Զիգմունդ Ֆրոյդ | Հոգեվերլուծության տեսություն | համառոտ


Հոգեվերլուծության իր տեսությունը Զիգմունդ Ֆրոյդը (1856-1939) զարգացրել է գլխավորապես հետևյալ աշխատություններում՝ «Տոտեմ և տաբու» (1913), «Հաճույքի սկզբունքից անդին» (1920), «Զանգվածների հոգեբանությունը և մարդկային Ես-ի վերլուծությունը» (1921), «Ես և Այն» (1923), «Կլինիկական դեպքեր» (1924) և «Մի պատրանքի ապագան» (1927):
Ֆրոյդին նախ հետաքրքրում են որոշ հիվանդների կողմից իրենց կյանքի էական փաստերի և դրվագների մոռացության պատճառները, որոնք նրանք կարողանում էին վերհիշել հիպնոտիկ վիճակում: Առաջ է գալիս հիպոթեզ, ըստ որի այդ փաստերն ու դրվագները հիշողությունից դուրս են մղվում, որովհետև ցավալի են: Հիվանդն ասես թաքնվում է դրանցից: Առաջ է գալիս նրան բացասական հույզերից ազատելու խնդիրը:
Երբ գիտակցական Ես-ը փակում է որևէ բացասական ազդակ, վերջինս տեղափոխվում է ենթագիտակցականի ոլորտ. այդպիսին է հիստերիայի մեխանիզմը: Այսպես, հոգեբանության մեջ գոյացավ ենթագիտակցականի ըմբռնումը, որպես ոլորտի, որտեղ ծնվում են նևռոզները: Ավելին, հենց ենթագիտակցականն է հոգեկանի բուն իրականությունը: Հենց ենթագիտակցականն է ջնջում մեր հիշողությունից անուններ, դեպքեր, իրադարձություններ: Մենք ուզում ենք ասել մի բան, բայց ասում ենք բոլորովին այլ բան: Ո՞րն է այդ ամենի պատճառը: Գուցե երկու ատյանների հակասության մեջ, որոնցից մեկը ակներևաբար ուժեղ է մյուսից:
Հնում երազները հաճախ մեկնել են որպես մարգարեություններ: «Երազների մեկնության» (1899) մեջ Ֆրոյդը փորձում է վերլուծել դրանք որպես ճնշված ազդակների նևռոտիկ ախտանիշներ: Կա երազի բաց, արտաքին բովանդակություն, որի մասին աթնացողը հիշում է, և կա թաքնված բովանդակություն, որը երազի բուն իմաստն է: Հոգեվերլուծաբանը նախ և առաջ երազների մեկնաբան է: Երազի մեջ, երբ գիտակցական Ես-ը մինիմալ ակտիվ է, թաքնված Ես-ը փորձում է իրագործել իր ցանկությունները: Գիտակից Ես-ի գրաքննության խստությունը ստիպում է այդ ցանկություններին ընդունել սյուրռեալիստական ձևեր:
Անհատի կյանքում ոչինչ անհետ չի կորչում.  ամեն բան նիստավորվում է: Հատակին են իջնում գիտակցությամբ գրաքննության ենթարկված և ճնշված ազդակները: Բայց ինչո՞ւ է գիտակցությունը որոշ ցանկություններ ընդունում որպես սեփականը, իսկ որոշները դուրս մղում: Պատճառն ըստ Ֆրոյդի բարոյական արժեքների և անգիտակից ձգտումների միջև անհամատեղելիությունն է: Գրաքննությունն ուղղված է գլխավորապես սեռական ցանկություններին, ահա ինչու Ֆրոյդը հիմնարար է համարում լիբիդոն՝ սեռական բնազդը, որը նման է քաղցի, պահանջում է բավարարում և ունի մեղքի կնիք: Սեռական աշխարհում տիրող սեռական վատ եղանակից հիվանդն ուզում է թաքնվել կեղծիքի և ստի ծանր շինելի տակ:
Նախ Ֆրոյդը փորձում է հասկանալ մանկական սեռականության բնույթը: Մանկական էռոտիկ ազդակները կապված չեն վերարտադրության ֆունկցիայի հետ: Սեռականությունը դրսևորվում է մարմնի այն մասերի հայտնաբերման մեջ, որոնք բերում են հաճույք: Զարգացման օրալային, անալային և ֆալլոսային փուլերն ավարտվում են այսպես կոչված կոմպլեքսների ձևովորմամբ: Դրանք են կաստրացիայի և էդիպյան կոմպլեքսները:
Մանուկը իր սեռական ցանկությունները կապում է մոր անձի հետ և դիտում է հորը որպես մրցակցի: Այդպիսի զգացումներում կա ագրեսիա, որն իսկույն ընկնում է Գեր-Ես-ի գրաքննության տակ: Հունական ողբերգության մեջ Էդիպուսը՝ Լայոսի որդին, սպանում է հորը և ամուսնանում է իր մոր հետ: Այդ միֆի մեջ Ֆրոյդը տեսնում է ինցեստը հաղթահարելու փորձ: Շեքսպիրի «Համլետ» ողբերգության մեջ նա տեսնում է միևնույն կոնֆլիկտը: Գրաքննության ինտերիորիզացումը վերացնում է ճգնաժամը և Գեր-Ես-ի հետ միասին հաստատվում է բարոյականությունը, ամոթի և գարշանքի զգացումը: Դա տևում է մինչև սեռական հասունության տարիքը: Այնուհետև կապը գենիտալային ոլորտի հետ թուլանում է, սակայն վայելքի ցանկությունն ուժգնանում է: Սեռական բնազդների ոլորտ է ներթափանցում մեկ ուրիշ բան, որը կոչվում է «սեր»:
Իր փորձի կուտակմանը զուգահեռ Ֆրոյդն աստիճանաբար հրաժարվում է հիպնոզից հօգուտ «ազատ զուգորդությունների» տեխնիկայի: Հոգեվերլուծաբանը տեղավորում է հիվանդին մաքսիմալ հարմար պայմանների մեջ և փորձում է լսել ու ազատել թաքնված ու ճնշված գաղափարներն ու զգացումները:
Սկզբունքորեն կարևոր են ըստ Ֆրոյդի երազները, որոնք կապված են խորը չբավարարված ցանկությունների հետ: Դրանց մեջ կարելի է ճանաչել մանկական մոռացված ցանկությունները: Այսպես, վերլուծելով անմիջական ասոցիացիաները, սխալները, մոռացությունը, հոգեվերլուծաբանը ուսումնասիրում է առօրեական կյանքի հոգեպաթոլոգիան: Այնտեղ, որտեղ Այն էր, պիտի կանգնի Ես-ը: Երբեմն դրան հասնում են շնորհիվ այն բանի, որ բժիշկը տեղադրում է իրեն կոնֆլիկտի ֆոկուսի մեջ:
Հոգեկան ապարատը բաղկացած է Այն-ից (լատիներեն Id, libido – տերմինները պատկանում են Գեորգ Գրոդեկին), ապաբարոյական էգոիստական սկզբունքից, Ես-ից (սա այսբերգի գագաթն է, որի ստորին մասն է Այն-ը) և Գեր-Ես-ից: Վերջինը ձևավորվում է կյանքի հինգերորդ տարում, երբ ծնվում է մեղքի զգացումը:
Խորհրդածելով բնազդների բնույթի մասին՝ Ֆրոյդը եզրակացնում է, որ հարկ է բաժանել էրոսը՝ կյանքի բնազդը, և թանատոսը՝ մահվան բնազդը: Էրոսը կյանքի կամքն է, սակայն ուժեղ է նաև թանատոսը: Մարդը ագրեսիվ է: «Մարդը մարդուն գայլ է,- գրում է Ֆրոյդը,- ո՞վ կհանդգնի հերքել սա պատերազմների հարյուրամյակներից հետո»: Պատիժները անիմաստ են, քանի որ բազմացնում են տառապանքը: Գեր-Ես-ը ժառանգում է էդիպյան կոմպլեքսը և մարդու էթիկական ձգտումները: Ի վերջո այն դարձնում է Էդիպուսին կույր: Ֆրոյդի համար կարևոր է փրկել քաղաքակրթությունը՝ չզոհաբերելով Էդիպուսին: Այլ կերպ ասած, հարկ է թույլ չտալ նոր մարդուն խելագարվել, կուրանալ անմարդկայնությունից:

Զիգմունդ Ֆրոյդ | Հոգեվերլուծության տեսություն | համառոտ Զիգմունդ Ֆրոյդ | Հոգեվերլուծության տեսություն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 04, 2015 Rating: 5
Технологии Blogger.