Մի գավառական քաղաքում Անտոն Անտոնովիչ Սկվոզնիկ-Դմուխանովսկին հավաքում է չինովնիկներին՝ հայտնելու համար նրանց մի շատ տհաճ լուր: Իրեն նամակ գրած ծանոթից նա իմացել է, որ իրենց քաղաք է գալիս ռևիզոր: Գալիս է ինկոգնիտո և հատուկ կարգադրությամբ: Քաղաքագլուխը գիշերը երազում տեսել է երկու առնետ, որը վատ նշան է: Փորձում են հասկանալ ռևիզորի այցելության պատճառները և դատավորը՝ Ամոս Ֆյոդորովիչ Լյապկին-Տյապկինը, որը մի քանի գիրք է կարդացել, ահա ինչու ազատամիտ է, ենթադրում է Ռուսաստանի նախաձեռնությամբ նոր պատերազմի սկիզբը: Քաղաքագլուխը խորհուրդ է տալիս Արտեմի Ֆիլիպովիչ Զեմլյանիկային, որը պահում է աստվածահաճո մի քանի հաստատություն, հիվանդներին ստիպել հագնել սպիտակ գլխարկներ և առհասարակ հնարավորինս պակասեցնել նրանց թիվը: Եվ առհասարակ բոլոր ներկա չինովնիկներին կարգադրում է կարգի բերել քաղաքը:
Հայտնվում է փոստի պատասխանատու՝ Իվան Կուզմիչ Շպեկինը, որը պարզամիտ մարդ է: Քաղաքագլուխը, վախենալով մատնագրից, խնդրում է սրան ուշադիր զննել բոլոր նամակները, բայց սա ասում է, որ վաղուց է, ինչ կարդում է բոլոր նամակները: Որոշները կարդում է հատուկ հաճույքով: Բայց նամակներում պետերբուրգցի չինովնիկի մասին ոչինչ չկա: Ներս են մտնում կալվածատերեր Դոբչինսկին և Բոբչինսկին և պատմում են պանդոկ մտած մի այցելուի մասին, որը չափազանց ուշադիր ու զննող է, անգամ ափսեներն է զննում: Էլ ով պիտի լինի, եթե ոչ այդ ռևիզորը:
Չինովնիկները մտահոգ ցրվում են, իսկ քաղաքագլուխը որոշում է շուքով շարժվել հյուրանոց: Մեկնում է Բոբչինսկու հետ: Հայտնվում են Աննա Անդրեևնան՝ քաղաքագլխի կինը, և Մարյա Անտոնովնան՝ նրա դուստրը: Առաջինը բարկանում է դստեր վրա և հեռացող ամուսնուն պատուհանից հարց ու փորձ է անում եկվորի բեղերի մասին: Ունի՞ արդյոք, թե՞ ոչ:
Հյուրանոցի փոքրիկ սենյակում մահճակալի վրա է պառկած ծառա Օսիպը: Նա քաղցած է և դժգոհում է տիրոջից, որը պարտվել է փողը, նրա ցոփոթյունից և հիշում է պետերբուրգյան կյանքի ուրախությունները:
Ներս է մտնում Իվան Ալեսկսանդրովիչ Խլեստակովը: Երիտասարդ հիմարավուն մարդ է: Ուղարկում է Օսիպին ճաշի ետևից, իսկ եթե չտան, ապա հրամայում է կանչել տիրոջը: Հյուրանոցի ծառայի հետ վեճին հետևում է անչափ վատ ճաշը: Ափսեները դատարկելուց հետո Խլեստակովը բարկանում է, և հենց այդ ժամանակ նրան է հարցնում հյուրանոց հասած քաղաքագլուխը: Նրանք հանդիպում են Խլեստակովի համարում: Խլեստակովի ազնիվ խոսքերն այն մասին, որ նա մեկնում է հոր մոտ, հավատի չեն արժանանում և ընդունվում են ինկոգնիտո մնալու պատրվակով հորինված սուտ: Հայտարարություններն այն մասին, որ նա չի ուզում գնալ բանտ, քաղաքագլուխը հասկանում է այնպես, որ եկվորը չի կոծկելու իր հանցանքները: Քաղաքագլուխը վախեցած փող է առաջարկում Խլեստակովին և կանչում է իր տուն, ինչպես նաև տեսնել քաղաքի մի քանի հաստատություններ: Կարճ գրություններ գրելով Զեմլյանիկային և կնոջը՝ քաղաքագլուխը հեռանում է իր առաջարկն ընդունած Խլեստակովի հետ:
Աննա Անդրեևնան, սպասելով լուրերի, շարունակում է բարկանալ դստեր վրա: Ներս է վազում Դոբչինսկին և ասում է, որ եկվորը գեներալ չէ, բայց չի զիջում գեներալին: Աննա Անդրեևնան կարդում է նամակը, որտեղ թթու վարունգների և խավիարի պատվերներին հաջորդում է հյուրի համար առանձին սենյակ պատրաստելու և Աբդուլինից գինի գնելու խորհուրդը: Երկու տիկնայք վիճում են, թե ով ինչ զգեստ հագնի: Ներս են գալիս Խլեստակովը, քաղաքագլուխը, Զեմլյանիկան, որի հաստատությունում լաբարդան են համտեսել, Խլոպովը և Դոբչինսկին ու Բոբչինսկին: Զրուցում են Արտեմի Ֆիլիպովիչի հաջողությունների մասին, որի հիվանդները լավանում են «ինչպես ճանճերը»: Խլեստակովը հետաքրքրվում է, թե որտեղ կարելի է քաղաքում թուղթ խաղալ: Քաղաքագլուխը, իհարկե, կարծելով, թե սա սադրանք է, մոռանում է, որ մի շաբաթ առաջ մեծ գումար է հաղթել թղթախաղով, հայտարարում է, որ իրենց քաղաքում այդպիսի բան չկա: Հայտնվում են կանայք և Խլեստակովը սկսում է պատմել, որ Պետերբուրգում մի անգամ իրեն ընդունել են գլխավոր հրամանատարի հետ, որ նա ընկերություն է անում Պուշկինի հետ, թե ինչպես է դեպարտամենտ ղեկավարել, որ շուտով իրեն դարձնելու են ֆելդմարշալ… Հեռանում է քնելու: Աննա Անդրեևնան և Մարյա Անտոնովնան, նախ վիճելով, թե ում էր ավելի շատ նայում Խլեստակովը, սկսում են հարցուփորձ անել Օսիպին իր տիրոջ մասին: Նրա անկապ պատասխանները միայն խորացնում են նրանց հավատը, թե Խլեստակովը կարևոր անձ է:
Չինովնիկները քաղաքագլխի տանը խորհուրդ են անում և որոշում են կաշառք տալ եկվորին. խնդրում են Լյապկին-Տյապկինին, որ նա առաջինը անի դա: Խլեստակովն արթնանում է և խրթնեցնում է նրանց: Լյապկին-Տյապկինը վախից հատակին է նետում դրամը և արդեն կարծում է իրեն ձերբակալված: Խլեստակովը բարձրացնում է փողը և պարտք է խնդրում՝ պատճառաբանելով, որ ճանապարհին ծախսեր է ունեցել: Բոլորից պարտք է վերցնում:
Ճանապարհելով չինովնիկներին՝ Խլեստակովը նամակ է գրում ընկերոջը՝ Տրյապիչկինին, այն մասին, թե ինչպես են իրեն ընդունել պաշտոնական մարդու տեղ: Օսիպը խնդրում է տիրոջը, քանի ուշ չէ, հեռանալ: Օսիպին նամակը հանձնելուց հետո ընդունում է բողոքավոր առևտրականներին, որոնց քաղաքագլխի հրամանով ներս չէր թողնում ոստիկանապետ Դերժիմորդան: Հայտնվում են նաև ուրիշ բողոքավորներ: Սրան է հետևում Աննա Անդրեևնայի և դստեր մրցակցությունը Խլեստակովի ուշադրության համար: Հաղթում է մայրը, որին Խլեստակովն առաջարկություն է անում: Իսկ սա ասում է, որ «ինչ-որ իմաստով ամուսնացած է»: Հետո առաջարկություն է ստանում նաև Մարյա Անտոնովնան: Առևտրականների բողոքներից վախեցած քաղաքագլուխը օրհնում է նորապսակներին: Հետո Խլեստակովը հայտարարում է, որ պիտի մեկ օրով լքի հավաքվածներին և մեկնի իր ազգականի մոտ: Նորից պարտքով փող է վերցնում է կառքով հեռանում:
Խլեստակովին ճանապարհ դնելուց հետո քաղաքագլուխը և կինը երազանքների գիրկն են ընկնում: Երազում են պետերբուրգյան կյանքի մասին: Պատվավոր քաղաքաբնակները գալիս են շնորհավորելու քաղաքագլխի ընտանիքին: Հանկարծ ներս է վազում փոստի պատասխանատուն և հայտարարում է, որ ռևիզորը իրականում ռևիզոր չէ: Նա բերել է Տրյապիչկինին Խլեստակովի գրած նամակը, որով ամեն բան բացահայտվում է: Հանընդհանուր ցասման թիրախ են դառնում Դոբչինսկին և Բոբչինսկին, որոնք տարածել էին կեղծ լուրը: Ներս է մտնում ժանդարմը և հայտնում, որ Պետերբուրգից եկած չինովնիկը հանդիպում է խնդրում:
Բոլորը քարացած մնում են իրենց դիրքերում: Դա տևում է մեկ րոպե: Վարագույր:
Նիկոլայ Գոգոլ | Ռևիզոր | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 14, 2015 Rating: