Աննա Ֆրանկը տասներեք տարեկանում սկսում է գրել իր օրագիրը ապաստարանում, ուր նա իր ընտանիքի անդամների հետ թաքնվում է Ամստերդամի ֆաշիստական օկուպացիոն ադմինիստրացիայի ռեպրեսիաներից, որոնք ուղղված էին քաղաքի հրեական բնակչության դեմ: Գրառումները կատարվել են երկու տարվա ընթացքում (հունիսի 12, 1942 – օգոստոսի 1, 1944):
Օրագիրը, որը գրված է նամականու ձևով և հասցեագրված է երևակայական Քիթթին, նկարագրում է թաքուստում պատսպարված 8 մարդկանց ամենօրյա կենցաղը, հույսերը, ապրումները և սովորությունները… Այդ մարդիկ են՝
Օտտո Ֆրանկը՝ ընտանիքի գլուխը, «Օպեկտա» ֆիրմայի տնօրենը, որի շենքում գտնվում էր ապաստարանը,
Էդիթ Ֆրանկը՝ Ֆրանկի կինը, Մարգոյի և Աննայի մայրը,
Մարգո Ֆրանկը՝ Ֆրանկի և Էդիթի դուստրը,
Աննա Ֆրանկը՝ Օտտոյի և Էդիթի դուստրը,
Հերման վան Պելսը՝ վան Պելսերի ընտանիքի գլուխը, Ֆրանկների բարեկամը,
Ավգուստա վան Պելսը՝ Հերմանի կինը,
Պետեր վան Պելսը՝ Հերմանի և Ավգուստայի որդին
և ատամնաբույժ Ֆրից Պֆեֆերը:
Ֆրանկների ընտանիքը նախապատրաստվում է այն բանին, որ հնարավոր է, նրանք ստիպված լինեն թաքնվել նացիստներից: Նրանք պատրաստում են կացարան, որտեղ տեղափոխում են անհրաժեշտ իրեր, սնունդ և դրամ, որից հետո նախագծում են իրենց տեղափոխությունը, եթե հանկարծ գերմանական օկուպացիոն ադմինիստրացիան փորձի ձերբակալել նրանց: 1942 թ. ամռանը Մարգո Ֆրանկը ծանուցագիր է ստանում: Նրան կանչում են գեստապո: Այդ ժամանակ Ֆրանկների ընտանիքը տեղափոխվում է իրենց պատրաստած ապաստարանը: Մեկ ամիս անց նրանց է միանում նաև վան Պելսերի ընտանիքը:
Աննա Ֆրանկը՝ ամենակրտսեր կալանավորուհին, գրում է օրագիր, որտեղ մանրամասնորեն նկարագրում է թաքնվողների կենցաղը, օրվա ընթացակարգը, սնվելը, փոխհարաբերությունները ներսում և դրսի աշխարհի հետ: Շարադրում է նաև իր մտքերը պատերազմի, սեռական և շատ ուրիշ հարցերի մասին: 1944 թ. նա սկսում է փոխել գործող անձանց անունները՝ հավանաբար հույս ունենալով հրատարակել իր գրառումները: Օրագիրը թույլ է տալիս պատկերացում կազմել օկուպացված Հոլանդիայում տիրող իրավիճակի բազմաթիվ դրվագների վերաբերյալ: Հետապնդվում են ոչ միայն հրեաները, այլև նրանց օգնող քրիստոնյաները, տիրում է սով, մարմնավաճառություն, հիվանդություններ, ինֆլյացիա…
Աննայի գրառումները գնալով ավելի երկար ու խորն են դառնում: Բավականաչափ ուշագրավ են դատողությունները մեծահասակների և փոքրահասակների փոխհարաբերությունների, արժեքների և լավագույնի հանդեպ մարդկային հավատի մասին:
1944 թ., երբ արդեն քիչ էր մնացել, որ գերմանացիները լքեն Ամստերդամը, անհայտ անձը, որին հայտնի էր ապաստարան-թաքստոցի մասին, մատնում է թաքնվողների տեղը, և երկու ընտանիքներին կալանավորում են: Գրառումներն այստեղ ընդհատվում են: Կալանվածներին ուղարկում են տարբեր համակենտրոնացման ճամբարներ: Ճամբարներից ողջ է վերադառնում միայն Օտտո Ֆրանկը
Տես նաև Ալեքսանդր Սոլժենիցին Արխիպելագ Գուլագ, Գուրգեն Մահարի Ծաղկած փշալարեր և Ֆրանց Վերֆել Մուսա լեռան քառասուն օրը
Աննա Ֆրանկի Օրագիրը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 24, 2015 Rating: