Հովհաննես Թումանյան | Գելը | համառոտ


Խորն աշունքին Լոռու սարերով անցկենալիս մի գյուղում մութը վրա հասավ։ Հյուր ընկա Անդրիաս քեռու տանը, որ մի հին ու փորձված հովիվ էր։ Սարերում սովորություն կա, որ տեսան մեկի տունը հյուր եկավ՝ հարևանները կհավաքվեն եկվորի գլխին, կհետաքրքրվեն, հարցուփորձ կանեն, ի՛նչ կա չկա աշխարհքում։ Եվ ահա գյուղացիք հավաքվեցին Անդրիասի օթախը։ Զրույցի միջոցին գյուղի շներն սկսեցին հաչել ու ոռնալ։

Գել է,— միաբերան բացականչեցին գյուղացիք։
Ընչի՞ց եք իմանում,— հարցրի ես։
Գիլահաչ են տալի, աղա։
Գիլա՛հաչը ո՞րն է։ Մի՞թե շները միշտ մի տեսակ չեն հաչում։
Չէ՛, աղա, գիլի վրա ուրիշ տեսակ են հաչում, մարդի վրա՝ ուրիշ։ Հենց էս խոսքի մեջն էինք, որ մի հրացան տրաքեց, շների հաչոցը սաստկացավ ու միաժամանակ մի աղմուկ բարձրացավ։
Հասեք, հե՜յ․․․ տարա՜վ, տարա՜վ, հե՜յ․․․
Գյուղիցը դուրս գիշերվա մթնում լսվում էր խուլ աղմուկ։ Ես մենակ էի մնացել։ Վերջապես խառնիխուռն, բարձր խոսելով ու ծիծաղելով, եկան գյուղացիք։ Առաջ բերին մի թխադեմ 17—18 տարեկան պատանու։
Այ տղա, Սիմոն, էդ ո՞նց էլավ։
Այ տղա, դե էն ա, ոչխարը բերում էի, տուն անեմ։ Բերի գեղին մոտեցրի, մին էլ տեսնեմ ոչխարը դեսուդեն խախալ-խախալ է անում շունն էլ հա է անում, թե ոչխարի մեջն ընկնի։ Հենց էս ժամանակը շները թփի տակից մի գիլի վեր կալան ու ետևիցը լարվեցին։ Մին էլ տեսնեմ ոչխարը փախս առավ։ Ետ մտիկ տամ, որ մի գել էլ մի ոչխարի բռնել է, հետը կողք-կողքի ընկել ու պոչով ետևիցը քշում է, ոչխարն էլ հետը չափ ընկած գնում է, ոնց որ հարսանիքի ձիավոր ըլի․․․
Անտերը ոչխարի միջին տապ արած է էլել, հա՛,— նկատեց քեռի Անդրիասն ու դարձավ ինձ։ Էդպես է դրանց սովորությունն, ա՛ղա։ Էգ ու որձ գնում են։ Մինը ոչխարիցը մոտիկ տապ է անում կամ եթե աջողեցնում է՝ հենց ոչխարի միջին է տապ անում, մյուսը գալիս է երևութք ըլում, խաբսը տալիս, շանն ու չոբանին առնում փախչում։ Տապ արած ընկերը ետևիցն էս խառնակ ժամանակը ոչխարը տանում է։ Շատ անգամ էլ ոչխարը տանում է պահում ու ետ գալիս ընկերին օգնության։
Սա էլ է լավ ժաժ եկել,— գովեցի ես պատանի հովվին,— կարողացել է գելի բերանից անփորձանք ազատել ոչխարը։
Գիլի բերանից անփորձանք ոչխար ազատիլն ինչպես կլինի, աղա,— խոսեց պատանին։ Գելը տեսավ, որ ոչխարը ձեռիցը գնում է, մինչև իմ հասնելը մի ռխելում ոչխարի դմակը պոկեց տարավ։
Տավարին էլ հասավ թե չէ՝ բողազիցը կբռնի, քեռի Անդրիաս,— մեջ մտավ մի տավարած։
Տավարին էնքան էլ հեշտ չի,— պատասխանեց քեռի Անդրիասը։ Տավարիցը մինը գոռաց թե չէ, ամբողջ տավարը հասկանում է բանն ընչումն է, որովհետև գիլի գոռացնելն ուրիշ տեսակ է իսկույն բոլորը հավաքվում են, քամակ-քամակի տալիս ու պոչները դեմ անում, կանգնում:
Տավարը հեշտ է շաղվում, քեռի Անդրիաս, ու հեշտ էլ գիլի փայ է դառնում։ Ձին գիլի հոտն առավ թե չէ, ականջները սրում է, փռռացնում, փռնչացնում, ու բոլոր ձիերը հավաքվում են մի տեղ։ Մադիանները իրենց քուռակները մեջտեղ են առնում ու նրանց շրջապատում կանգնում, երեսները, դեպի ներս, քամակները դեպի դուրս գելերի կողմն արած՝ քացիները պատրաստի։ Ու աստուծ հեռու տանի, թե մի գել մոտեցավ։ Բայց կռվում գիլի համար ամենավտանգավորը որձ ձին է։ Որձ ձին մադիանների հետ շրջանի մեջ չի մտնում։ Բաշը թափ տալով ու փռռացնելով կատաղի պտտվում է շրջանի չորս կողմը, հարձակվում է գելերի վրա ու առաջն ընկած՝ գելին տրորում, ջարդում առաջի ոտներով կամ քացու մի զարկով փռում գետին։
Էդ հո էշն է,— խոսեց քեռի Անդրիասը։ Գելն էշի հետ խաղում է, խաղում ու ականջներն իրեն քաշում, առաջը փախսը հարում։ Էշն ընկնում է ետևիցը, իբրև թե հալածում է։ Էսպես հեռացնում է, հասցնում մի ապահով տեղ ու ետ դառնում ուտում․․․ Դրա համար էլ ասում են՝ «Իշի գերեզմանը գիլի փորն է»։
Բայց մի՞թե գելն էդքան անվախ ու համարձակ մոտենում է գյուղին,— հարց տվի ես։
Գելը, երբ որ կուշտ է, շատ վախկոտ կենդանի է, աղա,— պատասխանեց քեռի Անդրիասը։ Բայց հիմի սկսվում է գիլի դժար ժամանակը։ Ձմեռը գալիս է, անտառի որսը դժարանում է, ապրանքը սարից ցած է գալիս՝ տուն է մտնում։ Գիլի ապրուստը կտրվում է։ Սովը որ նեղացնի՝ գեղ էլ կմտնի, դեռ տուն էլ։ Սովի ձեռիցը ձմեռը գալիս է շեմքիցը շուն է տանում լափում։ Մուկն է որսում։ Իր լակոտն է ուտում: Դե, սովն է պատճառն, էլի, որ ձմեռը միանում են, բոլուկ են կազմում, որ ուժեղ լինեն, միասին հարձակվեն: Ձմեռը դեռ էլի մեզանում մի բան է ճարվում, նապաստակներ են կամ ուրիշ մանր-մունր կենդանիներ։ Վերջապես եղնիկների ու եղջերուների ետևից են ընկնում։ Տանում են սառույցի վրա ճղատում ու վրա են հասնում խեղդում, ուտում։ Բայց էն ինչ դաշտ տեղերն են, որ դրանք էլ չկան, գելը սովից ավելի համարձակ ու վտանգավոր է դառնում։ Շատ անգամ կատաղում է։ Ու դաշտ տեղերը մարդկանց վրա էլ է հարձակվում ու վնասում։
Տղեք, դե խոսքն էստեղ ինձ տվեք,— խոսեց շորագյալցի Ավոն և սկսեց իր պատմությունը։ Մեզանում, դաշտ տեղերում, գելը շատ ավելի վտանգավոր է, քան սարում։ Մեզանում գելերը ձմեռվան գիշերը, գալիս են գեղի մեջը ման գալիս։ Շներին պահում ենք, որ չտանենչուտեն։ Ձմեռները մեզանում շատ վտանգավոր է մենակ ճանապարհորդելը, մանավանդ, եթե մութն էլ վրա հասավ։ Այ, ձեզ պատմեմ իմ գլխին եկած մի դեպք։ Ծիրան անունով մի եզն ունեինք։ Մի ձմեռ էս եզը կորավ։ Ախպերս ինձ ղրկեց ման գալու։ Ես էլ էսպես 16—17 տարեկան ջահել տղա եմ։ Գնացի գեղի չորս կողմը ման եկա ման չգտա։ Գոմահանդ ունենք, էնքան էլ գեղիցը հեռու չի։ Ասի՝ եզը սովոր է, կարելի է էդ կողմն ըլի գնացած։ Գնացի էդ գոմահանդը։ Գնացի, էս գոմը նայեցի, էն գոմը նայեցի, վերջը տեսնեմ՝ դրուստ որ եզը մի գոմումն է։ Եզը դուրս արի դուրս գամ տեսնեմ՝ արդեն մութն ընկնելու վրա է։ Սիրտս մի ահ ընկավ։ Տեսնում եմ, որ լուսով չեմ կարող գեղը հասնեմ։ Մտածում եմ՝ գնա՜մ-չգնա՜մ։ Ի՞նչ անեմ․․․Չորս կողմս ամայի ձյունապատ դաշտ, շեն չկա, ձեն չկա ձեռիս էլ՝ մի ճիպոտ ու մի դանակ։ Ի՞նչ պետք է անեմ։ Աստծու անունը տվի, եզն առաջս արի քշեցի։ Մի քիչ տեղ անց էի կացել, հանկարծ իրիկվան էն դառը քամու հետ մի տխուր ձեն ընկավ ականջովս։ Կանգնեցի, ականջ դրի: Տեսնեմ՝ գիլի ոռնոց է: Էս ոռնոցին միացավ ամբողջ խումբը, ու սարսափով լցվեց դաշտը։ Մտիկ տամ, որ աջ կողմս, հեռվում, մթան մեջ, ջուխտ-ջուխտ վառված ճրագների մի բազմություն է շարժվում: Հասկացա, որ գելերի աչքերն են սոված բոլուկ է: Եզը ետ տվի դեպի գոմերն ու քշում եմ, ո՜նց եմ քշում, վազում եմ, ո՜նց եմ վազում: Ետ նայեմ, որ արդեն գալիս են։ Եզը թող արի փախա, ընկա գոմը։ Ընկա գոմը, բարձրացա սների գլխներին գերանների վրա դատարկ տեղեր են լինում է՜:Դեռ չէի տեղավորվել մին էլ տեսնեմ, եզանս գոռոցը բարձրացավ։ Զարմանք բան է, թե էնքան տարածությունը ինչպես մի երկու րոպեումը՝ կտրեցին ու հասան։ Եզանս գոռոցը բարձրացավ ու իսկույն էլ կտրեց, խռխռոցն ընկավ։ Խռխռոցն էլ կտրեց, միայն գելերի ժնգժնգոցն եմ լսում ու լսում եմ՝ ոնց են լափում: Վա՜յ Ծիրան ջան: Բայց ի՞նչ Ծիրանի ժամանակն է։ Ես իմ գլուխն եմ լաց ըլում։ Մտածում եմ թե՝ էս լավ էր, եզնովը կըլեն մինչև կլուսանա, կամ կկշտանան ու կգնան: Դու մի ասիլ՝ սոված գիլի բոլո՜ւկ, ես հիսուն ասեմ, դու հարյուր իմացի, ձեռաց հռախել են, ու մին էլ տեսնեմ, մութը գոմը լցվեցին էն ջուխտ-ջուխտ վառած ճրագները ռեխները բաց արած: Գտան: Եկել են լցվել, ներքևից ագահ-ագահ ինձ են մտիկ անում։ Ես էլ չորացել եմ մնացել վերևր գերանին կպած։ Մտիկ արին, մտիկ ու թող արին դուրս գնացին։ Շունչս ետ եկավ։ Ասի «Փառքդ շատ ըլի, աստոծ, էս էր՝ ազատվեցի:»։ Դեռ աստծու փառքը բերանումս, մին էլ ի՞նչ եմ լսում։ Իմ ուղղությամբ վերևից կտուրը քանդում են, չանգերովը հողը ետ են տալի։ Արդեն լսում եմ՝ չանգերը կոճերին են դիպչում: Սառը քրտինքը վրա տվեց: Շտապեցի տեղս փոխեցի, անց կացա մյուս կոնդի վրա կուչ եկա։ Բաց արին, կոճը վեր կալան, տեսան տակին չկամ։ Էլի եկան ներքև։ Մտիկ արին, որ մյուս կոնդի վրա եմ ետ դուրս գնացին։ Հիմի էս կոնդի վերևից սկսեցին քանդել կտուրը։ Դարձյալ տեղս փոխեցի։ Էսպեսով՝ նրանք քանդելով, ես տեղս փոխելով՝ հասանք վերջին կոնդին։ Էլ ո՞ւր գնամ։ Եկան մտիկ արին կատաղած ու ետ գնացին։ Քանդում են, ո՜նց են քանդում: Մի սուր դանակ ունեի գրպանումս, հանեցի, բաց արի ու ձեռքիս բռնած՝ մտքումս աղոթք եմ անում Տեր աստոծ, դու ինձ ազատ անես էս նեղ տեղիցը: Իսկ հենց անգաճիս վերևը քանդում են։ Քանդելով հասան կոճերին։ Հասան կոճերին, մինը կոճերի արանքովը թաթը մեկնեց, որ կոճը ետ քաշի։ Թաթը բռնեցի ու էն սուր դանակովը զըռթ կտրեցի: Թաթը փախցրեց, ոռնալով, կոնծկոնծալով ետ գնաց, ու կտերն իրարով անցան։ Իմացել էի, որ գելերի մինը եթե վիրավորվեց՝ մյուսները վրա են թափում նրան ուտում։ Ասի՝ ուրեմն սրան ուտում են։ Հիմի սպասում եմ, որ սրան կուտեն կպրծնեն ետ կգան։ Էլի դանակս ձեռիս պատրաստ սպասում եմ։ Ականջս ձենի է։ Գիշերվա մի ժամին, ոնց որ երազում՝ մի բարակ ձեն եմ լսում Ավո, հե՜յ: Ինձ են կանչում: Տեր աստոծ, մի՞թե ինձ են կանչում: Մի՞թե ախպերս է: Մի՞թե մերոնք են: Գոմից ձեն եմ տալիս, գոռում եմ Աղանիկ, հե՜յ: Էստեղ ե՜մԷլի նրանք ձեն են տալի, իմ ձենը չեն լսում, թեև ես շարունակ կանչում եմ։ Մին էլ տեսնեմ հրացանները տրաքեցին, ետևից լսվեցին հեռացող գելերի կաղկանձն ու մարդկանց հարահրոցը։ Պարզ ճանաչեցի ախպորս ու մեր գեղացի տղերանց ամեն մեկի ձենը։
Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի վրա։ Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը ոհմակ են կազմում,— բացատրում էին գյուղացիք։ Ոռնում են, իրար կանչում, հավաքվում, միանում, որ ուժեղ լինեն թե՛ հարձակվելու և թե՛ հարձակման դիմադրելու ժամանակ։ Եվ հավաքվում են հիսունով, հարյուրով, մի քանի հարյուրով։ Սարսափելի բան է գիլի ոհմակը, մանավանդ էդ լինում է ձմ՛եռը, գիլի ամենաքաղցած ժամանակը, երբ շատ անգամ գելը քաղցից կատաղում է։ Էդ ժամանակ, ասում են, գելերը իրենք էl են իրարից վախենում։ Երբ ոհմակով մի տեղ կանգնում են հանգստանալու՝ շրջան են կազմում ու էնպես են վեր թափում, որ իրար երես պահեն, չեն հավատում մեկմեկու։ Վախենում են իրար ուտեն։ Բայց ոմանք էլ ասում են՝ նրա համար են էդպես անում, որ իրար տեսնեն ու հարկավոր դեպքում իսկույն նշան տան իրարու, և իբրև թե բոլորը նայում են իրենց գլխավորին։ Գիլի համար մութը, ճամփի դժվարությունը, հեռավորությունը ոչ մի նշանակություն չունեն։ Գելն էնքան արագավազ է, որ մի գիշերվա մեջ երեքչորս օրվա ձիու ճսմփա կկտրի Իսկ գիլի սրատեսության վրա էսպես մի զրույց կա ժողովրդի մեջ։ Ասում են։ Մի անգամ արծիվն ու գելը վեճի բռնվեցին, թե իրենցից ո՛րն է ավելի սրատես։ Գելն ասավ՝ մի ամպոտ օր ես սարի գլուխն ելա, ամպի միջով մտիկ արի տեսա՝ հեռու մի դաշտում մի սև ցելի մեջ մի ակոսում մի սև գառն է նստած։ Արծիվն էլ թե՝ ես էլ երկնքի երեսն ելա, ներքև մտիկ արի, մի ծխնելույզի միջից տեսա կրակի վրա դրած մի պղինձ խուփը վրեն։ Խփան ճեղքիցը նայեցի, տեսա պղնձի միջին կաթը, կաթնի երեսին էլ մի սիպտակ մազ։ Էսքան արագավազ ու սրատես գազան է գելը։ Եվ էս ամենի հետ միասին՝ շատ խորամանկ։ Նա մինչև լավ չիմանա, որ հարձակումն ապահով է չի հարձակվի։
Մի գյուղացի էսպես պատմություն արավ։ Ասում էր մի տարի թակարդ էի սարել։ Առավոտը վաղ վեր կացա գնացի տեսա մի գել է ընկել մեջը։ Միայն ոտիցն է ընկել, ու ոտը փշրվել է, սատկել է։ Վեր կալա թակարդիցը հանեցի, էն կողմը գցեցի։ Մինչև գլուխս կախ ես թակարդովն էի եղած, մին էլ տեսնեմ՝ վեր կացավ կաղին տալով փախավ։ Դու մի՛ ասիլ անտերը ստամեռնուկ տված է եղել։ Գիլի ոհմակն էլ, ձմեռը ճամփա կտրելիս իրար ետևից է գնում ծլլաշարուկ, ու միշտ ամենից ուժեղն ու փորձվածը առաջին է գնում։ Եվ սա երկու հարմարություն ունի նրանց համար։ Մին, որ առաջի գնացողները ձնի մեջ շավիղ են բաց անում, ետևից եկողների համար բացպատրաստ ճամփա է լինում, մին էլ՝ որ ոչ ոք չի կարող իմանալ, թե իրենք քանիսն են եղել։ Եվ էդ է պատճառը, որ ոչ մի որսկան չի կարող ասել, թե էս ոհմակը, որ անցել է, քանի գել է եղել մեջը։ Աստված հեռու տանի, թե ոհմակի աչքովը մի որս ընկավ։ Ուրիշ գազան լինի, թե ընտանի կենդանի, իսկույն չորս կողմից շրջապատում են ու էլ փրկություն չկա։ Ոհմակը վտանգավոր է և մարդու համար։ Եթե բազմություն չեղավ՝ մի կամ երկու մարդից ոհմակը չի վախենալ, թեկուզ հրացան ունենան։ Մինչև անգամ հրացանն ավելի վտանգավոր է։ Հրացան արձակես թե չէ, իսկույն կհարձակվեն։ Հիմի կասեք՝ հապա ինչի՞ց է վախենում գելը։ Էս մասին գյուղացիք մի քանի պատմություն արին։ Գելը ոչ մի բանից էնպես չի վախենալ, ինչպես կրակից, առաջինը խոսեց իմ տանտերը, քեռի Անդրիասը։ Մի մեծ ծմակ ունենք, Մոտկորա ծմակ ենք ասում։ Էդ ծմակումը մի բացատ կա։ Մի ձմեռնամուտ իրիկուն սարի գոմերիցը տուն եմ գալի։ Հակառակին էլ էս Ստեփան տղես էլ հետս է, 9-10 տարեկան երեխա է։ Որ եկանք բացատի դիմացը, շան ձեն ընկավ ականջովս։ Ասի՝ ով գիտի ոչխար են բերել էս կողմերը, չոբանի շունն է հաչում։ Ձեն տվի Ա՜յ չոբան, հե՜յ․․․Էս ձեն տալն էր, էլի։ Շան հաչոցը կտրեց ու, ձեզ մատաղ, մին էլ էն տեսնեմ՝ էդ ծմակիցը գիլի տուտը բաց էլավ, ռեխները բաց արած գալիս են, ո՜նց են գալիս, աչքերս սևացան: Դու մի՛ ասիլ, հաչողը գել է եղել։ Ախր չէ որ գելն ոռնում է, բայց շանից հաչել է սովորում ու շատ անգամ էլ հաչում է։ Ձեռիս թվանք կա, միայն լավ գիտեմ, որ գիլի ոհմակի վրա թվանք չեն գցիլ թվանք գցես թե չէ՝ ավելի կատաղի վրա կտան։ Երեխեն թե՝ ապի, էն ի՞նչ են։ Ասի՝ վախիլ մի՛, քեզ մատաղ, ղոչաղ կաց։ Արի օգնի էս խաշամն ու չոր ճյուղերը հավաքենք։ Չորս կողմից խաշամն ու չոր ճյուղերը ձեռաց կիտեցի ու կրակ տվի, բոցը ծուլ էլավ։ Մինչև սրանց հասնելը վրա տվի, թեժ արի բոցն էլավ ծառերի ծերը։ Սրանք եկել են, կանգնոտել ժնգժնգում են ու ատամները չխկչխկացնում։ Երեխեն կպել է փեշիցս ու լաց է լինում։ Տեր աստված, ասում եմ, դու ազատես էս նեղ տեղիցը։ Հույսս դրել եմ կրակի վրա։ Էն էլ փետը հատնում է, երեխեն էլ փեշիցս պինդ բռնել է, թողնում չի մի քիչ հեռանամ, փետ բերեմ՝ կրակին վրա տամ։ Մոտիկ մի ցցչորի ծառ կար։ Կրակը բոթեցի սրա տակը, սրա կողքին էլ մի կտրած ծառի չոր բլուլ կար, էն էլ քաշեցի վրեն, թեժացավ, կարմիր լուսն ընկել է ամբողջ ձորը։ Դիմացի սարիցը չոբանները նկատում են, որ, ախպերխ էս ծորումը, էս ժամանակին, էս ի՞նչ կրակ պետք է լինի, որ քիչ է մնում ծմակը կրակի։ Մտածում են, մտածում ու ձեն են տալի։ Ականջ դնեմ, որ էս մեր Շամիրի ձենն է։ Ձեն տվի Շամիր, հե՜յ: Գիլի բոլուկ է չորս կողմս կտրել են: Երեխեն հետս է: Օգնեցեք, հե՜յ: Հենց էս կանչելն էր։ Մի քանի չոբան իրար հետ ձեն տվին,  — Վախիլ մի՛ք, վախիլ մի՛ք, գալիս ենք, հե՜յ: Ու պարզ լսում ենք, ոնց են իրար ձեն տալիս շտապեցնում, ոնց են շներին կանչում։ Շամրին Թոբլան անունով մի գելխեղդ շուն ուներ։ Մին էլ տեսա էս շան ձենը մոտիկ ծմակում զրնգաց։ Սրա ետևից մնացած շները, շների ետևից կրնկակոխ չոբանները։ Մին էլ Ստեփանս թե՝ «Ապի, գելերը փախչում են»։ Ասավ, ու ուրախությունը խառնվեց սարսափին, սկսեց աղաղակել ու առաջն ընկած փետի կտոր, քար, հող շպրտել գելերի ետևից։ Էլ գելն ո՞վ կտա։ Ծմակի մթնումը կորան, գնացին։ Տղեքն եկան։
Ուստա Սարգիս, հիմի քո պատմությունն արա,— էս ու էն կողմից ձեն տվին գյուղացիք,— Շորագյալից գալիս ոնց էլա՞վ։ Էլ ի՞նչ ասեմ, դե գիտեք էլի,— պատասխանեց ուստա Սարգիսը։ Մենք գիտենք, ամա աղեն գիտի ոչ։ Պա՛տմի, ուստա Սարգիս, պա՛տմի լսենք, տեսնենք Շորագյալի ճամփին քեզ հետ ի՞նչ է պատահել,— խնդրեցի ես։
Ուստա Սարգիսը զուռնաչի էր։ Թինկը տված սկսեց պատմությունը Շորագյալի ճամփին պատահած պատմությունն էսպես է, աղա ջան։ Մի հացապակաս տարի վեր կացանք ես, դամքաշ Ակոփն ու դհոլչի Դավիթը մեր զուռնադհոլը վեր կալանք, ասինք գնանք Շորագյալա գեղերը հարսանիքներ անենք, հացահատիկ հավաքենք բերենք ձմեռը կառավարվենք։ Գնացինք զուռնա ածելով, հարսանիք անելով գեղեգեղ ման եկանք։ Բավական ցորեն-գարի հավաքեցինք, մի ծանոթի պահ տվինք, մենք ետ ճամփա ընկանք դեպի մեր տները։ Հոռոմ անունով մի գեղ կա էդ գեղիցը դուրս ենք եկել գալիս ենք դեպի Արթիկ։ Եկանք, ճամփին մութն ընկավ։ Ծնկահար ձյունցուրտն էլ հո թրի նման մարդի երես է կտրատում։ Ճամփեն էլ լավ չգիտենք։ Գնա, թե պետք է հասնես Արթիկ։ Էս մեր Դավիթն առաջին էր գնում։ Մին էլ, թե՝ տղերք, եկեք, որ գեղը գտել եմ։ Այ տղա, ո՞ւր է։ Թե՝ հրեն ճրագները երևում են։ Մտիկ տանք տեսնենք, ճշմարիտ որ, հեռվում շատ ճրագներ են երևում։ Ես նկատում եմ, որ էս ճրագները ժաժ են գալի, դես-դեն են գնում։ Ասի՝ տղեք։
Թե՝ ինչ է։ Ասի՝ էս գեղ չի։ Գելեր են։ Գիլի բոլուկի բերան ենք ընկել, պատրաստվեցեք։ Ես լսել եմ, որ զուռնի ձենին գելը էլ վախենում է, թե ինչ, մոտ չի գալի։ Զուռնա-դհոլը սարքեցե՛ք։ Էս խոսքումն ենք, տեսնենք ճրագները մոտենում են, մթնումը, ձնոտ դաշտումը, դեսուդեն վազում են, ցրվում են, ուզում են մեզ շրջապատէն։ Էնքա՜ն են, որ է՛լ հաշիվ չկա։ Ես ու Ակոփը զուռնեն զլեցինք, էս Դավիթն էլ դհոլը՝ դը՛մբ հա դը՛մբ, կեսգիշերին էս վերանա դաշտումը ածում ե՜նք։ Զուռնադհոլի ձենը վեր ելավ թե չէ՝ էս գելերս, ոնց որ տեղնուտեղը մեխես, մնացին մեխված։ Մին էլ ոռնոց վեր քաշեցին, տեր աստված, ի՜նչ ոռնոց։ Զուռնի հետ ձեն ձենի են տվել, ոռնում են։ Ետո մենք ճամփա ընկանք, սրանք էլ մեզ հետ։ Մենք ածելով գալիս ենք, սրանք էլ չորս կողմներս կտրած հեռու մթնումը ցինգիր-ցինգիր անելով գալիս են։ Կարծես պար են գալիս։ Գլուխներդ ինչ ցավեցնեմ, էսպես գնալով գիշերվա մի ժամանակը առաջներս մի շան հաչոցի ձեն լսեցինք հեռու։ Էս հաչոցի վրա մի քանի շներ սկսեցին հաչել ու ոռնալ, ու մին էլ տեսնենք մոտիկ գեղի ճրագները դուռը դուրս եկան։ Մարդկանց ձեները հասնում է մեզ։ Ուրախությունից զուոնա-դհողի ձենն ավելի զլեցինք։ Քանի գեղին մոտենում ենք, գելերը ետ են ընկնում։ Վերջապես հասանք գեղին, սրանք ետ դառան, կորան։ Գեղացիք ճրագներով, աղմուկով առաջ եկան մնացին զարմացած։ Տեսնում են՝ երկու զուռնաչի ու մի դհոլչի ածելով գալիս են ու հետները հարսանքավոր չկա։ Այ ուստեք, բա հարսանքավորնե՞րը որտեղ են։ Ասում ենք հարսանքավորները ետ դառան գնացին։ Չուզեցին ձեր գեղը մտնեն։ Էդ ո՞վ էին որ․․․  — Գելերը: Վերջն էլ իմանանք, որ էն գեղը չենք եկել, որտեղ գալիս էինք, ճամփեն կորցրել ենք, ընկել ենք Պարնի գեղ։
Դուք հո կրակն ու զուռնեն եք ասում, բայց գելը մի բանից էլ է վախենում, թե իմանաք ընչի՞ց,— հարց տվեց օտարականը։ Թոկից,— ձեն տվին մի քանիսը։ Ո՞նց թե թոկից,— զարմացան չգիտեցողները։ Հա՛, ճշմարիտ է, թոկը որ ետևիցդ քաշ տաս՝ գելը կվախենա, մոտ չի գալ,– հաստատեց քեռի Անդրիասը։ Ա՛լ տղա, թոկն ի՞նչ է, որ գելը թոկից վախենա։ Ո՞վ գիտի, օձի տեղ է դնում, ինչ է, ի՞նչ իմանաս։ Մեր գեղումը Եղո անունով մի ջահել մարդ կար,— պատմեց շորագյալցին։ Մի շատ սրտոտ ու քաջ մարդ։ Երեսին որ թուր բռնեիր՝ երեսը ետ չէր թեքիլ։ Ինքն էլ թրիթվանքի հետ խաղացող մարդ էր։ Սրանից մի 4—5 տարի առաջ մի ձմեռ գործով գնում է մեր հարևան գյուղերը ու մի քանի օր ուշանում։ Մի երեխա ուներ, շատ էր սիրում։ Մի իրիկուն լուր է առնում, թե բա՝ երեխեդ հիվանդ է, քեզ է ուզում։ Վեր է կենում, թե՝ պետք է գնամ։ Սրա առաջն են ընկնում, բռնում են, համոզում են, թե մութը գիշեր հազար ու մի չար ու փորձանք, հազար ու մի գել ու գազան, սպասիր՝ ասում են, գիշերը լուս ունի, կլուսանա կգնաս երեխիդ կտեսնես։ Սա պըպին է կանգնում, թե՝ չէ որ չէ, հենց էս կեսգիշերին պետք է գնամ, թուրը վրես, ձին տակիս, ի՞նչ պետք է պատահի։ Չեն կարում հաղթեն, կեսգիշերին ձի է նստում, ճամփա ընկնում։ Կիսաճամփին գիլի բոլուկը սրան շրջապատում է։ Դու մի ասիլ հետը թոկ ունի, ինքն էլ փորձված, բանգետ մարդ է թոկը երկար բաց է թողնում ու ձիու ետևից քաշ տալիս։ Գելերն էլ մոտ չեն գալիս, երկու կողմից թոկին մտիկ տալով վազ են տալի։ Էսպես բավական տեղ անց է կենում։ Մի տեղ էլ, ո՞նց է լինում, ի՞նչ է լինում, թոկի ծերը ձեռքիցը դուրս է պրծնում ու վեր է ընկնում։ Սա ձին քշում է։ Մի քիչ տեղ գնում է, գելերը վրա են տալիս։ Թուրը հանում է հենց առաջին հասնողին տալիս․․․ Դե գելերի սովորությունն էլ գիտեք էլի. մինը թե վիրավորվեց մյուսները նրա վրա կթափեն, կուտեն։ Էդպես էլ ձիավորին թող են անում, վրա են թափում էս վիրավորվածին։ Եղոս ձիուն մտրակում է, քշում, բավական տեղ քշած գնում է։ Գելերը վիրավորվածին լափում են պրծնում, ետ նորից ընկնում սրա ետևից։ Սա էլի ուզում է թուրը հանի, որ զարկի, քաշում է քաշում, դուրս չի գալի։ Տեսնում է՝ հասնում են իրեն, հերսից պատյանն ատամով կրծոտում է, ինչ անում է, չի անում՝ թուրը դուրս չի գալիս։ Դու մի ասի՝ գիլին որ զարկել է, առանց արյունը սրբելու տեղն է գրել, արյունոտ թուրը կպել է պատյանին, ամրացել։ Էլ՝ ի՞նչ երկարացնեմ, գելերը վրա են տալի, իրեն էլ են ուտում, ձիուն էլ։ Մյուս օրը լուրն եկավ, գնացինք տեսանք արնոտ ձյունի վրա իր ոսկորներն էլ, ձիունն էլ, թուրն էլ, պատառոտած շորերն էլ թափված, ցրված դեսուդեն։
Հապա մարդուս խելքն ու փորձն ընչի՞ համար է,— պատասխանեց պատմողը։ Գնացինք տեսանք ձնի պարզ հետքները երևում են, որ կողմից է եկել ու որտեղ է շրջապատել գիլի բոլուկը, որտեղից է Եղոն սկսել թոկը քաշ տալ, մինչև որտեղ է քաշ տվել, որտեղ է ձեռիցն ընկել։ Մի քիչ էլ գնացած է ու հետքերն իրար են խառնված, տակնուվրա են եղած, ու թափված են գիլի բուրգն ու ոսկորները։ Նրանցից բավական հեռու էլ իրեն ու ձիուն են կերել։ Թուրն էլ բերինք, տեսանք պատյանը մարդու ատամներով կրծոտաձ։ Քաշեցինք, քաշեցինք չկարացինք դուրս քաշել, տվինք վապետին, քանդեց, հանեց, տեսնենք՝ արյունոտ, կպած պատյանին։
Տղե՛ք, հավատա, գիլիցն էլ վերը վնասակար գազան չլինի, դուք ի՞նչ եք ասում,— խոսեց մի գյուղացի էս պատմությունից հետո։
Էդպես էլ իմացած կենաք, որ չի լինիլ,— հաստատեց քեռի Անդրիասը և դիմեց ինձ
Դու ի՞նչ կարծիքի ես, պարոն։
Ես էլ էդ կարծիքին եմ,—~ պատասխանեցի ես։ Արդեն գրքերից էլ հայտնի է, որ ոչ մի գազան գիլի չափ վնաս չի տալիս մարդուն։ Մանավանդ էն երկրներում, որտեղ գլխավորապես անասնապահությամբ են պարապում։ Ամեն տերության մեջ էլ ահագին վնաս է տալիս։ Միայն Ռուսաստան տարեկան մոտ մեկ միլիոն անասուն է փչացնում։
Հապա ի՞նչպես է, որ տերությունները դրա մասին չեն մտածում, մի ճար անում,— խոսքս կտրեց մի գյուղացի։
Ի՞նչպես չեն մտածում։ Տերություններ կան, որ աոանձին վարձատրությունն են տալիս գել սպանողներին։ Կանոնավոր կռվում են գիլի դեմ։ Դրա համար էլ էնպես, տերություններ կան, որ մեջներն էլ գել չկա օրինակ՝ Անգլիան, Գերմանիան: Պարգև են տալիս ամեն մի սպանած գիլի համար, որսկաններն էլ աշխատում են շատ գել սպանեն, որ շատ փող ստանան։ Մինչև անգամ կազմակերպված ընկերություններ կան, որ միայն գիլի որսի համար են։ Էնպես երկիր էլ կա, օրինակ՝ Իսպանիան, որ եթե տերությունը չի վարձատրում գել սպանողին, ժողովուրդն է վարձատրում։ Սպանողը գելը գցում է իշի կամ ձիու վրա ու գեղեգեղ ման ածում, ապրանքատերերից փող է հավաքում։ Եվ ամենքն էլ ուրախությամբ տալիս են։ Իհարկե, հրացանով սպանելն ու թակարդով բռնելը արդեն դուք էլ գիտեք։ Բացի հրացանն ու թակարդը, էնպես տեղեր էլ կան, որ խորը փոսեր են փորում, օրինակ՝ մի սաժեն ու կես խորությամբ, մի սաժեն էլ լայնությամբ։ Երեսը ցախ ու մախով ծածկում են, վրեն միս են