Ռամայանա | համառոտ



«Ռամայանա» պոեմը պատմում է արքայազն Ռամայի փորձությունների և սխրագործությունների մասին։ Պոեմում կենտրոնացած է հնադարյան էպիկական ժառանգությունը, որը պատկերացում է տալիս ժողովրդական իդեալների և հավատամքի մասին: Պոեմը բաղկացած է յոթ գրքերից և 24 000 երկտողերից: Վերագրվում է առասպելական իմաստուն Վալմիկիին:
Ռամա արքայազնի ախոյանները կարողանում են տասնչորս տարով աքսորել նրան թագավորանիստ քաղաքից։ Նրա հետ միասին կամավոր տարագիրներ են դառնում կինը՝ գեղեցկուհի Սիտան և եղբայրը։ Նրանք հանգրվանում են անտառում, որտեղ իրենց համար խրճիթ են կառուցում։ Այստեղ իրենց ու Սիտային պաշտպանելու համար եղբայրները ստիպված են մարտնչել անտառում ապրող չար դևերի ու հսկաների դեմ։
Մի օր տղամարդկանց բացակայությամբ խրճիթ է մտնում դևերի կատաղի թագավոր Ռավանան, որն ունի քսան հզոր բազուկ և տաս խորամանկ գլուխ։ Տեսնելով, որ իր թագավորությունը գալու Սիտային համոզելու ջանքերը զուր են՝ բռնությամբ իր ոսկե կառքով առևանգում է Սիտային։ Լսելով Սիտայի ճիչը՝ հզոր շահենը անհավասար մարտի է բռնվում, ջարդում է կառքը, բայց ինքն էլ ընկնում է մարտում։ Թագավորը Սիտային տանում է իր թագավորությունը՝ Լանկա կղզին։
Ռաման սաստիկ հուսահատվում է։ Այդուհանդերձ, մեռնող շահենից իմանալով Սիտայի տեղը, եղբայրները որոշում են ազատել նրան։ Նրանց օգնության են գալիս կապիկների ու արջերի խմբերը՝ գիտակցելով, որ Ռաման պայքարում է արդար գործի համար։ Մի քանի օրվա ընթացքում կապիկները ծառերի բներից ու ժայռաբեկորներից կառուցում են վիթխարի կամուրջ և մտնում են Լանկա կղզին։ Զորքերի առջևից գնում են Ռաման ու նրա եղբայրը։ Սկսվում է երկարատև ու արյունահեղ կռիվ դևերի հետ։
Ռամայի դեմ կռվող դևերի թագավորը դուրս է գալիս մարտակառքով: Հրի աստված Ռամային է ուղարկում իր փայլատակող մարտակառքը, որպեսզի ուժերը հավասար լինեն: Բոլոր ռազմիկները դադարեցնում են կռիվը ու դիտում են առաջնորդների մենամարտը։ Թագավորը Ռամայի վրա է տեղում կախարդական նետեր, որոնք վերածվում են թունավոր օձերի։ Սակայն Ռաման դրանց դեմ է ուղղում իր նետերը, որոնք վերածվում են ոսկե թռչունների՝ օդում ոչնչացնելով օձերին։ Ռաման իր դիպուկ նետերով կտրում է Ռավանայի գլուխները, սակայն դրանց տեղում անմիջապես աճում են նորերը։ Այդ ժամանակ Ռաման հարվածում է բոցարձակող նետով, որ ստացել էր Բրահմայից, և խոցում է ախոյանի սիրտը։ Այդպես է ազատագրվում Սիտան, որն արտասուքն աչքերին սպասում էր ամուսնուն։ Այդուհանդերձ, Ռաման դատաստանի կրակ է վառում, որի միջով ստիպում է անցնել Սիտային: Քանի որ Սիտան անմեղ է նրա առաջ, կրակի լեզուները գթում են նրան:
Դրանով Ռամայի և Սիտայի փորձությունները չեն ավարտվում: Վերադառնալով հայրենիք՝ Ռաման շուտով լսում է հպատակների տրտունջը, որոնք մեղադրում են Սիտային անբարո վարքի մեջ: Ռաման հեռացնում է Սիտային անտառ, ճգնավորների մոտ: Այստեղ Սիտային օթևան է տալիս իմաստուն Վալմիկին: Սիտան նրա մոտ ծնում է Ռամայի երկու որդիներին՝ Կուշին և Լավին: Վալմիկին դաստիարակում է նրանց և սովորեցնում է Ռամայի մասին իր հորինած պոեմը՝ «Ռամայանան»: Սրանք մի օր արտասանում են պոեմը Ռամայի ներկայությամբ, և նա ճանաչում է իր որդիներին: Բերել է տալիս Սիտային անտառից: Գալիս է նաև Վալմիկին և վկայում է Սիտայի անմեղությունը: Սակայն Ռաման նոր ապացույց է ուզում Սիտայից: Այդ ժամանակ Սիտան Երկրից խնդրում է, որ այն իր մայրական գիրկն առնի իրեն: Այդպես էլ լինում է: Հողը բացվում է և կլանում Սիտային: Բրահմա աստծո խոսքով Ռամային և Սիտային վիճակված է միանալ միայն երկնքում: 
  
Տես նաև Կալեվալա, Սասնա Ծռեր, Գիլգամեշ և Բեովուլֆ

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ռամայանա | համառոտ Ռամայանա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 02, 2015 Rating: 5
Технологии Blogger.