Թոմաս Հոբս | Լևիաթան | հատված



Զգայության մասին
1. Ինչ վերաբերում է մարդու մտքերին, ապա ես նախ կքննեմ դրանք առանձին-առանձին, իսկ այնուհետև համադրության կամ փոխադարձ կապերի մեջ:
Առանձին, դրանցից յուրաքանչյուրը մեզնից դուրս գտնվող և սովորաբար առարկա կոչվող մարմնի առանձին որակի կամ ակցիդենտի պատկերացում կամ երևույթ է: Յուրաքանչյուր առարկա ներգործում է աչքերի, ականջների և մարդու մարմնի մյուս մասերի վրա, և այդ գործունեության զանազանությունից կախված՝ ստեղծվում է երևույթների   բազմազանություն
2. Սրանք բոլորը ծագում են նրանից, ինչը մենք անվանում ենք զգայություն, քանզի մարդու մտքում չկա որևէ գաղափար, որը սկզբում ամբողջապես կամ մասամբ բխած չլինի զգայության օրգաններից: Մնացածը սկիզբ են առնում այդ ակունքից:
3. Զգայության բնական պատճառն իմանալն առանձնապես անհրաժեշտ չէ այստեղ քննարկվող հարցերի համար. ես այդ մասին ավելի հանգամանորեն ու մանրամասն  գրել եմ ուրիշ տեղում: Այնուամենայնիվ, ներկա մեթոդի յուրաքանչյուր կետը համալրելու նպատակով ես  նույնը հակիրճ կներկայացնեմ նաև այստեղ:
4. Զգայության պատճառը արտաքին մարմինը կամ առարկան է, որն ազդում է որևէ զգայությանը համապատասխանող օրգանի վրա կամ անմիջականորեն, ինչպես համի և շոշափելիքի պարագայում է, կամ միջնորդավորված, ինչպես օրինակ տեսնելու, լսելու և հոտառության դեպքում է. այդ ճնշումը նյարդերի միջամտությամբ և մյուս զսպանակների ու մարմնի մասերի միջոցով շարունակվում է ուղեղի և սրտի ներսում` առաջ բերելով այնտեղ կամ դիմադրություն, կամ հակազդեցություն, կամ էլ սրտի աշխատանք` տեղ հասնելու համար: Քանի որ այդ ճիգն ուղղված է դեպի դուրս, թվում է, թե այդ պատճառն արտաքին է: Եվ այս թվացողությունը կամ մտապատկերը մարդն անվանում է զգայություն, որն աչքի դեպքում բաղկացած է լույսի կամ ձևավորված գույնի ականջի համար` հնչյունի, ռունգների համար` բուրմունքի, լեզվի և քիմքի համար` համի զգայություններից և մարմնի մնացյալ մասերի համար` ջերմության, սառնության, կարծրության և փափկության զգայություններից և այլ որակներից, որոնք մենք զանազանում ենք զգայարաններով: Բոլոր այս զգայելի  կոչվող որակները առարկայի մեջ են, որը հանդիսանում է դրանց պատճառը, և դրանք արդյունք են այն շարժումների, որոնց միջոցով առարկան  զանազան կերպով ազդում է մեր օրգանների վրա: Մեր՝ ներգործության ենթարկվածներիս մեջ նույնպես այդ հատկանիշները ոչ այլ ինչ են, քան զանազան շարժումներ (քանի որ շարժումն ընդամենը շարժում է ծնում): Սակայն դրանց տեսքը, ինչպես երազում, այնպես էլ արթմնի վիճակում մեզ է հասնում որպես մտապատկեր: Եվ ինչպես աչքի վրա գործադրված ճնշումը, տրորումը կամ հարվածը մեր մեջ լույսի պատկեր  է ստեղծում, իսկ ականջի ճնշումը` աղմուկ, այդպես էլ մեր տեսած կամ լսած մարմինները իրենց  ուժեղ, թեև ոչ նկատելի գործողությամբ մեր մեջ առաջ են բերում մտապատկերներ: Չէ՞ որ եթե մարմինների կամ առարկաների պատճառով առաջացած  այդ գույներն ու հնչյունները լինեին հենց այդ մարմիններում և առարկաներում, դրանք իրարից չէին անջատվի, մինչդեռ մենք հակառակն ենք տեսնում հայելու արտացոլանքի կամ արձագանքի մեջ, և մենք գիտենք, որ տվյալ իրը մի տեղում էիսկ մտապատկերը` ուրիշ: Եվ չնայած թվում է, թե  որոշակի հեռավորության վրա իրական առարկան նույնանում է մեր մեջ առաջ եկած  մտապատկերի  հետ, սակայն իրականում առարկան և պատկերը մնում են առանձին երևույթներ: Այսպիսով, զգայությունը բոլոր դեպքերում իրենից ներկայացնում է իսկական մտապատկեր, որն առաջանում է (ինչպես նշեցի) ճնշման պատճառով, որի պատճառը մեր աչքերի, ականջների և դրա համար նախատեսված այլ օրգանների վրա արտաքին իրերի ներգործող շարժումն է:   
5. Սակայն քրիստոնեական աշխարհի բոլոր համալսարանների փիլիսոփայական դպրոցները, հիմնվելով Արիստոտելի որոշ տեքստերի վրա, ներկայացնում են ուրիշ ուսմունք, և տեսողության պատճառի առնչությամբ ասում են, որ տեսանելի  իրը սփռում է  հատուկ տեսողական մասնիկներ, երևութականացում, պատկեր կամ տեսանելի դարձնող տարրեր, որոնք թափանցելով աչքի մեջ, առաջ են բերում տեսողություն: Լսողության  պատճառի վերաբերյալ ասում են, որ  լսելի իրը սփռում է լսողական մասնիկներ կամ  լսելիություն, որը, մտնելով ականջի մեջ, ստեղծում է լսողություն: Նույնը ասվում է նաև ըմբռնման մասին, այն է՝  ընկալելի առարկան սփռում է  ըմբռնողական մասնիկներ, որոնք ըմբռնելի դարձնելով նյութը ստիպում են մեզ հասկանալ այն
  
Տես նաև Ֆրենսիս Բեկոն Նոր օրգանոն, Ջոն Դրայդեն Թարգմանության մասին և Միշել Մոնտեն Փորձեր
Թոմաս Հոբս | Լևիաթան | հատված Թոմաս Հոբս | Լևիաթան | հատված Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 02, 2015 Rating: 5
Технологии Blogger.