Կորնթոս քաղաքը: Մեդեայի տան դայակը պատմում է իր տիրուհու դժբախտության մասին: Կողքիսի արքայադուստր Մեդեան օգնել էր արգոնավորդների առաջնորդ Յասոնին ձեռք բերել ոսկեգեղմը: Այնուհետև սիրահարվելով Յասոնին, նրա հետ փախել էր վերջինիս հայրենի քաղաքը՝ Իոլկոս: Հանուն Յասոնի նա գործել էր երկու մեծ ոճիր. սպանել էր հարազատ եղբորը և կործանել Իոլկոսի արքա Պելիասին: Վերջին հանցանքից հետո Յասոնն ու Մեդեան ստիպված էին Իոլկոսից փախչել Կորնթոս…Նրանք ամուսնացած են և ունեն երկու որդի, սակայն Յասոնը դավաճանել է իր կնոջը. նա ուզում է կնության առնել կորնթոսյան արքայադստերը: Դայակն ասում է չարագուշակ խոսքեր. վշտից խելահեղ Մեդեան ունակ է ամեն չարագործության…
Մեդեայի զավակների հետ գալիս է նրանց ծերունի դաստիարակը: Նա պատահաբար իմացել է Կորնթոսի արքայի վճիռը: Մեդեայի վրիժառու, դաժան խառնվածքից վախենալով՝ արքան ուզում է արտաքսել նրան իր քաղաքից:
Կորնթոսյան կանանց երգչախմբի հանդես գալուց հետո տնից դուրս է գալիս վշտոտ Մեդեան, որը վրեժի գաղտնի միտում ունի: Քիչ անց հայտնվում է Կրեոն թագավորն ու հրամայում Մեդեային շուտափույթ հեռանալ քաղաքից: Վերջինս նրանից միայն աղերսում է իրեն մեկ օր ժամանակ տալ: Արքան միամտորեն համաձայնում է՝ չհասկանալով Մեդեայի այդ խնդրանքի իրական նպատակը:
Կրեոնի հեռանալուց հետո գալիս է Յասոնը: Նա զուր փորձում է պաշտպանվել ու արդարանալ Մեդեայի նախատինքներից. իբրև թե ուզում է արքային փեսա դառնալ, որպեսզի հանձին նրա իր որդիներին հովանավոր ձեռք բերի: Նա կնոջն առաջարկում է իր նամակները, որոնց օգնությամբ Մեդեան ապաստան կգտներ: Բայց վերջինս հրաժարվում է ամուսնու օգնությունից, և Յասոնը հեռանում է:
Հաջորդ տեսարանը: Դելփիքից Տրեզեն ուղևորվելիս Կորնթոս է մտնում Աթենքի արքա Էգևսը: Հանդիպելով Մեդեային՝ արքան նրան հայտնում է իր ցավը. վաղուց է, ինչ ինքն ամուսնացած է, բայց զավակ չունի: Մեդեան խոստանում է նրան օգնել իր կախարդանքով, եթե Աթենքում իրեն ապաստան տրվի: Էգևսը խոստանում է Մեդեային ընդունել իր քաղաքում և հեռանում է:
Ապաստանն ապահովված է. Մեդեան արդեն բացեիբաց հայտնում է իր ծրագիրը երգչախմբին. նախ նա Յասոնի հարսնացուին թունավորված զգեստ կուղարկի, այնուհետև ամուսնուն անսփոփ վիշտ պատճառելու համար կսպանի նրա զավակներին: Երգչախումբը նրան իզուր համոզում է հրաժարվել այդ մտադրությունից…
Կանչելով Յասոնին Մեդեան ձևացնում է՝ իբրև թե հնազանդ է նրա կամքին: Նա հեզորեն կենթարկվի ճակատագրին և կհեռանա Կորնթոսից. միայն թե թող Յասոնն արքայադստեր միջոցով համոզի արքային չվտարել իր զավակներին: Որպեսզի արքայադուստրը չմերժի Մեդեան նրան իր երեխաների ձեռքով ընծաներ կուղարկի. մի շքեղ զգեստ և ոսկե պսակ: Յասոնը համաձայնվում է և որդիների հետ հեռանում: Շուտով երեխաներն իրենց դաստիարակի հետ վերադառնում են. արքայադուստրն ընդունել է ընծաները, մանուկները կմնան Կորնթոսում:
Քիչ անց հանկարծակի եկած սուրհանդակը բերում է արքայադստեր և թագավորի մահվան լուրը: Յասոնի հարսնացուն, հագնելով թույնով ներծծված զգեստը, զարհուրելի տանջանքների մեջ մահացել է: Դժբախտ հայրը գրկել է դստեր դիակը, և զգեստի ահավոր թույնը կործանել է նաև նրան: Մեդեային մնում է կատարել վերջին ահեղ գործը: Նա պետք է սպանի իր զավակներին: Հոգեկան ծանր տառապանքներից հետո նա ի վերջո վճռական քայլերով մտնում է տուն: Շուտով տնից լսվում են դժբախտ մանուկների ճիչերը:
Վերջին տեսարանը: Գալիս է Յասոնը, որն ուզում է սպանված արքայի ազգականներից փրկել իր երեխաներին. միգուցե նրանք մոր ոճրագործության զոհ դառնան: Բայց նրան սպասում է ամենածանր հարվածը: Մեդեան արդեն սպանել է մանուկներին: Յասոնը նետվում է եղեռնագործ կնոջից վրեժ լուծելու, բայց Մեդեան իր պապի՝ Հելիոսի ընծայած կախարդական կառքով թռչում-հեռանում է՝ տանելով սպանված երեխաների դիակները:
Տես նաև Եվրիպիդես Իփիգենիան Ավլիսում, Հիպպոլիտոս և Բաքոսուհիներ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Տես նաև Եվրիպիդես Իփիգենիան Ավլիսում, Հիպպոլիտոս և Բաքոսուհիներ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Եվրիպիդես | Մեդեա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 19, 2015 Rating: