Յոհան Գոտֆրիդ Հերդեր


Յոհան Գոտֆրիդ Հերդերը (1744-1803)՝ Իմմանուել Կանտի աշակերտը, իր գրական գործունեությունը սկսել է որպես «Գրոհ և փոթորիկ» շարժման գաղափարակից: Քարոզիչ, բանաստեղծ, թարգմանիչ և պատմության տեսաբան Հերդերը մշակել է չորս թեմա: Նա տվել է լեզվի նոր մակնաբանություն, պատմության նոր ըմբռնում, փորձել է հաշտեցնել սպինոզիզմը և թեիզմը և առաջադրել է քրիստոնեության, որպես համամարդկային կրոնի գաղափարը:
Ընդունված կարծիքի համաձայն ժամանակակից լեզվաբանության հայրը Վիլհելմ Հումբոլդտն է: Այդ բանը նույն հաջողությամբ կարելի է ասել նաև Հերդերի մասին: «Լեզվի աղբյուրի մասին» տրակտատում լեզուն մեկնաբանվում է որպես ոչ միայն պայմանական և հաղորդակցության ծառայող միջոց, այլև մարդկային բնությանը բնորոշ առանձնահատկություն: Մարդուն կենդանուց տարբերում է ռեֆլեքսիան, որն էլ կազմում է լեզուն: Պոեզիան խորապես բնական է և առավել հին է արձակից, քանի որ վերջինս ենթադրում է տրամաբանական միջնորդավորվածություն: Լեզուն կարգավորում է հեղհեղուկ զգայությունները՝ տալով մարդուն արտահայտչամիջոցներ: Ավելին, ինքը մարդը լեզվի ստեղծագործություն է: Հենց լեզուն է հնարավոր դարձնում պատմությունը, մշակույթը: Լեզուն է թույլ տալիս լսել վաղուց հեռացած Հոմերոսին և Օսիանին:
Հերդերի պատմության փիլիսոփայությունը բոլորովին նման չէ լուսավորիչների պատմության փիլիսոփայությանը: Քանի որ բնությունը օրգանիզմ է, որը զարգանում է ըստ ֆինալիստական նախագծի, պատմությունը ևս կարելի է բացատրել լոկ այդ նախագծի շրջանակներում: Պատմությունն իրագործում է Նախախնամության նպատակները և առաջընթացը շարժման մեջ դնողը ոչ թե մարդու կամքն է, այլ՝ Աստված: Հակառակ լուսավորիչների պետության գաղափարի՝ Հերդերը շեշտում է ժողովրդի հասկացությունը:
Պատասխանելով «Ինչպիսի՞ն է Աստված» հարցին՝ Հերդերը տատանվում է Սպինոզայի և Լեսինգի դիրքորոշումների միջև:
Քրիստոնեությունը Հերդերի համար ոչ թե կրոններից ինչ-որ մեկն է, այլ՝ համայն մարդկության կրոնը: Հերդերի գաղափարներից շատերը հետագայում նոր կյանք են ստանում Հեգելի շնորհիվ:

Տես նաև Արթուր Շոպենհաուեր Աշխարհը որպես կամք և պատկերացում     
Յոհան Գոտֆրիդ Հերդեր Յոհան Գոտֆրիդ Հերդեր Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 09, 2015 Rating: 5
Технологии Blogger.