Միքայել Նալբանդյան | Կրիտիկա Սոս և Վարդիթերի | համառոտ


Միքայել Նալբանդյանի «Կրիտիկա Սոս և Վարդիթերի» քննադատական աշխատությունը նվիրված Պերճ Պռոշյանի համանուն վեպին։ Նալբանդյանը ներկայացնում է ստեղծագործության առավելություններն ու թերությունները։

«Կրիտիկայի» սկզբում հեղինակը կարծիք է հայտնում այն մասին, որ ազգի պատմության և նրա մշակույթի միջև գոյություն ունի որոշ համապատասխանություն: Այնուհետև խոսում է «Սոս և Վարդիթերի» արժեքավորության մասին՝ ասելով, որ անաչառ քննությունը երբեք չի նսեմացնի նրա արժեքի և քանքարի փայլը, և եթե այս քննադատությունը հեղինակին օգուտ չտա, վնաս երբեք չի տա։
Ըստ Նալբանդյանի՝ հեղինակը, թողնելով բնությունը, օգնություն է խնդրում իր երևակայությունից և ստեղծում է անբնական բաներ։
Հաջորդ թերությունը գլխավոր կերպարներին չափից ավելի ուշադրության արժանացնելը և երկրորդականներին երկու խոսքով ներկայացնելն է, ինչի պատճառով գլխավոր հերոսները կեղծ վիճակի մեջ են հայտնվում, իսկ ընթերցողը իրեն հետաքրքրող շատ տեղեկություններ չի ստանում: Այս կամ այն երևույթը հեղինակն է ներկայացնում, մինչդեռ, Նալբանդյանի կարծիքով, ավելի տպավորիչ կլիներ, եթե դա ցույց տրվեր իր կերպարների ու նրանց խոսքի միջոցով:
Կասկած է հարուցում այն, որ Վարդիթերը, լինելով 11 տարեկան աղջնակ, կարող էր այդքան խորը զգացմունքներ տածել Սոսի հանդեպ: Հավատ չի ներշնչում նաև այն, որ ներկայացված անատամ ծերունին՝ Հեթումը, և իր պառավ կինը կարող էին 11 տարեկան աղջիկ և նրանից էլ փոքր տղա ունենալ։
Բացթողում է նաև այն, որ չի նշվում Արշավիրի՝ Սոսին քրոջը կնության տալու որոշումը փոխելու պատճառը: Իսկ Սոսի քույրը չէր կարող գոնե ծածուկ չհայտնել եղբորը ամուսնու դավաճանության մասին։
Կան նաև փոքրիկ թերություններ, որոնք թեև չեն փոխում գործողությունների ընթացքը, լավ կլիներ, որ չլինեին: Օրինակ՝ Սոսի եղբայրը մե՛կ Գեղամ է հիշատակվում, մե՛կ՝ Արշամ, մի հատվածում ասում է, որ նրանք 3 եղբայրն են, մի այլ տեղ էլ՝ 4:
Նալբանդյանը որպես կեղծ հատկություններ է նշում Սոսի՝ քարափի գլխին աղոթելը (քարափն անմատչելի է), ծնրադրությունից քարերի վրա փոս ընկնելը և այլն: Հեղինակի կողմից քննադատության է արժանանում նաև այն, որ կախարդությանը վերաբերող դրվագն իր անունից այնպես է նկարագրում, որ կարծես ամբողջ վիպասանության խորհուրդը կախարդության էությունը և ներգործությունը ապացուցելն է:
Թերի են նաև Վարդիթերի և Սոսի մահվանն առնչվող դրվագները։ Վարդիթերը չէր կարող 11 տարեկանում կաթվածահար լինել և աչքը տեսնելու, հիշողությունը չկորցնելու, ականջը լսելու դեպքում մահանալ, իսկ եթե ներքին օրգաններն էին վնասվել, ապա պիտի մահանար անմիջապես կաթվածից հետո, և ոչ թե մի քանի շաբաթ անց։ Սոսը չէր կարող 2 շաբաթ բոբիկ ոտքերով քայլել ձմռան ցրտին, սառը ջրում լողանալ ու չհիվանդանալ, բայց Վարդիթերի մահը լսելով՝ մահանալ։
Նալբանդյանը դժգոհում է նաև, որ Պռոշյանը փոխաբերաբար առնված ոճերն ու ձևերը չի բացատրում՝ թողնելով «հետախույզ բանագիտաց». «Մարդը մեղավո՞ր եղավ, որ հետախույզ բանասեր դարձավ, որ նստի ծանր ու բարակ ոճերի բառարան շինե»:
Այնուամենայնիվ Նալբանդյանը չի շրջանցում նաև վեպի արժանիքները: Գովեստով է խոսում պատկերավոր նկարագրությունների մասին: Անկեղծանում է, որ մի դրվագում կենդանի ձայնով լսել է հայ կնոջ խոսքերը: Հեղինակը ողջունում է, որ Պռոշյանը հասարակության բարոյական խոցերն է ցույց տալիս: Հետևելով Աբովյանին՝ Պռոշյանը վեպում օգտագործել է ազգային առած-ասացվածքներ:
«Կրիտիկան» ավարտվում է Պռոշյանի վեպի հատվածների մեջբերմամբ:

Նյութը ներկայացրեց Թամարա Գասպարյանը


Միքայել Նալբանդյան | Կրիտիկա Սոս և Վարդիթերի | համառոտ Միքայել Նալբանդյան | Կրիտիկա Սոս և Վարդիթերի | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 17, 2016 Rating: 5
Технологии Blogger.