Ողբերգության սյուժեն փոխառված է Դիոնիսոսի մասին առասպելներից:
Դիոնիսոսը՝ Զևսի և թեբեացի Սեմելեի որդին, հաստատել է իր սրբազան խորհուրդները Ասիայում և վերադառնում է Հունաստան լիդիացի բաքոսուհիների երգչախմբի ուղեկցությամբ: Առաջին իսկ քաղաքը, որտեղ նա ոտք է դնում, նրա մոր հայրենի Թեբեն է, որը հրաժարվում է ճանաչել իրեն: Դրա համար Դիոնիսոսը պատժում է Թեբեի կանանց խելահեղությամբ. վերջիններս լքում են իրենց տները և բաքոսական համակվածության մեջ շրջում են Կիթերոնի լեռան անտառոտ լանջերում:
Արքա Պենթևսը՝ Ագավայի որդին (Ագավան Սեմելեի քույրերից մեկն է), մտադիր է ուժով վերջ դնել այդ խելագարությանը, որի մեջ բացառապես սանձարձակություն է տեսնում: Ծերունիները զուր են փորձում զգուշացնել արքային: Պենթևսը որոշել է շղթայել և բանտարկել Դիոնիսոսին, որը հանդես է գալիս լիդիացի մարգարե-հրաշագործի տեսքով: Սակայն Դիոնիսոսը մթագնում է բերում Պենթևսի վրա, և վերջինս բաքոսուհու զգեստներ հագած ինքն է գնում դիտելու բաքոսական խնջույքները: Համակված ու մոլեգին բաքոսուհիները, որոնց առաջնորդում է Ագավան, պատառոտում են Պենթևսին՝ դնելով նրան առյուծի տեղ, իսկ Ագավան, ցնծալով վերադառնում է տուն՝ ձեռքում բռնած որդու գլուխը: Նա սթափվում է շատ ուշ: Պենթևսի մարմնի վրա Ագավայի ողբը ողբերգության ձեռագրում բացակայում է:
Երգչախմբի շուրթերով Եվրիպիդեսը փառաբանում է բաքոսական էքստասիսի ցնծությունը և կյանքի վայրկենական լիությունը: Ավանդական իմաստնությանը երգչախումբը նախընտրում է պարզ զանգվածի չխորհրդածող հավատը:
Երբ Ագավան Դիոնիսոսին է նետում մեղադրանք, որ աստվածներին հարիր չէ վրեժնդրությունը, Դիոնիսոսը թողնում է այդ խոսքը առանց բավարար պատասխանի:
Տես նաև «Մեդեա», «Հիպպոլիտոս» և «Իփիգենիան Ավլիսում»
Եվրիպիդես | Բաքոսուհիներ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 16, 2015 Rating: