Ժան Ռասին | Ֆեդրա | համառոտ


Հիպոլիտը՝ Աթենքի արքա Թեսևսի որդին, գնում է փնտրելու հորը, որն արդեն կես տարի է, ինչ շրջում է օտար ափերում: Հիպոլիտի մայրը ամազոնուհի է: Թեսևսի նոր կինը՝ Ֆեդրան, ինչպես կարծում են բոլորը, չի սիրում Հիպոլիտին, ահա ինչու նա գերադասում է հեռանալ արքունիքից: Ֆեդրան, սակայն, հիվանդ է տարօրինակ ախտով և տենչում է մեռնել: Աստվածները գրգռել են նրա մեջ անսանձ մի կիրք, որի մասին նա չի կարող խոսել: Ավելի լավ է մեռնել:
Դայակ Էնոնը կարծում է, որ Ֆեդրայի միտքը մթագնում է, քանզի սա ինքը չի հասկանում, թե ինչ է խոսում: Նախատում է Ֆեդրային, որ նա չի ուզում ենթարկվել աստվածների կամքին և հնազանդորեն կրել իր բաժինը, այլ հանդգնորեն ծրագրում է կտրել իր կյանքի թելը, որբ թողնել իր զավակներին, որոնցից ամեն բան կխլի ամբարտավան Հիպոլիտը: Ֆեդրան պատասխանում է, որ իր մեղսավոր կյանքն առանց այդ էլ երկար է ձգվում, բայց նա մեղավոր է ոչ թե իր գործողություններով, այլ սրտով: Թե որն է նրա սրտի մեղքը, չի ցանկանում ասել, այլ պատրաստ է իր հետ տանել գերեզման: Ի վերջո չի դիմանում և հայտնում է իր գաղտնիքը դայակին: Սիրահարված է Հիպոլիտին: Ափրոդիտեն՝ սիրո աստվածուհին, սիրո գերի է դարձրել թագուհուն, և ինչքան էլ Ֆեդրան փորձել է սիրաշահել նրան, տաճարներ է կառուցել նրա պատվին, զոհեր մատուցել, Ափրոդիտեն չի լսել նրա ձայնը:
Ծառան հայտնում է, որ լուրեր են հասել Թեսևսի մահվան մասին: Աթենքում անհանգիստ է, քանի որ ժողովրդին հուզում է թագաժառանգի հարցը: Ո՞վ է լինելու Աթենքի արքա՝ Հիպոլիտը, թե Ֆեդրայի որդին:
Թեսևսի մահվան մասին լուրը հասնում է նաև Արիկիային Պալլասների աթենական թագավորական զարմից, որոնց  զրկել էր իշխանությունից Թեսևսը: Թեսևսը գերության մեջ էր պահում Արիկիային Տրեզեն քաղաքում: Տրեզենի կառավարիչ է Հիպոլիտը, այնպես որ Արիկիան, ով գիտի, որ Հիպոլիտը անտարբեր չէ իր նկատմամբ, ազատության հույսեր է փայփայում: Այդպես էլ լինում է: Աթենքը պիտի ունենա նոր թագավոր: Կա երեք թեկնածու՝ Հիպոլիտը, Ֆեդրայի որդին և Արիկիան: Հիպոլիտը հրաժարվում է գահից, քանի որ ինքը ամազոնուհու որդի է, Ֆեդրայի որդուն նա բաժին է հանում Կրետեի թագավորությունը, իսկ Արիկիային առաջարկում է իրավամբ զբաղեցնել Աթենքի գահը: Նույն տեսարանում նա սեր է խոստովանում արքայադստերը:
Ֆեդրան հանդիպելով Հիպոլիտին ասում է, որ վախենում է նրանից և նրա վրեժից: Հիպոլիտը հանգստացնում է նրան՝ ասելով, որ այդքան ստոր կերպով չի վարվի և բացի այդ Թեսևսը կարող է դեռ ողջ լինել: Ֆեդրան ասում է, որ եթե Հիպոլիտը լիներ ավելի տարեց, գար Կրետե և ինչպես հայրը հաղթեր հրեշին, ապա ինքը կլիներ Արիադնեն և կտար նրան թելը, որի օգնությամբ հերոսը կկարողանար դուրս գալ լաբիրինթոսից: Հիպոլիտը ապշած է՝ կարծելով, թե Ֆեդրան զառանցում է և իրեն դրել է Թեսևսի տեղը: ֆեդրան ասում է, որ չի սիրում ծեր Թեսևսին, այլ սիրում է երիտասարդ Հիպոլիտին: Թող Հիպոլիտը հանի իր սուրը և սպանի իրեն այդ հանցավոր զգացմունքի համար: Հիպոլիտը սարսափահար փախչում է:
Ֆեդրան հրաժարվում է ստանձնել երկրի կառավարումը, քանի որ խելակորույսը չի կարող կանգնել երկրի իշխանության գլուխ: Հիպոլիտին իր սիրո մասին հայտնելուց հետո նա փոխադարձ զգացմունքի հույս ունի: Պատվիրում է Էնոնին գնալ Հիպոլլիտի մոտ և ասել, որ ինքը հրաժարվում է իշխանությունից և այն իր սիրո հետ միասին հանձնում է նրան: Էնոնը վերադառնում է՝ հայտնելով, որ Թեսևսը ողջ է և շուտով կլինի արքունիքում: Ֆեդրան վախենում է, որ Հիպոլիտն ամեն բան կպատմի հորը: Նորից մտածում է մահվան մասին, բայց հիշում է զավակներին և ետ է կանգնում ինքնասպանության որոշումից: Էնոնը առաջարկում է ամբաստանել Թեսևսի առաջ Հիպոլիտին և ներկայացնել այնպես իբրև թե տղան է սիրահետել Ֆեդրային: «Պատիվն անբասիր պահելու համար առաքինությունը զոհաբերելը մեղք չէ»:
Ֆեդրան այդպես էլ վարվում է: Երբ Թեսևսը փորձում է որդուց իմանալ եղելությունը, Հիպոլիտը լռում է: Լռությունը համարելով հանցանքի նշան՝ Թեսևսը վռնդում է որդուն և խնդրում է ծովի աստված Պոսեյդոնին պատժել նրան: Ֆեդրան փորձում է պաշտպանել Հիպոլիտին, բայց երբ իմանում է, որ սա սիրում է Արիկիային, որոշում է մեռնել:
Այդ ընթացքում Հիպոլիտն ու Արիկիան որոշում են միասին փախչել երկրից: Թեսևսը փորձում է համոզել Արիկիային, որ նա կապվել է ստախոսի հետ: Արիկիան ասում է, որ արքան շատ հրեշների գլուխներ է թռցրել, սակայն ճակատագիրը թաքցրել է գլխավոր հրեշին: Նկատի ունի Ֆեդրային, բայց Թեսևսը նրան չի հասկանում: Որոշում է քննել Էնոնին, բայց իմանում է, որ Ֆեդրան վռնդել է վերջինիս, և սա իրեն գցել է ժայռից: Ինքը Ֆեդրան խելագարության տենդի մեջ է: Թեսևսը հրամայում է ետ բերել իր որդուն և աղոթում է Պոսեյդոնին, որ սա չկատարի իր խնդրանքը:
Բայց արդեն ուշ է: Հիպոլիտը կործանվել է: Երբ նա կառքով անցնում էր ծովի ափով, ջրից դուրս է գալիս հսկա հրեշը: Հիպոլիտը տեգով հարվածում է նրան: Հրեշն ընկնում է ձիերի ոտքի տակ, ինչից նրանք խրտնում են և բարձր արագությամբ առաջ են սլանում: Կառքի անիվը կոտրվում է, արքայազնը խճճվում է երասանի մեջ և ձիերը քարշ են տալիս նրան՝ դարձնելով մարմինը «մի ամբողջ վերք»: Մեռնող Հիպոլիտը իր դաստիարակին՝ Տերեմոնին ասում է, որ հայրը իզուր է մեղադրել իրեն:
Թեսևսը ամեն բանում մեղադրում է Ֆեդրային: Ֆեդրան խոստովանում է իր մեղքը և թույն է խմում, որպեսզի վերջ դնի իր երկրային տառապանքին:

Տես նաև Ժան Ռասին Անդրոմաքե, Պիեռ Կոռնեյլ Սիդ և Ժան Բատիստ Մոլիեր Դոն Ժուան

Ժան Ռասին | Ֆեդրա | համառոտ Ժան Ռասին | Ֆեդրա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 18, 2015 Rating: 5
Технологии Blogger.