Գավառակենտրոն NN քաղաք է ժամանում կոլեգիայի խորհրդական Պավել Իվանովիչ Չիչիկովը՝ ոչ երիտասարդ, բայց ոչ էլ ծեր, ոչ գեր, բայց ոչ էլ նիհար, ավելի շուտ բարետես, քան տգեղ մի մարդ: Տեղի պանդոկի ծառայից հետաքրքրվում է քաղաքի հարուստ կալվածատերերի մասին, ինչպես նաև վերջերս գավառին պատուհասած հիվանդությունների, որոնք շատ մարդկանց մահվան պատճառ են դարձել: Հետո առանձին-առանձին այցելում է քաղաքի բոլոր նշանակալի մարդկանց և արագ նվաճում է նրանց բարյացակամությունը, քանի որ յուրաքանչյուրին գիտի ասել հաճելին: Իր մասին ասում է աղոտ բաներ, մասնավորապես, որ տուժել է ծառայության գծով, չնայած անբասիր ծառությանը: Հիմա փնտրում է բնակության վայր: Գավառապետի մոտ ընթրիքի ժամանակ կարողանում է շահել բոլորի հիացմունքը և ծանոթանալ կալվածատերեր Սոբակևիչի և Մանիլովի հետ: Հետագա երեկոները հերթով այցելում է նաև պոլիցմայստերին, որի տանը ծանոթանում է կալվածատեր Նոզդրյովի հետ, պալատի նախագահին և փոխգավառապետին, նաև դատախազին:
Հետո Չիչիկովն այցելում է Մանիլովի կալվածք, որի այգում տաղավարի վրա գրված է՝ «Մեկուսի խորհրդածության տաճար»: Տանտիրոջ, նրա կնոջ և երկու տղա զավակների՝ Թեմիստոկլյուսի և Ալկիդեսի հետ ճաշելուց հետո Չիչիկովը հայտնում է իր այցի պատճառը: Կուզեր գնել գյուղացիներին, որոնք մեռել են, սակայն շարունակում են կենդանի համարվել գրանցման տեղեկագրում: Առուվաճառքի պայմանագրում նրանք կնշվեն որպես ողջեր: Տանտիրոջ սկզբնական զարմանքը փոխվում է բարյացակամության և կատարելով գործարքը՝ Չիչիկովը մեկնում է Սաբակևիչի մոտ: Սակայն ճանապարհին Չիչիկովի կառապանը բաց է թողնում ճիշտ շրջադարձը և շուռ է տալիս կառքը ցեխի մեջ: Մութն ընկնում է, և նրանք իջևանում են Նաստասյա Ֆիլիպովնա Կորոբոչկայի մոտ՝ կալվածատիրուհու, որին առավոտյան Չիչիկովն անում է նույն առաջարկությունը: Պատրաստ է գնել ռևիզիայում կենդանի համարվող, բայց արդեն մեռած գյուղացիներին: Կորոբոչկան վաճառում է նրան մեռած հոգիները տասնհինգ ռուբլով և երբ Չիչիկովը հեռանում է, ընկնում է կասկածների մեջ: Նրան թվում է, որ էժան է վաճառել:
Չիչիկովը ճանապարհին որոշում է ճաշել պանդոկում, և հեղինակը մանրամասնորեն նկարագրում է միջին ձեռքի մարդկանց ախորժակը: Այստեղ նրան հանդիպում է Նոզդրյովը, որը վերադառնում է տոնավաճառից աներոջ հետ: Տոնավաճառում թղթախաղում տանուլ է տվել ամեն բան, նույնիսկ ժամացույցի շղթան: Առաջարկում է Չիչիկովին իրենից շան թուլա գնել… Չիչիկովն ընդունում է նրա հրավերը և այցելում է Նոզդրյովի կալվածք՝ հույս ունենալով այստեղ էլ ձեռք բերել մեռած հոգիներ: Սակայն ո´չ գնել, ո´չ էլ նվեր ստանալ հոգիները նրան չի հաջողվում: Նոզդրյովն առաջարկում է փոխել դրանք կամ հաղթել թղթախաղում: Ի վերջո, բարկանում է, սկսում է հայհոյել և վռնդում է Չիչիկովին առանձին սենյակ քնելու: Առավոտյան նորից սկսում է համոզել շահել մեռած հոգիները, և Չիչիկովը համաձայնում է շաշկի խաղալ: Սակայն շուտով նկատում է, որ Նոզդրյովն անօրինական հնարքների է դիմում և հրաժարվում է խաղալ: Չիչիկովը, որին Նոզդրյովն իր մարդկանց հետ արդեն պատրաստվում էր ծեծել, կարողանում է փախչել այն բանից հետո, երբ ներս է մտնում կատարածու-կապիտանը, որը հայտարարում է, որ Նոզդրյովին դատի են տվել: Ճանապարհին Չիչիկովը բախվում է դիմացից եկող կառքի մեջ նստած տասնվեցամյա օրիորդին և ընկնում է ընտանեկան երազանքների գիրկը: Սոբակևիչի մոտ հիմնավոր ճաշից հետո Չիչիկովն առաջարկում է իր տարօրինակ գործարքը: Տանտերը չի զարմանում, բայց սկսում է համառորեն սակարկել և գովաբանել մեռած գյուղացիների դրական որակները: Գործարքը կայանում է:
Այնուհետև Չիչիկովը մեկնում է կալվածատեր Պլյուշկինի մոտ, որի անունը հիշատակել էր Սոբակևիչը: Սկզբում նա ընդունում է Պլյուշկինին պառավի և անգամ չքավորի տեղ: Սա այնպիսի ծայրահեղ աստիճանի է հասցրել տնտեսման իր արվեստը, որ ունի մուրացկանի տեսք, իսկ Չիչիկովը, բացատրելով մեռած ոգիներին վաճառելու օգուտը, կարողանում է բավականաչափ հոգիներ ձեռք բերել:
Առավոտյան զարթնելով հյուրանոցում՝ գոհ Չիչիկովն ուսումնասիրում է գնած գյուղացիների ցուցակները, հետո գնում է քաղաքացիական պալատ՝ գործն ավարտին հասցնելու համար: Այստեղ քաղաքի բարձր պաշտոնյաները քննարկում են այն հարցը, թե որտեղ է Չիչիկովը տեղափոխելու իր գյուղացիներին: Պարզելով, որ տեղափոխելու է Խերսոնի գավառ, գնում են Պոլիցմայստերի մոտ, որտեղ խմում են Խերսոնի նոր կալվածատիրոջ կենացը և անգամ խոստանում են անպատճառ ամուսնացնել նրան:
Չիչիկովի ձեռքբերումները մեծ աղմուկ են հանում քաղաքում: Լուրեր են պտտվում, որ նա միլիոնատեր է: Տիկնայք խելքահան են լինում նրա համար: Չիչիկովը գավառապետի մոտ տոնահանդեսի նախօրյակին անգամ սիրային անանուն նամակ է ստանում: Տոնահանդեսին նրան սպասում են գրկախառնություններ, հաճոյախոսություններ… Տիկնայք, որոնց մեջ փորձում է գուշակել նամակի հեղինակին, վիճում են՝ որոշելով, թե իրենցից ում նկատմամբ է նա ավելի ուշադիր: Հանկարծ նրան է մոտենում գավառապետի կինը իր տասնվեցամյա դստեր հետ: Չիչիկովն իսկույն կորցնում է տիկնանց բարյացամակամությունը, քանի որ սկսում է զրուցել տասնվեցամյա գեղեցկուհու հետ՝ արհամարհելով մյուսներին: Ներս է խուժում Նոզդրյովը և բարձրաձայն հարցնում է, թե շատ է արդյոք Չիչիկովը մեռած հոգիներ գնել: Եվ թեպետ Նոզդրյովը ակնհայտորեն հարբած է, պարահանդեսից հեռանում է տրտում:
Այդ նույն ժամանակ քաղաքով է շրջում Կորոբոչկան և փորձում է ճշտել, թե ինչ արժեն մեռած հոգիները: Առավոտյան այս լուրն ընկնում է մի հաճելի տիկնոջ ականջը, իսկ սա շտապում է կիսել այն ընկերուհու՝ բոլոր առումներով հաճելի տիկնոջ հետ, որի հավելումները և բուռն երևակայության կռահումները լսելուց հետո ողջ քաղաքով մեկ տարածում է լուրն այն մասին, որ Չիչիկովը գիշերով զինված եկել է Կորոբոչկայի մոտ և պահանջում է հոգիներ: Մեռած հոգիներ: Երկու ընկերուհիները տարածում են նաև վարկածն ըստ որի այդ ամենը Չիչիկովն արել է գավառապետի դստերն առևանգելու համար, իսկ նրա օգնականը հավանաբար պիտի որ եղած լիներ Նոզդրյովը: Քաղաքում սկսում են շրջել տարբեր ասեկոսեներ՝ կեղծ թղթադրամների, նոր գավառապետի, օրինական դատաստանից փախած ավազակի մասին: Փորձելով հասկանալ, թե ով է Չիչիկովը՝ հիշում են, որ նա բավականին աղոտ էր ներկայացել: Անգամ վարկած են առաջ քաշում, որ Չիչիկովը Նապոլեոնն է: Բոլոր այս քննարկումները լուրջ ազդեցություն են ունենում դատախազի վրա: Նա ապրումներից կաթված է ստանում և մահանում է:
Ինքը Չիչիկովը հյուրանոցում է: Մի փոքր մրսել է և փողոց չի դուրս գալիս: Զարմանում է, որ չինովնիկներից ոչ ոք չի գալիս իրեն տեսակցելու: Գնում է գավառապետի տուն և պարզում, որ իրեն արգելված է ընդունել: Մյուս տեղերում նույնպես: Նրան է այցելում Նոզդրյովը և պարզաբանում է իրավիճակը: Չիչիկովին կասկածում են գավառապետի աղջկան առևանգելու փորձ կազմակերպելու մեջ:
Հաջորդ առավոտյան Չիչիկովը մեկնում է քաղաքից և նախքան դա հասցնում է տարածության վրա հետևել գավառապետի թաղման արարողությանը:
Հեղինակը վերջապես ներկայացնում է Պավել Իվանովիչ Չիչիկովի կյանքի պատմությունը: Ուսումը դպրոցում, որտեղ տղան ցուցաբերում է պրակտիկ խելամտություն և դասընկերներին է վաճառում ամեն տեսակ իրեր և ուտելիք, ապա ծառայությունը պետական պալատում, հետո մաքսատանը, որտեղ նա սկզբում ձևացնում է անմատույց մի անկաշառի, իսկ հետո սկսում է մեծ փողեր շինել մաքսանենգների հետ: Նրան բռնում են, և նա ստիպված է թողնել ծառայությունը: Շրջելով ողջ Ռուսաստանով մեկ որպես գյուղացիների գրավադրման գործով կատարածու՝ որոշում է գնել մեռած հոգիներ՝ նրանց հետագայում գրավադրելու, վաճառելու և գյուղակ գնելու նպատակով:
Հեղինակն ավարտում է վեպը՝ խոսելով կառքին լծված ձիերի եռյակի մասին և համեմատելով նրանց հետ առաջ սլացող Ռուսիան:
Տես նաև Շինել, Ռևիզոր, Քիթը և Տարաս Բուլբա
Նիկոլայ Գոգոլ | Մեռած հոգիներ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 26, 2015 Rating: