Չիպոլինոն սոխուկ է: Նա սոխ Չիպոլոնեի որդին է և ունի 7 քույրեր և եղբայրներ: Ապրում են աղքատ, իսկ երկիրը կառավարում է իշխան Լիմոնը: Այնպես է պատահում, որ Լիմոնն այցելում է աղքատների թաղամաս, որտեղ ապրում է սոխերի ընտանիքը: Ժողովուրդը խմբվում է իշխանի շուրջ և Չիպոլինոյի հայրը պատահաբար կանգնում է Լիմոնի ոտքին: Նա ձերբակալվում է և հայտնվում է բանտում: Չիպոլինոն տեսակցում է նրան բանտում և հոր խորհուրդները լսելուց հետո որոշում է հեռանալ տանից և շրջել աշխարհով մեկ: Հանդիպում է ծեր Դդումին, որը նոր տնակ է սարքել: Հայտնվում է սինյոր Պոմիդորը և ասում է, որ տնակը կառուցված է կոմսուհիներ Բալերի տարածքում: Վեճին է խառնվում Չիպոլինոն և ասելով, որ վտանգավոր սրիկա է հայտնաբերել, ցույց է տալիս Պոմիդորին հայելին: Սա որոշում է քաշքշել սոխուկի մազերը և արցունքները դուրս են թափվում նրա աչքերից:
Սինյոր Պոմիդորը նորից է հայտնվում Դդումի տան մոտ: Այս անգամ նրա հետ են զինվորները: Դդումին հանում են իր տնակից, իսկ տնակը հսկում է Պոմիդորի շունը: Չիպոլինոն նրան քնաբերով ջուր է տալիս և քնած շանը տանում է Բալերի այգի:Այդ ժամանակ Բալերին հյուր են գալիս բարոն Մանդարինը և դուքս Նարինջը: Սրանք անվերջ ուտում են և ճնշում ու նեղացնում են կրտսեր Բալուկին, որը շատ բարի տղա է: Այդ ընթացքում սինյոր Պոմիդորը իմանում է Դդումի տնակի անհետացման մասին և քսան զինվորների ուղեկցությամբ մեկնում է պարզելու ապստամբության պատճառները և պատժելու մեղավորներին: Չիպոլինոն և մաեստրո Տանձը հայտնվում են բանտում, որտեղ նրանց վրա են հարձակվում մկները:
Չիպոլինոյի խուց է գալիս սինյոր Խլուրդը: Սա կարող է օգնել բանտարկյալներին և փախուստի նոր թունել բացել: Սակայն Խաղողի վառած լուցկին պատճառ է դառնում, որ Խլուրդը փախչի: Այդուհանդերձ Չիպոլինոն որոշ ընկերների հետ կարողանում է փախչել: Նրանք թաքնվում են քարանձավում, որտեղ ընկերանում են Արջի հետ:
Հետո ընկերները ամրանում են Բալերի ամրոցում, որտեղ նրանց անօգուտ գրոհում են Լիմոնի զինվորները: Լիմոնները հաղթում են, երբ նրանց օգնության է գալիս մի ամբողջ դիվիզիա: Չիպոլինոն հայտնվում է բանտում և տեսնում է այստեղ իր հորը: Նրանք նստած են տարբեր խցերում, իսկ փոստատար Սարդը փոխանցում է նրանց նամակները: Սակայն Սարդը մի օր անհետանում է և նամակագրությունն ընդհատվում է: Այդ ժամանակ Չիպոլինոյի մոտ է գալիս ծանոթ Խլուրդը: Նա հայտնում է, որ թունելը պատրաստ է: Ընկերների հետ հերոսը կարողանում է փախչել Խլուրդի փորած թունելով, սակայն նրա ծեր հայրը մնում է բանտում:
Երկրում դժգոհների թիվը շատ է աճում և սինյոր Պոմիդորը մի օր իմանում է, որ հեղափոխություն է հասունացել: Գտնվելով Բալերի ամրոցում՝ նա տեսնում է Ազատության դրոշը և վախից բարձրանում է կտուրը: Այստեղ տեսնում է Չիպոլինոյին և նորից բռնում է նրա մազերից: Սա պատճառ է դառնում այն բանի, որ սինյոր Պոմիդորը դառնորեն լաց է լինում երկրորդ անգամ: Տեսնելով Ազատության դրոշը՝ իշխան Լիմոնը թաքնվում է աղբաթմբի մեջ: Բալերը հեռանում են երկրից: Պոմիդորը հայտնվում է բանտում: Իսկ իշխանական պալատը հանձնվում է երեխաներին:
Տես նաև Ալան Ալեքսանդր Միլն Վիննի Թուխը և բոլորը-բոլորը, Ռեդյարդ Քիփլինգ Ջունգլիների գիրքը և Ջեյմս Բարրի Պիտեր Պեն
Ջանի Ռոդարի | Չիպոլինոյի արկածները | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 26, 2015 Rating: