Ալֆոնս Դոդե | Մայրիկը


Այդ առավոտ գնացել էի Մոն-Վալերիեն իմ բարեկամ նկարիչ Բ-ին՝ Սենի կայազորի սպային տեսնելու:
Արիասիրտ երիտասարդը պահակակետում էր: Անհնար էր այդտեղից հեռանալ: Ստիպված էինք վերև-ներքև անել նույն տեղում, ամրոցի դարպասի առջև, նավի կամրջակին հերթապահող նավաստիների պես, զրուցելով Փարիզի, պատերազմի և մեր սիրելի հանգուցյալների մասին: Հանկարծ իմ այս սպան, որ մինչև իսկ զինվորականի թիկնոցի տակ նկարիչ էր մնացել, ընդհատում է խոսքը, մեխվում տեղում և թևիցս բռնելով՝ Ա՜հ, հրաշալի Դոմիե,- շշնջում է նա մոխրագույն մանր աչքերով, որոնք միանգամից փայլատակում են որսորդական շան աչքերի պես, ցույց է տալիս այն երկու պատվարժան ուրվագծերը, որոնք հայտնվել էին Մոն-Վալերիենի հարթության վրա:
Իսկապես, Դոմիեին արժանի հրաշալի գծանկար: Տղամարդը՝ շագանակագույն սերթուկով, մամռագույն կանաչ թավշե օձիքով, նիհար, կարճահասակ, կարմիր թշերով, իջած ճակատով, կլոր աչքերով, բվեճի կտուց-քթով: Թռչնային կնճռոտ գլուխ՝ հանդիսավոր ու հիմարավուն: Կերպարն ավարտուն դարձնելու համար՝ ձեռքին ծաղկազարդ կտորով պատած մի զամբյուղ, որտեղից դուրս էր եկել շշի բերանը, մյուս թևի տակ՝ պահածոյի մի տուփ, այն սպիտակ թիթեղյա մշտական տուփը, որ փարիզաբնակները տեսնելիս չեն կարող չմտաբերել իրենց հնգմասյա պաշարումը…
Կնոջից նախ և առաջ երևում էր հսկայական լայնեզր գլխարկն ու շալը, որը կարծես ընդգծելու համար նրա թշվառ կերպարանքը, վերևից ներքև ամուր սեղմել էր իրանը: Հետո, գլխարկի գունաթափ ժապավեն-կապիչի ծալքերի արանքից մերթ ընդ մերթ դուրս ցցված սուր քթի ծայրն ու մի քանի թել ճերմակին տվող մազեր:
Հասնելով հարթակին, տղամարդը կանգ առավ շունչ առնելու և ճակատի քրտինքը սրբելու համար: Այնինչ, այստեղ վերևում՝ մշուշների մեջ, շոգ չէ, բայց այնքան արագ էին բարձրացել…
Կինը կանգ չառավ: Ուղիղ գնաց դեպի դարբասը, վարանելով մի պահ նայեց մեզ, կարծես ուզում էր ինչ-որ բան ասել, բայց երևի վախեցած սպայի ուսադիրներից՝ նախընտրեց դիմել ժամապահին, ու լսեցի, թե ինչպես երկչոտ տեսակցություն էր խնդրում իր որդու՝ Փարիզի վեցերորդ շրջանի երրորդ մասից եկած զինվորի հետ:
- Սպասեք այստեղ,- ասաց ժամապահը,- հիմա կկանչեն:
Անսահման ուրախությունից թեթևացած՝ հոգոց քաշելով, կինը շրջվեց ամուսնու կողմը, և երկուսով գնացին զառիթափի եզրին նստելու:
Շատ երկար սպասեցին այստեղ: Մոն-Վալերիենը բավական մեծ տարածություն է զբաղեցնում, ամվողջովին խճողված հեղեղատներով, ողորկ ճամփաներով, ամրություններով, զորանոցներով, ապաստարաններով: Փորձեք գտնել վեցերորդ շրջանի ինչ-որ զինվորականի՝ երկնքի ու երկրի միջև կախծված և Լապուտայի կղզու պես ամպերի մեջ ոլորապտույտ ծածանվող այդ խառնիխուռն քաղաքում: Դրան գումարած, այդ ժամին ամրոցը լցված է թմբուկների և շեփորների աղմուկով, այս ու այն կողմ վազվզող զինվորներով, տակառների զնգոցով: Ոտքի են հանել պահակախմբին, զինվորական ծառայողներին և կայազորին. հրացանի կոթերով հրելով, պարտիզաններն արնաշաղախ մի լրտես են բերում: Նանտերի գյուղացիներն եկել են գեներալի մոտ բողոքելու, քառասմբակ արշավող ձիավոր-մունետիկն է հայտնվում. մարդը՝ ցրտից փայտացած, կենդանին՝ քրտնաթոր, առաջին գծից բերում են վիրավորներ, որոնք ճոճվում են ջորիների գավակներին: Հիվանդ գառների պես նվաղուն հեծեծանքներ արձակելով, նավաստիները նոր սարքավորումներ են ձգում սրնգի հնչյունների և «հի՛սսա-հո՛» ձայնարկությունների ներքո, ամրոցի ոչխարի հոտը, որին կարմիր տաբատով մի հովիվ քշում է առաջ ցուպը ձեռքին, սվինավոր հրացանը պատյանի մեջ խրած, և այս ամենը գնում-գալիս, խաչաձևվում է բակում, խճողվում դարպասի տակ, ինչպես արևելյան քարվանսարայի ցածրիկ դռների մեջ: «Գոնե տղային չմոռանային», այս ամբողջ իրարանցումը տեսնելով կարծես ասում էին խեղճ մոր աչքերը, և հինգ րոպեն մեկ վեր էին կենում տեղից, աննկատ մոտենում էր դարպասի դռանը, պատին կպած գողունի հայացք էր նետում բակի մեջ:
Եվ չէր համարձակվում նոր հարցեր տալ, վախենալով իր երեխային ծիծաղելի վիճակի մեջ դնել: Տղամարդը, նրանից ավելի երկչոտ, չէր հեռանում տեղից, և ամեն անգամ, երբ կինը տակն ու վրա եղած հուսահատ վերադառնում էր մոտը, տեսնում էր, թե ինչպես է ամուսինը հանդիմանում նրան անհամբերության համար և կրքոտ բացատրություններ տալիս զինվորական ծառայության օրենքների վերաբերյալ այն միամիտ մարդու շարժումներով, որն իրեն հասկացողի տեղ է դնում:
Ինձ միշտ և անչափ հետաքրքրել են լուռ ու մտերմիկ տեսարանները, որոնք ավելի շատ գուշակում ես տեսնելիս այն մնջախաղերը, որ փողոցում հաճախ ես հանդիպում, և որևէ շարժում կարող է հանկարծ մի ողջ գոյության հայտնությունը դառնալ, բայց այս դեպքում ինձ ամենից շատ հմայում էր իմ հերոսների անճարակությունն ու միամտությունը և անկեղծ հուզումով դիտում էի Սերաֆենի ողբերգությունների զույգ հերոսների կերպարների նման նրանց արտահայտիչ ու պարզ դիմախաղը, կենցաղային բնույթի հրաշալի դրամայի բոլոր անակնկալ փոփոխությունները…
Եվ ահա, պատկերացնում էի մորը, որ մի գեղեցիկ առավոտ անկողնուց վեր կենալով ասում է ինքն իրեն. «Այդ պարոն Տրոշուն համը հանեց իր զորանոցներով… երեք ամիս է երեխայիս չեմ տեսել… Ուզում եմ գնալ գրկել, համբուրել նրան»:
Հայրը, երկչոտ բավական ձախորդ մի մարդ, վախենալով անցաթուղթ ձեռք բերելու համար բազմաթիվ դժվարություններից, նախ փորձում է սթափեցնել կնոջը:
- Դե հասկացիր, սիրելիս, այդ Մոն-Վալերիենը գրողի ծոցում է… Ինչպե՞ս կհասնես առանց կառքի: Եվ հետո դա զորանոց է, կանայք իրավունք չունեն մտնել:
- Ես կմտնեմ,- ասում է մայրը:
Քանի որ կինն ինչ պահանջում է, պետք է կատարվի, ամուսինը ճանապարհ է ընկնում, գնում է բաժանմունք, քաղաքապետարան, զինվորական խորհրդի ատյան, քննիչի մոտ, վախից քրտինք թափում, ցրտից սառչում, այս ու այն կողմ զարնվում, երկու ժամ մի գրասենյակի դռան առաջ հերթ կանգնում, հետո պարզվում է, որ սխալվել է: Վերջապես երեկոյան վերադառնում է պետից ստացած անցաթուղթը գրպանում… Հաջորդ օրը առավոտ շուտ վեր են կենում ցրտին, լապտերի լույսի տակ: Տաքանալու համար հայրն արագ մի բան է գցում բերանը, բայց մայրը քաղցած չէ: Նախընտրում է որդու հետ այնտեղ նախաճաշել: Եվ մի փոքր կերակրելու համար խեղճ զինվորին, զամբյուղի մեջ արագ դարսում են պաշարման օրերի ունեցած-չունեցած մթերքը. շոկոլադ, քաղցրավենիք, զմռսված շշով գինի, ամեն ինչ, ընդհուպ մինչև թիթեղյա տուփը, ութ ֆրանկանոց, այն թիթեղյա տուփը, որ մեծ խնամքով պահում են սովի տարիների համար: Որից հետո ճանապարհ են ընկնում: Նոր են հասել պարսպի մոտ, դռները բացվում են: Անհրաժեշտ է անցաթուղթը ներկայացնել: Մայրն է շատ վախեցած… Բայց չէ: Կարծես ամեն ինչ կարգին է:
Այդ ժամանակ միայն շունչ է քաշում. «Շատ քաղաքավարի էր այդ սպան»: Եվ կաքավի պես թեթև ոստոստում է, շտապում: Մարդը հազից հասնում է ետևից:
- Սիրելիս, շատ արագ ես գնում:
Բայց կինը չի լսում: Այնտեղ վերևում, հորիզոնի ամպերի քուլաների միջից Մոն-Վալերիենն է կանչում: «Շուտ արեք… Նա այստեղ է»: Եվ հիմա, երբ հասել են, նոր հոգսեր… Իսկ եթե նրան չգտնեն: Եթե չգա… Հանկարծ նկատեցի, ինչպես ցնցվեց կինը, ինչպես խփեց ծերուկի թևին և ընդոստ թռավ տեղից… Հեռվից, դարպասի կամարապատ դռան մեջ ճանաչեց որդու քայլվածքը: Նա էր: Երբ հայտնվեց, ամրոցի ճակատը լույսով ողողվեց: Հոգիս վկա, գեղեցիկ, բարձրահասակ մի երիտասարդ, բարեկազմ, պարկը ուսին, հրացանը ձեռքին… հասավ նրանց մոտ պայծառադեմ, առնական և ուրախ ձայնով.
- Բարև, մամա:
Եվ իսկույն ուսապարկ, թիկնոց, սվինավոր հրացան, բոլորն անհետացան խոշոր լայնեզր գլխարկի տակ: Հետո հոր հերթը հասավ, բայց երկար չտևեց: Լայնեզր գլխարկն ուզում էր ամեն ինչ իրենը լինի: Անհանգիստ էր…
- Ո՞նց ես, տաք հագնվա՞ծ ես… Ճերմակեղենդ ի՞նչ վիճակում է:
Եվ գլխարկի կապերի ծալքերի տակից զգում էր այն անվերջանալի գորովալից հայացքը, որով պարուրում էր որդուն ոտքից գլուխ համբույրների, արցունքների, ծիծաղի տարափի տակ. մայրական սիրո երեք ամսվա բացակայությունը հատուցվում էր միանգամամից: Հայրը նույնպես հուզված էր, բայց թաքցնում էր: Զգում էր, որ նայում ենք իրեն, և մեզ աչքով էր անում՝ կարծես ասելու համար. «Ներեցեք… կին է»:
Ի՜նչ ներել: հանկարծ շեփորի ձայնը փչեց այս գեղեցիկ ուրախության վրա:
- Կանչում են,- ասաց երեխան,- պետք է գնամ:
- Ինչպես թե, մեզ հետ չես նախաճաշելո՞ւ:
- Դե, չէ, չեմ կարող… Քսանչորս ժամ, ա՜յ այնտեղ, ամրոցի ամենաբարձր տեղում ժամապահ եմ նշանակված:
Վա՜խ արեց խեղճ կինը և էլ ոչինչ չավելացրեց: Մի պահ երեքով նստեցին իրար շվարած: Հետո հայրը խոսել սկսեց:
- Գոնե տուփը վերցրու,- ասաց սրտաճմլիկ ձայնով, զոհաբերվող շատակերի հուզումնալից և միաժամանակ զավեշտական արտահայտությամբ: Բայց ահա այդ հուզիչ, զգայացունց հրաժեշտի պահին չէին գտնում անիծյալ թիթեղյա տուփը. ցավալի էր տեսնել այդ թույլ դողահար ձեռքերը, որոնք փնտրում էին, շարժվում, լսել արցունքից կերկերուն ձայները. «Տուփը, ո՞ւր է տուփը» և չէին ամաչում խառնել ընտանեկան այս աննշան մանրուքը մեծագույն վշտին… Տուփը գտնելուն պես մի վերջին ու երկարատև գրկախառնություն, և երեխան վազքով ետ գնաց ամրոց:
Պատկերացրեք, նրանք եկել էին շատ հեռվից նախաճաշելու, որը մեծ տոնախմբության էր փոխվելու. մայրը ամբողջ գիշեր չէր քնել. և ասացեք, խնդրեմ, ավելի հուզիչ բան տեսե՞լ եք, քան անկատար այս որոշումը, այդպես անաչառորեն բացված և իսկույն փակված դրախտի այս անկյունը: Նրանք որոշ ժամանակ անշարժ կանգնած մնացին նույն տեղում, աչքերն անթարթ հառած այն դռանը, որի ետևում անհետացել էր իրենց որդին: Վերջապես տղամարդը թափ տվեց իրեն, կիսաշրջան գործեց, արիաբար երկու-երեք անգամ հազաց ու այնքան վստահ, որ ձայնը չդողաց:
- Գնացինք, մայր, ճանապարհ ընկիր,- ասաց նա բարձրաձայն և շատ հստակ: Հետո լայն շարժումով հրաժեշտ տվեց մեզ ու մտավ կնոջ թևը… Մինչև ճանապարհի ոլորանը հայացքով հետևում էի նրանց: Հայրը կատաղած էր: Հուսահատ շարժումով տարուբերում էր զամբյուղը… Մայրը ավելի հանգիստ էր երևում:
Նա քայլում էր ամուսնու կողքով, գլուխը կախ, ձեռքերը մեջքին: Բայց երբեմն ինձ թվում է, թե շալը ջղաձգորեն ցնցվում էր նրա նեղլիկ ուսերի վրա:  

Ալֆոնս Դոդե | Մայրիկը Ալֆոնս Դոդե | Մայրիկը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 01, 2016 Rating: 5
Технологии Blogger.