Հրանտ Մաթևոսյան | Մեծամոր | համառոտ


Ամենայն ուրախությամբ դարձյալ կգայի Խորհրդային Միություն, բայց անելիք շատ ունեմ:
Մեր վիպասանները ֆրանսացի հրատարակիչների համար փնտրված հեղինակներ են: Պետք է,- հրաժեշտ տալով ասաց թուրք առաջադեմ գրողը (նա հակաամերիկյան թրքական շարժման գործուն մասնակիցներից է),- վերջացնեմ ձեռքիս գործը և սկսեմ աշխատանքը վաղուց մտածված գրքի վրա, որ լինելու է 20-ական թվականներին իմ ժողովրդի վարած ազգային-ազատագրական պատերազմի մասին: 20-ական թվականներին նրա ազգային-ազատագրական բանակը Շիրակում ոչնչացրեց 200 000 հազար հայ: Միլիոնատիրոջ որդի է, ուժեղ երկրի ներկայացուցիչ, Թուրքիայի հետամնացությունը 20-րդ դարում այսօր-վաղը լուծվող հարց է, 33 միլիոն են և աճում են, 50 միլիոն են,- ի՞նչ է ասելու այս Նեֆզատ Ուստյունը իր ազգային-ազատագրական բանակի վայրագության մասին. ասելու է «երկու 100 000 զավթի՞չ ոչնչացրին», 1 միլիոնից 200 000 հազարս զինվո՞ր էինք: Ասելու է «չենք ոչնչացրել, իրե՞նք են մեզ ոչնչացրել», ասելու է «լա՞վ ենք արել»: Դու և քո խիղճը, Նեֆզատ Ուստյուն, դու և քո խիղճը, ուրիշ ոչ ոք քեզ ոչինչ չի կարող ասել:
Ազնիվ Օքիոփերիձեն (հորենական ազգանվամբ՝ Խաչթովմասյանը) փնտրում է հորը՝ Համազասպ, մորը՝ Արուսյակ, եղբայրներին՝ Անդրանիկ, Պռոշ, Անուշավան, Մանուկ, Հարություն, Համբարձում, Գառնուկ քույրերին՝ Արփեն, Մարիամ, Շուշան Խաչթովմասյաններին (ծնված 1895-1913 թվականներին, Արևմտյան Հայաստանի Բիթլիս քաղաքում), հորեղբայրներին՝ Արշակ, Սարգիս, Խաչատուր, նրանց զավակներին՝ Աշոտ, Արտաշես, Արտավազդ, Հակոբ, Գալուստ, մյուս Շուշան, Գուրգեն, Սուրեն, Աղավնի, Ոսկի, Թուխմանուկ Խաչթովմասյաններին, ծնված նույն քաղաքում: Անհետ կորել են 1915-ին: Ազնիվին փրկել է լեհ սպան: Լուրեր կան, որ Ազնիվի հարազատները ողջ են, Արգենտինա, Ավստրալիա կամ գուցե Ռուսաստան են: Ազնիվենց տունը վանքի ետևն էր, տան ու վանքի արանքում այգին էր, այգում ջրհոր: Տեղեկություններն ուղարկել U.S.S.R. Армянская С.С.Р. Երևան, Ալավերդյան փողոց - 37, «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագրությանը:
ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ՄԱՅՐԵՐԻՆ «ՀԵՐՈՍՈՒՀԻ ՄԱՅՐ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ.- «Հերոսուհի մայր» պատվավոր կոչում շնորհել և «Հերոսուհի մայր» շքանշաններ ու ԽՍՀՄ Գերագույն խորհրդի շնորհագրեր հանձնել տասը երեխա ծննդաբերած և դաստիարակած հետևյալ մայրերին.
1. Ֆրանգիզ Սուլթան կըզի ԱԲԴՈՒԼԱԵՎԱՅԻՆ - տնային տնտեսուհի, Սիսիանի շրջանի Դաստակերտ ավան:
2. Բախչագյուլ Շկոյի ԱՐԱԲՅԱՆԻՆ - սովխոզի բանվորուհի, Արագածի շրջան:
«Աշխարհի տասնչորս երկրներից, որպեսզի քննարկեն գալակտիկաներում կատարվող անկայուն երևույթներին վերաբերող հարցերը, Երևան են ժամանել 70 խոշորագույն աստղաֆիզիկոսներ. դրանց մեջ են Լեյդենյան աստղադիտարանի վարիչ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ պրոֆեսոր Յան Օորտը (Հոլանդիա), արտաքին գալակտիկաների ականավոր հետազոտող Բերբիջի ամուսինները, պրոֆեսորներ Ցվեկին և Մինկովսկին (ԱՄՆ), միջազգային ռադիոկապի փոխնախագահ դոկտոր Լեքյոն (Ֆրանսիա), ակադեմիկոս Զիլդովիչը (ԽՍՀՄ), պրոֆեսոր Ֆուգիմետոն (Ճապոնիա), պրոֆեսոր Ուխտելը (ԳԴՀ), պրոֆեսոր Սերսիկը (Արգենտինա) և ուրիշներ: Բացման խոսքով հանդես եկավ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը. ողջունելով միջազգային գիտաժողովի մասնակիցներին, նշեց խիստ կարևորությունը անկայուն երևույթների հետագա հետազոտության, որի նպատակն է լայնացնել հեռավոր գալակտիկաների կառուցվածքի և նրանց բաղադրած նյութերի դեռևս անհայտ հատկությունների գիտական պատկերացումները: Մասնակիցները վաղը կլինեն Բյուրականի աստղադիտարանում, Մեծամորի պեղումնավայրերում, ինչպես նաև Էջմիածնում և Զվարթնոցում»: «Հանրապետության գիտությունների ակադեմիայի հնագիտության թանգարանի արշավախմբերը ծավալուն պեղումներ են կատարում Հրազդան գետի դարավանդներում, Ծիծեռնակաբերդում, Շենգավիթում, Թեյշեբաինիում, Էրեբունիում, Մեծամորում, Արմավիրում և այլուր: Ամենուրեք հայտնաբերվում են նյութական մշակույթի շատ արժեքներ: Թանգարանն ամեն տարի ստանում է հնագիտական շուրջ 3000 առարկա… Մեծ հետաքրքրություն է ներկայացնում Հառիճ գյուղի բերդ-ամրոցը, որ մեր թվագրությունից առաջ 3-րդ հազարամյակից է: Հիշատակության արժանի է Մեծամորի հեթանոսական վիթխարի մեծությամբ մեհյանի, հնագիտական հազարավոր առարկաների, մետաղաձուլական հնոցների բացահայտումը: Պեղումնավայրերում կուտակվել էին նյութական մշակույթի այնքան արժեքներ, որ գիտությունների ակադեմիայի հնագիտության թանգարանի ղեկավարությունն ստիպված էր, դրանք տեղում պահպանելու նպատակով, թանգարաններ դարձնել Դվինը, Գառնին, Էրեբունին: Մեկ-երկու տարի հետո թանգարաններ կդառնան Մեծամորը, Հառիճը, Շենգավիթը, Արմավիրը, Լճաշենը, Գլաձորը, Սյունիքը, Աղստևի հովիտը, Սևանի ջրերից ազատված տարածությունները և, շատ հավանական է, ազատվելիք տարածությունները նույնպես: Մեր գործի կարևորությունը ընդգծելու համար բերեմ միայն մեկ իրողություն. մեծամորյան մետաղաձուլարանների հայտնաբերումը, գիտնականների ենթադրությամբ, արդեն ուղի է նշում դեպի մեր թվագրությունից առաջ 17-րդ դարում Եգիպտոսը նվաճած հիքսոսների առեղծվածի լուծումը: Ովքե՞ր էին հիքսոսները, որտեղի՞ց էին գալիս, որտե՞ղ էին կռանել իրենց երկաթե սրերը... »:
Թուխ ու ջղային մարդկանց մի ցեղ, որ իրեն հիքսոս էր կոչում, հյուսիսից Ասորիք ու Փյունիկիայով Նեղոսի հովիտ մտավ և փարավոնների 17-րդ հարստությունը մեկ բախմամբ կործանեց այն պատճառով, որ նվաճողները հատում ու խոցում էին պողպատե թրերով և նրանց մարտակառքերի անիվները շուրջանակված էին երկաթով, և նժույգներն ինչպես էլ սուրային՝ նրանց մարտակառքի անիվները փուլ չէին գալիս, քանի որ շուրջանակված էին երկաթով: Դարձան փարավոն ու քուրմ, սովորեցին կրակի մոգությամբ քարից քաշել երկաթե թուրը ընդդեմ լիբիական փուխր բրոնզի, աստղակապերը զատել երկնքի աստղային խառնափնթորությունից և ապա հալվեցին, հատան շոգ երկրի բարի ալարկոտության ու կանանց տաք թախիծի մեջ: Հյուսիսից Ասորիք-Փյունիկիա-Եգիպտոս: Հետո չքացան: (Եվ ջրերը երկրի վրա նվազում էին: Եվ տապանը նստեց Արարատ լեռան վրա): Արարատյան հովտում 2-րդ հազարամյակի հնոցներ են բացվել: Եգիպտերենում չկար յ կիսահնչյունը. եգիպտացիները եթե գրելու լինեին Հայք՝ պիտի գրեին Հաիք: Եգիպտոս-Եղըպտոս-Ղըպտոս-ղըպտ: Հիքսոս: Հիքսոս-հիք-հէք-հայք-հայ: Մայր-մէր, հայր-հէր, ձայն-ձէն Օֆ, ձենդ կտրիր և մի ասա թե մեր հայոց Տիգրան թագավորը մեծ զորավար էր:
Հերն անիծած, բայց Արարատը միշտ գտնվել է Արարատյան հովտում, իսկ հովիտն Ասորիքից հյուսիս է. հեթիթներն էլ հյուսիս էին, բայց այդ առեղծվածային հիքսոները կռվել են նաև հեթիթների դեմ: Թուխ ու ջղային մարդկանց մի ցեղ, որ իրեն հիքսոս էր կոչում, հյուսիսի Արարատ երկրում զինվեց Մեծամորի պողպատե սրով, մարտակառքի անվաճաղերը հղկեց Արեգունու կենու ծառից, որ մետաղի կարծրություն ունի Ցորնաթուխ ու եռանդուն մարդկանց մի ցեղ, որ երկաթը քարից զատում էր ֆոսֆորի մոգությամբ, իսկ ֆոսֆորը գտել էր ոչխարի ու տավարի ոսկորի մեջ և առհասարակ ոսկորի մեջ՝ լինի տավարի թե մարդու Թուխ ու ջղային մարդկանց մի ցեղ, որ իրեն հայ ու իր երկիրը Հայք էր կոչում, հեթիթներին ոտնատակ տալով հյուսիսից իջավ Ասորիք, սուրաց ու փշրեց երկաթով բրոնզե բանակներն ու Թուխ ու ջղային մարդկանց երկու ցեղ, որ իրենց հայ ու հույն էին կոչում, զինվեցին սաղավարտով, նիզակով, թրով, զրահավորվեցին, միացան, դարձան հայ-հույն միակուռ ասպետ, և Մարաթոնից զրնգոցով եկավ ասպետը Արևելքից գալիս էր արտ ու արոտ տրորելով Ակչա-կոյունլու ոչխարի հոտը Զրնգոցով գնաց ասպետը, խփեց ու ու խրվեց Ակչա-կոյունլու հոտի մեջ և տառապեց ու ելնել չկարեցավ բրդի փափուկ նեղվածքից, և նրա զրահը բրդի մեջ չէր զրնգում Եվ հովիվը մահակը թափահարեց ու քշեց նրան էլ հոտի մեջ մինչև Մարաթոն ու Հերկուլեսյան սյուներ: Եվ նա մոռացել էր, որ ինքն ասպետ էր և Ակչա-կոյունլու հոտի մեջ մայում էր: Քո բոլոր ճակատամարտերն այլևս տանուլ են տրված: Ոչնչացվել են կռվողների քո փոքրիկ խմբերը լեռներում: Հաղթանակ չունես: Քո պարզած սպիտակ դրոշները թշնամու մեջ չեն խաղացել սրտառուչ հարգանք և հաշտության քո բանագնացները խեղդվել են հռհռոցի մեջ: Քո երկիր մտել են ոչ թե փաղանգների կուռ սպառնալիքով կորզելու հավասարի քո դաշինքը կամ գնելու քո մեծահոգի չեզոքությունը, այլ թափթփված խուժանի խմբերով են եկել՝ կնիկ, ճարմանդ, կարպետ, ձի խլելու, արտ հրդեհելու: Պատառոտվել են նոր գնդեր գումարելու քո ծրագրերը: Դու ջախջախված բանակի միավոր ես: Դու պիտի այն անես, ինչ անում են պարտված բանակները: Պարտված բանակները հաղթողների համար կանգնեցում են իրենց պարտության հուշասյունը: Եռանդուն մարդկանց մի ցեղ, որ իրեն հիքսոս էր կոչում, հյուսիսի Արարատ երկրում պողպատը… -Ոչ, մի պարծեցիր:
Ազնիվ Դիլբասին փնտրում է 1915-ին անհետ կորած իր Համազասպ հորը, Արուսյակ մորը, 2 000 000 եղբայրներին ու… -Մի նվնվա:
Մեկ-երկու տարի չանցած թանգարաններ կդառնան Մեծամորը, Հառիճը, Շենգավիթը, Սևանի ջրերից ազատված տարածությունները և, ամենայն հավանականությամբ, ազատվելիք տարածությունները նույնպես: Չէ՞ որ օտարները մեր հանրապետությունը կոչում են թանգարան բաց երկնքի տակ: -Մի հեգնիր:
-Լավ:

Հրանտ Մաթևոսյան | Մեծամոր | համառոտ Հրանտ Մաթևոսյան | Մեծամոր | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 06, 2015 Rating: 5
Технологии Blogger.