Դալին ապրել է խաղալով, նմանակելով, տառապելով, վարպետորեն ներհյուսելով կյանքին երևակայության պատկերները: Նույն ոճով է գրված նաև գիրքը: Հնարավոր չէ առաջին հայացքից հասկանալ, թե ինչ է անում հեղինակը՝ նկարագրում է իրականությունը, թե թույլ տալիս ընթերցողին սուզվելու իր խելահեղության խորքը:
Իր ասելով, Դալին եղել է ամաչկոտ և իր աշխարհում ներփակված երեխա: Որքան ավելի է նա փակվում իր մեջ, այնքան ավելի է մեծանում ուրիշներին զարմացնելու ցանկությունը: Ինքնամփոփության և ինքն իրեն ցույց տալու միտումների հակասականությունը երևում է նաև գրքում: Բացելով իր գաղտնիքներից որևէ մեկը` հեղինակը շտապում է կատակել, խելացնոր բաներ պատմել և ծիծաղել: Պատմելով հերթական նկարի ստեղծման ընթացքում իր ունեցած ապրումները` նա հանկարծ հայտարարում է. «Սյուրռեալիստական առարկան լիովին անօգուտ է և չի կարող օգտագործվել բանական եղանակով: Ինչպես ցանկացած ֆետիշ, այն ստեղծված է, որպեսզի հետագայում ամեն տեսակ խելացնոր գաղափար ստանա իր տեսանելի և շոշափելի մարմնավորումը»:
Այստեղ է Դալիի հիմնական գաղտնիքը. hարկավոր չէ դասդասել աշխարհը: Հարկ է ընդունել այն, ինչպիսին որ այն կա, և փոխարենը ստանալ ինքնադրսևորման կատարյալ ազատությունը:
Դալին չի գրել իր գիրքը սեփական կյանքի մասին տեղեկություն տալու համար, այլ թույլ տալու համար բոլորին տեսնելու հանճարեղությունը ներսից:
«Ես տրտմած զբաղվեցի իմ հորինվածքներով: Նախ կազմեցի անպարտելի գաղափարների կատարյալ ցանկը: Իսկ ի՞նչ էի հորինել: Դնովի եղունգներ ամեն փոքրիկ հայելու մեջ, որ յուրաքնչյուր ոք կարողանա նայել ինքն իրեն: Թափանցիկ մանեկեն, որի մեջ ջուր են լցնում և ձկներով բնակեցնում: Դա թույլ կտա ակնառու կերպով տեսնել արյան շրջանառությունը: Պլաստիկե բազկաթոռ, որը սառչում է՝ ընդունելով իր տիրոջ տեսքը: Լուսանկարչական դիմակներ ռեպորտաժների հեղինակների համար: Սպեկտրային ակնոցներ-կալեյդոսկոպներ, որոնք կերպափոխում են իրականությունը, դա շատ հարմար է տուրիստների համար այն դեպքում, եթե բնապատկերը ձանձրացնում է: Խորամանկ դիմափոշի, որը թաքցնում է ստվերները… Հորինել էի շատ ուրիշ բաներ, որոնք կարող են պատճառել ինչպես մարմնական, այնպես էլ հոգեկան հաճույք: Նաև գարշելի իրեր, որոնք կարելի է զայրույթի պահին հարվածել պատին:
Գալան ինձ բարձրաձայն Բալզակ էր կարդում, իսկ գիշերներն ինձ այցելում էր Էդգար Ալան Պոյի ստվերը: Փառահեղ լիմուզինով այդ ստվերը գալիս էր Ռիչմոնդից: Մի օր նա բերեց ինձ հեռախոս, որը համեմված էր սև շների քթերով: Սև ժապավենով հեռախոսին էր կապված սատկած առնետը և թանաքով լցված չինական կոշիկը: Ձյուն էր գալիս: Ես դրեցի հեռախոսը ձնաբլրին: Ամեն ինչ շատ պարզ ու հզոր է. սևը սպիտակի վրա»:
Տես նաև Ֆեդերիկո Գարսիա Լորկա Արյունոտ հարսանիք
Սալվադոր Դալի | Սալվադոր Դալիի կյանքը… | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 14, 2015 Rating: