Խորխե Լուիս Բորխես | Չորս շրջան


Գոյություն ունի չորս պատմություն:
Առաջինը` հնագույնը, քաջ մարդկանց պաշարած ու պաշտպանած ամուր քաղաքի մասին է: Պաշտպանները գիտեն, որ քաղաքը մատնվելու է հրի ու սրի, և մարտն անօգուտ է. հարձակվողներից ամենահռչակավորը` Աքիլլեսը, գիտի, որ իր ճակատագիրը դեռ մինչև հաղթանակը մեռնելն է: Դարերը ավելացրել են այս ամենին մոգական տարրեր: Ասել են, որ Տրոյայի Հեղինեն, հանուն որի զորքեր են մահացել, մի գեղեցիկ ամպ էր, ստվեր. ասել են, թե մեծ սնամեջ ձին, որի մեջ թաքնվել էին հույները, նույնպես թվացյալ էր: Հոմերոսը թերևս առաջին բանաստեղծը չէ, ով անդրադարձել է այս նյութին. 14-րդ դարում ոմն թողել է այս տողը, որ պտտվում է իմ հիշողության մեջ. "The borgh brittened and brent to brondes and askes": Ըստ Դանտե Գաբրիել Ռոսետտիի` Տրոյայի ճակատագիրը կնքվում է այն պահին, երբ Պարիսին համակում է սերը Հեղինեի հանդեպ. Յեյթս ընտրում է այն պահը, երբ միաձուլվում են Լեդան և կարապը, որն իրականում աստված էր:

Հաջորդ պատմությունը, որը կապված է առաջինի հետ, վերադարձի մասին է: Ուլիսը տասը տարի վտանգավոր ծովերում թափառելուց և կախարդված կղզիներում ուշանալուց հետո վերադառնում է իր Իթակեն: Հյուսիսի աստվածությունները երկրի կործանումից անմիջապես հետո տեսնում են, թե ինչպես է այն ծագում կանաչ ու լուսաշող ծովից, և խոտերում գտնում են շախմատի քարերը, որոնցով խաղացել են հնում:
Երրորդ պատմությունը որոնման մասին է: Այստեղ կարող ենք տեսնել նախորդ պատմության մի տարբերակը, տեսնել Յասոնին ու գեղմը, պարսկական երեսուն թռչունների, որոնք սարեր ու ծովեր կտրելով տեսնում են իրենց աստծո` Սիմուրգի դեմքը, որը նրանցից յուրաքանչյուրն է և բոլորը: Նախկինում ամեն ձեռնարկ բարեհաջող էր: Ինչ-որ մեկը վերջում գողանում էր արգելված ոսկե խնձորները, ինչ-որ մեկը վերջում արժանանում էր Գրաալի նվաճմանը: Այժմ որոնումը դատապարտված է ձախողման: Նավապետ Աքաաբը հանդիպում է կետաձկանը, և կետաձուկը նրան ոչնչացնում է: Ջեյմսի կամ Կաֆկայի հերոսները կարող են միայն կործանում ակնկալել: Քաջությունն ու հավատը այնքան քիչ են մեր մեջ, որ happy-ending-ն արդեն սոսկ արդյունաբերական քծնանք է: Չենք կարողանում հավատալ երկնքին, բայց հավատում ենք դժոխքին:
Վերջին պատմությունը աստծո զոհաբերության մասին է: Փռյուգիայում Աթիսնիրեն խեղում է և սպանում. Օդինը զոհաբերվում է Օդինին, Նա ինքը` Ինքն իրեն. ամբողջ ինը գիշեր կախված է մնում ծառից ու խոցվում նիզակով: Քրիստոսին զոհաբերում են հռոմեացիները:
Գոյություն ունի չորս պատմություն: Մնացյալ ժամանակ մենք կշարունակենք ձևափոխելով պատմել դրանք:

Տես նաև Պատմվածքներ

Խորխե Լուիս Բորխես | Չորս շրջան Խորխե Լուիս Բորխես | Չորս շրջան Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 31, 2017 Rating: 5
Технологии Blogger.