Նիկոլայ Գոգոլ | Շինել | համառոտ


Ակակի Ակակիևիչ Բաշմաչկինի պատմությունը սկսվում է նրա ծննդյան նկարագրությամբ, և թե ինչպես նա ստացավ իր տարօրինակ անունը: Այնուհետև գրողը պատմում է այն ժամանակի մասին, երբ Ակակի Ակակիևիչն արդեն ծառայում է որպես տիտուլյար խորհրդական:
Երիտասարդ չինովնիկները ծաղրում են հերոսին, թղթեր են նետում նրա վրա, հրում են… Երբ կատակներն ու ծաղրը այլևս հնարավոր չէ տանել, Բաշմաչկինն ասում է. «Թողեք ինձ, ինչո՞ւ եք ինձ նեղացնում»: Նրա աշխատանքն արտագրությունն է: Սիրում է իր գործը և անգամ աշխատանքից տուն գալով և արագ ընթրելով՝ նորից արտագրում է իր հետ բերած փաստաթղթերը, իսկ եթե արտագրելու ոչինչ չկա, անում է պատճեներ: Զվարճանքներ, ընկերներ, ժամանց նրա համար գոյություն չունի: Նա սիրում է միայն իր արտագրությունը և պառկում է քնելու՝ հաճելիորեն մտածելով գալիք օրվա արտագրության մասին:
Բայց այս խաղաղ կյանքն ընդհատում է անսպասելի միջադեպը: Մի առավոտ, այն բանից հետո, երբ պետերբուրգյան սառնամանիքը լուրջ անհանգստացնում է Ակակի Ակակիևիչին, սա, ուսումնասիրելով իր շինելը, պարզում է, որ այն վաղուց արդեն բանի նման չէ և ուսերի ու մեջքի հատվածում նույնիսկ պատռված է: Գնում է դերձակ Պետրովիչի մոտ, որը հրաժարվում է նորոգել շինելը. պետք է կարել նորը: Իմանալով նոր շինելի գինը՝ Ակակի Ակակիևիչը կարծում է, որ պատեհ ժամանակ չէ այցելել Պետրովիչին, և որոշում է գալ այնպիսի պահի, որ Պետրովիչը գինովցած լինի: Սակայն վերջինս պնդում է, որ անհրաժեշտ է նոր շինել կարել: Ակակի Ակակիևիչը սկսում է մտորել, թե որտեղից կարող է հայթայթել այն 80 ռուբլին, որը կստիպի Պետրովիչին գործի անցնել: Որոշում է որոշ գումար տնտեսել՝ հրաժարվելով երեկոյան քաղցր թեյից, հագուստը ավելի հազվադեպ լվացարարուհուն հանձնելով, մոմերը խնայելով և տանը կրելով միայն խալաթ, որպեսզի չմաշի հագուստը:
Կյանքը փոխվում է: Միտքը նոր շինելի մասին դառնում է նրա անբաժան ուղեկիցը: Ամեն ամիս այցելում է Պետրովիչին իր ապագա շինելի մասին զրուցելու: Տոնի առթիվ ստացած վարձատրությունը լինում է սպասվածից շատ, և նա Պետրովիչի հետ այցելում է վաճառականներին: Ե´վ կտորը, և´ Պետրովիչի աշխատանքը տալիս են փայլուն արդյունք, և Ակակի Ակակիևիչը մի օր երջանիկ գնում է իր դեպարտամենտ նոր շինելը հագին: Այս իրադարձությունը մեծ իրարանցում է բարձրացնում և աշխատակիցները պահանջում են նշել այն: Միայն ծառայակիցներից մեկի, իր ծննդյան առիթով արված իրիկնային հրավերն է փրկում շփոթված Ակակի Ակակիևիչին:
Երեկոյան Ակակի Ակակիևիչը հիշյալ հրավերով այցելում է ծննդյան իրադարձությունը նշող չինովնիկի տուն, որտեղ համընդհանուր խնջույքի մեջ վերապրում է իր առանձին տոնական ուրախությունը և բավարարությունը: Հետո հիշելով, որ ժամն արդեն ուշ է, աննկատ հեռանում է խնջույքից: Փողոցում մի պահ նույնիսկ հետևում է մի տիկնոջը, որի ողջ մարմինը արձակում է հրաշալի շարժումներ: Սակայն անմարդաշատ փողոց դուրս գալով՝ վախ է զգում և շրջվում ու շտապում է տուն: Ամայի մի հրապարակում նրան կանգնեցնում են ինչ-որ մարդիկ և հանում են շինելը:
Սկսվում են Ակակի Ակակիևիչի տառապանքները: Ոստիկանապետի մոտ նա օգնություն չի գտնում: Աշխատավայրում, ուր նա գալիս է հին շինելով, նրան խղճում են և անգամ աննշան գումար են հավաքում, բայց խորհուրդ են տալիս դիմել նշանակալի անձի, որը կկարողանա նպաստել շինելի որոնումներին: Նկարագրվում են նշանակալի անձի հնարներն ու բարքերը: Սա նշանակալի է դարձել միայն վերջերս և ուզում է ավելացնել իր նշանակալիությունը: Նա սիրում է կրկնել հետևյալ արտահայտությունը. «Խստություն, խստություն և խստություն»: Շատ տարիներ իրեն չտեսած ընկերոջ առաջ փայլելու ցանկությամբ ոգևորված՝ նշանակալի անձն այնպես է «մշակում» իրեն ոչ պատշաճ ոճով և ձևով դիմած Ակակի Ակակիևիչին, որ վերջինս, վերադառնալով տուն, անկողին է ընկնում: Մի քանի օր զառանցանքի ու տենդի մեջ այրվող Ակակի Ակակիևիչը մահանում է, ինչի մասին աշխատակիցները իմանում են թաղումից չորս օր անց:
Շուտով քաղաքում իմանում են, որ Կալինկինի կամուրջի մոտ հայտնվում է մի մեռել, որը բոլորի վրայից, առանց հաշվի առնելու տարիք և պաշտոն, պոկում է շինելները: Ինչ-որ մեկը ճանաչում է մեռելին: Դա Ակակի Ակակիևիչն է:
Այդ ժամանակ մի նշանակալի անձ, որը զուրկ չէ կարեկցանքի զգացումից, ընկերական խնջույքից վերադառնալիս ուղևորվում է ոչ թե տուն, այլ իր ծանոթ մի կնոջ՝ Կարոլինա Իվանովնայի մոտ: Հանկարծ զգում է, որ մեկը ետևից պինդ բռնել է օձիքից: Սարսափով ճանաչում է Ակակի Ակակիևիչին, որը հանում է նրա վրայից շինելը: Ահավոր երկյուղ ապրած նշանակալի անձը վերադառնում է տուն առանց շինելի, իսկ այդ դեպքից հետո շատ զսպված է պահում իրեն ենթակաների հետ: Մեռել-չինովնիկը դրանից հետո այևս չի հայտնվում:  

Նիկոլայ Գոգոլ | Շինել | համառոտ Նիկոլայ Գոգոլ | Շինել | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 11, 2015 Rating: 5
Технологии Blogger.