Ասենք ինձ հետ պատահել են ավելի զվարճալի դեպքեր։
Մի օր որսի էի գնացել և երեկոյան դեմ հասա մի անտառի։ Այդ անտառում մի մեծ լիճ կար, որի մեջ անթիվ վայրի բադեր էին վխտում։ Այդքան շատ բադեր ես կյանքում չէի տեսել։
Բայց իմ բախտից մոտս ոչ մի գնդակ չէր մնացել։
Իսկ երեկոյան մեր տուն պիտի գային իմ բարեկամները, և ուզում էի նրանց որսի մսով հյուրասիրել։
Ես, առհասարակ, հյուրասեր և առատաձեռն մարդն եմ։ Իմ ճաշերն ու ընթրիքները Պետերբուրգում հայտնի էին։
Առանց բադերի ո՞նց վերադառնամ տուն։
Երկար մտածելուց հետո հանկարծ հիշեցի, որ որսորդական պայուսակում մի կտոր խոզի ճարպ է մնացել։ Ուռա՜...
Ճարպի կտորը պայուսակից հանելով, արագ կապեցի մի բարակ ու երկար պարանի և ջուրը գցեցի։
Բադերն ուտելիքը տեսնելով, իսկույն դեպի ճարպը լողացին։
Նրանցից մեկն ագահաբար ճարպի կտորը կուլ տվեց։
Բայց ճարպը լպրծուն էր, արագ կերպով բադի միջով անցնելով, դուրս եկավ։
Այդպիսով բադը մնաց պարանի վրա։
Այդ ժամանակ ճարպին մոտեցավ երկրորդ բադը։
Երկրորդ բադի միջով էլ կտորն անցնելով, ջուրն ընկավ։
Բադ-բադի հետևից ճարպը կուլ տվին և մնացին պարանի վրա։ Տասը րոպե չանցած, բոլոր բադերը պարանի վրա էին՝ ինչպես ուլունք։ Կարող եք երևակայել, թե ես ինչքան ուրախ էի՝ այդ առատ որսին նայելով։ Այժմ պետք է որսած բադերը դուրս քաշեի և տանեի իմ խոհարարի մոտ՝ խոհանոց։
Ա՜յ թե քեֆ կանենք բարեկամներիս հետ, հա՜...
Բայց այդքան բադ տանելն այնքան էլ հեշտ բան չէր։
Ես մի քանի քայլ առաջ անցա և շատ հոգնեցի։ Հանկարծ, կարո՞ղ եք պատկերացնել իմ զարմանքը, բադերը թռան վեր և ինձ բարձրացրին դեպի ամպերը։
Իմ տեղը որ ուրիշը լիներ, իրեն կկորցներ, բայց ես քաջ ու հնարամիտ մարդ եմ։
Բաճկոնս ղեկ դարձրի և, բադերին ուղղություն տալով, տուն հասա։
Բայց ինչպե՞ս ցած իջնեմ։
Շատ հասարակ։ Հնարամտությունս այստեղ էլ օգնեց ինձ։ Բադերից մի քանիսի գլուխը շուռ տվի, և մենք կամաց-կամաց սկսեցինք ցած իջնել։
Ընկա ուղիղ իմ սեփական խոհանոցի վառարանի խողովակի մեջ։ Տեսնեիք, թե ինչպես զարմացավ իմ խոհարարը, երբ հայտնվեցի վառարանի վրա։
Իմ բախտից խոհարարը դեռ նրա մեջ կրակ չէր վառել։
Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդա Այստեղ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Զարմանալի որսորդություն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 21, 2020 Rating: