Ժամանակով լինում են, չեն լինում, մի քույր ու եղբայր են լինում: Քույրը շատ գեղեցիկ ու բարի աղջիկ է, ասես լուսնի կտոր, անունն էլ Լուսիկ: Եղբայրը ամուսնանում է: Կինը տեսնում է, թե ինչպես բոլորը սիրում են Լուսիկին, ու նախանձը օձի նման բուն է դնում սրտի մեջ: Սկսում է Լուսիկին բամբասել ամեն օր, սակայն աղջիկը մնում է միշտ բարի, գեղեցիկ ու սիրված ամենքից: Եղբայրը տուն գալիս ամեն անգամ նրան մի բան է բերում՝ ծաղիկ, միրգ, հագուստ: Հարսը նախանձից քիչ է մնում տրաքի և մտածում է, ինչ անի, ոնց անի, որ մեջտեղից կորցնի Լուսիկին: Մի անգամ ջարդում է տան կահ-կարասին, մյուս անգամ մարդու սիրած ձին տանում է, քշում կորցնում և ասում՝ Լուսիկն է արել, բայց մարդը ուշադրություն չի դարձնում, ասում է, թե ամանը ոչինչ, կարևորը Լուսիկի սիրտը չկոտրվի, ուրիշ ձի կգնի, բայց չէ որ չի կարող ուրիշ քույր գնել: Չար կինը ավելի է կատաղում ու մի գիշեր իր երեխային օրորոցում մորթում է, արյունոտ դանակը թաքուն դնում քնած Լուսիկի գրպանը, ապա մազերը շաղ տալիս, երեսը պոկում, ճչում, թե՝ վա~յ, երեխես… Տնեցիներն արթնանում են, տեսնում մորթված երեխային ու սարսափում: Հարսի խորհրդով փնտրում են դանակը և այն գտնում Լուսիկի գրպանում: Լուրը տարածվում է, ժողովուրդը դատաստան է պահանջում: Լուսիկին դատում են, վճռում, ձեռքերը կտրում են ու այդպես, կռնատ տանում, հեռացնում, կորցնում են հեռո~ւ, հեռո~ւ անտառներում: Ժամանակի ընթացքում թփերն ու փշերը հագի շորերը տանում են, և նա մերկ մտնում է մի ծառի փչակ: Օրերից մի օր թագավորի որդին գալիս է անտառ որսի և այնտեղ գտնում է կռնատ աղջկան: Զմայլված նրա գեղեցկությամբ՝ որոշում է ամուսնանալ: Նրանք ամուսնանում են և շուտով թագավորի տղան գնում է հեռու երկիր: Լուսիկը մի ոսկեգանգուր տղա է ունենում: Աչքալուս են գրում տղային, սուրհանդակը նամակը տանելիս, ճանապարհին հյուր է ընկնում Լուսիկի եղբոր տանը, գիշերում այնտեղ: Երեկոյան զրույցի ընթացքում պատմում է, թե ինչ է եղել, և հարսը գլխի է ընկնում, որ խոսքը Լուսիկի մասին է, գիշերը հանում է նամակը, կրակը գցում, ինքը նոր նամակ գրում, դնում տեղը: Գրում է՝ թե իբր Լուսիկը շան լակոտ է ունեցել: Հարցնում են, ինչ անեն: Թագավորի տղան շատ է տխրում՝ կարդալով նամակը, բայց պատասխան նամակում, այնուամենայնիվ, գրում է, որ Լուսիկին թթու խոսք չասեն, մինչև ինքը կգա: Սուրհանդակը դարձյալ գիշերում է նույն տանը, և չար հարսն այս անգամ էլ է փոխում նամակը՝ գրելով, թե Լուսիկին երեխայի հետ տնից դուրս հանեն: Ծնողները շատ են տխրում, բայց ստիպված են կատարել որդու կամքը: Լուսիկը երեխային կրծքին կապած, լաց լինելով հեռանում է: Մի անապատում է հայտնվում: Շատ է գնում ու մի ջրհոր է տեսնում: Ուզում է խմել, երեխան ընկնում է մեջը: Ճչում է ու հանկարծ մի ձայն ասում է, որ չվախենա, երեխային հանի: Սպիտակ մորուքով մի ծերունի է լինում: Լուսիկին ասում է, որ նա ձեռքեր ունի: Եվ իսկապես Լուսիկը մեկնում է կռները, ձեռքերը բացվում են ու երեխային ջրհորից հանում է: Ծերունին աներևութանում է: Այս ընթացքում թագավորի տղան վերադառնում է, ամեն բան իմանում է ու գնում է աշխարհե աշխարհ կնոջն ու երեխային փնտրելու: Հանդիպում է մի բարի մարդու, որն իր քրոջն է փնտրում: Ըկներանում են: Տղան գալիս մի մեծ ճանապարհի վրա քարվանսարա է պահում, ընկերն էլ ընտանիքով գալիս միանում է նրան: Սպասում են գուցե թե գնացող եկողից մի բան իմանան: Ընկերը, պարզվում է, Լուսիկի եղբայրն է: Մի օր էլ Լուսիկը տղայի հետ գնում է նրանց մոտ: Խնդրում են մնալ իրենց մոտ և մի լավ հեքիաթ պատմել: Աղջիկն ասում է, թե ինքը կարող է պատմել միայն մի ճշգրիտ պատմություն, որ շատ հետաքրքրական է և պատմում է սեփական պատմությունը: Եղբայրն ու ամուսինը ճանաչում են Լուսիկին, շատ են ուրախանում: Չար հարսին կապում են կատաղի ձիու պոչից ու բաց թողնում արձակ դաշտում: Որտեղ արյուն է կաթում, այնտեղ փուշ ու տատասկ է աճում, որտեղ՝ ջուր, այնտեղ՝ լիճ: Լճի խորքում երևում է մի երեխա՝ քնած օրորոցում, դանակը դրած գլխի տակ: Ասում են՝ երևում է և մի վանք, որտեղ չոքած մի կին է լալիս, անվերջ լալիս է:
Հովհաննես Թումանյան | Կռնատ աղջիկը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 27, 2016 Rating: