Գործողությունները տեղի են ունենում մայրիկ Վոկեի պանսիոնում: 1819 թ. նոյեմբերի վերջին այստեղ ապրում են ութ կենվորներ՝Վիկտորինա Տայֆերը իր հեռավոր ազգականուհու՝ տիկին Կուտյուրի հետ, չինովնիկ Պուարեն և միջին տարիքի խորհրդավոր մի պարոն՝ Վոտրեն անունով, ծեր մադեմուազել Միշոնոն, նախկին հացավաճառ Գորիոն և ուսանող Էժեն դը Ռաստինյակը: Կենվորներն արհամարհում են Գորիոյին, որին մի ժամանակ պարոն էին կոչում: Երբ նա դեռ նոր էր վարձել սենյակը, փող ուներ, և պանսիոնի տիրուհին անգամ մտադիր էր վերջ դնել իր ամուրի կարգավիճակին: Աստիճանաբար Գորիոյի գործերը վատացան և նա վարձեց ավելի վատ սենյակներ: Պատճառների մասին կենվորները շուտով իմացան: Նրան այցելում էին երկու գեղեցիկ աղջիկներ և հավանաբար նրա սիրուհիներն էին: Գորիոն, սակայն, պնդում էր, որ իր դստրերն են: Բոլորը ծիծաղում էին:
Երրորդ տարում Գորիոն սկսեց հագնել ցնցոտիներ: Վոկեի տան ոգին փոխվում է: Երիտասարդ Ռաստինյակը, Փարիզի փայլով արբած, որոշում է թափանցել բարձր հասարակություն: Իր ազգականուհու միջոցով նա հրավիրվում է պարահանդեսի, որտեղ նրա ուշադրությունը գրավում է կոմսուհի Անաստազի դը Ռեստոն: Հաջորդ օրը նա պատմում է իր արկածների մասին տնեցիներին և պարզում է, որ Գորիոն ծանոթ է կոմսուհու հետ և վերջերս անգամ վճարել է նրա պարտամուրհակների համար վաշխառու Գոբսեկին: Այդ օրվանից Վոտրենը հետևում է Ռաստինյակի բոլոր քայլերին: Առաջին բարձրաշխարհիկ ծանոթությունը, սակայն, բերում է տղային ստորացում: Նա գալիս է կոմսուհու տուն առանց կառքի և շարժում է ծառաների ծիծաղը, իսկ տիկին Ռեստոն հասկացնում է նրան, որ հեռանա, որովհետև ինքը միայնակ է ուզում մնալ Մաքսիմ դը Տրայի հետ: Զայրացած Ռաստինյակը ատում է այդ կոմսին և երդվում է հաշվեհարդար տեսնել: Թյուրիմացաբար նաև հիշատակում է կոմսուհու մոտ հայր Գորիոյի անունը: Իր ազգականուհուց Ռաստինյակն իմանում է, որ կոմսուհի դը Ռեստոն նախքան ամուսնանալը, կրում էր Գորիո անունը, նրա դուստրն է: Պարզվում է, հայր Գորիոն ունի ևս մեկ դուստր՝ Դելֆինան, որը բանկիր դը Նուսինգենի կինն է: Երկու գեղեցկուհիներն էլ հրաժարվել են ծեր հորից, որը ամբողջ ունեցվածքը զոհել է նրանց: Ազգականուհին խորհուրդ է տալիս Ռաստինյակին օգտվել քույրերի մրցակցությունից: Ի տարբերություն Անաստազիի, Դելֆինային չեն ընդունում բարձր հասարակությունում: Վերադառնալով պանսիոն՝ Ռաստինյակը հայտարարում է, որ վերցնում է հայր Գորիոյին իր հովանու տակ: 1.200 ֆրանկ է խնդրում իր ընտանիքից նոր հագուստ գնելու համար: Վոտրենը, որը նկատել է Ռաստինյակի ծրագրերը, խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել Վիկտորինա Տայֆերի վրա: Աղջիկը տառապում է պանսիոնում, որովհետև նրա հարուստ բանկիր հայրը չի ուզում ճանաչել նրան: Եղբայր ունի, որին պետք է վերացնել: Այդ դեպքում Վիկտորինան կմնա միակ ժառանգը: Երիտասարդ Տայֆերին վերացնելու գործը Վոտրենը վերցնում է իր վրա, իսկ Ռաստինյակը կվճարի իրեն 200.000 ֆրանկ, երբ կստանա միլիոնանոց օժիտը: Վտանգ զգալով Վոտրենի կողմից՝ Ռաստինյակը որոշում է հետամուտ լինել Դելֆինա դը Նուսինգենին: Հայր Գորիոն աջակցում է նրան, քանի որ չի սիրում իր փեսաներին: Ռաստինյակը սիրահարվում է Դելֆինային: Նրա զգացմունքն անպատասխան չէ, մանավանդ, երբ յոթ հազար է շահում նրա համար: Ռաստինյակը վարում է դենդիի կյանք: Այդ ընթացքում ոստիկանությունը հետաքրքրվում է Վոտրենով՝ կասկածելով, որ դա նախկին կալանավոր է: Պուարեն և Միշոնոն պիտի պարզեն՝ ունի արդյոք Վոտրենը դաջվածք ձախ ուսին: Վոտրենը հայտնում է Ռաստինյակին, որ ոմն գնդապետ Ֆրանկենսինին մենամարտի է կանչել Թայֆերի որդուն: Այդ ընթացքում Գորիոն հրաշալի սենյակ է վարձել Ռաստինյակի և Դելֆինայի համար և հանձնարարել է նոտար Դերվիլին ստիպել Նուսինգենին տարեկան 36.000 ֆրանկ վճարել Դելֆինային: Ռաստինյակը որոշում է հրաժարվել Վոտրենի ծառայություններից և զգուշացնել Թայֆերներին, սակայն Վոտրենը հարբեցնում է նրան և քնաբեր տալիս: Քնաբեր են տալիս նաև Վոտրենին և հայտնաբերում նրա ուսին դաջվածքը: Սկսած այս պահից տիկին Վոկեն կորցնում է իր բոլոր կենվորներին: Նախ գալիս է Թայֆեր ավագը և կանչում Վիկտորինային՝ ասելով, որ եղբայրը մահացու վիրավորվել է մենամարտի ժամանակ: Ներս են գալիս ոստիկաններ և ձերբակալում են Վոտրենին: Երիտասարդ կենվորները վտարում են պանսիոնից լրտեսներ Պուարոյին և Միշոնոյին: Իսկ հայր Գորիոն ցույց է տալիս Ռաստինյակին նոր բնակարանը՝ աղաչելով թույլ տալ իրեն ապրել վերևի հարկում, սակայն ծերունու նախագծերը չեն իրականանում: Բարոն Նուսինգենը Դերվիլի ճնշման տակ խոստովանում է, որ կնոջ օժիտը ներդրված է ֆինանսական մեքենայությունների մեջ: Անաստազիի գործերն ավելի վատ են: Սա Գոբսեկին է գրավադրել ընտանեկան զարդերը՝ իր սիրեկանին փրկելու համար: Կոմս դը Ռեստոն գիտի այդ մասին: Անաստազիին հարկավոր է 12.000 ֆրանկ, բայց հայրը ծախսել է իր դրամը: Երկու քույրերը վիճում են, և նրանց վեճը դառնում է վերջին կաթիլը: Հայր Գորիոն մահանում է կաթվածից: Խեղճ Գորիոյին թաղում են աղքատ ուսանողներ Ռաստինյակը և Բիանշոնը: Գերեզմանաբլուրի բարձրությունից Ռաստինյակը նայում է Փարիզին և խոստանում է ինքն իրեն հաջողության հասնել: Սկզբի համար կարելի է գնալ Դելֆինա դը Նուսինգենի մոտ նախաճաշի:
Բալզակ | Հայր Գորիո | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 30, 2015 Rating: