Միլթոն | Դրախտ կորուսյալ | համառոտ


Բանաստեղծը խորհում է առաջին մարդկանց անհնազանդության մասին: Ադամը և Եվան պատճառ եղան մարդկային ցեղի մեղսավոր անկման, որովհետև դրժեցին Աստծո պատվիրանը: Բուն մեղավորը սակայն Սատանան է, որ ներկայացավ նրանց օձի տեսքով:
Աշխարհի և մարդկանց արարումից դեռ շատ առաջ Սատանան ընդվզել է Աստծո դեմ, իր շուրջ է համախմբել հրեշտակներից ոմանց և նետված էր նրանց հետ դժոխային քաոսի գիրկը: Պարտված, սակայն անմահ, Սատանան չի համակերպվում պարտության հետ: Նախընտրում է լինել Դժոխքի տերը, բայց ոչ երկնքի ծառան: Իր մոտ կանչելով Բեհեղզեբուղին՝ իր մշտական կողմնակցին համոզում է շարունակել չարի պայքարը Արքայի դեմ: Սատանան պատմում է իր կողմնակիցներին, որ շուտով Աստված կստեղծի նոր աշխարհ և կբնակեցնի այն էակներով, որոնց կսիրի հրեշտակներին հավասար: Խորամանկորեն գործելու դեպքում կարելի է գրավել նրա այդ աշխարհը: Պանդեմոնիումում հավաքվում են Սատանայի առաջնորդները:
Առաջնորդների կարծիքները բաժանվում են. կեսը պատերազմի կողմնակիցներ են, մյուս կեսը՝ ոչ: Սատանայի առաջարկով որոշում են ստուգել հին պատումը, որում պատմվում է Աստծո կողմից նոր աշխարհի և մարդու ստեղծման մասին: Համաձայն այդ պատումի ստեղծման ժամանակը եկել է: Սատանան դիմում է ռիսկային ճանապարհորդության: Հաղթահարում է Դժոխքի և Երկնքի միջև ընկած վիհը, իսկ Քաոսը ցույց է տալիս նրան դեպի նոր աշխարհ տանող ճանապարհը:
Իր գահին նստած Աստված տեսնում է Սատանայի մոտենալը: Դիմելով իր Միածին Որդուն՝ Աստված կանխասում է մարդու անկումը, որն ունի կամքի և չարի ու բարու միջև ընտրության ազատություն: Աստված պատրաստ է ներել մարդուն, սակայն նախ մարդը պիտի պատիժ կրի Աստծո պատգամը խախտելու համար: Այսուհետ մարդը և նրա հետնորդները դատապարտված են լինել մահկանացու: Նրանց կարող է փրկել լոկ նա, ով կզոհի իրեն հանուն նրանց փրկության: Աշխարհը փրկելու համար Աստծո Որդին պատրաստ է զոհաբերել իրեն: Աստված ընդունում է այդ զոհը: Հրամայում է որդուն մարմնավորվել: Հրեշտակները խոնարհվում են Որդու առաջ և փառաբանում են նրան և Տիրոջը:
Այդ ընթացքում Սատանան հասնում է վերջին ոլորտի մակերեսին և շրջում է այնտեղ, մթին անապատում: Նա անցնում է Լիմբոսը, Երկնային Դարբասը և իջնում է արեգակի վրա: Քերովբեի կերպարանք առած՝ նա արեգակի կառավարչից՝ հրեշտակապետ Ուրիելից իմանում է մարդու գտնվելու վայրը: Ուրիելը նշում է բազմաթիվ մոլորակներից մեկը և Սատանան իջնում է Երկրի վրա: Ծովային ագռավի կերպարանքով նստում է Իմաստնության Ծառին: Տեսնում է մարդկանց առաջին զույգին և խորհում է, թե ինչպես կործանել նրանց: Լսելով Ադամի և Եվայի զրույցը՝ իմանում է, որ նրանց արգելված է ճաշակել Իմաստնության Ծառի պտուղներից: Որոշում է գրգռել մարդու մեջ իմացության ծարավը, որպեսզի այդկերպ ստիպի նրան խախտել Աստծո պատգամը:
Ուրիելը գալով Գաբրիելի մոտ ասում է, որ չար ոգին Քերովբեի տեսքով այցելել է իրեն: Գաբրիելը գիշերով պահակազոր է կանգնեցնում Դրախտի շուրջ: Ադամը և Եվան քնած են: Գաբրիելի ուղարկված հրեշտակները գտնում են Սատանային, որը դոդոշի կերպարանքով քնած է Եվայի ականջի մոտ: Բերում են Սատանային Գաբրիելի մոտ: Չար ոգին պատրաստ է կռվի բռնվել հրեշտակների հետ, սակայն Աստված զգուշացնող նշան է ուղարկում և Սատանան նահանջում է:
Առավոտյան Եվան պատմում է Ադամին, որ երազ է տեսել: Երկնաբնակների տեսքով մեկը գայթակղել է իրեն և մղել ճաշակել Իմաստության Ծառի պտուղներից: Նա թռչել է՝ պոկվելով երկրից և զգացել աննկարագրելի երանություն:
Աստված Ադամի մոտ է ուղարկում հրեշտակապետ Ռաֆայելին, որպեսզի սա բացատրի մարդուն, որ իր կամքն ազատ է և որ չար թշնամին մոտ է: Ռաֆայելը պատմում է Ադամին առաջին երկնային ընդվզման մասին: Սատանան նախանձելով Աստծուն՝ իրեն հռչակել է Տեր և հյուսիս է տարել հրեշտակների լեգիոններ, որտեղ համոզել է նրանց ըմբոստանալ Աստծո դեմ: Միայն սերովբե Աբդիելն է լքել խռովարարներին: Աստված ուղարկում է Ռաֆայելին և Գաբրիելին Սատանայի դեմ կռվելու: Սատանան հատուկ մեքենաների միջոցով ետ է մղում հրեշտակներին: Այդժամ Տերն ուղարկում է իր Որդուն: Որդին ետ է շպրտում թշնամուն Երկնքի պատնեշից: Ապստամբներն ընկնում են իրենց վիճակված անդնդի մեջ:
Ադամը խնդրում է Ռաֆայելին պատմել իրեն այս աշխարհի արաման մասին: Հրեշտակապետը պատմում է, որ Աստված կամեցավ արարել այս աշխարհը այն բանից հետո, երբ ուղարկեց Սատանային և նրա կողմնակիցներին անդունդը: Նա ուղարկեց իր Որդուն՝ ամենագո Բանը, հրեշտակների ուղեկցությամբ կերտելու արարումը:
Պատասխանելով երկնային մարմինների շարժման մասին Ադամի հարցին՝ հրեշտակապետը խորհուրդ է տալիս նրան հետագայում զբաղվել իր բանականությանը հասու բաներով: Ադամը պատմում է Ռաֆայելին այն ամենի մասին, որ հիշում է իր ստեղծման առաջին պահից: Խոստովանում է, որ Եվան անբացատրելի իշխանություն ունի իր վրա: Ադամը հասկանում է, որ գերազանցելով իրեն արտաքին գեղեցկությամբ՝ Եվան զիջում է իրեն հոգևոր խորությամբ: Բայց նրա բանականությունը լռում է կնոջ հմայքի առաջ: Չպախարակելով ամուսնական կյանքի քաղցրությունները՝ Ռաֆայելը զգուշացնում է Ադամին շատ չտրվել կույր կրքին: Երկնային շնորհն ու երանությունը անհամեմատ բարձր են երկրային վայելքներից:
Սատանան նորից թափանցում է Դրախտ և մտնում է քնած օձի՝ ամենախորամանկ էակի մեջ: Առավոտյան օձը գտնում է Եվային և սկսում համոզել համտեսել Իմաստնության Ծառի պտուղից: Համոզում է Եվային, որ նա չի մեռնի և թե ինչպես է ինքը կերել պտուղները և ձեռք բերել խոսելու ունակություն:
Եվան ենթարկվում է օձի համոզումներին՝ համտեսում է արգելված պտուղը և գալիս է Ադամի մոտ: Ցնցված ամուսինը Եվայի հանդեպ սիրուց պատրաստ է մեռնել նրա հետ և նույնպես ուտում է արգելված պտուղը: Արբեցում են զգում: Գիտակցությունը մթնում է, իսկ դրա փոխարեն առաջ է գալիս անտանելի ցանկասիրություն, որը փոխվում է հիասթափության և ամոթի: Ադամն ու Եվան հասկանում են, որ օձը խաբել է իրենց:
Աստված երկիր է ուղարկում իր Որդուն, որը պիտի դատի մեղսավոր զույգին: Մեղքը և Մահը, որոնք նստած էին Դժողքի դռան մոտ, լքում են իրենց տեղը և փորձում են իջնել երկիր: Գնալով Սատանայի հետքերով նրանք կամուրջ են գցում Քաոսի և նորաստեղծ աշխարհի միջև:
Այդ ընթացքում Սատանան Պանդեմոնիումում հայտարարում է մարդու հանդեպ իր հաղթանակի մասին: Սակայն Հայր Աստված ասում է, որ Որդին կհաղթի Մեղքը և Մահը և կվերածնի իր արարածներին:
Եվան հուսալքության մեջ, իմանալով որ իրենց զավակների վրա պառկելու է անեծքը, առաջարկում է Ադամին գտնել Մահին և դառնալ նրա առաջին և վերջին զոհերը: Սակայն Ադամը հիշեցնում է նրան խոստումը, ըստ որի Կնոջ Սերմը կտրորի օձի գլուխը: Ադամը հույս ունի աղոթքով և զղջմամբ արդարանալ Աստծո առաջ:
Աստծո Որդին տեսնելով մարդկանց զղջումը՝ բարեխոսում է նրանց համար: Աստված ուղարկում է քերովբեներին, որոնց գլխավորում է հրեշտակապետ Միքայելը և նրանք արտաքսում են Ադամին և Եվային Դրախտից: 
Միքայելը պատմում է Ադամին մարդկային ցեղի գալիքի մասին: Խոսում է Որդու մարմնավորման, մահվան և հարության և այն մասին, թե ինչպես է պայքարելու և մաքառելու եկեղեցին մինչև նրա Երկրորդ Գալուստը: Սփոփված Ադամը արթնացնում է Եվային և Միքայելն ուղեկցում է նրանց մինչև Դրախտի դարբասը:

Տես նաև Բայրոն Մանֆրեդ, Գյոթե Ֆաուստ և Դանտե Աստվածային կատակերգություն

Միլթոն | Դրախտ կորուսյալ | համառոտ Միլթոն | Դրախտ կորուսյալ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 24, 2015 Rating: 5
Технологии Blogger.