Ֆրիդրիխ Շիլլեր | Երկրի բաժանումը


«Աշխարհը ձե´զ,- գոչում է Զևսն իր գահից,-
Իբրև շնորհ, առե´ք երկիրն անեզերք,
Հողը ձեզ եմ ես կտակում այս պահից,
Միայն, մարդի'կ, եղբայրաբար բաժանեք»:

Ով ձեռք ունի, իսկույն գործի է անցնում,
Ահել-ջահել խռնվում են տենդագին,
Երկրագործը դաշտի պտուղն է վերցնում,
Պարոնորդին տիրանում է անտառին:

Վանականը վերցնում է ընտիր գինիներ,
Վաճառականն իր մառաններն է լցնում,
Արքան փակում կամուրջներ ու փողոցներ,
Անցնողներից հարկ առնել է կամենում:

Ահա երկրի բաժանումն է ավարտվել
Հեռու հեռվից պոետն եկավ, բայց արդեն,
Ա~խ, ամեն ինչ աստված մարդկանց է տվել,
Ամենայն ինչ ունի տեր ու տնօրեն:
«Վա~յ ինձ, ինչո՞ւ դու միայն ինձ մոռացար,
Ամենահեզ, հավատարիմ որդուն քո»-
Գոչեց այսպես բանաստեղծը վշտահար.
Ծունր իջնելով գահի առաջ իր աստծո:

«Շրջում էիր երազների աշխարհում,-
Ոգեց աստված,- մի´ գանգատվիր, բանաստե´ղծ:
Ո՞ւր էիր, երբ աշխարհն էի բաժանում»:
«Քեզ մոտ էի,- բանաստեղծը բարբառեց:-

Քո հայացքո~վ էի տարված, ո´վ աստված,
Հրաշքներով քո երկնային դաշնության,
Ներիր դու ինձ, որ քո լույսով զմայլված՝
Մոռացել եմ ես երկնային ամեն բան»:

«Ի՞նչ անեմ ես,- նորից աստվածն է ոգում,-
Տվի աշխարհն՝ աշուն, ու որս, ու շուկա
Թե ուզում ես ապրել ինձ հետ երկնքում,
Արի. քո դեմ դուռս բաց է, երբ դու գաս…»:


Ֆրիդրիխ Շիլլեր | Երկրի բաժանումը Ֆրիդրիխ Շիլլեր | Երկրի բաժանումը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 15, 2017 Rating: 5
Технологии Blogger.