Ջորջ Բայրոն | Դոն Ժուան | համառոտ



Չափածո այս վեպն անավարտ է: Դոն Ժուանը ծնվել է Սևիլիայում, 18-րդ դարի երկրորդ կեսին: Առաջին սեռական դասերը ստանում է մոր ընկերուհուց՝ դոնա Յուլիայից, որի ամուսինն է դոն Ալֆոնսոն: Հեղինակը ակնարկում է, որ ժամանակին վերջինս սիրային կապ է ունեցոլ Ժուանի մոր հետ: Խանդոտ դոն Ալֆոնսոն մի օր հայտնաբերում է կնոջ ննջարանում Դոն Ժուանին:
Ցանկանալով խուսափել մեծ սկանդալից՝ ծնողները տասնվեցամյա տղային ուղարկում են ծովային ճանապարհորդության: Լիվորնո մեկնող նավը խորտակվում է, ճանապարհորդների մեծ մասը մեռնում է: Դոն Ժուանը, որը կորցրել է ծառային, հայտնվում է անհայտ մի կղզում: Այստեղ ծնվում է նրա մեծ սերը հույն աղջիկ Հայդեի նկատմամբ: Սա ապրում է ծովահեն հոր հետ: Գտնելով ափին գեղեցիկ տղային՝ նրան է նվիրում իր սերը: Այս լուսավոր սիրո փուլը, սակայն, երկար չի տևում: Երբ ծովահենը վերադառնում է կղզի, Դոն Ժուանին մյուս գերիների թվում ուղարկում է Կոստանդնուպոլիս, որպես ստրուկ վաճառելու համար: Հայդեն վշտից մահանում է:
Ժուանը նոր ընկերոջ՝ բրիտանացի Ջոն Ջոնսոնի հետ, որը ծառայում էր Սուվորովի բանակում և գերի էր վերցված յենիչերիների կողմից, վաճառվում է թուրքական սուլթանի կանանցից մեկին: Գյուլբեն՝ սուլթանի կինը, կանացի հագուստ տալով Դոն Ժուանին՝ թաքցնում է նրան հարեմում, որտեղ հերոսը գրավում է աղջիկներից մեկի՝ գեղեցիկ վրացուհի Դուդուի ուշադրությունը: Խանդոտ սուլթանուհին ցասման մեջ է, սակայն առաջնորդվելով առողջ բանականությամբ, ստիպված է օգնել Ժուանին և Ջոնսոնին երկու դժբախտ հարճերի հետ լքել պալատը:
Փախստականները հայտնվում են ռուս ֆելդմարշալ Սուվորովի ճանբարում: Ռուսները գրոհում են թուրքական Իսմաիլ ամրոցը Դանուբի մոտ:
Այստեղ Ժուանը աչքի է ընկնում անձնազոհությամբ և հերոսությամբ: Անգամ փրկում է կազակների ձեռքից հնգամյա թուրք աղջկան: Ստանում է սխրանքի ասպետի շքանշան և որպես սուրհանդակ ուղարկվում է ռուս կայսրուհի Եկատերինայի մոտ Պետերբուրգ՝ Իսմայիլի առումը ավետելու համար: Այստեղ Ժուանը հայտնվում է Եկատերինայի ֆավորիտների թվում, սակայն հիվանդությունը պատճառ է դառնում այն բանի, որ Եկատերինան որոշ գրություններ հանձնելով Ժուանին՝ ուղարկի նրան Անգլիա:
Անցնելով Լեհաստանը, Պրուսիան և Հոլանդիան՝ Դոն Ժուանը հայտնվում է Անգլիայում: Այստեղ, գնահատականներ տալով իր հայրենիքին, Բայրոնը կոչում է այն «ազգերի բանտապահ»: Փողոցում Դոն Ժուանի վրա հարձակվում են կողոպտիչներ, որոնցից մեկին նա ատրճանակի օգնությամբ իսկույն այն աշխարհ է ուղարկում: Այնուհետև նկարագրվում է լոնդոնյան բարձրաշխարհիկ հասարակության բարքն ու վարքը:
Դոն Ժուանն արդեն 21 տարեկան է: Ձգում է իգական սեռի ներկայացուցիչներին: Սակայն վաղ վայելքները ձանձրույթի սաղմ են նետել նրա հոգում: Դառնալով ազնվական Ադելինա Ամոնդևիլի հետաքրքրության առարկան՝ Դոն Ժուանը հրավիրվում է լորդ Ամոնդևիլի քաղաքից դուրս գտնվող շքեղ պալատը: Այստեղ Ադելինան փորձում է հարմար հարսնացու գտնել Դոն Ժուանի համար: Հերոսն իր հերթին մեծ ընդմիջումից հետո վերջապես սիրահարվում է երիտասարդ Ավրորա Ռեբիին: Ադելինան, սակայն, դեմ է այս կապին: Նա ուզում էր Դոն Ժուանին ամուսնացնել իր բարձրաշխարհիկ ընկերուհիներից մեկի հետ: Հենց այդ ընկերուհու հետ էլ հերոսը հանդիպում է վեպի վերջին էջերին գյուղական հին առանձնատան գիշերվա լռության մեջ:
Ճակատագիրը թույլ չի տալիս Բայրոնին ավարտի հասցնել իր չափածո վեպը:

    
Ջորջ Բայրոն | Դոն Ժուան | համառոտ Ջորջ Բայրոն | Դոն Ժուան | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 09, 2015 Rating: 5
Технологии Blogger.