Նկարագրվում է 1859 թ. մայիսին Շամախում պատահած երկրաշարժը: Հազարավոր ընտանիքներ թափվում են փողոցները: Քաղաքի արևմտյան կողմում՝ մալականյան կոչված թաղի փողոցներից մեկում, գտնվում են երկու փոքրիկ միհարկանի հարևան տներ: Դրանցից մեկի բնակիչներն են դերձակ Բարխուդարն իր կնոջ՝ Գյուլնազի, որդու՝ Սմբատի ու դստեր՝ Սուսանի հետ, մյուսինը՝ Հայրապետը կնոջ՝ Մարիամ բաջու և որդու՝ Սեյրանի հետ: Երեխաները փոքր են, խաղում են բակում: Սեյրանի ու Սուսանի միջև նկատվում է մի տեսակ մտերմություն, որն առաջացել է միմյանց հաճախ տեսնելուց: Նրանք միշտ պաշտպանում են մեկմեկու, երբ մյուս երեխաները, նախանձելով նրանց ընկերությանը, կռվում են նրանց հետ: Երկրաշարժի պահին երեխաները դրսում են, հայրերը՝ խանութներում: Այս երկու ընտանիքները մոտ քսան տարի է, ինչ ընկերություն են անում, թեև Բարխուդարն ու Հայրապետը շատ տարբեր են իրենց բնավորություններով: Նրանց հարաբերությունների ջերմությունն ու անկեղծությունը շարժում է հարևանների նախանձը: Երբ առաջին վտանգալի րոպեներն անցնում են, բոլորը փորձում են գտնել իրենց հարազատներին: Բարխուդարն ու Հայրապետը շտապում են տուն: Բարեբախտաբար նրանց կանայք ողջ են, տները՝ կանգուն: Սակայն Սուսանն ու Սեյրանը մնացել են հողի տակ, ինչպես նրանց հայտնում են մյուս երեխաները: Նրանց հասցնում են փրկել: Դուռը նրանց վրա է ընկած լինում և այդպիսով յուրովի պաշտպանում վրաները լցվող հողից: Սեյրանը մի փոքր վնասվում է, բայց կյանքին սպառնացող որևէ վտանգ չկա: Այդ գիշեր քաղաքի բնակիչները վախենում են գնալ իրենց տները և գիշերում են դրսում: Երկու հարևան ընտանիքները գիշերն անցկացնում են միասին: Երեխաներին հարցուփորձ են անում: Երևակայությունը ստիպում է նրանց հնարել, թե տեսել են կարմիր կովին, որի պոզերը, ըստ Սուսանի, ծառի չափ էր: Սեյրանն ասում է, թե սուտ է, վիճում են: Ծնողները նրանց փարատում են: Սեյրանը պարզվում է՝ համբուրել է Սուսանին: Աղջիկը սկսում է բողոքել, թե այդպիսի բան չի եղել: Հայրը միջամտում է ու ասում, թե եղբայրը կարող է համբուրել քրոջը: Երեխաները քնում են: Հայրապետն ու Բարխուդարը զրուցում են: Բարխուդարը ասում է, թե իրենց երեխաները կարծես թե շատ են սիրում մեկմեկու և արժե նրանց նշանել: Հայրապետը խոստովանում է, որ ինքն էլ կնոջը բազմիցս ասել է այդ մասին: Այդ գիշերը վճռորոշ է լինում մանուկների համար: Նրանց նշանում են: Հայրապետի ստիպմամբ երեխաները, որոնք ընթացքում արթնացել էին, գրկում են իրար, համբուրում. դա երկու մանուկների ապագա միավորությունը երաշխավորող միակ գրավականն է: Անցնում է ինը տարի: Այս ընթացքում շատ բան է փոխվում Շամախում: Շատերը գնում են քաղաքից, քանի որ առևտուրը լավ չի ընթանում, քաղաքը գնալով դառնում է ավելի պասիվ: Այս տարիների ընթացքում Հայրապետը փորձում է որդուն նախ ուսման տալ Սարգիս վարպետի ուսումնարանում, որը կիսատ է մնում, ապա դերձակություն սովորեցնել Բարխուդարի մոտ, որը ևս չի հաջողվում: Վերջինս դաժան է վարվում անգամ սեփական որդու՝ Սմբատի հետ: Ծեծում է աշակերտներին և խիստ վարվում նրանց հետ: Այնուամենայնիվ, երեք տարվա ուսման արդյունքում Սեյրանը գրել, կարդալ սովորում է: Սուսանին ևս տալիս են ուսման Հերիքնազ կույսի ուսումնարանում: Նա ևս սովորում է գրել, կարդալ: Բայց այժմ, նա տանն է, փակի տակ. այդպես է պահանջում քաղաքի կարգը, չպետք է օտար տղամարդկանց առաջ երևա: Այժմ նա ընկերուհու՝ Սուսամբարի հետ, տանը թոռ է գործում, զրուցում, որի ընթացքում ակնարկում է Սուսանին, որ քաղաքում խոսում են իր և Սեյրանի հանդիպումների մասին: Սուսանը իսկապես երբեմն հանդիպում է Սեյրանին: Տղան գիշերները գալիս է նրա պատշգամբ ու մեկ-երկու խոսք փոխանակում նրա հետ: Սիրահարները սպասում են, թե երբ են ծնողները կատարելու իրենց խոստումը և ամուսնացնելու նրանց: Սուսանն ասում է իր մտավախությունների մասին, որ իրենց կտեսնեն, որ լավ բան չեն անում, որ ծնողները կարծես թե գիտեն իրենց հանդիպումների մասին: Բայց Սեյրանը չի կարող նրան չտեսնել: Այսպես մի անգամ Սեյրանը պատշգամբի վրա համբուրում է Սուսանի այտը ու փախչում, սակայն Բարխուդարը տեսնում է նրան, ձայն տալիս, թե այդ ով է անտեղ, հարցնում Սուսանին: Աղջիկն ամոթից չի պատասխանում: Հաջորդ օրը Գյուլնազը պիտի գնար Մարիամ բաջու մոտ միասին հաց թխելու: Գնում է շատ ուշ՝ կարմրած աչքերով, եղածը պատմում նրան: Սուսանին հայրը ծեծել է: Գնում են նրան տեսնելու: Սուսանի դեմքը ամղոջովին կապտուկների մեջ է, նա պառկած է և դժվարանում է վեր կենալ: Մյուս կողմից ամաչում է ու անընդհատ լաց լինում: Բարխուդարը գալիս է Հայրապետի մոտ, պատմում եղածը և կարգադրում՝ տղու կապը քաշի, թե չէ իրենց բարեկամությունը կավարտվի: Ծնողները հանդիմանում են Սեյրանին, նա խայտառակում է թե´ իրենց, թե´ Բարխուդարին: Հայրապետը սաստիկ ծեծում է որդուն, մինչև որ սա ուշաթափ է լինում: Հաջորդ օրվանից նա այլևս չի գնում Բարխուդարի մոտ, որպեսզի խուսափի գոնե նրա ծեծից, նաև ամաչում է: Սուսանին արգելում են առհասարակ դուրս գալ: Արդեն մեկ ամիս է, ինչ Սեյրանը նրան չի տեսել, թեև Սմբատից տեղեկացել է, որ քույրը վաղուց ապաքինվել է: Մի օր Սմբատն ու Սեյրանը կռվում են այլ տղաների հետ: Պատճառը Սուսանն է, ում հասցեին անարգո խոսքեր են ասվել Սմբատին, իսկ Սեյրանը մեջ է ընկել ու կռվել: Փայտերով կռիվ են արել, Մարիամ բաջին է մեջտեղ ընկել, նրան էլ են հարվածել: Երեկոյան Բարխուդարը գալիս է Հայրապետի մոտ և հիշեցնում իրենց պայմանավորվածության մասին, որ Սեյրանին ու Սուսանին պիտի ամուսնացնեն, ապա ցույց տալիս մի նամակ, որը գրել է Սեյրանը Սուսանին ու գցել ներս, բայց պատշգամբում ինքն է եղել կանգնած և նամակը ինքն է վերցրել: Սա մեծ անպատվություն է Բարխուդարի համար, նա խզում է իր բոլոր կապերը հարևանի հետ ու գնում: Դիմացը դուրս է գալիս Սեյրանը և ասում, որ Սուսանն իրենն է, վիճում են, Բարխուդարը կատաղած հեռանում է: Մտերիմ հարևանների բարեկամության կապը կտրվում է: Բարխուդարն անգամ վերականգնել է տալիս պարիսպը, որպեսզի նրանք ընդհանրապես չտեսնեն իրար: Սեյրանը հաջողացնում է մի անգամ էլ տեսնել Սուսանին, ով այժմ նախկինի պես չէ. նիհարել է, գունատվել ու թառամել: Նա Սեյրանին ասում է, որ պիտի վերականգնի ծնողների պատիվը: Դրա համար ինքը պիտի ամուսնանա մեկ ուրիշի հետ, որպեսզի չարախոս մարդիկ տեսնեն իր անմեղությունը, ծնողները վերգտնեն իրենց հանգստությունը, իսկ հետո ինքը կմեռնի: Նա սիրում է Սեյրանին, բայց նրանք չեն կարող միասին լինել: Սեյրանը հեռանում է: Նա օր օրի փչանում է, սկսում է շփվել վատ տղաների հետ, խմել ու անշնորհքություններ անել: Հաճախ նրան ծեծված են տուն բերում: Մի անգամ էլ վիճում է Հայրապետի հետ: Հայրը նախատում է տղային: Սեյրանը որոշում է հեռանալ տնից: Սուսանին ամուսնացնում են Ռուստամի հետ, որը օտարության մեջ էր: Երկրաշարժից հետո գաղթել էր Թեյմուր-խան-Շուրա, ուր արդեն երեք տարի էր ապրում: Ամուսնության գործը կարգավորում է մայրը՝ Սանամ խանումը Շըպպանիկի միջնորդությամբ, որը հաճախ էր կարգավորում նման հարցեր: Սանամն այրի է, ցանկանում է՝ որդին վերադառնա: Եվ ահա վերջապես Ռուստամը վերադառնում է, որպեսզի ամուսնանա: Շըպպանիկին հաջողվում է ապացուցել Սուսանի մասին ասեկոսեների սուտ լինելը և նա գործը գլուխ է բերում: Սակայն հարսանիքի օրը Սեյրանն իր ընկերների հետ փորձում է խափանել արարողությունը, որը նրան չի հաջողվում, այնքան որ հարբած է լինում, ընկերներն էլ դավաճանում են ու փախչում: Երբ Սուսամբարը Սուսանին հայտնում է, որ դա Սեյրանն էր, խեղճ հարսնացուն ուշաթափ է լինում: Ռուստամը սկսում է կասկածել, որ իրենից ինչ-որ բան են թաքցնում: Անգամ լսում է հյուրերից երկուսի խոսակցությունը Սուսանի ու Սեյրանի մասին: Սակայն նա ինքն իրեն գոտեպնդում է և որոշում համբերել՝ մտածելով, որ գուցե չարախոսում են աղջկա հասցեին: Այդպես էլ լինում է: Հարսանիքից անցնում է չորս օր: Գյուլնազին ու Բարխուդարին աչքալուսանք է բերում Շըպպանիկը. Սուսանը հրեշտակի պես անմեղ է: Գյուլազը նրան նուռ է տալիս և գնում են Սանամի տուն: Բոլորը երջանիկ են: Ռուստամը ուրախ է: Դժբախտ է միայն Սուսանը, թեև փորձում է թաքցնել յուր վիշտը: Նրան միայն մխիթարում է այն, որ մայրն այժմ ուրախ է ու ժպտում է: Սուսամբարին խնդրում է այցելել Սեյրանին ու մխիթարել նրան, ասել, որ ինքը նույն Սուսանն է և թող ների իրեն, որ այդքան չարչարեց նրան:
Մեղրամիսն անցնում է: Ռուստամը գնում է Թեյմուր-խան-Շուրա իր առևտրական գործերով: Այնտեղ է նաև Սեյրանը: Մարիամ բաջին անհանգիստ է որդու համար: Նրան տարբեր բաներ են հայտնել, և ինքը հաստատ չգիտի, թե ուր է Սեյրանը: Մի անգամ նրա մոտ է գալիս Գյուլնազը և փորձում խոսել նրա հետ, նրան տանել Սուսանի մոտ, ով օր օրի գունատվում ու հալչում է: Հայրապետը կողմ է, որ նրանց ընտանիքները նորից բարեկամանան և խնդրում է դա փոխանցել Բարխուդարին, սակայն Մարիամ բաջին չի ներում նրանց և չի հաշտվում: Նրանց պատճառով կորցրել է որդուն:
Նկարագրվում է Շուրայի մի կեղտոտ քարվանսարա: Դրա օթևաններից մեկում գտնվում է Սեյրանը: Օթևանում սաստիկ ցուրտ է, որևէ վառելիք չկա: Սեյրանը մտածում է, ինքն իրեն կռվում, բորբոքվում: Ինքն էլ նամուս ունի, այդպես չի մնա, երևի ընկերները իրեն ծաղրում են, հարսնացուին ձեռքից տարան, Սուսանը նամուս ունի, ինքն էլ ունի, այդպես չի մնա …. Հակասական մտքերից բորբոքված նա որոշում է գնալ Ռուստամի խանութը և այնտեղ չարախոսել Սուսանին ու այդ կերպ վրեժ լուծել: Ռուստամի խանութը երեք դուռ ունի: Դա առևտրական խանութ է, որտեղ վաճառվում է հագուստեղեն, ըմպելիք և ուտելիք: Ռուստամն իր չորս առևտրական ընկերների հետ ընթրում է: Նրանցից երկուսը նոր են եկել Շամախից: Խոսք են բացում Սեյրանի մասին, որ նա ևս Շուրայում է: Ռուստամին այս խոսակցությունը դուր չի գալիս: Սեյրանին նա չի ճանաչում, բայց արդեն գիտի, որ Սուսանը փեսացու է ունեցել, որ քաղաքի ավանդույթի համաձայն նրանց երեխա ժամանակ նշանել են և հետո ամուսնացրել ուրիշի՝ իր հետ: Դա հաճախ է պատահում: Գիտեր նաև երկրաշարժի մասին: Բայց էլի ինչ-որ բան նրան անհանգստացնում է: Հանկարծ գալիս է ինքը՝ Սեյրանը, ներկայանում որպես ղարիբ տղա: Ռուստամը ներս է թողնում նրան, բայց երբ ընկերները ներկայացնում են նրան՝ ասելով, որ Սեյրանն է՝ կուժ ծախող Հայրապետի տղան, Ռուստամն այլայլվում է: Հասկանում է, որ նա պատահական չի եկել, բայց թե ինչ է ուզում՝ գլխի չի ընկնում: Բոլորը խմում են, բացի Ռուստամից: Նա զննում է Սեյրանին: Սա արդեն հարբել է: Վերջում խմում են Ռուստամի կենացը, որ նա մի լավ տղա ունենա: Երբ խոսքը հասնում է Սեյրանին, սա ասում է, թե երեխան կարող է նաև իրեն նման լինել՝ ակնարկելով, թե ինքը կապ է ունեցել Սուսանի հետ: Մի պահ բոլորը քարանում են: Ապա Ռուստամը հարձակվում է Սեյրանի վրա: Ընկերները միջամտում են: Սեյրանը փախչում է՝ բղավելով, որ եթե չի հավատում, թող նայի նրա կրծքի խալին: Ռուստամին ընկերները չեն թողնում դուրս գնալ: Բայց նրան հաջողվում է դուրս պրծնել խանութից: Գնում է մի ձի ու շտապում Շամախ: Սեյրանն արդեն զղջացել է իր արարքի համար: Ուզում է ինքնասպան լինել: Բայց հետո մտածում է, որ այդպես չի կարող անմեղ Սուսանին փրկել, դեռ կարող է սխալը ուղղել, ու ինքն էլ է շտապում վերադառնալ Շամախ: Յոթ օր է անցնում: Սանամը գնում է եկեղեցի: Սուսանը տանը մենակ է: Նա քայքայվում է, մինչդեռ փոքրիկ պիտի ունենա: Մտածում է, որ ինքնասպանություն չի կարող գործել, անմեղ երեխային վտանգել, սակայն Աստծուց մահ է խնդրում: Հիշում է իր տարօրինակ երազը. Սեյրանին է տեսել, ով շրջվում է իրենից, կարծես փախչում է: Գալիս է Ռուստամը: Նա չափազանց կոպիտ է խոսում: Անգամ Սանամին, երբ սա վերադառնում է եկեղեցուց, թույլ չի տալիս համբուրել իրեն: Պատվիրում է մորը անկողին բացել ու գնալ, ինքը հոգնած է, հաջորդ օրը կխոսեն: Երբ մնում է մենակ, Սուսանին սկսում է տարօրինակ հարցեր տալ, ապա ուղիղ հարցնում է Սեյրանի մասին: Սուսանն ասում է, որ ինքը սիրել ու սիրում է Սեյրանին, բայց ոչ մի գործ չի ունեցել նրա հետ: Ռուստամը չի հավատում, կարծում է, թե ամուսնությունից հետո են հանդիպել, կարգադրում է բացել կուրծքը, հարձակվում է նրա վրա ու սկսում տզրուկի պես ծծել կուրծքն այնպես, որ արյուն է հոսում: Սուսանը փորձում է պաշտպանվել՝ բարձրացնելով ձեռքերը, բայց ամուր դաշույնին է հպվում ու վիրավորվում: Ճիչ է արձակում և անշնչացած գլորվում հատակի վրա: Ռուստամը զննում է նրա կուրծքը, սրբում արյունը: Սխալվել է, խալը այստեղ է, ինքը մյուս կողմն է կրծոտել: Սուսանը թեթև շարժվում է և ասում վերջին խոսքերը՝ «Անմեղ եմ, աստվա~ծ, քեզ հայտնի է, ներիր իմ մեղքերը և հետո ա´ռ հոգիս»:
Առավոտյան բոլորը շտապում են Սանամի տուն: Բարխուդարը, Գյուլնազը, Հայրապետն ու Մարիամ բաջին և Սուսամբարը, Սմբատը հավաքվել են Սուսանի մարմնի շուրջ; Բոլորը ողբում են անմեղ Սուսանի մահը: Սանամը մյուս սենյակում է: Նրան թույլ չեն տալիս դուրս գալ որդու մոտ: Ռուստամին շրջապատել են ոստիկանները, հարցաքննում են: Ասում է, որ ինքն է սպանել ու չի խոսում: Քննիչը կարգադրում է նրան տանել բանտ, պահել առանձին տեղ; Երբ դուրս են գալիս, նրանց դեմ է դուրս գալիս Սեյրանը: Ռուստամն ուզում է հարձակվել նրա վրա: Սեյրանը բղավում է՝ բռնեն նրան, չթողնեն՝ մոտենա Սուսանին, ինքը խաբել է, Սուսանն անմեղ է, խալը տեսել է մայրը բաղնիսում, ինքը չի տեսել: Ռուստամը հասկանում է, որ Սուսանը անմեղ էր, հոգին էլ կորավ, ու թուլացած ընկնում է ոստիկանների գիրկը: Սեյրանը վազում է ներս, ուր ձգված է անմեղ սիրեկանի արյունաքամ դիակը: Անցնում է մի րոպե և լսվում է մի թնդյուն: Ատրճանակի ձայնն է: Լսվում է Մարիամ բաջու ձայնը՝ «Բալաս վա´յ, բալաս վա´յ»:
Տես նաև Արտիստը, Մորգանի խնամին, Կյանքի բովից, Նամուս, Պատվի համար, Եվգինե և Քաոս
Ալեքսանդր Շիրվանզադե | Նամուս | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 11, 2015 Rating: