Անտառի խորքում մի ճոճ կա կապած, նրա մեջ մի մանուկ լաց է լինում: Մայր չկա, որ պահի նրան, ծիծ տա, հայր չկա, որ պահպանի: Անտառում մարդ չկա: Մի գթոտ պախրակով՝ կաթնալից կրծքով, գալիս է ճոճի մոտ իր հորթուկի հետ և տխուր ձայնով երեխային ասում.
Սիրո´ւն երեխա, որբ ես մնացել,
Քո անբախտ մորը գերի են տարել.
Նա գնա~ց, կորա~վ, էլ հետ չի գալու,
Էլ ոչ մի անգամ քեզ ծիծ չի տալու:
Նա քեզ փաթաթեց լայն տերևներով.
Ճոճի մեջ կապեց, «նանիկ» ասելով.
Նա լաց էր լինում աղի արցունքով,
Իր վերջին «նանիկն» ասում էր լալով.
«Նանա, բալիկս, նանա~,
Մեծատերև թաթաշոր,
Մանրատերև ոտաշոր,
Քամին կանի՝ ժաժ կըտա,
Պախրեն կըգա՝ ծիծ կըտա,
Նանա, գառնուկս, նանա»…
Ահա եկել եմ, որ քեզ ծիծ տամ ես,
Պահեմ, պահպանեմ իմ հորթուկիս պես:
Պախրան ծիծ է տալիս երեխային, սա ուտում ու քնում է: Հետո պախրան հորթին թողնում է երեխայի մոտ, ինքը գնում արածելու, որ կաթը շատացնի, երկուսին կաթ տա: Հորթը նույնպես երեխային նանիկ է ասում: Պախրան գալիս է, երկուսին կաթ տալիս: Երեխան ոչ թե տարով, այլ օրով է մեծանում: Շատ չի անցնում, դուրս է գալիս ճոճից, մեկ օր չորեքթաթ անում, մյուս օրը ոտքի կանգնում, մի քանի անգամ սահում, վայր ընկնում, բայց շուտով ամրանում և սկսում է պախրի հետևից վազվզել:
Մի թագավոր որդի չուներ, երազում նրան ասում են. «Թագավոր, աստված քեզ մի որդի պիտի տա անտառի խորքումը»: Անզավակ թագավորը մի օր գնում է որսի իր որսորդների հետ: Հասնում են անտառի խորքը, պախրի հետք գտնում, նրա մոտ՝ երեխայի ոտնահետքեր: Թագավորն իսկույն հիշում է երազը և հրամայում որսորդներին, որ երեխայի հետքով գնան գտնեն նրան: Երկու ժամ չանցած՝ մի սիրուն մերկ տղա են բերում թագավորի մոտ և պատմում, թե ինչպես գտան նրան պախրի ծիծը ծծելիս: Թագավորը շատ է ուրախանում, երեխային գրկում, համբուրում և անունը դնում է Պախրատուր: Պախրատուրը մեծանում է թագավորի պալատում, լավ ուսում ստանում, դառնում թագավոր և մեծ զորքով գնում իր մորն ազատում գերությունից:
Տես նաև Անահիտ և Զանգի Զրանգի
Ղազարոս Աղայան | Անտառի մանուկը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 14, 2016 Rating: