Անաքսիմանդրոս



Անաքսիմանդրոսը (Ք. ա. VII - VI) եղել է Թալեսի աշակերտը: Հայտնի է «Բնության մասին» նրա տրակտատի դրվագը, որը արևմտյան փիլիսոփայական ավանդույթի առաջին արձակ տեքստն է: Կոմպոզիցիայի նոր ձևը կապված է գաղափարի հետ, ըստ որի լոգոսը իր կոչմանը համապատասխանելու համար պիտի ազատ լինի չափածոյի ձևից:
Անաքսիմանդրոսը խորացնում է սկզբնապատճառ-արքեի մասին Թալեսի ուսմունքը: Նա համարում է ջուրը ածանցյալ ինչ-որ բան, իսկ սկզբունք է համարում անսահմանը՝ «ֆյուսիսը», որը անորոշ ու անսահման է, և որից գոյանում են բոլոր իրերը:
Անաքսիմանդրոսի կիրառած բառը՝ «ապեյրոնը», նշում է ամեն տեսակ սահմաններից և որոշարկումներից զուրկ սուբստանց: Անսահմանը և անվերջը սկիզբ է տալիս վերջավոր ու որոշակի իրերին: Այն հանդես է գալիս որպես աստվածային սկզբունք, քանի որ անմահ ու անկործան է: Սակայն Անաքսիմանդրոսը իր սկզբունքը վերագրում է աստվածներին ոչ Հոմերոսի ոգով: Հունական աստվածները անմահ են, սակայն ունեն ծնունդ, իսկ ապեյրոնը հավիտենից է:
Թալեսը չէր հարցնում այն մասին, թե ինչպես և ինչու են սկզբնապատճառից գոյանում բոլոր իրերը: Անաքսիմանդրոսը դնում է այդ հարցը և պատասխանում. «Ստանալով ծնունդ, իրերը ըստ անհրաժեշտության ստանում են նաև կործանում. փոխադարձաբար անարդարության տուրք են վճարում իրենց մեղքի դիմաց ժամանակի մեջ»:  Իրար հետ հակասության և բախման մեջ մտնող տարերքների դատավորը ժամանակն է: Յուրաքանչյուր հակադրության ծնունդը անարդարություն է, քանի որ ինչ-որ բանի անհետացման արդյունք է: Եվ յուրաքանչյուր նոր գոյացում ժամանակի մեջ վճարում է այդ անարդարության դիմաց իր մահով: Այստեղ առկա է օրֆիկական որոշ պատկերացումների ռացիոնալ մեկնաբանություն: Նախնական մեղքի և դրա արդար հատուցման գաղափարը օրֆիկականության մեջ միավորվում է հավասարակշռող արդարության գաղափարի հետ: Անաքսիմանդրոսի լոգոսը փոխառում է այդ կրոնամիստիկական պատկերացումները:
Եթե սկզբնապատճառը անվերջ է, անվերջ են նաև աշխարհները: Կոսմոսի ծագումը ունի հետևյալ պատկերը: Ինչ-որ պահի հավերժության մեջ առաջ են եկել երկու հակադրություններ՝ սառը և տաքը: Սրանք բաղադրել են նյութի տարբեր դրսևորումները:
Հետևելով Թալեսին՝ Անաքսիմանդրոսը վերափոխում է միֆական պատկերացումները լոգոսի: 

Անաքսիմանդրոս Անաքսիմանդրոս Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 09, 2015 Rating: 5
Технологии Blogger.