Վենետիկի վաճառական Անտոնիոն վիշտ ունի: Նրա ընկերներ Սալարինոն և Սալանիոն կարծում են, որ նա անհանգստանում է իր նավերի համար կամ տառապում է սիրուց: Պատճառը, սակայն, ուրիշ է: Գրացիանոյի և Լորենցոյի ուղեկցությամբ գալիս է նրա ընկեր Բասանիոն: Գրացիանոն փորձում է ուրախացնել ընկերոջը (աշխարհը բեմ է,-ասում է նա), բայց երբ դա չի հաջողվում, Լորենցոյի հետ հեռանում է: Բասանիոն խոստովանում է ընկերոջը, որ դրամի կարիք ունի. պիտի մեկնի Բելմոնտ՝ Պորցիայի կալվածք, և խնդրի աղջկա ձեռքը: Անտոնիոն կանխիկ դրամ չունի և առաջարկում է վարկ վերցնել իր՝ Անտոնիոյի անունով:
Այդ ընթացքում Բելմոնտում Պորցիան բողոքում է իր աղախնին, որ հոր կտակի համաձայն, չի կարող ինքնուրույն ամուսին ընտրել: Նրա ամուսինը կդառնա տղամարդը, որը կկարողանա ոսկե, արծաթե և արճճե արկղներից ճիշտ ընտրել այն մեկը, որի մեջ իր պատկերն է: Աղախին Ներիսան թվարկում է փեսացուներին, իսկ տիրուհին ծաղրում է նրանց: Միայն Բասանիոյին է հիշում քնքշությամբ: Բասանիոն Վենետիկում առևտրական Շեյլոկից 3.000 դուկատ վարկ է խնդրում Անտոնիոյի երաշխավորությամբ: Շեյլոկը գիտի, որ երաշխավորի ողջ կարողությունը ծովի հույսին է: Անտոնիոյի հետ զրույցի ժամանակ, որին ատում է ամբողջ սրտով իր ժողովրդի հանդեպ արհամարհանքի համար, հիշեցնում է բազմաթիվ վիրավորանքները, որոնց արժանացել է Անտոնիոյի կողմից: Շեյլոկը համաձայնում է անտոկոս վարկ տալ Անտոնիոյին, իսկ գրավը կլինի Անտոնիոյի մեկ ֆունտ միսը, որը Շեյլոկը կկարողանա կտրել Անտոնիոյի մարմնի իր ուզած մասից պարտքը չմարվելու դեպքում: Անտոնիոն գոհ է: Բասանիոն ունի վատ զգացումներ և խնդրում է չկատարել գործարքը, սակայն Անտոնիոն հավատացնում է, որ իր նավերը շուտով կգան:
Պորցիայի տուն է գալիս Մարոկոյի արքայազնը՝ արկղ ընտրելու: Նա երդում է տալիս անհաջողության դեպքում հրաժարվել Պորցիայից: Վենետիկում Շեյլոկի ծառա Լանչելոտ Գոբբոն համոզում է ինքն իրեն, որ ճիշտը տիրոջից փախչելն է: Փողոցում հանդիպած հորն ասում է, որ մտադիր է դառնալ Բասանիոյի ծառան: Բասանիոն համաձայնում է և Գրացիանոյի խորհրդով որոշում է վերցնել իր հետ Բելմոնտ: Շեյլոկի տանը Լանչելոտը հրաժեշտ է տալիս նախկին տիրոջ դստերը՝ Ջեսիկային: Փոխադարձ կատակներ են անում: Ջեսիկան ամոթ է զգում իր հոր համար: Լանչելոտը համաձայնում է գաղտնի նամակ փոխանցել Ջեսիկայի սիրեցյալ Լորենցոյին: Նամակի մեջ քննարկվում է աղջկա փախուստի ծրագիրը: Հագնելով ծառայի շորեր և վերցնելով հոր թանկարժեք իրերն ու դրամը՝ Ջեսիկան փախչում է Լորենցոյի հետ սրա ընկերների՝ Գրացիանոյի և Սալարինոյի օգնությամբ: Բասանիոն և Գրացիանոն շտապում են ծովով մեկնել Բելմոնտ: Բելմոնտում Մարոկոյի արքայազնը ընտրում է ոսկե արկղը, սակայն դրա մեջ գանգ է և խրատական բանաստեղծություն: Արքայազնը ստիպված է հեռանալ: Վենետիկում Սալարինոն և Սալանիոն ծիծաղում են Շեյլոկի ցասման վրա: Միաժամանակ քննարկում են լուրը, ըստ որի Անտոնիոյի նավերից մեկը խորտակվել է Լա Մանշի մոտ: Բելմոնտ է գալիս նոր փեսացու՝ Արագոնի արքայազնը: Արկղի մեջ է հիմար դիմապատկեր և ծաղրական բանաստեղծություն: Արքայազնը հեռանում է: Ծառան հայտարարում է երիտասարդ վենետիկցի փեսացուի ժամանման մասին: Ներիսան հույս ունի, որ դա Բասանիոն է:
Սալարինոն և Սալանիոն քննարկում են Անտոնիոյի նոր կորուստները: Գալիս է Շեյլոկը: Նախ ծաղրում են նրան, ապա ասում, որ եթե Անտոնիոն չկարողանա մարել պարտքը, Շեյլոկն իհարկե չի պահանջի նրա միսը. ինչի՞ն է այն պետք: Սակայն Շեյլոկը պատասխանում է, որ հրեան ևս մարդ է և կարող է վրեժ լուծել: Սալարինոն և Սալանիոն հեռանում են: Հայտնվում է հրեա Թուբալը, որին Շեյլոկն ուղարկել էր դստեր հետևից: Սա միայն պատմում է Ջեսիկայի ցոփության մասին: Շեյլոկը, իմանալով, որ Ջեսիկան փոխել է մոր նվիրած մատանին կապիկի հետ, անիծում է դստերը:
Շեյլոկին մխիթարում է լոկ այն, որ Անտոնիոն ունի մեծ վնասներ և նա մտադիր է Անտոնիոյի վրա տեղալ իր ողջ ցասումն ու վրեժը:
Բելմոնտում Պորցիան խնդրում է Բասանիոյին հետաձգել արկղի ընտրությունը: Վախենում է, որ տղան կսխալվի: Սեր են խոստովանում իրար: Երբ բերում են արկղերը, Բասանիոն հրաժարվում է ոսկուց և արծաթից. արտաքին փայլը խաբկանք է: Ընտրում է արճճե տուփը, որի մեջ Պորցիայի պատկերն է: Պատրաստվում են հարսանիքի. նրանց հետ միասին նաև Ներիսան և Գրացիանոն: Պորցիան մատանի է նվիրում փեսացուին և պահանջում երդվել, որ ողջ կյանքում կպահի այն: Նմանատիպ նվեր է անում նաև Ներիսան: Գալիս են Լորենցոն և Ջեսիկան, ինչպես նաև, սուրհանդակը, որը նամակ է բերել Անտոնիոյից: Նրա նավերը կործանվել են, Շեյլոկը պահանջում է հրեշավոր գրավը, իսկ Անտոնիոն խնդրում է ընկերոջը չմեղադրել իրեն, որ չի կարող գալ և տեսնել նրան: Պորցիան պնդում է, որ փեսացուն անմիջապես մեկնի Վենետիկ և առաջարկի Շեյլոկին ցանկացած գումար: Բասանիոն և Գրացիանոն մեկնում են Վենետիկ: Բելմոնտում Պորցիան թողնում է իր կալվածքը Լորենցոյին, իսկ ինքն իր աղախնի հետ գնում է իբրև թե տաճար՝ աղոթելու: Իրականում մեկնում է Վենետիկ: Ծառային ուղարկում է Պադովա՝ իր ազգական, իրավաբան Բելարիոյի մոտ, որը պիտի նրան թղթեր տա, ինչպես նաև, տղամարդու հագուստ, որովհետև Անտոնիոյի դատի ժամանակ Պորցիան մտադիր է լինել դատավոր, իսկ Ներիսան՝ դպիր:
Լանչելոտը ծիծաղում է Ջեսիկայի վրա և ծաղրում, որ սա քրիստոնեություն է ընդունել: Շեյլոկը դատարանում վայելում է իր հաղթանակը: Դոժի կոչերը և Բասանիոյի առաջարկը թողնում են նրան սառնասիրտ, բոլոր մեղադրանքներին պատասխանում է օրենքի վկայակոչումով: Դոժը ներս է հրավիրում իրավաբան Բելարիոյին, որից ուզում է խորհուրդ հարցնել: Բասանիոն և Անտոնիոն սիրտ են տալիս միմյանց: Յուրաքանչյուրը պատրաստ է զոհել իրեն: Շեյլոկը սրում է դանակը: Ներս է գալիս դպիրը: Դա տղամարդու շորեր հագած Ներիսան է: Իբրև թե ինքը պիտի փոխարինի Բելարիոյին. ներկայանում է որպես իրավաբան Բալտազար: Նախ փորձում է սիրաշահել Շեյլոկին: Երբ չի հաջողվում, ասում է, որ օրենքը Շեյլոկի կողմն է: Անտոնիոն հրաժեշտ է տալիս ընկերոջը: Շեյլոկը պատրաստ է անցնել գործի: Վերջին պահին դատավորը կանգնեցնում է նրան՝ հիշեցնելով, որ պիտի վերցնի միայն միսը և ոչ մի կաթիլ արյուն չթափի: Խախտելու դեպքում նրան դաժան պատիժ է սպասում: Շեյլոկը պատրաստ է վճարել պարտքի եռապատիկը, բայց դատավորը հրաժարվում է. հրեան արդեն հրաժարվել է փողից: Շեյլոկը համաձայնում է վերցնել գրավի գումարը: Դարձյալ մերժում է ստանում: Ավելին, Վենետիկի օրենքը պահանջում է, որ հանրապետության քաղաքացու դեմ ոտնձգություն կատարելու դեպքում, մեղավորը զրկվում է իր կարողությունից, իսկ նրա կյանքը դոժի ձեռքերում է: Շեյլոկը հրաժարվում է ներում խնդրել, այդուհանդերձ, նրան խնայում են: Մեծահոգի Անտոնիոն հրաժարվում է տուգանքի իրեն հասանելիք մասից պայմանով, որ Շեյլոկի մահից հետո այդ գումարը կժառանգի Լորենցոն, իսկ Շեյլոկը պիտի իսկույն քրիստոնեություն ընդունի և իր կարողությունը կտակի դստերը և փեսային: Շեյլոկը ճարահատյալ համաձայնում է: Կարծեցյալ իրավաբանները յուրացնում են իրենց հիմարացած ամուսիններից մատանիները: Բելմոնտում Լորենցոն և Ջեսիկան, պատրաստվելով տերերի վերադարձին, պատվիրում են երաժիշտներին նվագել այգում: Պորցիան, Ներիսան, նրանց ամուսինները և Անտոնիոն բախվում են գիշերային այգում: Պարզվում է, ամուսինները կորցրել են նվեր ստացած մատանիները: Կանայք մեղադրում են նրանց, որ նվիրել են ուրիշ կանանց: Նրանց համոզել չի լինում: Շարունակելով խաղը՝ Պորցիան և Ներիսան խոստանում են անկողին պառկել դատավորի և դպիրի հետ իրենց ընծաները վերադարձնելու համար: Ավելացնում են, որ դա արդեն տեղի է ունեցել և ցույց են տալիս մատանիները: Ամուսինները շշմած են: Սակայն Պորցիան և Ներիսան խոստովանում են, որ կատակել են: Ներիսան Լորենցոյին և Ջեսիկային է հանձնում ակտը, որով Շեյլոկը նրանց է հանձնում ողջ իր կարողությունը: Բոլորը տուն են մտնում Պորցիայի և Ներիսայի արկածները լսելու համար:
Տես նաև Համլետ, Լիր արքա, Մակբեթ, Ռոմեո և Ջուլյետ, Օթելլո, Տասներկուերորդ գիշեր, Անտոնիոս և Կլեոպատրա, Ցիմբելին և Սոնետներ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Շեքսպիր | Վենետիկի վաճառականը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 31, 2015 Rating: