Գործողությունը կատարվում է 1923 թ. Փարիզում: Պիեսը բաղկացած է 4 արարվածից: Մինթոյանների բնակարանը: Նրանք էմիգրանտներ են: 32-33 տ. որդին՝ Ժորժը, դարձյալ փող է ուզում, իսկ հայրը՝ 65-67 տ. Պետրոսը, մերժում է որդուն՝ առաջարկելով նրան գործ ճարել և իրեն պահել: Եթե մասնագիտություն չունի, կարող է, օրինակ, վարորդություն անել: Մայրը՝ 52-54 տ. Մագթաղինեն, կտրականապես դեմ է, իր որդին չի կարող վարորդ լինել: Ընտանիքի գործերն իրականում լավ չեն: Պետրոսը հայտնի նավթաարդյունաբեր ու կալվածատեր է, որի մասին ասում են, թե առաջ սայլապան է եղել: Այժմ վաճառում է հանքերը: Ժորժը փորձում է կոտրել հորը՝ խաբելով, թե իբր ամուսնանալու է Ամերիկայի բանկիրների թագավոր միլիարդեր Պիրփոնտ Մորգանի քրոջ աղջկա հետ. ծանոթացել է Կլարիջ հյուրանոցի սալոններում, պարերի ժամանակ: Ծնողները հավատում են այդ հեքիաթին՝ երջանկանալով, որ շուտով իրենց տուն մեծ գումար կմտնի, և կլուծվեն բոլոր խնդիրները: Հայրը որդուն փող է տալիս հարսնացուի հետ զվարճանալու համար, սակայն որդին նույն օրը տանուլ է տալիս թղթախաղում և վշտացած վերադառնում տուն: Այս ընթացքում Մագթաղինեն փող է տալիս դստերը՝ Լիդիային, որ սա նոր գլխարկ գնի: Լիդիան ամուսնացած է Ստյոպայի՝ Կարպ Սպիրիդոնովիչ Կարասովի որդու հետ: Նա ուզում է բաժանվել և վերադառնալ Ռուսաստան, աշխատել, քանի որ ամուսինը խաղատներից դուրս չի գալիս և այժմ էլ վատնում է ուրիշի փողերը: Տիկին Արմուլյանը նրան տվել է իր վերջին ադամանդը ծախելու, իսկ նա մինչև այժմ չի երևում: Մայրը հանգստացնում է հուզված աղջկան՝ ասելով, որ շուտով նորից են հարստանալու, բայց թե ինչպես, որդու խնդրանքով առայժմ չի հայտնում: Նույն անհոգությունը Պետրոսը ցույց է տալիս իր հյուրերի մոտ՝ կնոջ եղբոր՝ Արտաշես Բարբուլյանի, Ռոման Սերգեևիչ Մեզբուրովի, Կարասովի և իշխան Արբութով-Լայնակզակի ներկայությամբ՝ պարծենալով, թե իրեն փող պետք չէ և որ շուտով գնալու է Ամերիկա: Ընդհանուր դատողություններից ենթադրում են, որ Արտաշեսը բոյլշևիկ է և Լայնակզակը որոշում է, որ նրա անունը գրել է տալու սև տախտակի վրա: Ժորժը, չկարողանալով հորն ասել ճշմարտությունը, խոստանում է ծանոթացնել նրան հարսնացուի մորաքրոջ հետ: Իբր մայրը Չիկագոյում է, հայրը մեռած է և Փարիզ եկել է մորաքրոջ հետ: Ժորժը սիրուհուն՝ ռեստորանի երգչուհի Նատաշային, հեռախոսով խնդրում է գալ Էքսելսիոր սրճարան: Նույնը խնդրում է Մեզբուրովի որդուն՝ Սերյոժային: Սա սրճարանում Ժորժի բարեկամներից Գրիշայի հետ նարդի են խաղում: Ժորժը գալիս է և հայտնում, որ Գրիշային փնտրում է գեներալ Շպուլենկոն: Սերյոժային տալիս է կոկայինով փաթեթ, որը չի կարողացել վաճառել: Գալիս է Ստյոպան: Խաղատանը տանուլ է տվել ողջ գումարը, փող չունի: Սերյոժան փաթեթը տալիս է նրան: Զանգում է ինչ-որ մեկին, գնորդ է գտնում, որի հետ հանդիպելու է երկու ժամ անց Կավո-կոկասիենում: Գնում է: Այս ամենին ծածուկ հետևում է մի անծանոթ, որը Ստյոպայի հետևից դուրս է գալիս: Գալիս է Նատաշան: Նրան գրավիչ է թվում մորաքրոջ դերը խաղալու ծրագիրը: Ժորժը ունի շատ պարտատերեր և նրանցից մեկին 15000-ի չեկ է տվել, որը sans provision է, այն է՝ այդ չեկի դեմ բանկում դրամ չունի, ուստի խարդախություն է: Նրան կարող են բանտարկել և աքսորել, քանի որ օտարական է: Քանի դեռ կիրակի է, բանկերը փակ են և խարդախությունը չի բացահայտվել, պետք է ճարել 15000 ֆրանկ: Եթե Նատաշան իր համար հորից գոնե 2000 ֆրանկ վերցնի, նա խաղատուն կգնա. դա միակ միջոցն է: Գնում է: Գալիս է Լիդիան, փնտրում է ամուսնուն: Ասում են, որ Կավո-կոկասիենում է, որոշում է գնալ այնտեղ, թեև Ժորժը չի ողջունում դա: Գեներալ Շպուլենկոյի և Գրիշայի հետ դարձյալ խոսում են բոյլշևիկների մասին, Լիդիան կիսում է քեռու կարծիքը: Գնում է: Պետրոսն է գալիս, ֆրակով, որը նեղ է հագին, շալվարն էլ պատռվել էր, փոխարենը հագել է մոխրագույն շալվար: Ժորժը բարկանում է: Գալիս է Արտաշեսը: Զարմանում է՝ տեսնելով Պետրոսին: Սա դարձյալ տարօրինակ է խոսում, Արտաշեսը խղճում է նրան: Ժորժն ու Պետրոսը գնում են ռեստորան: Նատաշան գալիս է, Ժորժը նրանց թողնում է մենակ: Կնոջը հաջողվում է այնպես անել, որ Պետրոսը Ժորժին 500 ֆրանկ տա: Զուգահեռ անընդհատ պատվերներ են բերում, հաշիվը կազմում է 2180 ֆրանկ: Պետրոսը բոլորովին տարված է Մորգանի երևակայական փողերով: Իբր հարսնացուի օժիտը կազմելու է 400-500 միլիոն դոլար: Բայց շուտով ռեստորան են գալիս Լիդիան և Սերյոժան, և ամեն բան բացահայտվում է: Լիդիան ասում է, որ Նատաշան այդ ռեստորանի երգչուհին է, որը կործանել է թե´ իր ամուսնուն, թե´ եղբորը: Գրիշան և Շպուլենկոն հաստատում են դա, երբ հարբած գալիս են և ուզում են համբուրելՆատաշային: Երևում է Ստյոպան: Լիդիան ուզում է մոտենալ նրան, բայց այդ պահին ոստիկանը և երկու անծանոթները բռնում են նրան: Սերյոժան փորձում է փախչել, բայց նրան ևս բռնում են: Տանը զրուցում են Պետրոսը և Մագթաղինեն: Հայրը կատաղած է որդու վրա: Լիդիան է գալիս, հետո Արտաշեսը: Հայտնում է, որ Ստյոպային սպասում է երկարատև բանտարկություն, ապա աքսոր Ֆրանսիայի սահմաններից. կոկայինը գալիս է Գերմանիայից, Ստյոպան և Սերյոժան, կոմիսարի կարծիքով, ոչ միայն մաքսանենգներ են, այլև քաղաքական հանցավորներ: Գնում են: Գալիս է Ժորժը, պատվիրում պատրաստել ճամպրուկները: Չկարողանալով ասել ճշմարտությունը՝ խաբում է, թե իբր մորաքույրը միգրենի պատճառով չի եկել, ինքն էլ Նատաշային է խնդրել խաղալ նրա դերը: Հիմա էլ գնում են ամուսնանալու: Միամիտ ծնողները հավատում են: Ժորժը գնում է: Իրականում տանուլ է տվել և փախչում է պարտատերից: Գալիս են Սերյոժայի և Ստյոպայի հայրերը՝ Մեզբուրովն ու Կարասովը: Հուզված են: Պետրոսը դարձյալ պարծենում է, ասում է, թե ինքը Մորգանի խնամին է, և գնալու է Ամերիկա: Լիդիային ևս տանելու է: Ստյոպան նրա օրը միշտ սևացրել է, այժմ էլ խայտառակել է: Կարասովը չի հավատում նրա ասածներին: Շուտով գալիս է Արտաշեսը և հայտնում իրականությունը: Ժորժին փնտրում է ոստիկանությունը: Ծնողները չեն հավատում, բայց գալիս է Լիդիան և հաստատում ասածը: Ժորժը օդային փոստով նամակ է ուղարկել իրեն: Չկարողանալով խոսել ծնողների հետ՝ խոստովանել է քրոջը, որ ոչ մի հարսնացու էլ չկա և ինքը փախչում է պարտատիրոջից, որը հավանաբար, արդեն բացահայտել է խարդախությունը: Պետրոսն ու Մագթաղինեն թուլացած նստում են աթոռին: Կարասովն ու Մեզբուրովն ասում են. «Ա՜յ քեզ Մորգանի խնամի»:
Ալեքսանդր Շիրվանզադե | Մորգանի խնամին | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 20, 2015 Rating: