Գիրք երկրորդ
Հայաստանում անհանգիստ են: Լուր չկա: Մամիկոնեից տիկինը և Մեծ Տիկինը սպասում են Զոհրակին` Վարդանի որդուն, ով Հունաստանում է: Նա վերադառնում է: Հյուր են գալիս Շուշանիկ տիկինը, Անահիտն ու Աստղիկը: Շուտով գույժը հասցնում են երկիր. նախարարները բոլորն ուրացել են: Կաթողիկոսը կոչ է անում ժողովրդին զինվորյալ գրվել և պատրաստվել կռվի: Ատոմ Գնունին պետք է կազմի դիմադրությունը: Կաթողիկոսը բազմության պահանջով հռչակում է օրենքը, ըստ որի հայրենիքը ուրացողը համարվում է դավաճան: Նա ինքը թողնում է վանքը, դառնում զինվորյալ: Եզնիկ Կողբացին, Ղևոնդ Երեցը և Եղիշեն նույնպես երդվում են դառնալ զինվորյալ: Ատոմն Առաքելին կարգադրում է առանց հրամանի կռիվ չսկսել: Կանայք միանում են տղամարդկանց: Նրանց մեջ են Դժխոն, Լույսը և Վարաժի կինը` Մագթաղը` բոլորը զինված: Ատոմին հուզում է հարցը` արդյոք բոլորն են ուրացել և համաձայն են ապստամբության: Գուցե նույնիսկ ազգամիջյան կռիվ սկսվի: Ինչ է անելու ինքը մի բուռ հավատարիմ նախարարներով: Վճռում է գնալ Բզնունյաց աշխարհներ, ոտքի հանել նրանց ժողովրդին և զորագնդերը: Նրան միանում է Եղիշեն:
Զորագունդը գնում է Դարեհ պարսիկի հրամանատարությամբ` Միհր մոգպետի և յոթ հարյուր մոգերի հետ միասին, որոնք հույս ունեն ամենահարուստ հայ նախարարների ընտանիքի մոգերը դառնալ: Վարդանին ու Արտակին մտահոգում է կասկածը, որ Միհրներսեհն իրենց հետևից բանակ է ուղարկել: Եթե այդպես է, պետք է սրանց գոնե նախօրոք ոչնչացնել: Նրանք մտնում են Ավարայրի դաշտը, հասնում Տղմուտ գետի ափը և բանակ դնում: Վարդանը սուրհանդակ է ուղարկում Այրարատ` Ատոմի մոտ: Վասակը, հակառակը, սուրհանդակներ է ուղարկում զորագնդերին, որ հավաքվեն Զարեհավանում, միանան պարսիկ զորագնդին և ճնշեն ապստամբությունը: Առավոտյան տեղի է ունենում առաջին երկրպագությունն արևին Հայոց աշխարհի հողի վրա: Վարդանը մերժում է և չի մասնկացում: Բռնում են Բագրևանդի ճանապարհը:
Միաժամանակ երկրում սաստկանում է հարկահանությունը: Շինականները ստիպված տալիս են հարկերը. Ատոմը կարգադրել է չհարձակվել: Հավաքվում են Սենեքերիմ ավագի շուրջը: Դժգոհ են և´ նրանից, և´ Ատոմից: Որոշում են գնալ շեները, վեր կացնել ռամկին, դուրս գալ եկող պարսիկ զորքի դեմ: Առաքելի ղեկավարությամբ բռնում են Դենշապուհի հետքը և հետևում նրան: Վերջինս որոշում է տանջել ու չարչարել բողոքավոր շինականներին և վանականներին, բռնի կրոնափոխ անել: Եթե մոգպետը գա, գլուխ բերի ուրացությունը, ինքը կդառնա ավելորդ և արյաց արքայի առաջ մեղապարտ: Դենշապուհը Վեհմիհրի և Որմիզդ մոգպետի հետ Զարեհավանում են: Զինվորները խոշտանգում են կապյալներին: Նրանցից Սահակը դառն ատելությամբ նայում է Դենշապուհին: Նրան ծեծում են, մի աչքը դուրս է պրծնում, այլանդակվում, բայց տղան անսասան է: Վախենում են, դուրս հրում: Ծեծվողներից շատերը ուշաթափվում են: Վեհմիհրը հրամայում է ջոկատ ուղարկել Արուջ` գրավելու բերդը: Զինվորները հարձակվում են բազմության վրա: Շինականները փախչում են դաշտերի ու լեռների ուղղությամբ, գնում են դեպի Տարոն:
Ատոմը Եղիշեի հետ հասնում է Գնունյաց նախարարության բնակավայրը: Մայրը նրան ասում է սպարապետին դեմ չգնալ, դա Աստծուն ընդդեմ է: Կեսգիշերին նրա ջոկատը Խորենի և Եղիշեի հետ ճանապարհ է ընկնում դեպի Խորխոռունիք:
Վարդանի սուրհանդակը, որին Վարդանը Ավարայրի դաշտից ուղարկել էր Ատոմի մոտ` հրահանգելով հարձակվել Հայստան եկող պարսիկ զորքի վրա և ոչնչացնել, հասնում է ուշացած և գնում Ատոմին որոնելու:
Ողական ամրոցում խաղախություն է իջել, ծածկել ողբերգական իրականությունը: Պատճառը Զոհրակն է: Մեծ Տիկինը ապաքինվում է հոգեկան ցնցումներից: Գնում է Գլակա վանք` աղոթելու Վարդանի և մյուս տարագիրների փրկության համար: Ատոմի, Եղիշեի և Խորեն իշխանի ուղեկցությամբ Ողական է գալիս մի ջոկատ: Նրանք հայտնում են նախարարների ուրացության մասին: Մամիկոնեից տիկինը և Զոհրակը չեն հավատում Վարդանի ուրացությանը: Ատոմը Զոհրակին կարգադրում է մի ջոկատ պատրաստել իր համար Մամիկոնյան գնդից Ռշտունիք տանելու: Վերջինս վիրավորվում է Ատոմի կարգադրող ձևից, բայց լռում է: Վերադառնում է Մեծ Տիկինը` տեղյակ բոթին: Եղիշեն փորձում է մխիթարել նրան: Սակայն նա բարկանում է, գնում է դեպի ամրոցամերձ բլուրը, Մամիկոնյանների տան տոհմական հանգստարանը, ձայն տալիս ամուսնուն և մյուս նախնիներին, ասես տեսնում է նրանց կերպարանքները: Սթափվելով` պահանջում է Վարդանին բերել իր դատաստանին: Եղիշեն հանդիսավոր խոսք է ասում, կոչ անում զինվոր գրվել: Մամիկոնեից տիկինը և Զոհրակը ևս միանում են, բոլորը զինվում: Նրանց մեջ են նաև Անահիտն ու Աստղիկը: Վերջինս սիրահարվել է Զոհրակին, բայց սա փոխադարձ զգացմունք չունի նրա հանդեպ, դեռ ավելին, նրան տգեղ է համարում: Ողական ամրոցի առջև գումարվում են Ատոմի և Խորենի ջոկատները: Դավիթ սեպուհի գլխավորությամբ գալիս է նաև Մամիկոնյան ջոկատը: Գնում են Ռշտունյաց ամրոցը ջոկատ վերցնելու: Նախապես ուղարկում է Դավիթին զգուշացնելու, որ կռվելու չեն գնում, ամրոց չեն գնա, մինչև չհրավիրեն: Անահիտի հայրը` Գեդեոնը, տեղեկանալով, որ Տարոնից հեծյալ սուրհանդակներ են եկել, հրամայում է ներս թողնել: Ապա հրավիրում է նախ տիկիններին`մտքում զայրանալով իր աղջիկների վրա: Ատոմն ասում է, որ Ռշտունյաց աշխարհը ևս պիտի մասնակից լինի հայրենի կռվին: Գեդեոնը կանչում է տեր Զանգակին. գալիս է նաև տեղապահ Զանդաղանը, որը Արտակ Ռշտունու հետ դավեր էր նյութել Վարդանի կյանքի դեմ: Սա պետք է Ռշտունյաց զորագունդը պատրաստ պահեր, ազդանշանի դեպքում գնար Զարևանդ` ուխտյալների դեմ: Հենց որ նախարարը հասներ Բագրևանդ, պետք է բանտարկեին Գեդեոնին և զորագունդը տանեին Զարևանդ: Ուստի, երբ Գեդեոնը կարգադրում է նրան ջոկատ պատրաստել հայրենիքը պաշտպանելու համար, սա կարկամած մնում է տեղում: Գեդեոնը քշում է նրան Եղիշեի մոտ և գլուխը խոնարհեցնում դեպի Եղիշեի աջը: Սեպուհները գնում են բերելու զորագունդը: Ատոմին կասկածելի է թվում այս դյուրին հաջողությունը, հրամայում է Զոհրակին և Դավիթին հսկել զորագունդը: Զանդաղանը, տեր Զանգակը և մի երկու սեպուհ փսփսում են, վճռում չդիմել դիմադրության, երբ նախարարը տեղ հասնի, նրանք կգրավեն ամրոցը և կմիանան նախարարին:
Առավոտ: Գնում են Մոկաց աշխարհ, այնտեղից Արծրունիք, ապա Զարևանդ: Ատոմին սուրհանդակը հայտնում է, որ Ռշտունյաց զորագնդի սեպուհը մի մեծ ջոկատ է հանել և գալիս է այդ ուղղությամբ` իր նախարարին դիմավորելու: Ատոմը հասկանում է, որ դա դավ է իր դեմ, թաքնվում են լեռներում, որ չհանդիպեն այդ զորագնդին: Գեդեոնը գնում է Ռշտունյաց զորքին ընդառաջ, որ հետ դարձնի: Լուր են բերում, որ Ռշտունյաց ջոկատը, հետապնդելով Ատոմին, գնում է Զարեհավան: Գիշերը հապճեպ հետախույզ է գալիս, հայտնում, որ նախարարները հասնում են Ծաղկոտն, ուր լցվել են պարսիկ զորքեր, այնտեղ սպասվում են մեծ դեպքեր:
Վասակը և Վարդանը զուգահեռ զորական պատրաստության մեջ են: Երկուսն էլ որոշել են գործի անցնել Զարեհավանում: Բազմությունը հավաքվում է անգղի արևմտյան ճանապարհին` Եղիշեի, կաթողիկոսի, Եզնիկ Կողբացու, Ղևոնդ Երեցի գլխավորությամբ: Մտնում են Անգղի փոքրիկ եկեղեցին: Մեծ Տիկինը սպասում է Վարդանին: Գալիս են սպիտակազգեստ մոգերը Միհր մոգպետի գլխավորությամբ, պահանջում են հանձնել եկեղեցին: Կռիվը տեղի է ունենում բաց դաշտում, պարսիկ զինվորները նետահարում են բազմությանը, վիրավորվում է նաև Անահիտը: Գալիս են Վարդանը, Վասակը,Դենշապուհը, Դարեհը և այլոք: Մեծ Տիկինը Վարդանին է հանձնում հոր սուրը և ասում, որ զարկի իրեն: Վարդանը հառաչում է: Արտակն ուզում է մոտենալ Անահիտին, բայց թույլ չեն տալիս: Սահակն է գալիս` փաթաթված դեմքով. փնտրում է Դենշապուհին, վրեժ է ուզում: Մեծ Տիկինը պահանջում է Վարդանին խոսել: Սա հայտնում է ամեն բան, խաչակնքում: Մոգերը հեռանում են: Պարսիկները պատրաստվում են հարձակման: Չեն սպասում և հարձակվում են: Մի մասին ղեկավարում է Արտակը, մյուսին` Վարդանը: Սյունյաց զորագունդն է վեր բարձրանում, գրոհում դեպի ժողովուրդը, պարսիկները սիրտ են առնում: Կապկպված Վասակի մոտ են տանում Դենշապուհին, Դարեհին, մոգպետին: Վասակն այլայլվում է: Նա որոշում է կեղծել և ասել, թե իբր իրենց կողմից է, պայմանով, որ պարսիկներին ձեռ չտան, նրանք կդատվեն Արտաշատում: Նպատակն է կեղծ ուրացության տակ պառակտել, խափանել Վարդանի դաշնակիցների օգնության գործը: Լուսադեմին Վարդանը կատարում է Վասակի պայմանը` կարգադրելով ցրել Զարեհավանի պարսից բերդապահ զորքը: Ռշտունին բարկացած է իր հրամանատարի վրա Ատոմի գնդին միանալու համար: Ցանկանում է գնալ իր աշխարհը: Ուզում է պատժել աներոջը` Գեդեոնին, Ատոմին օժանդակելու համար: Հաջորդ օրը սուրհանդակը լուր է բերում, թե Զարեհավանի բերդապահ պարսիկ զորքը ջարդված է և ցրիվ տրված: Հրաման ուղարկելով Ատոմին, որ միանա իրեն` Վարդանը դուրս է գալիս Անգղից դեպի Այրարատ:
Արտակը հիվանդներին և վիրավորներին որոշում է տուն տանել: Ճանապարհին Անահիտի վիճակը ծանրանում է, կանգ են առնում մի գյուղում: Մի պառավ կին իր պատրաստած սպեղանիով թեթևացնում է աղջկա վիճակը: Նա գրեթե ապաքինվում է: Շարունակում են իրենց ճանապարհը:
Ցուրտավի ապարանքում սուգ է: Աշուշայի մայրն ու կինը և որդին` Վազգեն իշխանը, լուր են ստացել Վասակի սուրհանդակ Բակուրից Աշուշայի պատանդության մասին և որ Վարդանի կողմնակիցները պատրաստվում են պատերազմի: Սա ասում է, որ կմտածեն և կպատասխանեն Վասակին: Բակուրը ներկայանում է նաև թագավորին: Թագավորը համաձայն չէ Վասակի ընթացքին, սակայն վրացի իշխանների մեջ կան և´ ապստամբության կողմնակիցներ, և´ դրան դեմ մարդիկ:
Արտաշատում հավաքվել են նոր նախարարներ` Ուրծա Ներսեհը, Աղավենից Արտենը, Բագրատունի Միրոցը, Արտակ Պալունին, Մուշ և Թաթուլ Դիմաքսյանները և սեպուհներ` Հմայակ Մամիկոնյանն ու Մերուժան Արծրունին: Վարդանը ստուգում է զորագնդերի վիճակը: Նրա մոտ է գալիս Մելքոն սուրհանդակը, պատմում, որ Փայտակարանից Աղվանք է մտել պարսկական զորաբանակը 300 մոգերի հետ. նրան միացել է Ճորա Պահակի մարզպանը` Սեբուխտը: Աղվանները փախել են լեռները: Նրանց հազարապետը գալիս է օգնություն հայցելու: Վարդանը հանձնարարում է զորագունդ կազմել, գալ Աղվանք`ընդառաջ պարսից զորքին: Նամակ է ուղարկում հունաց կայսրին` Թեոդոսին: Զորքը բաժանում է 3 մասի` Աղվանք արշավող, Ատրպատականի սահմանն ուղարկվող, մնացած մասը` Այրարատում պահելու համար իբրև հերթապահ զորք: Ատոմը սկսում է լարված հսկել Վասակին:
Ապարում Հայոց այրուձին խիստ հսկողության տակ է: Գարեգին իշխանը մտադրվել է այրուձին փախցնել Հայաստան: Արսենն այցելում է Խորիշային: Նա ուզում է Արսենի հետ գնալ: Տղան խոստանում է պատերազմից հետո գալ: Արսենը Վախթանգին պատմում է Անգղի դեպքերը: Այդ ամենը Խորիշան և Վարազդուխտը գաղտնի լսում են: Կոդակը Վասակին դավաճանելու ճանապարհն է բռնել, ամեն բան հայտնում է Վարազվաղանին, սա էլ` Միհրներսեհին: Նա կարգադրում է բռնել Վարազդուխտին: Մտածում է, որ Վասակը խաբել է իրեն և ինքը կընկնի Հազկերտի աչքից: Սակայն Վարազդուխտը երդվում է, որ Վասակը հավատարիմ է նրան և հայտնելով հայոց այրուձիի փախչելու մտադրության մասին` ազատվում է: Միհրներսեհը Նյուսալավուրտին հրամայում է վերջ տալ հայոց այրուձիին` առաջարկելով ճակատ ուղարկել այրուձին և քուշանաց դեմ մաշել` ստույգ վտանգավոր կռիվներում: Սակայն հաջողությունը զինվորների կողմն է: Այրուձին սլանում է դեպի քուշանները: Պարսից զորամասերն հետզհետե դանդաղեցնում են ընթացքը` մղելով հայոց այրուձին քուշանների բերանը: Գարեգինը ևս հրամայում է դանդաղել, ապա այրուձին շրջում և տանում է պարսից վրա: Պարսիկները քաշվում են: Գարեգինը թարգմանչի միջոցով խոսում է քուշանների հրամանատարի հետ, բացատրում, որ հայրենիք են ուզում վերադառնալ, կռվել պարսիկների դեմ: Խնդրում է ուղեցույց և հավատարմախոսք: Քուշան զորավարը քաշվում է թիկունք, հայոց այրուձիին մի ուղեցույց թողնում, իսկ ինքն իր գնդերով սլանում քամու պես, կորում անապատի հորիզոնում:
Խոռխոռունյաց տիկինը` Գադիշոյի կինը, հյուրընկալում է Մեծ Տիկնոջը յուրայինների հետ Տարոն գնալու ճանապարհին: Որոշում են կազմակերպել Արտակի և Անահիտի հարսանիքը, որից Արտակը տեղյակ չէ: Ժամանում է Արտակ Մոկացի մայրը: Նա բարկացած ու վիրավորված է, որ որդու հարսանիքը պետք է տեղի ունենա ոչ իր տանը: Իմանալով, որ օրիորդն էլ ինչ-որ սեպուհի դուստր է, ավելի է տխրում: Բայց երբ տեսնում է Անահիտին, գրկում է նրան ու համբուրում: Գալիս է Արտակը: Հուզված է: Երկու օր անց ժամանում են նաև Անահիտի ծնողները, բայց Գեդեոնը գալիս է մյուս օրը: Ամուսնանում են: Երջանիկ են: Անահիտը Ռշտունյաց նախարարի պատուհանի մոտով անցնելիս լսում է հոր խոսակցությունը գունդը Անգղ տանելու մասին: Հասկանում է չարագույժ զրույցի միտքը: Պատմում է Արտակին: Որոշում են, որ ինքն էլ մեկնի հոր հետ: Զինվորյալներին օրհնելով` բոլորը մեկնում են: Զոհրակը հանկարծ նկատում է, որ Աստղիկը գեղեցկացել է և ուրախանում է:
Վրացական զորագունդը` Վախթանգ հրամանատարի գլխավորությամբ Տղփիսում ոչնչացնում է պարսկական զորագունդը և ազատում Վրաստանը: Սուրհանդակները շտապում են Վարդանին հայտնելու հաղթությունը եղբայրական օգնության լուրով և ուրախացնելու հայերին:
Թշնամին անցնում է Կուրը, գալիս դեպի Խաղխաղ: Աղվանից գալիս է այրուձին` Վահան իշխանի ղեկավարությամբ: Այն նահանջել է և անցել գետը: Սեբուխտի բանակն ունի ուժեղ կենտրոն, թույլ թևեր: Հարձակվում են թևերի վրա, ապա թիկունքից: Պարսիկները սկսում են փախչել: Հայերը և աղվանները ճանապարհը փակում են: Թշնամին վճռական ջարդ է կրում: Երկու օրից պետք է ճանապարհվեն Ճորա Պահակ: Ատոմը սուրհանդակի միջոցով հայտնում է, որ Արտաշատում սպասվում են դավաճանական դեպքեր: Վարդանը պատվիրում է հայտնել, որ դիմանան մինչև ինքը վերադառնա: Արտաշատում վիճակը ծանրանում է: Վասակյանք հետզհետե աճում են: Վերադառնում է Կոդակը` հայտնելով Վասակին, որ որդիները դեռ կենդանի են: Ատոմը մտնում է ճամբար և կազմակերպում երեք զորախմբեր` Բագրևանդի, Տուրուբերանի և Տարոնի շինականներից: Նախարարները սկսում են գնահատել ռամիկի ուժը: Արտակ Ռշտունին հասնում է տուն, ընթրիքից հետո Գեդեոնին ծեծել տալիս և հրամայում տանել: Նույն կերպ վարվում է դստեր` Անահիտի հետ: Նրանց քարշ են տալիս զնդան: Վասակը գաղտնի դռնով ազատել է տալիս պարսիկներին: Շինականները փորձում են ջարդել դռները, բայց սյունյաց զինվորները հարձակվում են նրանց վրա: Բանտարկյալները Վասակի մոտ են` նոր զգեստներով, լվացված կերպարանքներով: Ատոմը տեսնում է այս ամենը, սրամարտ է սկսվում նրա և Արտաշիր սեպուհի միջև: Դուրս են գալիս: Ատոմը իրեն գցում է ճամբար: Դրությունը տագնապալի է: Ուժերի գերակշռությունը Վասակի կողմն է: Սուրհանդակը Վասակին հայտնում է, որ Վարդանը խորտակել է Սեբուխտի զորաբանակը: Վերջինս մազապուրծ փախել է նավակով: Սպարապետը գնացել է արշավանքի Ճորա Պահակ: Այս պարտության լուրն իմանալով` Միհրներսեհը Հազկերտին համոզում է ավարտել գործը: Հազկերտը հրամայում է Նյուսալավուրտին մեծ զորաբանակ գումարել, վերջ տալ Հայոց աշխարհին:
Վարդանը հասնում է Հորդա, տեսնում սև հոների սարսափելի առաջնորդին` Աթըլին, և նրանից օգնություն խնդրում: Աթըլը նրան ասում է, որ Հորդայի արքան կգնա նրանց երկիրը պարսիկների դեմ նրանց օգնության: Վարդանը պետք է քանդի Ճորա Պահակը և ճանապարհ տա հոներին` մտնելու պարսկական գավառները: Նրանք ճանապարհ են ընկնում դեպի Հայաստան: Արտակն ու Զոհրակը որոշում են գնալ Ռշտունիք` ոտքի հանելու իրենց համակիր սեպուհներին և տեսնելու իրենց սիրելիներին: Սկզբում Ռշտունի նախարարին հաջողվում է թաքցնել իր դավաճան լինելը և Անահիտին ու Գեդեոնին զնդանում պահելը: Բայց բազմությունը հանկարծ նրա դեմ է դուրս գալիս, ամեն բան բացահայտվում է: Ռշտունուն սպանում են, իսկ Գադիշոն փախչում է: Գեդեոնը մահանում է, բայց Անահիտը ապաքինվում է: Ռշտունիք է գալիս նաև Մեծ Տիկինը մի քանի տիկինների և օրիորդների հետ: Նա հավաքում է կանանց մի խումբ ընդհանուր գործի համար:
Հայոց աշխարհի զորավարները հավաքվում են Արտաշատում: Վարդանը հայտնում է, որ Նյուսալավուրտը գալիս է: Պետք է ժողովեն ուժերը:
Հազարապետ Ամատունին և մի քանի իշխաններ հասնում են Բյուզանդիա: Սակայն կայսրը մահանում է, իսկ նոր կայսրՄարկիանոս Թրակացի Ծերակուտականը մերժում է օգնել հայերին` պատճառաբանելով, որ իրենք զբաղված են հոներով:
Հայոց այրուձին մեծ դժվարություններով է հասնում հայրենիք: Արդեն կարծում էին, թե այն կործանվել է, սակայն լուր են բերում, թե այրուձին եկել է: Զինվորները կարծես կմախքներ լինեն, որոնց միայն ոսկորն ու կաշին է մնացել: Նրանց օգնում են ու տեղավորում ճամբարում:
Վասակը զրուցում է Միհրներսեհի, Պերոզի և Վարազվաղանի հետ: Զարմանում է, թե ինչու և ինչպես են երկու ոխերիմ թշնամիներ` Պերոզը և Միհրներսեհը, եկել Փայտակարան միասին գործելու: Նաև, թե ինչու է եկել իր թշնամին` Վարազվաղանը: Վասակը նրանց ասում է, որ Սյունիքում հավաքված նախարարական գնդերը պատրաստ են միանալ Նյուսալավուրտի զորաբանակին: Պերոզը և Վախթանգը նրան հայտնում են, որ մեծ որդին` Բաբիկը, փախել է: Նրանց խոսքից հասկանում է, որ Ներսիկին սպանել են: Հաջորդ օրը գնում են Սյունիք:
Վարազդուխտը և Բաբիկը գալիս են լեռան կածանով: Բաբիկը հրաժարվում է թաքնվել, նա Սպարապետի զինվորյալ է:
Վասակը հուզոմնալից կացության մեջ է: Եթե Բաբիկին գտնի, պարտավոր է հանձնել Հազկերտի ձեռքը: Վրաստան և Աղվանք նամակներ է գրում, որ դեռ սպասեն, իբր Վարդանը հաշտության դաշինք է կնքելու պարսիկների հետ` դրանով խափանելով օգնության գործը: Հրամայում է Վռամին գտնել, բերել Բաբիկին: Տղային բերում են: Նա սպանել է տալիս Բաբիկին: Պարսիկները տեսնում են Վասակի հավատարմությունը: Փառանձեմը խելագարվում է: Ոտաբոբիկ վազում է Վասակի հետևից` գոռալով`«զավակնե˜րս»: Վասակը նրան էլ է սպանում:
Վարդանին հաղորդում են, որ թշնամին բանակ է դրել Ավարայրի դաշտում, Տղմուտ գետի ափին և ըստ երեևույթին չի շարժվելու: Զորաբանակը շարժվում է: Ճանապարհին Մեծ Տիկնոջը պատվիրում է մնալ մատուռում, որտեղ կույսերն էին: Վարդանը ձախ թևում նշանակում է Թաթուլին, Տաճատ Գնթունուն: Միջոցում` Ներշապուհին և Արտակին: Աջում` Խորենին և Արսենին: Ատոմին նշանակում է վերջապահում: Վարդանի հնարքներից մեկն է` տալ թշնամուն անսպասելին: Նպատակն է հաղթել: Մարտը սկսվում է: Զոհրակին ուղարկում է գետի մյուս ափը` վտանգելով նրան: Տղան մահանում է: Վարդանը ավելի է կատաղում և սկսում խելագարի պես կռվել: Մատյան գունդը ցնցվում է, փղերը սկսում են դես ու դեն ընկնել: Թշնամին գլխի չի ընկնում, թե ինչ է նա անում: Նյուսալավուրտը չի կարողանում գլուխ հանել, նրան հասցնում է ամենաանսպասելին: Նա փրկում է հայրենիքը` սխրագործության դնելով մի ողջ սերունդ: Կանայք ևս կռվում են: Վարդանը զգում է, որ ծնվեց այն վեհագույն ոգին, որի վրա դրեց նա իր և հայոց ժողովրդի կյանքը: Մարտը դառնում է վերասլացք առաքինություն և քաջություն: Պարսից զորքը խելքը գլուխն է հավաքում: Վախճանը մոտենում է. Դա զգում է և´ թշնամին, և´ Վարդանանք: Վարդանին հարվածում են, նա մահանում է: Գալիս է Մեծ Տիկինը, սիրտը վկայել է: Հանկարծ ընկնում է ու մահանում: Հեծյալներն ասում են Նյուսալավուրտին, որ Վարդանն ընկավ: Ընկավ Վարդանը, պարտվեց Նյուսալավուրտը: Սուրհանդակ է գալիս ու հայտնում Հազկերտի հրամանը՝ շուտ վերջացնել հայոց գործերը և արշավել Փայտակարան՝ դիմագրավելու հոներին, որ խուժել են քանդված Ճորա Պահակից:
Անցնում են օրեր, տարիներ, դարեր….
Ասում են, երբ ոտք են դնում Ավարայրի դաշտավայրը, լսվում է մի մեղեդի: Դարերի հին երգն է դա՝ նվիրված Վարդանանց:
Տես նաև Գիրք ծաղկանց, Վարդանանք Առաջին գիրք, Քաջ Նազար
Տես նաև Գիրք ծաղկանց, Վարդանանք Առաջին գիրք, Քաջ Նազար
Դերենիկ Դեմիրճյան | Վարդանանք-2 | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 23, 2015 Rating: