Լոնդոն: 16-րդ դար: Նույն օրը ծնվում են երկու տղաներ՝ Թոմը՝ Ջոն Քենթիի որդին, և Էդուարդը՝ թագավոր Հենրիկ Ութերորդի որդին: Երկուսի կյանքը բնականաբար էականորեն տարբեր է: Թոմը աղքատության մեջ է, ենթարկվում է հոր ծեծերին, սովին: Երազում է հեքիաթային աշխարհների, փափկասուն արքայազների կյանքի մասին: Մի օր հայտնվում է արքունի պալատի մոտ և ճաղերի միջով հետևում է արքայազնին: Ժամապահը կոպտորեն հեռացնում է նրան, սակայն արքայազնը պաշտպանում է Թոմին և անգամ տանում է իր ապարանքը: Հարց ու փորձ է անում նրա կյանքից և նրան այնքան է ձգում աղքատների ու չքավորների կյանքը, որ առաջարկում է փոխանակել հագուստը (նրանք զարմանալիորեն նման են իրար): Ահա արդեն փոխվել են դերերով: Արքայազնը Թոմի ցնցոտիներով բախվում է Ջոն Քենթիին: Իսկ պալատում իրարանցում է: Արքայազնը թռցրել է խելքը: Չի ճանաչում թագավորին՝ իր հորը: Կորցրել է պետական կնիքը: Այդ ընթացքում Քենթիի մահակի մահացու հարվածից արքայազնին փրկում է մի վանական: Մայրը, տեսնելով խենթացած որդուն, արտասվում է, բայց հետո հասկանում է, որ սա իր որդին չէ: Վանականը, որին հարվածել էր Քենթին, մեռնում է, և ավազակն իր ընտանիքով փախչում է: Արքայազնին հաջողվում է խառնաշփոթի մեջ անհետանալ: Փողոցում իրեն արքայազն է կոչում և ընկնում է ամբոխի ձեռքը, որից նրան ազատում է Մայլս Հենդոնը` ազնվական ռազմիկը:
Մահանում է թագավոր Հենրիկը, և գահին է նստում Թոմը:
Մայլս Հենդոնը առաջարկում է արքայազնին այցելել Հենդոն-հոլ: Նա խնդրում է ապագա թագավորից միայն մի բան. թույլ տալ իրեն և իր հետնորդներին նստել թագավորի ներկայությամբ: Սակայն Քենթին խաբեությամբ առևանգում է արքայազնին Մայլսից և արքայազնը հայտնվում է ավազակների ձեռքում: Փախչում է և հայտնվում է խենթ ճգնավորի խրճիթում, որը քիչ է մնում սպանի նրան այն բանի համար, որ իր հայրը սկիզբ է դրել Անգլիայում բողոքականությանը: Այս անգամ էլ Էդուարդին փրկում է Քենթին: Քանի դեռ կարծեցյալ թագավորը դատ է վարում՝ զարմացնելով բարձր ֆեոդալներին իր ժողովրդական խորաթափանցությամբ, Էդուարդը գողերից և ավազակներից բացի հանդիպում է նաև ազնիվ մարդկանց, որոնք տուժել են անգլիական օրենքներից: Սակայն Հենդոն-հոլում նրան չեն ցուցաբերում պատշաճ ընդունելություն, քանի որ Հյու անունով ինքնակոչիկը տիրացել է Մայլս Հենդոնի դղյակին: Մայլսը և արքայազնը հայտնվում են բանտում, որտեղ թագավորը տեսնում է դաժան անգլիական օրենքները: Ազատվելով՝ գնում են Լոնդոն: Այստեղ տոնական երթ է, որի ժամանակ Թոմ Քենթիի մայրը, տեսնելով թագավորին, նրա տիպական շարժումից ճանաչում է իր որդուն: Այն պահին, երբ արքեպիսկոպոսը պատրաստվում է թագադրել նրան, հայտնվում է իսկական թագավորը: Թոմի օգնությամբ նա ապացուցում է իր թագավորական ծագումը՝ հիշելով, թե որտեղ է դրել պետական կնիքը: Մայլս Քենթը ստանում է Անգլիայի պերի կոչում և կոմսի տիտղոս:
Թոմը մեծ պատիվ է վայելում ողջ կյանքի ընթացքում որպես մարդ, ով նստել է գահին, իսկ թագավոր Էդուարդը աչքի է ընկնում գթասրտությամբ:
Տես նաև Մարկ Տվեն Թոմ Սոյերի արկածները, Հեքլբերի Ֆինի արկածները և Ֆենիմոր Կուպեր Վերջին Մոհիկանը
Մարկ Տվեն | Արքայազնը և աղքատը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 04, 2015 Rating: