«Պորփյուրի Ներածության վերլուծությունը» հիմնականում նվիրված է տրամաբանության հարցերին, հատկապես ընդհանուր հասկացությունների, ըդհանուրի և եզակիի փոխհարաբերության, տրամաբանական ստորոգյալի սեռերի քննարկմանը: Դրանք են սեռի, տեսակի, տարբերության, սեփական և պատահական հատկանիշներ արտահայտող հասկացությունները, որոնց քննությունը Պորփյուր Փյունիկեցու «Ներածության» հիմնական բովանդակությունն է: Դավիթը հանգամանորեն վերլուծում է դրանք և մեկնաբանում Պորփյուրի «պրեդիկաբիլիաները», այսպես կոչված «հինգ ձայները», արիստոտելյան ոգով: Այդ տեսակետից շատ հատկանշական է, որ Դավիթը զննում է Պորփյուրի «Ներածությունը» որպես Արիստոտելի «Կատեգորիաների» ներածություն:
Քննելով Պորփյուրի պրեդիկաբիլիաները՝ «հինգ ձայները», Դավիթը հատուկ կանգ է առնում ընդհանուր և մասնավոր հասկացությունների առնչակցության խնդրի վրա: Նրան քաջ հայտնի են նշված հարցի շուրջ դեռ անտիկ փիլիսոփայության մեջ ծագած բուռն վեճերը, հին հույն «ռեալիստների» (Պլատոն) և ծայրահեղ նոմինալիստների (Անտիսթենես) տարաձայնությունները, ինչպես նաև Արիստոտելի հաշտարարական բանաձևը («ընդհանուրը գտնվում է իրերի բազմության մեջ»), որից հետագայում օգտվում էին միջնադարյան չափավոր ռեալիստները և չափավոր նոմինալիստները: Դավիթը նշում է, որ Պլատոնի տեսակետը («Ընդհանուրը գոյություն ունի իրերի բազմությունից առաջ») չի հակասում Արիստոտելի տեսակետին, որովհետև իբր Արիստոտելն էլ է ընդունում իրերից առաջ ընդհանուր գաղափարների գոյությունը՝ աստվածային բանականության մեջ: Այդ իսկ պատճառով Դավիթը ևս մշակում է իր հաշտարարական բանաձևը, ըստ որի ընդհանուրը, ընդհանուր հասկացությունները, նախ գոյություն ունեն իրերից առաջ, կամ, ինչպես ինքն է ասում, «բազմությունից առաջ», այնուհետև «բազմության մեջ», իրերի բազմության աշխարհում, և «բազմությունից հետո», մարդկային մտքում, որն իրերի բազմության մեջ ճանաչում է նրանց ընդհանուր հատկանիշները և իր համար կազմում հասկացություններ և գաղափարներ: Այսպիսին է Դավթի հաշտարարական գիծը, որը գալիս է ինչպես Արիստոտելի, այնպես էլ Ալեքսանդրյան դպրոցի բռնած դիրքից:
Չնայած այն բանին, որ Դավիթը եզակիի և ընդհանուրի, անհատ իրերի և ընդհանուր հասկացությունների փոխհարաբերության հարցում գոյաբանական առումով ամեն կերպ ձգտում է հաշտեցնել Արիստոտելի և Պլատոնի տեսակետները, այդուհանդերձ, իմացաբանության մեջ նա հակվում է դեպի Արիստոտելի լուծումը, առաջնությունը տալով անհատ իրերին: Անհատ իրը և դրա հասկացությունը նախորդում են տեսակին և սեռին, որովհետև արտաքին աշխարհը ճանաչելիս ընդհանուրը գոյանում է մեր մտածողության մեջ: Ինչ վերաբերում է նույն խնդրի գոյաբանական ասպեկտին, ապա այստեղ նա լուծում է այն օբյեկտիվ իդեալիզմի դիքերից:
«Պորփյուրի Ներածության վերլուծության» մեջ Դավիթը, բացի «հինգ ձայների» մանրամասն քննությունից, շարադրում է նաև իր տեսակետները բաժանման, ենթակայի և ստորոգյալի, դատողության և մտահանգման, ապացուցման, դեդուկտիվ և ինդուկտիվ եղանակների և այլ հարցերի վերաբերյալ:
Դավիթ Անհաղթ | Պորփյուրի Ներածության վերլուծություն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 03, 2015 Rating: