված ա ըլել թե ծեծել են։ Լրագրի խոսքը թողանք, մարդկանց հավատա՞նք, տպած խոսքը սո՞ւտ կըլի։
Գործակալի այս պատասխանը շատ դուր եկավ ինձ: Չնայելով յուր արտաքին կոպտության, երևաց, որ բավական լուսամիտ է նա, որովհետև ճանաչում է տպագրված խոսքի արժանիքը։
— Կեցցես, տեր-հայր, մինչև այսօր ես նախապաշարված էի քո վերաբերմամբ, բայց այժմ արդեն տեսա, որ արժանավոր գործիչ ես,— ասացի ես։
— Բայց տեր-հայր, ձյունի գունդն ուրիշ բան է, չոր լուրն` ուրիշ բան, ձյունը գլորվելով կմեծանա, դա բնական է, բայց լուրը պիտի տեղ հասնի ճշտությամբ, առանց մեծանալու, կամ փոքրանալու,— նկատեց գործակալին մի նորընծա քահանա, որ կարծեմ, պահպանողականներից էր:
— Սխալվում ես, որդի,— պատասխանեց գործակալը.— ճանապարհ գնալուց լուրն էլ ընենց մեծանում ա, ոնց որ ձյունի կլոնդրակը, այ, մի օրինակ պատմեմ, լսիր: Օղորմած հոգի դեր (տեր) Պուղին մեր գեղի պատվական քահանաներից մինն էր։ Մի առավոտ զարթնելով կնկանն ասում ա — դերակին, էս գիշեր էրազումս էնքան տանջվեցի, էնքան չարչարվեցի, որ ուզում ի մեռնեմ։— Խի՞ , ա դեր, —հարցնում ա կնիկը,— ընդուր որ, մի ագռավ ծնեցի,— ասում ա դերը։ — Բա՛ քու տունը չքանդվի, ըդենց էլ բան կլի, արմանում ա կնիկը, հու ձեռաց վազում իրենց դրացի Օհանի կնկանը ասում՝ —աղջի, Սաբեթ, չե՛ս ասել, մեր դերը էս գիշեր էրկու ագռավ ա ծնել։— Վա՜յ, քոռանամ, էդ ի՞նչ ես ասում,— ծնկներին տալիս ա Սաբեթը, հու ինքն էլ վազում իրա հարևանի մոտ ասում.— Աղջի, Սառումի թոռը, ախր դեր Պուղին էս գիշեր իրեք ագռավ ա ծնել։— էդ ի՞նչ զուլում (պատիժ) ա, ա՛ կնիկ,— ասում ա Սառումի թոռը,— հու վազ տալի իրա տալի տունը։— Սոփի, Սոփի,— ասում ա, արմացք բան ասեմ, դեր Պուղին էս գիշեր չորս ագռավ ա ծնել։
— Էդ ո՞վ ասեց, քյոխվա,— հարցնում ա նրան։
— Ոնց թե ո՞վ ասեց, սաղ գեղը դրնգում ա (թնդում է),- պատասխանում է քյոխվեն։ Հանկարծ դերի միտն ա գալիս իրա երազը, կանչում ա կնկանը հարցնում.
— Դերակին, էս ագռավի բանը քեզ եմ ասել, էն էլ ասել եմ թե մի ագռավ եմ ծնել. հմի էս խի՞ էլլիկը (հասարակությունը) ասում ա օխտն եմ ծնել։
— Ի՞նչ գիտամ, ես Օհանի կնկան էրկուսն եմ ասել,— պատասխանում ա դերակինը։
— Բա խի՞ ես երկուսն ասել։
— Ընդուր, որ մտածեցի թե մի ագռավ որ ծնել ա, հալբաթ (երևի) մի ճուտ էլ հետը կըլեր։
— Այ Օհանի կնիկ. դո՞ւ ինչ ես ասել,— հարցնում են նրան:
— Ես էլ ասել եմ իրեքն ա ծնել։
— Բա խի՞։
— Չուն մտածեցի, թե երկու ագռավ որ ծնել ա, հալբաթ նրանց էլ մի ճուտ կըլեր։— Եվ ըսենց պատասխանում են բոլորը:
Բանն իհարկե պարզվում ա, բայց էդ օրից խեղճ քահանի անունը մնում ա «օխտը ագռավ ծնող դեր Պուղի»:
— Հիմի, ա դեր,— դարձավ գործակալը նորընծային,— դու ասըմ ես լուրը մեծանալ չի։ Էս հլա փոքր գյուղում ա, որ մի ագռավը օխտն ա դառնում, բա լուրը, որ ըստեղից Թիֆլիս գնա, տես քանի անգամ պիտի մեծանա է՜...
Գործակալը, կարծես, ասածներս չհասկանալով, քաշվելով հարցրեց․
— Ձեր պաշտոնն ի՞նչ ա։
— Իմ պաշտո՞նը... այդ թող ուրիշներն ասեն,— պատասխանեցի ես ժպտալով և համեստությամբ հեռացա։
Բայց որովհետև քայլերս արագ չէի փոխում, ուստի լսեցի, որ տեր Սեղբոսը մի աոանձին անկեղծությամբ ասում էր,— «Հնձվորի» թղթակիցն է, լուրն էլ դա է հաղորդել։
Գործակալը մի զարմացական բացականչություն արավ և, կարծեմ, տեղն ու տեղը սառեց։
Գ
Հա, դուք կամենում էիք իմանալ, թե ինչպես դարձա ես «Հատուկ» թղթակից, բայց ես միջանկյալ պատմություն արի, հոգ չէ, այդ էլ հարկավոր էր, այժմ կդառնամ բուն խնդրին։
Վերադառնալով տուն, նախ սկսա մտածել այն մասին, թե ի՜նչ լավ բան է շփումն ունենալ հասարակական գործիչների հետ, կարծիքներ լսել, մտքեր փոխանակել կամ չգիտցածը սովորել։
Որովհետև այդ թղթակցությունն ամբողջապես առաջ բերել չէի կարող, ուստի համառոտ հիշեմ, թե ի՞նչ խնդիրներ էի շոշափել դրա մեջ։
Սկզբում հարձակվեցի այն բոլոր ստոր արարածների վրա, որոնք սկսել էին որոնել լուր հաղորդող թղթակցին, ինչպես օրինակ տեր Սեղբոսը և նրա նմանները։ Այս պարբերության համար հատկապես իմ ոճերի տետրակից արտագրել էի հետևյալ գեղեցիկ խոսքերը' «Պարոններ, իզուր եք որոնում, կամ հալածում թղթակիցներին, նրանք հանցավոր չեն, որ գրում են ճշմարտությունը, իսկ ճշմարտությունը մի հայելի է, որի մեջ ցոլանում է ձեր պատկերը, հայելին մեղավոր չէ, որ այդ պատկերը նրա մեջ երևում է տգեղ և զզվելի».
Այս կտորն այնքան գեղեցիկ էր, որ ես հինգ անգամ իրար վրա կարդացի։
Չխոսելով այլևս մյուս հարցերի մասին, այսքանը միայն կասեմ, որ թղթակցությունս այնքան գեղեցիկ էր դուրս եկել, որ նա, մինչև անգամ, նմանվում էր իսկական թղթակցության։ Հենց այս պատճառով էլ սիրտ արի նրա վերջում ավելացնելու իմ անձի վերաբերմամբ հետևյալ տողերը.
«Հանձն առնելով թղթակցի պատասխանատու պաշտոնը, մենք դրանով նպատակ ունինք ծառայել հասարակության իսկական շահերին։ Մեր պարտքը կլինի ամեն մի դեպքում պաշտպանել արդարությունը, ճշմարտությունը, գեղեցիկը և բարին, իսկ իրավունքը՝ հալածել ու հարվածել անարդարությունը, սուտը, տգեղը և զզվելին»։
Անցավ տասն օր։ Տասը դժվարատար, հույսով, ցնորքով և հուզմունքով լի օրեր... Անցուցե՞լ եք դուք երբևիցե այդպիսի օրեր... Իհարկե ոչ։ Այդ ծանր, թեթև, քաղցր և դառն, միշտ տանջող և միշտ հաճելի օրերը միայն մեզ՝ գրականության մշակներիս է վիճակված... Այո՛, գրել, ստեղծագործել և սպասել, որ այդ ստեղծագործությունը լույս տեսնե, մտքեր ու սրտեր հուզե, կարծիքներ ծնեցնե, վեճեր հարուցանե և ստեղծագործողի անունը փառավորե կամ․․․, խայտառակե։ Վերջին բառն, իհարկե, ինձ չէ վերաբերում, բայց լինում են նաև այդպիսի դժբախտներ, մուսաներից ատված մարդիկ, որոնք գրում, կամ, իրենց կարծիքով ստեղծագործում են և վերջը խայտառակվում։ Բայց թողնենք այդ դժբախտներին։
Վերջապես այդպիսի հուզումների և հոգեկան ամենաքաղցր գրգիռների ազդեցության տակ ես կարդացի իմ թղթակցությունը մի քանի անգամ, հիացա, հափշտակվեցի և ապա «Հնձվորը» սրտագին համբուրելով դուրս եկա տանից։
Այդ վայրկենին, որ ոտքս դրի քաղաքի հրապարակում, ինձ այնպես թվաց, թե բոլոր մարդիկ աչքերնին սևեռեցին ինձ վրա, իսկ շատերը նրանցից հարգանքով բարևեցին։ Ես, իհարկե, չնայեցի ոչ ոքին և առաջ էի դնում հաստատուն քայլերով ու «հատուկ թղթակցին» վայել լրջությամբ։
Օրը տոն լինելով` դպրանոցի վարժապետական խումբն ևս այդտեղ էր։ Ես, իհարկե, միայն դրանց կարող էի մոտենալ, իբրև փոքր ի շատե ինտելիգենտ մարդկանց։ Իմ ողջույնին ամենքը պատասխանեցին սիրով և քաղաքավարությամբ։ Իսկ իմ հարցին թե` ի՞նչ նոր լուր կա, Ճաճուռյանն ասաց.
— Լուր չէ, այլ մի ամբողջ պատմություն... «Հնձվորի» այստեղի թղթակիցը գլխի վրա է դրել ամբողջ քաղաքը։
— Ինչպե՞ս, ի՞նչ է գրել,— հարցրի ես կեղծ անգիտությամբ։
— Օ, պետք է կարդաք, բառերով պատմել անկարելի է։
— Այսուամենայնիվ։
— Ասում եմ անկարելի է, է՛լ թղթակից պտրողներ, էլ առաջնորդ, է՛լ քահանա, է՛լ կուսակցական անարդարություն և այլն, և այլն չէ մնացել, բոլորն հրապարակ են հանված:
— Եվ լավ է գրված։
— Փառավոր. «հատուկ թղթակցի» գործ է։
— Ուրախ եմ, որ հավանում եք,— ասացի ես ժպտալով, Ճաճուռյանն իսկույն բռնեց ձեռքս և քաշելով ինձ մի կողմ, հուզված ձայնով հարցրեց.
— Մի՞թե դուք եք գրողը։
Ես զարմացա նրա նուրբ հոգեբանական ընդունակության վրա։
— Ինչո՜ւ համար եք այդպես կարծում— հարցրի ժպտալով։
— Օ՜, մի ծածկեք, խնդրում եմ, հայտնեցեք ինձ ճշմարտությունը, ես գաղտնապահ կլինեմ այնպես, ինչպես գերեզմանի քարը՝, որ ոչ ոքի չի ասում, թե ո՞վ է յուր տակ պառկած։
— Այո՛, ինչո՞ւ ծածկեմ լավ բարեկամից... Բայց, խնդրում եմ՝ թող ոչ ոք այլևս չիմանա այդ։
— Բայց ախր դուք․․․ ներողություն...
Ինձ թվում էր, թե նա կամենում էր ասել՝ «ախր դուք այնքան մտավոր պատրաստություն չունեք». բայց իմ աչքերի խիստ հայացքը զգաստացրեց նրան, ուստի խոսքը փոխելով հարցրեց.
— Բայց ախր այդ ի՞նչ անուն է, որ ընտրել եք։
— Հովսեփ Ավետիսյան— Կարապետյան Օհանյանցի գլխատառերը միացրեք դա կլինի՞...
Ճաճուռյանը մի փոքր մտածեց և ապա հանկարծ բացականչեց։
— Հակо։
Բայց հենց այդ բառն էր, որ կարողացավ արտասանել և ապա ամոթից շառագունվեց, որովհետև զգաց, որ մեծ անքաղաքավարություն է արել կասկած հայտնելով իմ մտավոր պատրաստության մասին։
— Ներողություն, սիրելի պարոն Հակօ, եթե ես վիրավորեցի ձեզ,— ասաց նա անկեղծ զղջումով։
Հ ա կ օ անունս առաջին անգամ լսելով կենդանի բարբառով խոսողից, այնպիսի մի քաղցր հաճույք զգացի, որ իսկույն էլ ասացի Ճաճուռյանին կատարյալ ներողամտությամբ.
— Անհոգ կացեք, բարեկամ, այսուհետև այլևս ես սրտիս չեմ առնիլ ոչ մի վիրավորանք։ Մի անգամ, որ հրապարակախոսությունն ընտրել եմ իմ գործունեության ասպարեզ, ես պիտի աշխատեմ սովորել համբերություն։ Ես պատրաստ պիտի լինիմ թե՛ վիրավորանքի և թե՛ հալածանքի, այդ դեպքում, անշուշտ, ինձ կմխիթարեն և կոգեվորեն մեծ հրապարակախոսների օրինակները։
Բայց, բարեբախտաբար, «ոչինչ է ծածուկ որ ոչ յայտնեսցի»։ Ճաճուռյանն այս մասին հայտնել էր Մոճոռյանին, Մոճոռյանր՝ Չանչուրյանին, Չանչուրյանր՝ Չանգուրյանին և այդպիսով մի շաբաթից հետո արդեն բոլոր քաղաքը գիտեր, որ ես եմ Հ ա կ օ ն , «հատուկ թղթակիցն» ազատամիտ «Հնձվորի»։
Դ
Այժմ այլևս ավելորդ է թվել, թե ի՞նչ նյութերի մասին եմ գրել ես իմ երկրորդ, երրորդ, չորրորդ և այլն և այլն նամակներում։ Այդ երջանիկ օրերից սկսած մինչև այսօր անցել են շատ տարիներ և այդքան ժամանակի ընթացքում «Հնձվորում» հրատարակված իմ թղթակցությունների մեջ ես շոշափել եմ հարյուրավոր ու հազարավոր հարցեր։ Այդ ամենի մասին հիշել անկարելի է։ Այսքանը միայն կասեմ, որ իմ հրապարակախոսական գործունեության ընթացքում հետևել եմ միշտ մի ազնիվ սկզբունքի, այն է՝ խոսել ու գրել ճշմարտությունը, և միայն ճշմարտությունր։ Բայց, իհարկե, ոչ այնպես, ինչպես որ նա կա, (այդպես կարող է անել ամեն մի տիրացու), այլ այնպես, ինչպես որ պիտի լինի, որովհետև ա՛յդ է պահանջում կուսակցական ճշմարտության էտիկան, որն ուսումնասիրել և յուրացրել եմ շարունակ «Հնձվորի» գոհարները կարդալով և նրա ուղղության գաղտնիքը վերլուծելով։
Եվ ահա՛ այդ գեղեցիկ ուժերով զինված, դուք մտնում եք... բայց ոչ, այստեղ մի փոքր պիտի շեղվեմ։
Հայոց ազգը հո գիտե՞ք ինչ ազգ է։ Երևելի ազգ է. ամեն բան ունի։ Ամենից առաջ ունի մի ազգային եկեղեցի, որ թեպետ մի փոքր հետադեմ է, բայց վնաս չունի за то շատ հին է։ Նրա գոյությունն, ասում են, Քրիստոսից շատ առաջ է. հիմնված, չգիտեմ, Բագրատունյաց ո՞ր թագավորի ժամանակ: Թվականը չեմ հիշում։ Ես, առհասարակ այդպիսի սխոլաստիկական խնդիրներով չեմ զբաղվում։ ճշմարիտն ասած նոր սերնդին չի էլ սազում վատնել ժամանակն այդպիսի դատարկ բաների վրա։ Այսքանը միայն գիտեմ, որ նա շատ հին է, և ինչպես «Հնձվորն» էլ ասում է ունի ժողովրդական ոգի, արի պատճառով էլ կատարում է ժողովրդական ընտրություններ, ինչպես օրինակ, քահանայի, երեցփոխանի, հաշվատեսի, պատգամավորի և այլն։
Վերջապես հայոց ազգն ունի բարեգործական ընկերություններ, որոնք կառավարվում են վարչություններով, իսկ վարչությունը բաղկացած է անդամներից ու նախագահից, որոնց, ինչպես գիտեք, ընտրում է ընդհանուր ժողովը, իսկ ընդհանուր ժողովը կազմվում է անդամներից, որոնք, բոլորն էլ, ժողովրդական ոգի ունին, որովհետև աշխարհականների որդիք են։ (Միջանկյալ պիտի ասեմ, որ դրանք միակ հաստատություններն են, որոնք ազատ են կղերական տարրից և նրանց ազդեցությունից, դժբախտաբար դրանք էլ այն վատ կողմն ունին, որ ընդունում են հետադեմ անդամներ, որոնց հետ երբեմն ստիպված ենք լինում ընդհարվիլ)։
Ահա՛, այս բոլոր տեղերն ու հաստատություններն, որոնք ժողովրդական ոգու արտադրություններն են, կազմում են «հատուկ թղթակցի» գործունեության ասպարեզը։
Հիշածս դրոշակը ձեռքիս և բառարանը կռանս տակ ես մտնում եմ այդ ասպարեզներից որը կամենում եմ, որովհետև իմ առաջ բաց է ամեն դուռ, եկեղեցո՞ւ լինի այդ թե՛ դպրոցի, առաջնորդարանի՞ լինի թե բարեգործական ընկերության, միևնույն է. ամեն տեղ էլ ես մտնում եմ ազատորեն, ինչպես որ կմտնեի իմ հոր տունը կամ իմ պապի բախչեն։
Նստում եմ վերջապես «հատուկ թղթակցի» աթոռին: Եվ թեպետ չգիտեմ, թե ինձանից առաջ ի՞նչ են խոսել, կամ ի՞նչ հարցեր շոշափել, ասյուամենայնիվ տեսնելով, որ շատերը մատներնին բարձրացրած խոսք են ուզում նախագահից, ես էլ բարձրացնում եմ ցուցամատս, որպեսզի հասկացնեմ ժողովին, թե «մենք էլ այստեղ ենք»։
Նախագահն իսկույն գլխով է անում, որ կնշանակե թե՝ «ձեր խոնարհ ծառան եմ», ես սպասում եմ։
Այդ միջոցին խոսողը մի պահպանողական է, բայց ես նրան չեմ լսում, որովհետև իրավունք չունիմ լսելու։ Գուցե նա խոսում է լավ բաներ, գուցե շատ էլ խելոք մարդ է, բայց քանի որ, պահպանողական է, այդ արդեն բավական է, որ ես համոզվեմ, թե նա լավ բան ասել չէ կարող։ Եվ հենց այդ պատճառով էլ, բոլոր ժամանակ, որ նա խոսում է, ես ազատամիտ մարդուն վայել անհամբերությամբ, ծամածռություններ եմ անում, որով բոլոր դահլիճն հասկանում է, որ Հակօն դեմ է խոսողին։ Այդքանն արդեն բավական է, որ ճառախոսը ոչ մի սպիտակ քվե չստանա, եթե. հավակնություն է ունենալու յուր տուփը դնելու։
— Պարոն Հակօ, այժմ խոսքը ձերն է։
Ես, սկզբում, իհարկե, մի փոքր շփոթվում եմ, որովհետև, խոստովանանք լինի, խոսելու մի առանձին շնորհք չունիմ, բացի այդ, այն վատ սովորությունն էլ ունիմ, որ ցուցամատս բարձրացնելու միջոցին, որոշած չեմ լինում թե ի՞նչ պիտի խոսեմ։ Իսկ այժմ քանի որ հերթը հասել է ինձ, իբրև «հատուկ թղթակից» պետք է արժանապատվությունս բարձր պահեմ, ուստի բոլորովին ինձ չկորցնելով բարձրանում եմ աթոռից և մի բարձրահոն հայացք ձգելով ժողովականների վրա, պարզ և մեկին արտասանում եմ հետևյալ համառոտ, բայց բազմաբովանդակ ճառը.
— Պարոն նախագահ, պատիվ ունիմ հայտնելու հարգելի հանդիսականներին թե ես, իսկապես, կամենում էի ասել այն, ինչ որ պարոն Ճաճուռյանն ասաց․ ես լիովին համաձայն եմ պարոնի հայտնած մտքերի և կարծիքների հետ։
Այս խոսքերը խոր տպավորություն են անում ժողովի վրա։
Դուք հիմա կասեք թե «հատուկ թղթակցին» չի վայելիլ այդքան համառոտախոս լինել։ Ես կպատասխանեմ, որ սխալվում եք։ Հատուկ թղթակիցն ավելի պարտավորություն էլ չունի խոսելու։ Ով ուզում է թող խոսի, ճառեր արտասանե, ընտրություններ կատարե, այսուամենայնիվ, այդ բոլոր խոսքերի, ճառերի և ընտրությունների նկատմամբ հրապարակով վերջին կարծիք հայտնելը մեզ է պատկանում։
Եթե ճառախոսը «մեր մարդն» է, ես նրա հայտնած մտքերն ու կարծիքները «Հնձվորում» անվանում եմ «բարձր, վսեմ և գաղափարական», եթե հակառակորդ է, ասում եմ` «հետադիմականին մեկն այսինչ ժողովում հայտնեց անդրջրհեղեղյան, բորբոսնած մտքեր»։
Պատահում է, իհարկե, և ժողով, ուր բոլոր ընտրվածները լինում են պահպանողականներ։ (Այդպիսի դժբախտություն հասել է հայոց ազգին մի քանի անգամ)։ Եվ այդպիսի ժամանակ ես այլևս չեմ քաշվում զուտ ճշմարտությունը հայտնելու. ժողովն, ուղղակի, հայտարարում եմ. «ապօրինի», ընտրությունները` «անվավեր», իսկ ժողովատեղը` «Արշակավան»:
Այս եղանակով ես գործում և ճշմարտությունը հայտնում եմ, նաև, պատգամավորական, հոգաբարձական և երեցփոխական ընտրությունների վերաբերմամբ։
Եթե պատգամավորը «մերոնցից է», ես նրան ուղղակի անվանում եմ «սուրբ գործի համար յուր անձն ու հոգին նվիրող»։ Եթե «մերոնցից» չէ, տալիս եմ նրան յուր սեփական անունը, այն է` «պնակալեզ և ստրկահոգի կղերական»։
Եթե հոգաբարձուն «մեր բանակիցն է», ես չեմ ծածկում նրա արժանիքը. հայտնում եմ, որ դա անզիվ ու ազատ գաղափարներով տոգորված, դպրոցի, առաջադիմության նախանձախնդիր և հանճարավոր ուղեղի տեր մեկն է»։ Բայց եթե «հակառակորդ բանակից» է, նրա թերությունները պարզ է. նա «կաշառակեր է, անբարոյական և Մաթուս աղայի ժամանակակից գաղափարներով սնված»։
Այս էլ պիտի ասեմ, որ «հատուկ թղթակցի» գործունեությունը չի սահմանափակվում միայն ազգային հաստատությունների մասին գրելով։ Ոչ, գավառական քաղաքում ուրիշ բաներ էլ կան, որոնցով մենք հետաքրքրում ենք լրագրի ընթերցողներին։ Կա, օրինակ, քաղաքագլուխ, կան վարչության անդամներ, ինքնավարական իրավունք, հետո` քաղաքի մաքրության, բարեկեցության և առողջապահության վերաբերյալ խնդիրներ. կա՛ն կապալառուներ, վաշխառուներ, վաճառականներ և այլն։ Այս բոլորի մասին նույնպես ես իրավունք ունիմ գրելու։ Եվ գրում եմ, իհարկե, այն ինչ որ կամենում եմ, կամ ինչ որ պահանջում է կուսակցությունից անբաժան իմ անհատական շահը։
Ճշմարիտ է, գավառական քաղաքում գործի իսկության ծանոթ մի քանի մարդիկ վրդովվում են և հայհոյում սխալ տեղեկություններ հաղորդող թղթակցին, բայց դրանից ինչ դուրս կգա. հո մյուս քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ կարդո՞ւմ են մեր հաղորդածր և ընդունում նրանց զուտ ճշմարտության տե՞ղ։
Տասը-քսան մարդ ճշմարտությունն իմանալով ի՞նչ կարող են անել, քանի որ նրանց հերքումը չի տպագրվելու լրագրում։ Տասնյակ հազարավոր մարդիկ մեր շնորհիվ արդեն սևին ասել են սպիտակ և այդ բավական է. ձայն բազմաց` ձայն աստուծո:
Հանգամանքների այդպիսի բարեբախտ փոփոխության շնորհիվ է, որ մենք այսօր ոչ միայն մեծ հարգ ու պատիվ ենք վայելում ժողովրդից, այլև կարողանում ենք հեղափոխություններ առաջացնել նրա լճացած ու բորբոսնած կյանքի մեջ։
Հիշենք մի օրինակ։
Քսան տարի սրանից առաջ մի անհեթեթ կարգադրություն եղավ։
Բանից երևաց, որ այդ կարգադրությունն արել է հայոց հոգևոր տերը։
Մենք զարմացանք։
«Հայոց հոգևոր տերը ի՞նչ գործ ունի մեր հոգևոր դպրոցների հետ»,— հարցնում էինք իրար լուռ փսփսալով և սակայն այդ հարցին պատասխան չէինք գտնում։
Հանկարծ բարեկամներիցս մեկը մի զարմանալի միտք հայտնեց.
— Հայոց հոգևոր տերը,— ասաց նա,— երևի այն կարծիքի է, թե` քահանաները ևս հայեր են։ Իսկ նրանց որդիքը, որ փարաջա չեն հագնում, աշխարհականներ։ Հետևապես, ինչպես որ գդակակար Մակին, կամ բազազ Սերոբը աշխարհական լինելով իրավունք ունին հոգաբարձու ընտրվելու, և իրենց որդվոց շահերը դպրոցում պաշտպանելու, այնպես էլ քահանան, հայ անվանելով իրեն, պիտի խառնվի հոգևոր դպրոցի գործերում, առարկելով թե պաշտպանում է այդտեղ յուր աշխարհական որդու շահերը։
— Ո՛չ, այդպես չէ,— հարեց մի ուրիշը,— որովհետև մենք, աշխարհականներս, ամեն կերպ խառնվում ենք եկեղեցու գործերում, առարկելով թե մեր եկեղեցին ժողովրդական է ահա, հոգևոր տերն էլ քահանաներին խառնում է մեր հոգաբարձուների հետ, որպեսզի մի օր ասե. թե` դպրոցներն էլ հոգևորական են:
Այս տարօրինակ, բայց կարի հավանական բացատրություններն ուղեղս ցնցեցին։ Սկսա մտածել, թե ի՞նչ միջոց գործ դնենք ծնունդ առած չարիքն արմատախիլ անելու։
Եվ երբ այս մասին հետևյալ օրը հայտնեցի պատգամավորների նախապատրաստական ժողովում, բոլոր առաջադիմականները միանվագ ծափահարեցին։ Բայց հետադիմականներն սկսան ծիծաղել։ Եվ զարմանալի էլ չէր։ Այդ մարդիկ չեն կարող որևէ թարմ ու նոր միտք ըմբռնել ու մարսել. նրանց հետաքրքրում է միայն հինն ու փտածը։ Այդ պատճաոով էլ խավարասերներից մեկը հետևյալ տղայական դիտողությունն արավ.
— Հապա այն ժամանակ ո՞վ մեզ համար ժամ ասե, ով մեր երեխան մկրտե, պսակը կատարե, մեռելը թաղե։
Արևը սիրեմ Ճաճուռյանին, վեր թռավ տեղից կրակի պես ու պատասխանեց.
— Դրա համար Ամիրխանյան կա. բավական է այսօր քաշել մի հեռագիր և վաղը պատրաստ կլինին այնտեղ մի քանի տասնյակ պաստորներ, բոլորն էլ բրյուկով ու ժիլետով։
Հետադիմականն, իհարկե, իսկույն պապանձվեց։ Բայց և այնպես իմ առաջարկությունը չընդունվեց, որովհետև խավարամիտները քվեները խարդախեցին։
Այնուամենայնիվ, կղերականներից ազատվելու համար, մենք գործ դրինք ավելի ազդու և դրական միջոց։ Մի երեկո հավաքեցինք քաղաքի քահանաներին մեր տանքը և ասացինք․
— Դուք սիրո՞ւմ եք թաժա հաց, յուղալի բոզբաշ, անուշահոտ տոլմա, կամ ղավուրմով փլավ,— ասացին.
— Շատ ենք սիրում։
— Դուք կարո՞ղ եք տկլոր ման գալ ձմեռ ժամանակ, կամ սենյակներդ չվառել, երբ բուք ու բորանը սառեցնում լինի դրսում ամեն կենդանի շունչ։
— Ո՛չ, ասացին, չենք կարող, տկլոր ժամանակ մեզ հարկավոր է լավ քաթանից շապիկ ու շապկի ընկեր. հաստ գուլպա և պոլսապոժկա. հետո դրաբի շալվար և արխալուղ, վերջը մի կապա, մի փարաջա, մեկ էլ մի վերարկու-փարաջա, այդ բոլորից հետո էլ մանիշակագույն թավշից մի կամիլավկա։ Իսկ եթե դրան արժանացած չլինինք, այն ժամանակ Հաբիքի կաստորից մի լավ շլյապա։ Գալով մեր սենյակները տաքացնելուն, դրա համար էլ հարկավոր է չորս խորանարդ սաժեն իսկական բոխի ծառի փայտ։
— Դե, լույս դառնա ձեր հերը,— ասացինք մենք,— հիմա լսեցեք․ եթե չեք ուզում, որ թաժա հացը, բոզբաշը, տոլման, ղավուրմով փլավը, կամ վարդագույն իշխան ձուկն անպակաս լինին ձեր սեղանից, եթե չեք ուզում տկլոր ու չփլախ ման գալ փողոցում, կամ ձմեռ ժամանակ ցրտից գոնգոռնալ, այն ժամանակ պետք է քիթներդ չերևցնեք հոգաբարձուներ ընտրող վաղվա ժողովի մեջ։ Հակառակ դեպքում, մենք ձեր ծխականները չենք, դուք էլ մեր քահանաները։
Հարվածն ուղղված էր վերքին, քահանաները մնացին սառած։
Մեկը միայն առաջ անցավ և մեր գութը շարժելու համար, յուր ընկերների կողմից հետևյալ սրտառուչ բանաստեղծությունն արավ։
«Հայոց հոգևոր դպրոցում,— շարունակում էր տեր հայրը,— աշխարհակա՞ն լինի հոգաբարձու թե՛ հոգևորական, դպրոց լինի՞, թե’ չլինի, մեզ համար միևնույն է, մեզ հարկավոր են երեխաներ, որ մկրտենք, երիտասարդներ, որ պսակենք, և մեռելներ, որ թաղենք։ Այս երեք բանը մեզ տվեք, իսկ մնացյալը, թեկուզ, ջուր ածեցեք, մեզ ի՞նչ...
«Այս դիտումներով, ահա՛, մենք ընդունում ենք ձեր առաջարկությունը և հանդիսաբար խոստանում ենք, որ քթներս չենք երևցնիլ հոգաբարձու ընտրող ժողովի մեջ, որպեսզի աշխարհի առաջ ապացուցանենք, թե մենք ենք «հովիվ քաջ, որ ղանձն յուր դնէ ի վերա ոչխարաց»։
Քահանաների այս անձնվեր որոշումից զգացված, ես մի պունշ առաջարկեցի նրանց։ Հետո իրավունք առնելով նրանցից խոսել իրենց փոխարեն ժողովում ինչ որ կամենանք, ճանապարհ դրինք նրանց սիրով և խաղաղությամբ։
Այս միջանկյալ պատմությունը ես արի, ցույց տալու համար, թե ինչպե՞ս ենք մենք հեղափոխություններ առաջացնում գավառացու լճացած ու բորբոսնած կյանքում։ Եվ այս պատճառով է, ահա, որ մեզ ամեն տեղ հանդիպում են սիրով, ակնածությամբ և հաճախ, նույնիսկ, երկյուղով։ Մեր խոսքը գավառում, գրեթե, պատգամ է, իսկ ցանկությունը՝ օրենք։
Ե
Հիմա դուք, իբրև դրական հայեր, կասեք, թե բոլոր աշխարհը գործում է շահի համար, մարդիկ վաստակում, կամ քրտնում են որոշ օգուտներ ձեռք բերելու համար, արդ, ձեր շահն ու օգուտը ո՞րն է այս գործում, ինչո՞ւ եք իզուր աշխարհն աղմկում, սրտեր վիրավորում, մտքեր պղտորում, մարդկանց հանգիստը խանգարում։
Այս հարցին մենք ունենք մի պատասխան, այդ այն է, որ մենք գիտենք, թե մենք էլ մարդ ենք, այսինքն շահ ասված բանի համար մենք էլ մտածում ենք, ուրեմն, մուֆտա չենք ազգասիրություն անում։
— Հակօյի բանն ուրիշ ա, շուն ենք կապում...
Ես, իհարկե, չբարկացա, տգետ մարգ է, ավելի լավ պատասխան տալ չէր կարող։
Բայց ճշմարիտն ասած, զայրույթս զսպել չեմ կարողանում երբ նման վիրավորանքներ ստանում եմ ինտելիգենտ մարդուց։ Օրինակ, անցյալները խոսում էր ինձ հետ մի հեռու ազգականս, որ, գլուխը մեռած համալսարանական է և միևնույն ժամանակ, չէ ամաչում իրեն պահպանողական անվանելու։ Գրգռված ա'յն հաջողությունից, որ «հատուկ թղթակիցներ» ունինք և այն հարգանքից, որ մենք վայելում ենք գավառում, նա հետևյալ անհեթեթ համեմատությունն արավ.
Հատուկ թղթակիցներին նմանեցնելով յասաուլ-բաշիների, խավարամիտ ազգականս այն բարբարոս միտքն էր հայտնում, իբր թե մենք էլ նրանց եղանակով հարստահարում ենք ժողովրդին, կաշառ ենք առնում նրանից կամ երեսպաշտություն անում։ Մեծ բախտավորություն է, որ այդ ապուշը չի հրատարակել այս կարծիքը պարբերական թերթերում, ապա թե ոչ, հայ ընթերցողները, որոնք մեծ մասամբ բթամիտ են լինում, հալած յուղի տեղ կընդունեին այդ բարբաջանքը։
Բայց ես, որպեսզի ապացուցանեի իմ ծանծաղամիտ ազգակցին, թե իբրև թղթակից, որքան անաչառ եմ, ասացի.
Մի վերջին, հակադիր նմանություն ևս, որ չեմ կարող զանց առնել, այն է, որ յասաուլ-բաշիների կամ մովրովների անունն անմահացնողը եղել է մի խավարամիտ Պռոշյան, իսկ մերը պիտի անմահացնե մի ազատամիտ աոաջադիմական:
Այսքանը, կարծեմ, բավական է հասկանալու համար թե ո՞վ ենք մենք։
Տես նաև Մուրացան Պատմվածքներ