
«Մեռյալների գիրքը» (Ք. ա. 25-6-րդ դարեր)՝ հին եգիպտական կրոնա-մոգական տեքստերի ամբողջական ժողովածուն է: Ի տարբերություն եգիպտական մյուս հնագույն տեքստերի՝ «Բուրգերի գրքի», «Դամբարանների գրքի» և «Սարկոֆագների գրքի», «Մեռյալների գիրքը» վերաբերում է բոլոր մարդկանց, անկախ նրանց աստիճանից, դասային պատկանելությունից և այլ պայմաններից:
«Մեռյալների գրքում» հանդիպում են հատվածներ նախորդ երեք գրքերից: Որմնագրերն այս դեպքում արձանագրվում են նաև պապիրուսների վրա: Այդ պապիրուսները լայնորեն տարածված էին Եգիպտոսի բնակչության մեջ և միտված էին գործնական նպատակների: Տեքստը ստեղծվել է երկար ժամանակ և տարբեր գրագիրների կողմից, որոնց անուններն էլ հաճախ կրում են՝ «Անիի պապիրուս», «Նեբսենիի պապիրուս», «Նուի պապիրուս»:
Գլխավոր մոտիվն այստեղ մահվան և հանդերձյալ կյանքի խնդիրն է: Մահվան ճանաչողությունը տալիս է կյանքի ճանաչողություն: «Մեռյալների գիրքը» ուղեցույց է, որը նշում է անդրշիրիմյան աշխարհի տոպոնիմիան:
Տարբերում են գրքի չորս բաժիններ, որոնք կապված են թաղման պաշտամունքի իմաստա-սյուժետային զարգացման հետ: Առաջին մասն ընդգրկում է այն գլուխները, որոնք ուղեկցում են հուղարկավորության թափորը դեպի Նեկրոպոլիս: Այստեղ են նաև Ռային և Օսիրիսին նվիրված հիմները: Երկրորդ մասը պատմում է հանգուցյալի վերածնության, թշնամական ուժերի նկատմամբ նրա տարած հաղթանակի մասին: Երրորդ մասում պատմվում է հանգուցյալի տարբեր կերպարանափոխությունների, աստվածների դատի, Օսիրիսի հետ հանգուցյալի նույնացման, նրա արդարացման մասին: Չորրորդ մասը ներկայացնում է տարբեր աղոթքներ, մոգական ծեսեր և հիմներ:
Մոգությունը Իսիս դիցուհու նվերն է մարդկությանը: Դրա միջոցով նա կարողանում է միասնություն պահպանել հոգևոր աշխարհի ամբողջի հետ: «Մեռյալների գրքի» կենտրոնական դեմքը Օսիրիսն է, որը համարվում է չգոյության արքա: Նա է վճռում մարդու հետմահու ճակատագրի հարցը: Դիցաբանական պլանում Օսիրիսն իր ակտիվությամբ զիջում է այնպիսի աստվածներին, ինչպիսիք են Ռան, Ամոնը, Հորը և Աթումը: Սակայն նա առաջինն է կրոնական պլանում:
Օսիրիսը աստվածների չորրորդ սերնդից է: Նրանից առաջ եղել են՝ Աթումը, Շուն, Թեֆնութը, Գեբը (Երկիրը) և Նութը (Երկինքը): Օսիրիսը իր հորից՝ Գեբից ժառանգում է Երկրի իշխանությունը և շարժում է իր եղբոր՝ Սեթհի նախանձը: Սեթհը սպանում է Օսիրիսին, իսկ Իսիսը, որը մինչ այդ հղիացել էր Օսիրիսից, ծնում է Հորին և պահում է նրան Նեղոսի դելտայում: Հասակ առնելով, Հորը սպանում է Սեթհին և լուծում է հոր վրեժը: Արդարության վերահաստատման այս գիծն իր կանոնն է հաղորդում ողջ «Մեռյալների գրքի» «ծրագրին»: Եգիպտական կրոնի գլխավոր մտահոգությունը մարդու հետմահու անցնելիք ճանապարհի վերաբերյալ գերագույն աստծո վճռին արժանանալ սովորեցնելն է:
Ամենայն հավանականությամբ եգիպտական տեքստերը ներշնչել են Պլատոնին իր «Պետության» այն հատվածներում, որոնք վերաբերում են հանդերձյալ աշխարհին, իսկ Պլատոնի միջոցով՝ Դանտեին, որի «Աստվածային կատակերգությունը» ևս մեկ փորձ է տալու հոգևոր աշխարհի միասնական պատկերը:
Մեռյալների գիրքը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 26, 2015 Rating:
