Հրանտ Մաթևոսյան | Ծառեր | համառոտ


Հերոսները ծանոթ են «Աշնան արև» վիպակից: Հերոսուհին՝ Աղունը, դիմում է առաջնեկ որդուն՝ պատմելով նրան իր հոր՝ Իշխանի մասին և որոշ դրվագներ սեփական մանկությունից: Խնդիրը արյունների հարցն է: Որդին խեղճ է, մեջը վրեժ չկա, իսկ Իշխանը այդպես չէր: Նա խելոք բաներ ո´չ ասում էր, ո´չ էլ մտածելու ժամանակ ուներ, գործի մարդ էր, գետինը նրա ոտքի տակ վառվում էր. «Մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն»,- ասում էր Իշխանը իր մերացվին: Որդուն ասում է, որ նրան կուլ են տվել ու գովում են, ասում է խիղճ, բայց խիղճը գեղեցիկ է, երբ գազանի մեջ է: Որդունը խիղճ չէ, այլ խեղճություն: Վանքեր գյուղը Իշխանից աստծու չափ շնորհակալ էր, քանի որ բոլորին կարող էր վնաս տալ: «Նրա վտանգը ծովիանի´, ծովիանի նման խաղում ու ցոլում էր Վանքերից Բորչալու ու Բորչալվից Ղազախ բոլորի վրա և ամեն րոպեի կայծակ կդառնար ու կտրաքեր ուզածդ խեղճուկրակի գլխին: Բոլորի համար նրա լավությունն էն էր՝ ոչ չէր տրաքում, թէ չէ ուրիշ լավություն ոչ ոքի համար նա չի արել»: Մայրը պատմում է, որ լավություն բոլորին արել է որդու պապ և իր պատրոն Ավետիքը: Ուրիշի համար՝ մեղր, պատվաստ, կացնի կոթ, սել, ամուսնացած եղբոր փոխարեն՝ բանակ, եղբոր բանտարկված տղայի համար՝ կառավարչի մոտ կոռի, մինչդեռ նրա Գիքոր փոքր եղբայրն ասել է՝ «Էդ ո~նց է Սարգսի համար կոռի գնաց, ինձ համար ձեռուոտն էդպես կապվել է՝ մի սել չի սարքում»: Ոչ ոք նրա ձիուն շնորհակալություն չէր ասում, բեռն իջեցնում ու քամակին էին ճիպոտում - բեռը՝ իրենց, քրտնահոտը՝ տիրոջը: Մարդը և անասունը հիշողությամբ են տարբերվում: Որդուն ասում է, որ նա Իշխանի տեսակը չէ: Իշխանը ոչինչ չէր մոռանում: Սրանց նախիրը գողանում ծախում էր նրանց վրա, նրանց ոչխարը գողանում ծախում էր սրանց վրա: Իվան Արզումանովը ձեռքը դրել էր նրա նիհար ուսին ու հարցրել՝ մի՞թե նրան դեռ չեն կախել: Ժողովուրդը ձայնը կտրել, քարացել է: Իսկ նա՝ «Չէ, Վանյա, գործկոմն իմ մասին հատուկ որոշում է հանել»: Մերացուն պատմել է, որ եկել տուն և իրեն գետնով է տվել մորթած անասունի պես: Մայրը պատմում է, որ այդ ամենը իրեն պատմել է մերացուն, իսկ ինքը դա չի տեսել: Նա որդու Նանարի հասակին աղջիկ էր ու մի դեյրայի մեջ կանգնած էր եզների առջև: Հայրը կանգնեցրել էր իրեն սելի դեմ, եզները խոտ էին ուտում, ու տգեղ աշուն էր: Վանյա Արզումանովի կինը նրան հավանել էր, նրանք երեխա չունեին և նա երազում էր, որ իրեն տանեին Մոսկվա ու ինքը պրծներ Իշխանից, մերացուից ու բոլորից: Տատը շալը փաթաթել է գլխին, թևերի տակով տարել ու մեջքի վրա կապել է- իրեն այդ շալն է պահում: Միայն Իշխանն է կուրացել ու չի տեսնում, որ որբ է, բոբիկ է, ծնկներն այդ տգեղ աշնան մեջ բաց են: Բանում է, տեսնելու միջոց չունի: Եղբորը աշկերտության է տվել հյուսնին, իրեն դրել է սելի դեմ ու բանում է, բարձում է, քար է հանում, կրում է: Հետո՝ բանտում տեսավ, որ բոբիկ է ու լաց եղավ. ինքը բանտ հաց էր տանում՝ բանտից տեսավ, որ ձյուների մեջ բոբիկ է ու լցվեց: Մինչև բանտ մի երկու ոսկի ուներ, գոմից հանում ծառի տակ էր թաղում, այգուց հանում բուխարու ծակն էր կոխում: Բայց ոսկին նրանը չի, Թովուզի ոչխարատիրոջն ու Քոշաքարա նախրատիրոջն է եղել, իրենը մգդակած մի բաճկոն է, երկու ձեռ ու մի հոտած բերան,- եկել է ու հայհոյում է, հայհոյում է: Մինչդեռ այս կողմի մարդիկ,- ասում է մայրը որդուն,- նրա հայրը, պապը, հորեղբայրները չեն հայհոյում, բայց աշխարհից ինչ են հասկանում, որ ինչ հայհոյեն: Ծեծում ես, զրկում ես, մորթում ես՝ եզն անմռունչ կանգնած է: Գոնե չարանա, հեռվից ուշունցի կապի: «-ո´չ,- դե եթե ուզում ես մորթես՝ մորթիր, դե եթե ուզում ես կտրես՝ կտիր- ես ծառ եմ»: -Քոնոնք ծառ են,- ասում է մայրը որդում: Պատմում է խորթ մոր և երկու եղբայրների մասին: Եղբայրներից մեկը նրանից էր, մյուս եղբայրն ու ինքը Իշխանի առաջին կնոջից էին: Մայրը շուտ էր մահացել: Մերացուն իրենց լավ չի վերաբերվել: Տատն էլ լաց էր լինում իր բախտի համար ու պատմում նրանցից: Պատմում է նաև իր հորաքույր Մանիշակի մասին, որը նույնպես անբախտ է: Ինքը իր հորից ոչ մի օգուտ չի տեսել, բանտում իր բոբիկության վրա լաց լինելուց հետո էլ նա կոշիկ չառավ, նրա օգուտը իրեն՝ որդու զրնգուն ու քինոտ արյունն էր լինելու, բայց չեղավ, ու ինքն իրեն ասում է. «իսկ լա՞վ է, որ քոնոնք՝ քո էստեղինները ոչ կռանում են, ոչ բարձրանում, ոչ էլ ապրում- քնա~ծ, բարի~, ալարկո~տ կան, թե կտրեցիր՝ կտրեցիր, թե չկտրեցիր՝ ուրեմն դեռ ոտի վրա է, գլխարկը թե տարար՝ տարար, թե չտարար՝ ուրեմն դեռ գլխին է»:

Հրանտ Մաթևոսյան | Ծառեր | համառոտ Հրանտ Մաթևոսյան | Ծառեր | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 06, 2015 Rating: 5
Технологии Blogger.