Լոտրեամոն | Մալդորորի երգերը


Երգ առաջին. Կփորձեմ հակիրճ ներկայացնել, թե որքան բարի և երջանիկ էր Մալդորորը իր կյանքի առաջին անամպ տարիներին: Նա շուտով նկատում է, որ բախտի քմահաճույքով ստեղծվել է չար: Երկար տարիներ նա թաքցրել է իր բնությունը, և այդ երկարատև արհեստական լարումը բերել է նրան տառապանք:  Նա որոշել է տրվել չարին: …Եվ լիաթոք շնչում է հարազատ տարերքը:
Երգ երկրորդ. «Ես տեսել եմ մարդկանց, և նրանք բոլորը, առանց բացառության փոքրոգի ու խղճուկ են: Զբաղված են նրանով, որ փչում են ամեն տեսակ անհեթեթություններ և հիմարացնում են իրենց նմաններին: Դիտելով այդ կատակերգությունը ես միշտ ցանկացել եմ ծիծաղել, ինչպես ծիծաղում են ուրիշները, բայց հակառակ բոլոր փորձերիս, կարողանում էի սարքել սոսկ թույլ ծամածռություն: Այդժամ վերցրի սուր դանակը և կտրեցի բերանիս երկու անկյունները: Կարծում էի, թե հասա ուզածիս: Եվ մոտենալով հայելուն այլանդակված բերանիս էի նայում: Բայց ոչ: Արյունը հոսում էր, այնպես որ սկզբում առհասարակ հնարավոր չէր որևէ բան տեսնել: Բայց երբ ուշադիր նայեցի, տեսա, որ իմ ժպիտը բոլորովին նման չէ մարդկային ժպիտին, այլ կերպ ասած, ինձ այդպես էլ չհաջողվեց ծիծաղել»:
Երգ երրորդ. «Եթե հավատամ ուրիշների ասածին, ապա ես տղամարդու և կնոջ զավակ եմ: Տարօրինակ է Ինձ թվում էր, որ իմ ծագումն այդքան ցածրակարգ չէ: Տարբերություն չկա: Եթե լիներ իմ կամքը, ապա ես կգերադասեի ծնված լինել, ասենք, անկուշտ շնաձկանից կամ վագրից, այդժամ իմ մեջ պակաս չարություն կլիներ: Քանզի ամպրոպային գիշերներով, երբ ես, որ միայնակ եմ ինչպես ճանապարհին ընկած քարը, վառվող աչքերով ու քամուց ծածանվող մազերով մոտենում եմ մարդկանց կացարաններին, ստիպված եմ փակել իմ զարհուրելի դեմքը սաթի պես սև թաշկինակով, որպեսզի ոչ ոք չտեսնի այն այլանդակությունը, որով դրոշմել է ինձ Բարձրյալը
 Երգ առաջին. «Թող իմ վերջին ժամին (քանզի ես գրում եմ այս տողերը մահվան մահճում պառկած) իմ շուրջը չլինեն հոգևոր հովիվներ: Շառաչող ծովի մեջ կամ լեռան գագաթին ես ուզում եմ մեռնելբայց չեմ բարձրացնի աչքերս դեպի վեր: Ինչի՞ համար, չէ՞ որ ես գիտեմ, ինձ վիճակված է առհավետ կորչել: Հավանաբար, որովհետև գերազանցում եմ ուրիշներին դաժանությամբ, որի դեմ ինքս անզոր եմ, սա բնածին է: Եվ դա չէ՞ արդյոք պատճառը, որ դուք պառկած եք իմ առաջ որպես մոխիր: Ավաղ, ես սխալվել եմ, իմ հիվանդությունը սոսկ վաղանցիկ տկարություն էր, և ես մեծ ափսոսանքով վերադառնում եմ կյանք»:
Երգ երկրորդ. «Հնարավո՞ր է արդյոք, որ ես սիրով ու խղճահարությամբ լցվեմ մարդկային էակի նկատմամբ: Երբեք: Դեռ հազիվ լույս աշխարհ եկած, ես երդվեցի ատելություն տածել մարդկանց հանդեպ: Քանզի նրանք ատում են ինձ: Ավելի շուտ աշխարհը փուլ կգա, ավելի շուտ լեռները կպոկվեն իրենց տեղից և կարապների պես կսահեն ջրի երեսին, քան ես կպղծեմ ինձ՝ դիպչելով մարդու ձեռքին: Վայ նրան, ով ձեռք կմեկնի ինձ»:
Երգ երկրորդ. Երբեմն ոջլամազ Մալդորորը քարանում է և ակնդետ նայում է երկնքի փիրուզե հեռվին: Այդժամ նրան լսելի է դառնում պատրանքային մի ուրվականի ծաղրական քրքիջը: Նա ցնցվում է և բռնում է գլուխը: Դա իր խղճի ձայնն է: Մալդորոր. «Ես ինքը Մոլդորորն եմ, նա, ով Աստծո համար հիշարժան մի օր վիժեցրեց երկնային աննալները, որոնք պղծված են նրա թվացյալ ամենազորության և անմահության մասին ստորագույն ստով: Ես նա եմ, ով մխրճել է նրա թևատակերի մեջ իր չորս հարյուր ծծորդանոց շոշափուկները, այնպես որ նա ճչում է ցավից: Ես ուշադիր հետևում եմ նրան: Թող երկիր չուղարկի խիղճն իր կտտանքներով: Ես սովորեցրել եմ մարդկանց, թե ինչպես հաղթահարել այն: Թերևս նրանք դեռ պիտի կատարելագործեն իրենց արվեստը, բայց ինձ համար, ինչպես գիտես, խիղճը պակաս խոչընդոտ է, քան քամուց քշված ծղոտը»:
Երգ Երկրորդ. «Եթե ես կամ, ապա ես ուրիշը չեմ»:

 Կոմս Լոտրեամոնը (իսկական անունը Իսիդոր Լյուսյեն Դյուկաս) ծնվել է Մոնտեվիդեոյում, Ուրուգվայում ֆրանսիական դեսպանատան սպայի ընտանիքում 1846 թ.: Մորը կորցնում է մեկ տարեկանում: Սովորում է Տարբեի լիցեյում: Հռետորություն և փիլիսոփայություն: Տարվում է մաթեմատիկայով և նկարչությամբ: Սիրելի հեղինակների թվում են՝ Պոն, Բայրոնը, Շելլին, Միցկևիչը, դը Մյուսսեն և Բոդլերը: 1867 թ. ընդուվում է պոլիտեխնիկական ուսումնարան Փարիզում, սակայն մեկ տարի անց թողնում է: Նյութական խնդիրերի բացակայությունը (հայրը մշտապես հովանավորում էր որդուն) թույլ է տալիս զբաղվել սիրելի գրականությամբ: Սկսում է գրել «Մալդորորի երգերը» արձակ պոեմը: 1868 թ. իր հաշվին և անանուն հրատարակում է առաջին երգը: Նոր խմբագրումը լույս է ընծայում 1869 թ. Կոմս Լոտրեամոն կեղծանվամբ: Այս անունը փոխառում է Էժեն Սյուի գոթական հանրահայտ վեպից: Լոտրեամոնը՝ վեպի աստվածադրուժ և բացասական գծերով օժտված այդ հակահերոսը, դառնում է Մալդորորի նախատիպը (Latréaumont նշանակում է՝ ուրիշ Ամոն): 1969 թ., երբ ամբողջական ժողովածուն տպագրված էր, բելգիացի հրատարակիչ Ալբեր Լակրուան չի հանձնում այն վաճառքի՝ վախենալով, որ այն չափազանց աստվածամերժ է և լավ ընդունելության չի արժանանա: Սպասելով իր գրքի լույսընծայմանը՝ Լոտրեամոնը սկսում է աշխատել նոր տեքստի վրա, որը կոչված էր շարունակելու չարի իր «ֆենոմենոլոգիական նկարագրությունը»: Նոր ժողովածուն պիտի կոչվեր «Բարու գովերգում»: Որոշ հատվածներ հրատարակում է. արդեն առանց կեղծանվան: Առաջին գրքի սկզբունքները պիտի հիմնովին ճշգրտվեին և փոխարինվեին բարու ջատագովությամբ: Սակայն բանաստեղծին վիճակված չէր ավարտել աշխատանքը: 1970 թ. 24-ամյա Լոտրեամոնը անսպասելի մահանում է: Մահվան վկայականը պատճառների մասին ոչինչ չի հաղորդում:
Բանաստեղծություններից մեկում կա այսպիսի տող. «Ես չեմ թողնի հիշողություն»:

Տես նաև Շառլ Բոդլեր Չարի ծաղիկներ և Լոտրեամոն Մալդորորի երգերը

Լոտրեամոն | Մալդորորի երգերը Լոտրեամոն | Մալդորորի երգերը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 18, 2015 Rating: 5
Технологии Blogger.