դնում, չորս կողմն էլ դեռ ցած ցանկապատում, որ գելը թռչի, հանկարծ ընկնի մեջը։ Էնպես տեղ էլ կա, օր ամբողջ հասարակությամբ հավաքվում գնում են շրջապատում անտառի որոշ մասերը։ Որսկանները հրացանները ձեռներին պատրաստի երեք կողմը կտրում են, իսկ չորրորդ կողմից մի բազմություն անտառն է մտնում ու հրացան արձակելով, աղմուկով, հարայ-հրոցով, շնով-բանով գազաններին քշում, բերում գցում որսկանների բերանը։ Էս էլ անտառոտ տեղերն է լինում, ու էս միջոցն էլ չի մեծ արդյունք տալիս։ Պատահում է, որ ահագին աղմուկից հետո մեջտեղը մի կամ երկու նապաստակ են հայտնվում, կամ պատահում է, որ դուրս եկող գազանները անվնաս էլ փախչում, ազատվում են։ Շատ քիչ են սպանվում։ Ռուսաստանի ձնոտ դաշտերումն էլ մի ուրիշ տեսակ որս են անում։ Ձիով ընկնում են գիլի ետևից։ Ծնկահար ձյունի մեջ թաղվելով՝ գելը զոռով է վազում և շուտ էլ հոգնում է։ Ետևիցը հասնում են՝ հենց տեղնուտեղը դագանակով սպանում։ Բայց ամենից շատ գիլին կոտորում են թույնով։ Սատկած ոչխարը մաշկում են, միսը շերտ-շերտ կտրատում, արանքները թույն են լցնում, ետ նորից մորթին վրեն քաշում ու տանում, գիշերը հանդերում վեր գցում։ Սոված գելեր գալիս են ուտում ու տեղնուտեղը կոտորվում։
Վարժապետ, ճշմարիտ է, գելը գազան է ու մարդուն էլ շատ է վնաս տալիս, միայն էդ որ պատմեցիր, ախպեր, ինչ թաքցնեմ, մեղքս եկավ,– խոսեց ծերունի Սահակը։
Հետո՞, գիլին մեղք կգա՞ն որ, Սահակ բիձա,— ձեն տվեց մի հովիվ։
Ընչի՞, գելը շունչ կենդանի չի՞,— սկսեց վիճել Սահակ բիձեն։
Գելն ի՞նչ է որ, մեր շան պես անասուն է, էլի,— խոսքն առավ քեռի Անդրիասը։ Որ էն շունն էլ չոլերը գցես, անտեր, սոված թողնես, հալածես, կվայրենանա, կդառնա գիլի պես մի բան, էլի։ Ինչպես որ էն սոված, վայրենի գելն էլ, որ բերես կուշտ պահես, խնամես, կընտելանա, կդառնա մեր շան պես տանու կենդանի։ Շատ է պատահել։ Գիլի ճուտը բեր տուն արա, տես կլինի, թե չէ։ Գիլի էգն էլ, ինչպես շանը, ավելի քնքուշ է, դունչն ավելի սուր ու պոչն ավելի բարակ։ Գելն էլ, պատահում է, որ նույնպես կատաղում է, ինչպես շունը։ Եվ կատաղած գիլից շատ են վախենում ու սարսափով հեռու են փախչում բոլոր վայրի կենդանիները։ Վերջապես, գելն էլ շան պես 12—15 տարի է ապրում։ Ավելի երկար շատ քչերն են ապրում, ինչպես և շների մեջ։ Մի խոսքով, միևնույն կենդանիներն են մինը՝ խնամքի տակ ու կուշտ, մյուսը՝ վայրենի, հալածված ու սոված։ Իսկ սովը․․․ Սովն ինչ ասես կանի, ձեզ մատաղ։ Սովը մարդին էլ կդարձնի սարսափելի, ուր մնաց էն անտառի գիլին,— խոսքը վերջացրեց քեռի Անդրիասը։
Արդեն գիշերվա կեսն էր, որ մեր զրույցը վերջացրինք։ Շները դուրսը հաչում ու երկար ու ձիգ ոռնում էին։
Անտերը գեղի վրա պտիտ է գալիս հեռանում չի։ Հանգստանալու չի, մինչև էս գիշեր մի վնաս չտա։ Տղե՛ք, զգույշ կացեք, ապրանք չտաք ռեխը,— ասավ քեռի Անդրիասը գյուղացիներին, որ բարի գիշեր ասելով իրար ետևից դուրս էին գնում մեր օթախից։ Դուրսը նրանցից մինը երկար ու զիչ հե՜յ-հե՜յ աղաղակեց, ու գյուղի շները հեռու թաղերից սկսած ավելի կատաղի սկսեցին հաչել ու ոռնալ խմբովին։ Սոված գելը պտտվում էր գյուղի չորս կողմը։


Հովհաննես Թումանյան | Գելը | համառոտ Հովհաննես Թումանյան | Գելը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 24, 2016 Rating: 5
Технологии Blogger.