Իվլին Վո | Անմոռանալին | համառոտ


Մի շոգ երեկո Ֆրենսիս Հինզլիի հոլիվուդյան տուն է գալիս սըր Էմբրոուզ Էբերկրոմբին: Տեսնում է, որ տանտերը՝ հոլիվուդյան սցենարիստը, վիսկի է խմում երիտասարդ բանաստեղծ Դենիս Բարլոուի հետ: Երեքն էլ անգլիացիներ են և գտնում են, որ Ամերիկայում պիտի զբաղվեն միայն արժանի աշխատանքով և ամեն տեսակ ստորակարգ առաջարկություն չընդունեն:
Շուտով Ֆրենսիսն իմանում է, որ ստուդիայում իր պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին, իսկ նորը նրան չեն առաջարկում: Ինքնասպան է լինում: Դենիսը գնում է թաղման բյուրո, որպեսզի կազմակերպի ընկերոջ հուղարկավորությունը: Այստեղ խաղաղ և ցնծագին մթնոլորտ է: Հանգուցյալներին մատուցվող ծառայությունները շատ բարձր մակարդակի վրա են: Այստեղ ծանոթանում է Էմե անունով երիտասարդ աղջկա հետ: Սկսում են հանդիպել:
Էմեի նկատմամբ սառնասիրտ չէ նաև պարոն Ջոյբոյը, որն աշխատում է թաղման բյուրոյում: Մի օր ասում է, որ Էմեին աշխատանքային պաշտոնի բարձրացում է սպասում և որ նա կարող է դառնալ զմրսողուհի: Այդ առիթով Էմեին իր տուն ընթրրիքի է հրավիրում: Ընդունելությունը այնքան էլ ջերմ չէ և Էմեն օգտվում է առաջին իսկ առիթից և փախչում է:
Իմանալով, որ Էմեն մտադիր է ամուսնանալ բանաստեղծ Դենիսի հետ, Ջոյբոյը ցույց է տալիս երիտասարդի ստեղծագործությունները մասնագետին և պարզում է, որ դրանք բոլորն էլ անգլիացի դասականների գործեր են: Շուտով մեռնում է Ջոյբոյի սիրելի մոր թութակը: Գալով կենդանիների թաղման բյուրո, Ջոյբոյը հանդիպում է Դենիսին, որն իրականում այդտեղ է աշխատում, իսկ Էմեից թաքցնում է, որովհետև իր աշխատանքը ավելի ցածր կարգի է, քան աշխատանքը մարդկանց թաղման բյուրոյում:
Էմեն որոշում է խզել կապերը Դենիսի հետ և նշանակում է Ջոյբոյի հետ իր հարսանիքի օրը: Իր բոլոր ցավերի և դժբախտությունների մասին Էմեն գրում է թերթերից մեկի խմբագրություն, մի հանրաճանաչ հոգևոր վերակացուի: Այս վերջինը թերթում սյունյակ ունի, որը կոչվում է «Գուրու Բրահմինի իմաստությունը»: Սյունյակը վարում են երկուսով: Պարոն Աղբը պատասխանում է ընթերցողների հարցերին առանձին նամակներով: Երբ Դենիսը իմանում է, որ Էմեն մտադիր է ամուսնանալ, հանդիպում է նրան և համոզում, որ աղջիկը պիտի պահի իրեն ավելի վաղ տված խոստումը: Իսկ Էմեն տուն է վերադառնում և զանգահարում է պարոն Աղբին, որպեսզի սա խորհրդով օգնի իրեն: Դա անհաջող օր էր պարոն Աղբի համար, քանի որ նրան այդ օրը ազատել են աշխատանքից հարբեցողության համար: Սա Էմեին խորհուրդ է տալիս ցած նետվել կտուրից: Էմեն զանգահարում է Ջոյբոյին, որը, սակայն, չի կարողանում գալ նրա մոտ, որովհետև տանը ուրախություն է. սիրելի մայրիկը գնել է նոր թութակ: Էմեն գնում է թաղման բյուրո, պատահաբար պառկում է հենց Ջոյբոյի սեղանի վրա և ցիանային կալիումի ներարկում է անում:
Առավոտյան գալով աշխատանքի և իր սեղանի վրա հայտնաբերելով հարսնացուի դիակը, Ջոյբոյը թաքցնում է այն սառնարանում: Հետո գնում է Դենիսի մոտ և օգնություն է խնդրում նրանից: Դենիսը խորհուրդ է տալիս այրել աղջկա մարմինը կենդանիների թաղման բյուրոյում, իսկ աղջկա մասին ասել, որ նա իր նոր փեսացուի հետ հեռացել է Եվրոպա:
Սըր Էմբրոուզը, իմանալով, որ Դենիսը պատրաստվում է սեփական թաղման գործակալություն բացել, գալիս է նրա մոտ և սկսում է համոզել հետ կանգնել այդ խայտառակ քայլից: Փող է տալիս և խնդրում վերադառնալ Անգլիա: Մի որոշ գումար էլ Դենիսը ստանում է Ջոյբոյից: Ամերիկայում, որտեղ անգամ իրենից շատ պատվավոր մարդիկ են կործանվել, նրան ոչինչ չի պահում: 

Տես նաև Ուիլյամ Թեքերեյ Սնապարծության տոնավաճառ, Սոմերսեթ Մոեմ Թատրոն, և Բերնարդ Շոու Տուն, որտեղ սրտեր են փշրվում

Իվլին Վո | Անմոռանալին | համառոտ Իվլին Վո | Անմոռանալին | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 14, 2016 Rating: 5
Технологии Blogger.