Հրանտ Մաթևոսյան | Մեր վազքը | համառոտ


Հեղինակը հիշում է, որ իր դասարանում կար Սամադ, կար Մադաթ, կար Ամրխան, բայց նրանք դասընկերներով Թուրք էին կոչում Արտավազդին։ Մայրը վախեցել էր, որ նա էլ իր եղբայրների նման վաղ կմեռնի և որոշել էր թուրքի կամ քրդի անուն դնել, որ մահը չհասկանա, թե օտարի անվան տակ հայի տղա է ու ետ դառնա: Քանի որ անգրագետ էր, չիմանալով դրել էր Արտվազդ անունը: Դպրոցի տեսուչի դիտողությունից հետո համադասարանցիները Արտավազդին ոչ թե Թուրք, այլ Օտար են կոչում: Օտարի հոր սիրտը հիվանդ էր: Գյուղի միակ տղամարդն էր, որ պատերազմ չէր գնացել. նա ամաչում էր այդ բանի համար։ Օտարը ծաղր ու ծանակի առարկա էր, քանի որ աղջկա տեսք ուներ, և քանի որ կարմիր շապիկ էր հագնում, որի կտորը նրա մայրը հավանաբար գրադարանից էր գողացել:
Աշնան մի օր դասարանը շարված է դպրոցի բակում: Ռազմագիտության դաս է: Շարքը բաժանվում է երկու խմբի: Առաջինը վազքով ուղարկում են դեպի Տաք աղբյուր, որ այնտեղից ուռենու ճյուղ բերեն։ Մադաթը պահանջում է, որ Օտարին իր խմբից հանեն: Հեղինակը առաջարկում է, որ ինքը և Մադաթը փոխվեն խմբերով: Բայց ուսուցչուհին, որ Մադաթի հորաքույրն է, առաջարկում է Օտարին հեղինակի խումբ բերել: Հեղինակը համաձայնում է: Նրանց խումբը պիտի վազի մինչև Սղոցարաններ և յուրաքանչյուրը մի բուռ թեփ բերի այնտեղից: Վազքի ընթացքում Օտարը վազում է հեղինակի կողքին: Հեղինակը նրան անվերջ սիրտ է տալիս, հորդորում է քթով շնչել: Զգում է, ասես Օտարի մեջ ուրիշ ինչ-որ մեկն է վազում: Հեղինակը առաջարկում է Օտարին ճանապարհին իրենց հանդիպած կանանցից, որ իրենց մայրերն են և թեփ են բերում, թեփ վերցնել և դառնալ դպրոց: Բայց Օտարը չի ուզում զատվել մյուսներից, թեպետ վազել նույնպես չի կարող: Հեղինակը հրում է նրան, գցում գետնին և ասում, որ նստած մնա: Ինքը Օտարի մի բուռ թեփը կբերի: Հասնում է ընկերներին: Սղոցարանում Արտավազդի համար թեփ է վերցնում, բայց տալիս է տղաներից մեկին, որ նա տա Արտավազդին: Բայց տղան չի վերցնում: Բոլորը ետ են դառնում, իսկ հեղինակը մնում է: Հետո դառնում է: Ճանապարհին նորից հանդիպում է Օտարին: Նրանք վազում են: Օտարին թվում է, թե նրանք վազում են դեպի սղոցարաններ: Նա չի ուզում հեղինակի բերած թեփը անգամ այն բանից հետո, երբ սա ասում է, թե իր թեփն էլ իրեն մյուս տղաներն են բերել: Երևում է գյուղը: Նրանց վերադարձը դպրոցի պատուհանից դիտում են դպրոցական աղջիկները: Դպրոցի բակն ամայի է: Արտավազդը ետ է մնում: Հեղինակը վազում է ուսուցչուհու տուն: Ուոսւցչուհին կովերի համար խոտ է անում։ Ուռենու ծաղկած ճյուղը ձեռքին՝ Մադաթը կանգնած է կովերի և գոմի արանքում։ Մադաթը հպարտ նայում է հեղինակին՝ ասես տոնելով իր հաղթանակը: Նրանք դեռ առավոտյան կռվել էին և Մադաթը ձնագունդը փորձել էր հեղինակի բերանը մտցնել: Ուսուցչուհին հարցնում է. «Իսկ Արտավազդն ո՞ւր է»: Եվ հեղինակը պատասխանում է, որ գալիս է: Նրան թվում է, թե ուսուցչուհին ուզում էր լսել իրենից, որ Օտարը դպրոցում է, բայց հեղինակը նրան ձորում էր թողել: Հեղինակին թվում է, թե ուսուցչուհին այնպես է նայում իր վրա, ասես իր առաջ իր եղբորը սպանողն էր։

Հրանտ Մաթևոսյան | Մեր վազքը | համառոտ Հրանտ Մաթևոսյան | Մեր վազքը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 10, 2016 Rating: 5
Технологии Blogger.