«Բարոյական նամակները Լուցիլիուսին» Սենեկայի փիլիսոփայական հայացքների ամենաամբողջական շարադրանքն է: Սենեկայի փիլիսոփայության նպատակն է սովորեցնել ապրել և մեռնել, տալ ներքին անկախություն և հոգու հանգստություն: Փիլիսոփայությունը հոգու դեղամիջոց է, ընդ որում տեսական փիլիսոփայությունը հետաքրքրում է նրան զուտ որպես կրոնաբարոյական փիլիսոփայության բաղադրիչ: «Ի՞նչ է աստված: Տիեզերքի հոգի»:
Դասելով իրեն ստոիկյան դպրոցին՝ Սենեկան անհրաժեշտ չի համարում խստորեն հետևել որևէ ուղղության սկզբունքներին և շատ բաներ փոխառում է Ստոայի հակառակորդ Էպիկուրից: Էպիկուրեիզմը գրավում է փիլիսոփային մասնավոր կյանքի անկախության տեսական հիմնավորմամբ:
Ուշագրավ է Սենեկայի վերաբերմունքը հարստությանը: Հարկ է քամահրել հարստությունը, սակայն այդ քամահրանքը ոչ թե հարստությունից հրաժարվելն է, այլ հրաժարվելու պատրաստակամությունը, երբ բաժանումը չի պատճառում ոչ մի տառապանք: Իմաստունը չի սիրում հարստությունը, սակայն նախընտրում է այն: Չի տալիս հարստությանը իր հոգին, սակայն ընդունում է իր տուն: Տիրում է հարստությանը, սակայն չի դառնում դրա ստրուկը:
Մարդու բնությունը թույլ է: Պասիվ պայքարի վերջին ապաստանը մարդու մեջ մահն է: Իդեալական կարող է համարվել Կատոն Կրտսերի կերպարը, ով հանրապետության կործանման օրերին կամավոր նախընտրեց մահը: Ողջ կյանքը պիտի լինի մահվան նախապատրաստություն: Հանուն դրա անհրաժեշտ է սովորել տանել դժվարությունները, զրկանքները, պայքարել սեփական կրքերի հետ: Գլադիատորի հերոսական կեցվածքը Սենեկայի համար կյանքի փիլիսոփայական իդեալի նմուշ է:
«Հներն արդեն գտել են հոգու հիմնական դեղամիջոցները: Մեզ մնում է որոշել, թե երբ և ինչպես կընդունենք դրանք»: Անհատական խղճով առաջնորդվելու պահը մեծ կարևորություն է ներկայացնում Սենեկայի համար: Խիղճը ծնվում է հոգու ներքին երկխոսությունից:
Լուցիլիուսին ուղղված նամակները յուրօրինակ օրագիր են: Բարոյական հարցերը այստեղ բացվում են որպես կատարելության ձգտող հասցեատիրոջը ուղղված խորհուրդներ: Գեղարվեստական ձիրքով օժտված հեղինակը սիրում է վառ գույներ և կարողանում է հրաշալի պատկերավոր նկարագրություն տալ մարդկային արատներին, աֆեկտներին և շեղումներին: Հակիրճ և սուր նախադասություններում, որոնք լի են պատկերավոր հակադրություններով, հռոմեական «նոր ոճը» ստանում է իր ավարտուն տեսքը, և դա է պայմանավորում Սենեկայի մեծ ժողովրդականությունը: Եվ այդուհանդերձ, փիլիսոփային չի շրջանցել նաև ծաղրը և քննադատությունը: Կայսր Կալիգուլան կոչել է նրա ոճը «անկիր ավազ»:
Իմացաբանության հարցում Սենեկան պաշտպանում է էրիստիկ սկզբունքը: Մնայուն ինչ-որ բան իմանալու տենչը ստիպում է մարդուն լինել այն մտածողի կողքին, ով կարող է սնել ու դաստիարակել իր հոգին: «Նա, ով ամենուր է, ոչ մի տեղ է: Նա, ով ապրում է կյանքը անհասցե դեգերումների մեջ, կունենա շատ հյուրասիրողներ, բայց սակավ բարեկամներ: Նույն վիճակում կհայտնվի նաև նա, ով չի ընդունի մեծ մտածողների խորհուրդները և կմնա լոկ բառերի մակերեսին: Սնունդը չի կարող օգտակար լինել մարմնի համար և մարսողության նյութ դառնալ նախքան այն կուլ տալը: Ոչինչ այդքան չի վնասում առողջությանը, որքան դեղամիջոցների հաճախակի փոփոխությունը»: Այսպես էլ մնայուն գիտելիքը կարող է յուրացվել հետևողական և համբերատար աշխատանքի միջոցով միայն:
Տես նաև Պլուտարքոս «Զուգահեռ կենսագրություններ», Վերգիլիուս «Էնեական» և Կիկերոն
Լուցիուս Աննեուս Սենեկա «Բարոյական նամակներ Լուցիլիուսին» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 17, 2015 Rating: