Դերենիկ Դեմիրճյան | Պույ Պույ մուկիկը



Մի երկիր կա՝ Հնդստան,
Մի մուկիկ կար՝ ճստճստան,
Հնդստանի անտառում,
Կոկոս ծառի ծակուռում:

Ապրում էր նա իր համար
Բարիքներում անհամար,
Ու մի օր լավ, մի օր վատ՝
Ուներ ապրուստ քիչ թե շատ:

Օրը մի ճանճ, մի միջատ,
Մի ծեղ, արմատ, ցորնի հատ
Ուտում էր ու քեֆ անում,
Խաղում, ապրում իր բնում:

Իր անունը Պույ Պույ էր,
Ազգանունը Ճստունի,
Լացը՝ վայ-վայ, վույ-վույ էր,
Երգը՝ տարայ-նայ-նի-նի:

Էսպես մուկիկն ապրում էր,
Վազվզելով վար ու վեր,
Ու մի օր էլ ծանր ու մեծ,
Իրեն-իրեն միտք արեց:

«Տունս կոկոս ծառի տակ,
Բերան չունե՞մ, թե՞ ճաշակ,
Ճանճ կերել, ծեղ կերել,
Տեսնեմ կոկոսի համն էլ»:

Այս ասելն էր, մեկ էլ դո՜մփ,
Ծառից կոկոսն ինչպես բոբմ
Ընկավ նրա առաջին: -
Կոկո՜ս, կաղին չէ չնչին:

Կաղնի տեսակ, սեխի չափ,
Միջուկն անուշ, յուղալի,
Բայց կեղևն է միայն հաստ,
Ահա՛ ինչն է ցավալի…

Վրա ընկավ մուկիկը,
Բացեց իր սուր ճանկիկը,
Կծեց, կծեց, կծոտեց,
Բան դուրս չեկավ, չհաջողվեց:

Ու կոկոսի չորս կողմը
Ման է գալիս Պույպույը,
Կեղևն հաստ է, ո՞նց անի,
Ու սկսեց վույ-վույը:

«Ախր ի՞նչ է, ի՞նչ կըլի,
Տեսնեմ դրա համն, էլի:
Մի քիչ կոկոս, մի քիչ ջուր,
Գոնե մի կում, մի պուճուր»:

Դու մի ասի, ընկնելուց
Ծակ էր բացվել կոկոսում,
Էդ որ տեսավ, հիմի էլ
Ծակից մտնել էր ուզում:

Բայց տեսեք ինչ պատահեց.
Ծակն էր պստիկ, ինքը մեծ,
Ծակիցը ներս չի մտնում,
Սովից էլ ուշքն է գնում:

Լաց է լինում մուկիկը,
Ո՞նց լաց չըլնի մուկիկը…
Սիրտն ուրիշ բան չի ուզում,
Նայում է ու նվազում:

Էսպես լացեց սուգ արեց,
Էնքան լացեց սուգ արեց,
Հետն էլ սովից լղարեց:
Որ լղարեց, բարակեց,
Մեկ էլ, ըհը՜, ճանճի պես
Ծակից մտավ, գնաց ներս:

Էս ի՞նչ էր, տո, ո՞նց եղավ,
Էս ծակից ո՞նց ներս մտավ,
Ո՞նց, ա՛յ, նայիր, էս մուկը,
Էս կոկոսն ու միջուկը:

Դե, քեֆ արա, օխա՜յ, օխա՜յ,
Դե, պա՛ր արի, տարա՜յ, նանա՜,
Դե, միջուկը կե՛ր ու կրծիր,
Կե՛ր միջուկը, հյութը խմի՛ր:

Հա՛մ ուտում է, համ էլ պարում,
Հա՛մ պարում է, հա՛մ էլ երգում.
«Ինքս Պույպույ, պարս տույտույ,
Էլ ի՞նչ վայ-վայ, էլ ի՞նչ վույ-վույ»:

Էսպես թռչում ծափ էր տալիս,
Պար էր գալիս ռանգի, յայլի,
Գոռում էր, ջա՜ն, տարայ-նի-նի,
Ա՛յ թե քեֆը ինչպես կըլնի:

Էս որ էսպես կերավ մաքրեց,
Առաջ փոքր էր, հիմա տռզեց,
Տռզեց դարձավ խոշոր մի մուկ,
Տռզեց դարձավ կողքին, քնեց խորունկ:

Մեկ օր անցավ, եկավ նոր օր,
Է՛հ, մուկիկը վեր կացավ, որ
Փուչ կոկոսի ծակից դուրս գա,
Ախր դուրսը գործ կա, տուն կա:

«Լավ էր, կերանք բավականին,
Հիմի գնանք մեր մեր բանին»:
Հեշտ էր ասել… Ապա՛ փորձիր,
Մի կոկոսի ծակից անցիր:

Մետոցավ, որ ծակից դուրս գա,
Պահո՜… տեսավ ճամփա չկա,
Ինքը խոշոր, ծակը պուճուր…
Այդ է, մնաց, բայց մնա ո՞ւր…

Լաց է լինում մուկիկը:
Ո՞նց լաց չըլնի մուկիկը:
Տռզել է կոկոսում,
Մնացել է նեղ փոսում:

«Ինչի՞ս էր պետք կոկոսը,
Լավ չէ՞ր իմ տուն, իմ փոսը,
Վայ, վայ, վայ, վայ, վույ, վույ, վույ, վույ,
Հիմի տե՜ղն է քեզ, Պույպո՜ւյ:

Ախր ի՜նչ բան ունեիր,
Գայիր կոկոս ուտեիր,
Չոռ ուտեիր՝ լավ չէ՞ր, հը՞…
Ցավ ուտեիր՝ լավ չէ՞ր, հը՞…

Վա՜յ-վա՜յ, վա՜յ, վա՜յ, զահրումա՜ր,
Դե լաց, մնա քեզ համար»:

Էսպես լացեց մուկիկը,
Էնքան լացեց մուկիկը,
Հետն էլ սովից լղարեց: -

Որ լղարեց, բարակեց,
Մեկ էլ, ըհը՛, սուս ու փուս
Ծակից նորից ելավ դուրս:

Վա՛հ, էս ի՞նչ էր, էս ո՞նց եղավ,
Բա էս ծակից ո՞նց դուրս եկավ,
Ո՞նց… ա՛յ նայի՛ր, էս ես՝ մուկը,
Էն՝ կոկոսը, էն՝ միջուկը:

Տեսա՞ր լավ բան, կեցցե՛ս, Պույպույ,
Տո էլ ի՞նչ վայ, էլ ի՞նչ վույ-վույ,
Տո՛, քե՛ֆ արա, օխա՛յ, օխա՛յ,

Դե պա՛ր արի, տարայ-նի-նա՛յ…
Հա՛մ թռչում է, հա՛մ պարում է,
Հա՛մ երգում է, հա՛մ կանչում է,
Ջա՛ն, քեֆ արա, տարայ-նի-նի՜.
Ա՜ յ թե քեֆը ինչպես կըլնի:


Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ

Դերենիկ Դեմիրճյան | Պույ Պույ մուկիկը Դերենիկ Դեմիրճյան | Պույ Պույ մուկիկը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 10, 2017 Rating: 5
Технологии Blogger.