Հնագույն իրանական ժողովուրդների բանաստեղծական ժառանգությունը ամփոփված է «Ավեստայում», մի ժողովածու, ուր կանոնիզացիայի են ենթարկվել դիցաբանական-կրոնական հիմները, աղոթքները, առասպելները և այլն: Ավեստա՝ նշանակում է «գիտելիք», «իմացություն»: Հին հնդկական «Ռիգվեդան» և իրանական «Ավեստան» ստեղծվել են հնդիրանական ցեղերի բաժանման ժամանակներում՝ Ք. ա. 7-րդ դարում:
«Ավեստան» հաճախ կոչվում է «Զրադաշտականության հանրագիտարան»: Այն վերագրվում է Հին Արևելքի ամենախորհրդավոր և առեղծվածային-առասպելական դեմքերից մեկին՝ Զրադաշտին, որը, ըստ երևույթին, ապրել է Ք. ա. 7-6-րդ դարերում և ստեղծել զրադաշտականությունը:
«Ավեստան» ընդգրկում է մի շարք տեքստեր, որոնք կազմում են տարբեր բաժիններ՝ կապված նրանց ընդհանուր ֆունկցիոնալ նշանակության հետ: Առաջինը կոչվում է «Յասնա» (պաշտել), ուր հավաքված են պատարագային տեքստերը: Այստեղ են Զրադաշտի քարոզները, բանաստեղծական խոհերը, որոնք կոչվում են գաթհաներ: Երկրորդ բաժինը «Յաշտաներն» («Զոհերի գիրք») են: Այս բաժինը կապված է զոհաբերությունների հետ: Երրորդ բաժինը, որ կոչվում «Վենդիդատ» (կոդեքս ընդդեմ դևերի), պարունակում է մոգական տեքստեր, ծիսական կանոններ, հմայանքներ, իհարկե, դիմելով Ահուրա-Մազդայի պարգևած ճշմարտության կրակին: Թեպետ Զրադաշտը քարոզում է Ահուրա-Մազդայի մեկ միասնական աստվածության գաղափարը, նրա ուսոմունքը կառուցված է դուալիստական երկվության վրա: Նա բաժանում է տիեզերքը երկու հակադիր ուժերի միջև՝ Բարու և Չարի, որոնցից առաջինը բնակվում է լույսի մեջ, իսկ երկրորդը՝ խավարի: Տիեզերական այս հակամարտությունը զրադաշտականության կենտրոնական դրաման է: Ահուրա-Մազդան իրենից արտաբխող սուրբ հոգիների միջոցով պիտի դիմագրավի Ահրիմանի հարձակումներին, որին տվել է 3000 տարվա իշխանություն: Բարու հակամարտությունը ունի սոսկ պաշտպանական բնույթ և դրանով էլ, Զրադաշտի և նրա առաքյալների կարծիքով, պայմանավորված է Բարու վերջնական հաղթանակը: Սա հիշեցնում է հին հույն փիլիսոփա Էմպեդոկլեսի կարծիքը տիեզերական երկու հակադիր ուժերի՝ Սիրո և Ատելության պայքարի մասին, որը հնարավոր է դարձնում ամեն միասնություն: Մեկ ուրիշ հույն փիլիսոփա, որն ապրել է Զրադաշտի հետ նույն ժամանակներում, Հերակլիտոսը, երաժշտական ներդաշնակությունը բացատրում էր որպես միմյանց հակադիր հնչյունների միասնություն:
Սասանյանների զրադաշտականության ուշագրավ աղբուրներից մեկը, բուն իրանական աղբյուրներին զուգահեռ, Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» գիրքն է, որ գրված է հունական կողմնորոշում ունեցող քրիստոնյա մտածողի կողմից:
Տես նաև Ռիգվեդա, Ուպանիշադներ և Շահնամե
Ավեստա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 30, 2015 Rating: