Գրիմ եղբայրներ | Ռապունցել


Լինում են, չեն լինում, մի մարդ ու կին են լինում: Ցանկանում են երեխա ունենալ, սակայն չի հաջողվում: Բայց ահա մի օր աստված կատարում է նրանց ցանկությունը
Ամուսինների փոքրիկ պատուհանը նայում է հարևանի այգուն: Այնտեղ աճում են աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն ու խոտերը, սակայն պարտեզի շուրջը բարձր պատ կա, և ոչ ոք այնտեղ չի մտնում, քանի որ տերը հզոր կախարդուհի է: Բոլորը վախենում են նրա ուժից: Մի անգամ կինը պատուհանից նայելիս է լինում, և աչքը ընկնում է մի թփի: Թուփը ռապունցել բույսի թուփ է լինում, որը նաև անվանում են բարբարուկ: Այնքան կանաչ ու փարթամ է լինում բույսը, որ կնոջ բերանի ջուրը գնում է: Անընդհատ մոտենում է պատուհանին, նայում ռապունցելին ու սիրտն ավելի է ուզում: Եվ քանի որ ոչ ոք չի համարձակվում մտնել կախարդուհու պարտեզն ու որևէ բան քաղել այնտեղից, կինն օր-օրի գունատվում ու նիհարում է:
Սիրտդ ի՞նչ է ուզում, այ կին,- հարցնում է ամուսինը՝ վախեցած կնոջ տեսքից:
- Ա~խ, եթե այն ռապունցելից չուտեմ, կմեռնեմ,- պատասխանում է կինը:
Ամուսինը շատ է սիրում կնոջը ու մտածում է, որ եթե կինը դրա պատճառով կարող է մեռնել, ուրեմն ինքն ամեն գնով պետք է ճարի այդ բույսից: Պատի վրայով բարձրանում է, մտնում կախարդուհու պարտեզը, արագ-արագ մի քանի թև ռապունցել քաղում, բերում տալիս կնոջը: Կինն աղցան է պատրաստում և ուտում: Սակայն աղցանն այնքան համեղ է լինում, որ հաջորդ օրը նա ավելի շատ է ցանկանում ու չի կարողանում հանգստանալ, մինչև ամուսինը չի խոստանում դարձյալ մտնել կախարդուհու այգին: Գիշերը մարդը պարսպի վրայով իջնում է պարտեզ ու շատ վախենում է, քանի որ տեսնում է կախարդուհուն՝ իր առաջ կանգնած:
- Ինչպե՞ս ես համարձակվում մտնել իմ այգին ու կանաչ ռապունցել գողանալ,- հարցնում է բարկացած կախարդուհին:
- Ա~խ, ներեցեք, ի~նչ անեմ, կինս պատուհանից տեսել է ձեր ռապունցելն ու սիրտն այնպես է ուզում, որ եթե չտանեմ, կմեռնի:
Կախարդուհին հանդարտվում է և ասում.
- Եթե այդպես է, ես մի պայման ունեմ, ռապունցել քաղիր, ինչքան ուզես, բայց հենց որ կինդ ունեցավ երեխա, երեխային պետք է տաս ինձ: Ես լավ կպահեմ նրան, ինչպես հարազատ մայրը:
Մարդը վախից համաձայնում է: Եվ շուտով կինը մի սիրուն աղջիկ է ունենում, անմիջապես հայտնվում է կախարդուհին, աղջկա անունը դնում Ռապունցել և տանում իր տուն: Ռապունցելը մեծանում է, դառնում աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը: Հենց որ դառնում է 12 տարեկան, կախարդուհին նրան փակում է անտառում գտնվող մի բարձր աշտարակում: Աշտարակը ո´չ դուռ է ունենում, ո´չ սանդուղք, միայն փոքրիկ պատուհան: Երբ կախարդուհին ուզում է աղջկա մոտ գնալ, կանգնում է ներքևում և կանչում.
Ռապունցել, Ռապունցել, զարթնիր,
Ծամերդ կախիր:
Ռապունցելի մազերը շատ գեղեցիկ են, նուրբ ոսկեթելի նման: Կախարդուհու ձայնը լսելիս Ռապունցելը մազերի հյուսքերը կապում է պատուհանի կեռից ու ծայրը կախ գցում: Հյուսքից բռնելով՝ կախարդուհին վեր է բարձրանում:
Մի անգամ թագավորի որդին անցնելիս է լինում աշտարակի մոտով: Հանկարծ լսում է երգի ձայն ու այնպես գերվում, որ կանգնում է ու ականջ դնում: Մենակ պահերին Ռապունցելը երգում է իր հիասքանչ ձայնով: Թագավորի տղան ուզում է բարձրանալ աշտարակը, բայց դուռ ու սանդուղք չգտնելով, գնում է տուն: Սակայն աղջկա երգի ձայնը դուրս չի գալիս մտքից, ու ամեն օր նստում է ձին, գալիս աշտարակի մոտ նրա երգը լսելու: Մի օր էլ ծառի տակ կանգնած տեսնում է, թե ինչպես է կախարդուհին գալիս ու ձայն տալիս
Ռապունցել, Ռապունցել, զարթնիր,
Ծամերդ կախիր:
Տղան մտածում է, որ ինքն էլ կարող է իր բախտը փորձել, այդ սանդուղքով վեր բարձրանալ ու հաջորդ օրը գալիս է աշտարակի մոտ և ձայն տալիս.
Ռապունցել, Ռապունցել, զարթնիր,
Ծամերդ կախիր:
Հյուսքերը կախ են ընկնում, և թագավորի տղան մագլցում է աշտարակը: Ռապունցելը սկզբում վախենում է օտարականից, սակայն տղան խոստովանում է, որ այնպես է գերվել նրա երգով, որ հանգիստը կորցրել է ու շատ էր ուզում տեսնել աղջկան: Թագավորի տղան հարցնում է՝ արդյոք նա համաձայն է դառնալ իր կինը: Աղջիկը մտածում է, որ տղան իրեն ավելի շատ կսիրի, քան պառավ Գոթելը և տալիս է իր համաձայնությունը: Ձեռքը մեկնում է նրան ու ասում.
- Ես ուրախությամբ կգամ քեզ հետ, միայն թե չգիտեմ՝ ինչպես իջնել: Ամեն անգամ ինձ մոտ գալիս մի կտոր մետաքս բեր, ես սանդուղք կհյուսեմ, և երբ պատրաստ լինի, կիջնեմ դրանով ու դու ինձ կտանես:
Քանի որ կախարդուհին ցերեկներն է գալիս, պայմանավորվում են, որ թագավորի տղան նրա մոտ գնա գիշերները: Պառավը ոչինչ չի նկատում: Բայց մի օր Ռապունցելն ասում է.
- Ֆրաու Գոթել, ինչի՞ց է, որ քեզ ավելի դժվար եմ վեր քաշում, քան թագավորի տղային: Նա բարձրանում է մի ակնթարթում:
-  Ախ դու, գարշելի աղջիկ, այդ ի՞նչ ես ասում: Կարծում էի, թե քեզ թաքցրել եմ բոլորից, իսկ դու ինձ խաբո՞ւմ ես:
Նա կտրում է Ռապունցելի մազերը: Գեղեցիկ հյուսքերն ընկնում են գետնին: Այնքան անխիղճ է լինում կախարդուհին, որ խեղճ Ռապունցելին տանում է անտառի խորքը, որտեղ նա ապրում է շատ խեղճ ու աղքատ: Ռապունցելին թաքցնելուց հետո նա վերցնում է աղջկա կտրած հյուսքերը, կապում պատուհանի կեռից ու սպասում: Երեկոյան թագավորի տղան գալիս է ու ասում.
Ռապունցել, Ռապունցել, զարթնիր,
Ծամերդ կախիր:
Կախարդուհին կախ է գցում մազերի ծայրը: Տղան բարձրանում է ու տեսնում կատաղած կախարդուհուն:
Ահա~, ուզում էիր տանե՞լ սիրելիիդ, բայց գեղեցիկ թռչնակը չկա, էլ չի երգում, նրան գողացել է կատուն, որ քո աչքերն էլ կհանի: Դու երբեք չես տեսնի Ռապունցելին, ընդմիշտ կորցրիր նրան,- ծղրտում է պառավը:

Թագավորի տղան, հուսահատվելով ու զայրույթից գլուխը կորցրած, պատուհանից դուրս է թռչում և կենդանի է մնում: Սակայն փշոտ մացառները ճանկռտում, հանում են նրա աչքերը: Նա մենակ թափառում է անտառում, սնվում պտուղներով ու արմատներով, ամբողջ օրը լաց լինում կորցրած սիրելի աղջկա համար: Այսպես տխուր, վշտահար թափառում է մի քանի տարի ու մի օր էլ մտնում է այն խուլ անտառը, որտեղ Ռապունցելը խեղճ ու կրակ անց է կացնում իր կյանքը: Հանկարծ թագավորի տղան լսում է ծանոթ ձայն ու գնում դեպի այդ ձայնը: Երբ մոտենում է, Ռապունցելը ճանաչում է նրան, գրկում է, լաց լինում: Արցունքներից երկու կաթիլ ընկնում են տղայի աչքերին: Հրաշք է տեղի ունենում, թագավորի տղան սկսում է տեսնել: Ռապունցելի հետ գնում են նրա թագավորությունը, որտեղ շատ են ուրախանում նրանց գալստյան համար: Ու այդ օրվանից նրանք ապրում են գոհ ու երջանիկ:

Գրիմ եղբայրներ | Ռապունցել Գրիմ եղբայրներ | Ռապունցել Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 23, 2016 Rating: 5
Технологии Blogger.