Հովհաննես Թումանյան | Բարեկենդանը


Ժամանակով մի մարդ ու կին են լինում: Նրանք իրար չեն հավանում: Մարդը կնոջն է ասում հիմար, կինը՝ մարդուն ու միշտ վիճում են: Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն: Կինը սովորականի պես բարկանում է, ամուսնուն հիմար անվանում, ասում, թե ինչու է այդքան եղն ու բրինձը միանգամից բերել, հոր քելեխն է, թե տղու հարսանիքը: Ամուսինն ասում է, թե բարեկենդանի համար է: Կինը հանգստանում է, տանում պահում է: Կինը սպասում է, բայց բարեկենդանը չի գալիս: Մի օր էլ տեսնում է, որ մի մարդ շտապելով գնում է: Ձայն է տալիս ու հարցնում՝ արդյոք բարեկենդանը ինքը չէ: Անցվորականը նկատելով, որ կնոջ ծալը պակաս է, ասում է, թե բարեկենդանը ինքն է, ու կինն էլ բարկանալով նրան է տալիս եղն ու բրինձը՝ ասելով, թե հերիք է ինչքան պահեցին, նրա ծառան չեն, թող իր ապրանքը տանի: Ամուսինը գալիս է տուն, ու կինն ասում է, որ բարեկենդանը եկավ, ինքն էլ նրա եղն ու բրինձը տվեց տարավ: Հիմա էլ մարդն է կնոջը հիմար անվանում, բարկանում ու գնում անծանոթի հետևից: Վերջինս նկատում է, որ ձիավոր է գալիս հետևից ու հասկանում է՝ ով է: Մարդը խոսում է նրա հետ, հարցնում՝ արդյոք չի տեսել որևէ մեկին: Անծանոթն էլ ասում է, թե մի մարդ անցավ՝ շալակին եղ ու բրինձ, բայց ահագին ժամանակ է անցել, նա երկու ոտքով արագ գնում է, իսկ նրա ձին մինչև չորս ոտքը փոխի, նա արդեն կանցի կգնա: Ի վերջո խորհուրդ է տալիս ձին թողնել իրեն, ու ոտքով գնալ, այդպես կհասնի: Հիմար մարդը, հավատալով անծանոթին, ձին թողնում է սրա մոտ ու ինքը ոտքով գնում: Բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճանապարհը փոխում, հեռանում: Մարդը գնում է, գնում է, տեսնում է չհասավ, ետ է դառնում: Ետ է դառնում, տեսնում է՝ ձին էլ չկա: Տուն է գալիս, ու մարդ ու կին դարձյալ սկսում են վիճել, մարդը եղ ու բրինձի համար, կինը՝ ձիու: Մինչև օրս էլ դեռ կռվում են: Սա նրան է ասում հիմար, նա՝ սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում:  

Տես նաև Տերն ու ծառան, Թմկաբերդի առումը և Անուշ

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Հովհաննես Թումանյան | Բարեկենդանը Հովհաննես Թումանյան | Բարեկենդանը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 29, 2016 Rating: 5
Технологии Blogger.