Սյորեն Կիերկեգոր



Դանիացի փիլիսոփա Սյորեն Կիերկեգորի (1813-1855) աշխատություններից կարելի է առանձնացնել հետևյալները. «Հեգնանքի հասկացություն» (1841), «Կամ-Կամ», «Ահ ու դող» (1843), «Փիլիսոփայական մանրուքներ» (1844), «Օրագիր» (1833-1855):
Կիերկեգորի փիլիսոփայական հայացքները համառոտ կարելի է ձևակերպել այսպես: Հոգևոր առումով մարդու բնորոշ հատկությունն է լինել միակը իր սեռի մեջ: Կենդանական աշխարհում գերակշռում է սեռային սկզբունքը, ահա ինչու այնտեղ իշխում է անհրաժեշտությունը, որի օրենքները ուսումնասիրում է գիտությունը: Կայացողի, պատմականի և իրադարձության ոլորտում էկզիստենցիան ավելի շատ հիշեցնում է ազատության թագավորությունը: Մարդն ընտրում է իր գոյությունը, հետևաբար նրա իրականությունը ոչ այնքան անհրաժեշտություն, որքան հնարավորություն է: Ամեն բան հավասարապես հնարավոր է, ամեն բան իրապես հասանելի է: Բայց այստեղ կա նաև հակառակ երեսը. չկա մի բան, որին կարելի է հավակնել բացարձակ իմաստով:
Էկզիստենցիան ազատություն և հնարավորություն է, նաև չընտրելու հնարավորություն: Ահա ինչու իրականությունը տրված է որպես հնարավորություն և վախ: Կարող է պատահել ավելի սարսափելի որևէ բան: Հնարավորությունը հղում է ապագային: Ապագան և վախը կապված են իրար, հետևաբար հասկանալի է, թե ինչու է Կիերկեգորը համարում իրեն կրոնական գրող: Վախը անտրոհելի է մարդկային կյանքից: Մեղքի մեջ թաղվածը վախենում է հնարավոր պատժից: Ոչ մի ինկվիզիտոր չի կարող հորինել այնպիսի տառապանք, որպիսին է վախը: Ոչ մի ժամանակ և ոչ մի վայր չի տրամադրում թաքստոց, որում կարելի է խլացնել վախը: Վախը ծնում է ինքնասպանության գայթակղությունը: Բայց դա նշանակում է հեռանալ, առանց որևէ բան սովորելու: Իրականում հարկ է հասկանալ, որ Աստված է անհանգստությամբ հալածում մարդուն, քանզի «ուզում է սիրված լինել»:
Եթե վախը բնորոշում է մարդու հարաբերությունը աշխարհի հետ, ապա հարաբերությունը ինքդ քեզ հետ ծնում է ինքդ քեզ չհասկանալու հուսահատություն: Հուսահատությունը ինքն իրեն չհասկացող մարդու մեղավորությունն է: Ատելով էկզիստենցիան, բայց սիրելով ինքն իրեն՝ մարդը հաճախ փորձում է դառնալ արարիչ, կամ լուծվել հաճույքների մեջ: Երկուսում էլ, սակայն, նա չի կարող փրկություն գտնել: Անգամ մահը չի կարող իր ուժով հավասարվել հուսահատության հետ: Հուսահատը հիվանդ է մահով:

Եթե ճշմարտությունն Աստծուց է, ապա չի՞ նշանակում դա արդյոք, որ քրիստոնյան պիտի այս աշխարհի հետ լուրջ բախման մեջ լինի: Հուսահատության և տրտմության ծայրահեղ աստիճանն այդ դեպքում կնշանակի, որ նա հասունացել է հավիտենության համար: Աստված լսում է հենց այդ հուսահատության ձայնը: Դա նրա լսողության համար լսելի «ճշմարիտ տոնայնությունն է»: 

Սյորեն Կիերկեգոր Սյորեն Կիերկեգոր Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 02, 2015 Rating: 5
Технологии Blogger.