Ֆրանց Կաֆկա | Դատավարություն | համառոտ


Արթնանալով իր երեսնամյակի օրը՝ Յոզեֆ Կ-ն հայտնաբերում է, որ գտնվում է կալանքի տակ: Ի պատասխան իր զանգի՝ նախաճաշ բերող ծառայի փոխարեն ներս է մտնում սև հագած մի պարոն: Հարևան սենյակում ներկա են ևս մի քանիսը: Նրան հաղորդում են, որ իր դատական գործը սկսված է և համապատասխան օրը նա ամեն բան կիմանա: Այդ մարդիկ շարժում են Կ-ի ծիծաղը, բայց նաև բորբոքում են նրան, քանի որ նա որևէ հանցանք չի կատարել: Ոչ մի վայրկյան չի կասկածում, որ պատահածը թյուրիմացություն է և վերջ: Ովքե՞ր են այս մարդիկ, ի՞նչ հիմնարկություն են ներկայացնում, ո՞ւր է ձերբակալման հրամանը: Որտեղի՞ց այս կամայականությունը օրենքի երկրում: Այս հարցերից և ոչ մեկին կոնկրետ պատասխան չի ստանում:
Առավոտյան այս տեսարանն ավարտվում է նրանով, որ եկած մարդիկ առաջարկում են Կ-ին զբաղվել իր առօրյա գործերով, գնալ բանկ, որտեղ աշխատում է: Դատավարությունը նոր է սկսվել և մինչև հանգամանքների պարզվելը նա կարող է սովորական կյանք վարել: Պարզվում է, որ տարօրինակ այցելուների թվում են նաև բանկի նրա աշխատակիցներից մի քանիսը, որոնց չէր ճանաչել: Նրանք ուղեկցում են Կ-ին բանկ՝ ճանապարհին պահպանելով լռություն:
Մինչ այս դեպքը Կ-ն իրեն հաջողակ մարդ էր համարում: Ուներ մեծ աշխատասենյակ և ենթականեր: Կյանքն ընթանում էր խաղաղ: Նրան հարգում էին ինչպես աշխատավայրում, այնպես էլ ֆրաու Գրուբախի պանսիոնում: Երբ աշխատանքից վերադառնում է պանսիոն, զգուշորեն զրույց է սկսում ֆրաու Գրուբախի հետ առավոտվա միջադեպի մասին և զարմանքով պարզում է, որ վերջինս ամեն բանից տեղյակ է: Տիկինը խորհուրդ է տալիս Կ-ին սրտին մոտ չընդունել պատահածը, աշխատել չվնասել ինքն իրեն և ամփոփում է իր խոսքը խորհրդավոր նախադասությամբ, որ կալանավորման մեջ կա «գիտական» ինչ-որ բան:
Կ-ն նյարդային գրգռվածության մեջ է: Ասելով, որ կարևոր զրույց ունի նա մտնում է երիտասարդ հարևանուհու սենյակը և սկսում է կրքոտ համբուրել նրան. մի բան, որը նախկինում իրեն թույլ չէր տա:
Անցնում է մի քանի օր: Կ-ն լարված աշխատում է բանկում և փորձում է մոռանալ հիմար միջադեպը: Բայց շուտով նրան հեռախոսով հայտնում են, որ կիրակի օրը նշանակված է նրա գործով նախնական քննությունը: Տեղեկացման ձևը քաղաքավարի է, բայց ամեն բան շարունակում է մնալ մութ: Բոլորը շահագրգռված են արագ ավարտել այս գործը, սակայն այն խճճված ու բարդ է: Կ-ն շվարած մնում է լսափողը ձեռքին: Այդ դիրքով նրան նկատում է պետի տեղակալը, որը նրա հանդեպ ունի անբարյացակամ վերաբերմունք:
Կիրակի օրը Կ-ն գնում է տրված հասցեով: Մեծ դժվարությամբ է գտնում տեղը: Շորեր լվացող կինը ներս է ուղեկցում նրան մարդկանցով լեփլեցուն սրահ: Կ-ին ասում են, որ նա ուշացել է ժամ ու հինգ րոպե: Գրգռված պատասխանում է, որ այնուամենայնիվ եկել է: Սկսում է բորբոքված ծաղրել մեթոդները, որոնցով վարում են քննությունը և խղճուկ տետրակները, որոնք լուրջ տեսք չունեն ամենևին: Նրա ճառը տրամաբանված և համոզիչ է: Ամբոխը ոգևորված է ընդունում նրա խոսքը, մերթ ծափ է տալիս, մերթ աղմկում: Ավարտելով Կ-ն վերցնում է գլխարկը և հեռանում: Նրան չեն խոչընդոտում: Դռան մոտ քննիչը ասում է նրան, որ հրաժարվելով հարցաքննությունից՝ Կ-ն զրկում է իրեն «առավելություններից»: Կ-ն պայթում է ծիծաղից և այդ պարոնին ոչնչություն է կոչում:
Մի շաբաթ անց Կ-ն, չսպասելով, որ իրեն նորից կանչեն, գնում է հիշյալ հասցեով: Շորեր լվացող կինը հայտնում է նրան, որ այսօր նիստ չկա: Զրուցում են և Կ-ն իմանում է, որ այդ կինը տեղյակ է իր գործից և լի է կարեկցանքով: Նա դատական կատարածուներից մեկի կինն է և աջ ու ձախ դավաճանում է իր ամուսնուն: Կ-ն զգում է, որ ինքն էլ տենչում է այդ կնոջը: Բայց կինը խույս է տալիս նրանից՝ հեռանալով հանկարծ հայտնված ինչ-որ ուսանողի հետ: Գալիս է դավաճանված ամուսինը, որին բոլորովին չեն մտահոգում կնոջ դավաճանությունները: Սա էլ տեղյակ է Կ-ի գործից: Պատրաստ է իր մեծ փորձից ելնելով ճիշտ խորհուրդներ տալ Կ-ին: Միասին անցնում են հիմնարկության հարկերով: Կ-ն տեսնում է բազում ծառայողների, որոնք նստած են սեղանների առաջ: Նրանց շուրջ կանգնած են բազմաթիվ մեղադրյալներ, մեջքները կորացած, ասես չքավորներ: Կ-ն զգում է գլխապտույտ: Հասկանում է, որ իր մարմինը գրանցում է նոր ընթացք, ոչ այն մեկը, որ ուներ նախկինում:
Փոխվում է նաև նրա հոգեկան կյանքը: Կ-ն անդրդվելիորեն սուզվում է նոր ու ծանծաղ, մութ մի բանի մեջ, որը կոչվում է դատավարություն: Այն ունի իր տրամաբանությունը, որը թաքնված է Կ-ից: Թեպետ նա հակված չէ որևէ մեկին պատմել իր դատավարության մասին, բոլորը նրա շուրջ գիտեն այդ մասին: Արդյունքում նա ինքն է կասկածամիտ դառնում մարդկանց հանդեպ:
Ամենատարօրինակն այն է, որ բոլոր նրանք, ումից Կ-ն իմանում է մեղադրյալ լինելու մասին, պահում են իրենց ճիզվիտաբար զգույշ և պարկեշտորեն պատասխանում են նրա բոլոր հարցերին: Սակայն արդյունքում պարզվում է, որ նրանք ոչ մի հարցի էլ ըստ էության պատասխան չեն տալիս: Նա կռիվ է տալիս համակարգի դեմ, որի մեջ ինքն է ներքաշված:
Մի օր աշխատավայրում նրան է այցելում գավառից եկած քեռին: Սա էլ է լսել դատավարության մասին: Տանում է Կ-ին իր ծանոթ փաստաբանի մոտ: Փաստաբանը հիվանդ է և ընդունում է նրանց անկողնում պառկած: Նա էլ տեղյակ է Կ-ի գործից: Փաստաբանին խնամում է Լենի անունով երիտասարդ մի աղջիկ: Երբ ձանձրացած Կ-ն մի պահ դուրս է գալիս սենյակից, Լենին կարողանում է գայթակղել նրան, հենց այդտեղ, փաստաբանի կաբինետում: Երբ լքում են փաստաբանին, քեռին պարսավում է Կ-ին այդ արարքի համար: Փաստաբանն այնուամենայիվ համաձայնում է վերցնել Կ-ի գործը: Կ-ն ևս մի քանի անգամ առիթ է ունենում գալ և ծածուկ հանդիպել Լենիի հետ:
Կ-ն կորցնում է հանգիստը: Մռայլ է, մտածկոտ: Աշխատանքի բերումով պիտի կենտրոնական տաճարի մոտ դիմավորի մի իտալացու: Իտալացին չկա: Կ-ն մտնում է տաճար, քանի որ սկսում է անձրևել: Հայտնվում է քահանան, որը հարցուփորձ է անում Կ-ին և հաղորդում, որ իր գործը վատ վիճակում է: Կ-ն համաձայնում է: Քահանան պատմում է նրան բարձրագույնօրենքների մասին առակը և երբ Կ-ն պատրաստվում է հակաճառել նրան, ասում է, որ անհրաժեշտ է հասկանալ ամեն ինչի անհրաժեշտությունը:
Անցնում է մի տարի: Երեկոյան ժամը իննին նրան են այցելում սև հագած երկու պարոններ: Նրանք եկել են նրա ետևից: Նա ենթարկվում է: Ամբողջ քաղաքով գնում են դեպի հին քարհանքը: Կ-ի վրայից հանում են բաճկոնը, վերնաշապիկը և պառկեցնում են քարին: Նրանց խոսքն ու վարմունքը հարգալից է: Մեկը հանում է սուր դանակը: Կ-ն հասկանում է, որ պիտի խլի այդ դանակը և մխրճի իր սիրտը: Բայց նա այդ բանն անելու ուժ չունի: Նրա վերջին միտքը դատավորի մասին է, որին նա այդպես էլ չտեսավ: Պարոններից մեկը բռնում է նրա կոկորդից, իսկ մյուսը սիրտն է խրում դանակը և երկու անգամ պտտում է այն: «Ինչպես շունը»,- մտածում է Կ-ն իր մահվան մասին:

Ֆրանց Կաֆկա | Դատավարություն | համառոտ Ֆրանց Կաֆկա | Դատավարություն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 30, 2015 Rating: 5
Технологии Blogger.