Միգել դե Ունամունո | Կյանքը և գործը



Իսպանացի փիլիսոփա Միգել դե Ունամունոյի (1864-1936)  աշխատություններից կարելի է առանձնացնել՝ «Դոն Կիխոտի և Սանչո Պանսայի կյանքն ըստ Միգել դե Սերվանտեսի՝ բացատրված և մեկնաբանված Միգել դե Ունամունոյի կողմից» (1905), «Պուրիզմի մասին» (1902), «Իմ կրոնը և այլ ակնարկներ» (1910) և «Մարդկանց և ժողովուրդների մոտ կյանքի ողբերգական զգացության մասին» (1913):
«Դոն Կիխոտի և Սանչո Պանսայի» մասին իր գրքում Ունամունոն ասում է, որ ոչ թե բանականությունը, այլ կամքն է մեզ համար աշխարհ ստեղծում: Բանականությունը հետևում է կամքին: «Կյանքն է ճշմարտության մասին մեր դատողությունների չափանիշը, այլ ոչ թե բանականության տրամաբանական համաձայնեցվածությունը: Եթե իմ հավատը թույլ է տալիս ինձ աճել, ապա ո՞ւմ և ինչի՞ համար են պետք իմ ապացույցները… Ճշմարտություն է վերջին հաշվով այն, ինչը ստիպում է գործել: »
Առողջ բանականության «ժանտախտին» Ունամունոն հակադրում է «իսկական խելագարությունը», որը պակասում է «բոլորիս»: Դոն Կիխոտի գերեզմանը հարկ է փրկել Բանականության ջենթլմենների իշխանությունից: Դոն Կիխոտը խելագար է դառնում ոգու հասունությունից: Դա հոգու շռայլության հավիտենական օրինակ է: «Մի՞թե նման չէ Դոն Կիխոտին այնպիսի ասպետը, ինչպիսին է Իգնատիուս Լոյոլան»:
Մարդկությունը իրապես գոյություն չունի: Կա միայն առանձին մարդը, որի կյանքը պետք չէ արդարացնել: Կենդանի ամեն բան իռացիոնալ է, մինչդեռ ամեն իռացիոնալ բան հակառակ է կյանքին: Հասկացությունները չափազանց նեղ են կյանքի իմաստը ներառելու համար, դրանք «ողբերգական» են: Իսկական ինտելեկտուալը նա է, ով երբեք գոհ չէ ո´չ ինքն իրենից, ո´չ էլ ուրիշներից:
Ունամունոյին չի բավարարում ռոցիանալ թոմիզմը: Աստված գոյություն ունի ոչ այն պատճառով, որ դրա համար կան ռացիոնալ հիմքեր, այլ այն պատճառով, որ մեր մեջ գոյություն ունի մահը հաղթելու մեծ կամք: Կյանքին չհպատակվելու կամքը կյանքի ողբերգական զգացողության աղբյուրն է: Դա ստիպում է մարդուն նորից ու նորից ստեղծել կենդանի Աստծուն:
«Ոչ ոք չի կարող ապացուցել ինձ ոչ Աստծո գոյությունը, ոչ էլ չգոյությունը»: Աթեիստների փաստարկները մինչև իսկ ավելի մակերեսային են, քան թեիստների փաստարկները:
Աստված նա է, ով դիմում է սրտին. դա Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստված է, այլ ոչ փիլիսոփաների և աստվածաբանների Աստված: Ունամունոն կոչում է իրեն «իսպանական Պասկալ» և «Կիերկեգորի եղբայր»:

Շնորհիվ Միգել դե Ունամունոյի ոչ միայն մոռացությունից դուրս է բերվում Կիերկեգորը, այլև նոր լիցքեր է ստանում Պասկալից և Շլայերմախերից եկող կրոնական էկզիստենցիալիզմի ավանդույթը:

Տես նաև Լարոշֆուկո Մաքսիմներ և Մոնտեն Փորձեր
Միգել դե Ունամունո | Կյանքը և գործը Միգել դե Ունամունո | Կյանքը և գործը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 02, 2015 Rating: 5
Технологии Blogger.